Showing posts with label հանճար. Show all posts
Showing posts with label հանճար. Show all posts

16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Պատմության մեջ շատ են եղել իշխողներ, որոնք համարվել են նույնասեռական կամ երկսեռական: Նրանց սեռական կյանքը, սակայն, մնացել է անորոշ և քողարկված, ենթակա ենթադրությունների ու ասեկոսեների, իսկ լավագույն դեպքերում իրականությունը արձանագրել են այլ մարդիկ: Մի քանիսը, սակայն, ունեցել են խիզախություն՝ հրապարակայնորեն և բացահայտորեն դրսևորելու իրենց կողմնորոշումը, ինչպես՝ Հադրիանոսը (ըստ որոշ աղբյուրների՝ Ադրիանոս), Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով եղել է կայսր 117-138 թթ.:

Վաղ տարիներ

Հադրիանոսը (Publius Aelius Traianus Hadrianus) ծնվել է իտալա-իսպանական ազնվական մի ընտանիքում 76 թ.: 10 տարեկան հասակում կորցրել է իր ծնողներին, որից հետո նրա խնամակալն է դարձել իր ազգական՝ ապագա կայսր Տրայանոսը: Կրթության տարիներին նա սովորել է այն առարկաները, որոնք սովորաբար սովորել են ժամանակի ազնվական երեխաները, սակայն նա բարձր է գնահատել հունական գրականությունը: 19 տարեկանում Հադրիանոսը սկսել է իր ռազմական կարիերան և ուղարկվել է տարբեր գավառներ, այդ թվում՝ Մակեդոնիա և Գերմանիա: Վեց տարի անց նա դարձել է Սենատի անդամ և ընդգրկվել է կայսրի ներքին շրջապատում: Նա շարունակել է ծառայել հռոմեական բանակում և մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Դակիայի և Սիրիայի արշավանքներին: Նրա քաղաքական կարիերան շրջադարձային առաջընթաց է արձանագրել կայսրի ազգական Վիբիա Սաբինայի հետ ամուսնությունից հետո, 100 թ.:

Սաբինայի հետ ամուսնությունը անհաջող է եղել: Չկան հավաստի ապացույցներ, որ Հադրիանոսը անկեղծորեն հետաքրքրված է եղել կանանցով, ի տարբերություն վկայությունների՝ ի շահ երիտասարդների:

Հադրիանոսի կիսանդրին, բրոնզից, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ:
Գահակալություն

Հադրիանոսը 41 տարեկան է եղել, երբ նրան հաջողվել է հաջորդել Տրայանոսին: Ի տարբերություն Տրայանոսի աշխարհակալական քաղաքականության, որը կայսրությանը շարունակ ներքաշել էր պատերազմների մեջ, Հադրիանոսը որդեգրել է համախմբման և համերաշխության մոտեցում: Իր թագադրությունից մի քանի ժամ անց նա հրահանգել է նահանջել դրանից կարճ ժամանակ առաջ նվաճված Միջագետքից, Ասորեստանից և Հայաստանից: Նա նախընտրել է այլ երկրների հետ վարել խաղաղ բանակցություններ, կայսրությունը պաշտպանել հարևան ազգերից՝ կառուցելով ամրոցներ և պարիսպներ, և ամրապնդել կայսրությունը կազմող ազգերի ներդաշնակ համակեցությունը:

«Հադրիանոսի պատնեշ»-ի մնացորդները պահպանվել
են մինչև մեր օրերը, հյուսիսային Անգլիա:
Հադրիանոսը հովանավորել է արվեստները և ճարտարապետությունը: Նա մայրաքաղաքում վերականգնել կամ կառուցել է բազմաթիվ կոթողներ, ինչես՝ փառահեղ Պանթեոն տաճարը: Կայսրության տարածքում բարեկարգել է քաղաքները, հիմնել է գրադարաններ, ջրատարներ, բաղնիքներ, տաճարներ և թատերասրահներ: Իր համար կառուցել է հրաշալի Տիվոլի վիլլան Հռոմի մոտ (այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր):

Կայսրը սիրել է փիլիսոփայությունը և գրել է բանաստեղծություններ լատիներենով, ինչպես նաև հուներենով (որոնցից մի քանիսն են մեզ հասել): Որպես հունասեր՝ նա հանդես է եկել մորուքով, որն այնքան է տարածվել ազնվականության մեջ, որ իրեն հաջորդող կայսրերի մեծ մասը պահել է մորուք:

Հիմնականում ոգեշնչվելով հույն փիլիսոփաներից՝ Հադրիանոսը մի շարք որոշումներ է կայացրել՝ ի նպաստ սոցիալական արդարության: Նա մեղմացրել է ստրկատիրական կարգերը՝ ստրկատերերը կորցրել են իրենց ստրուկներին սպանելու իրավունքը, արգելվել է ստրուկների վաճառքը գլադիատոր մարզիչներին, արգելվել է խոշտանգումը, վերացվել է ստրուկների համար մասնավոր բանտերի գործունեությունը և արգելվել է ամորձատումը բոլորի համար (ազատ քաղաքացի և ստրուկ): Նա հիմնել է կայսրության առաջին մասնագիտացված իրավական վարչությունը և ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը: Շատ պատմաբաններ նրան համարում են իմաստուն և արդար մի մարդ, խաղաղության և բարգավաճման կայսր:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Նա իր սիրեցյալին գրել է հետևյալ քառյակը, որում ևս մեկ անգամ արտահայտել է իր կրակոտ սերը և սրտնեղվածությունը նրա անտարբերության նկատմամբ՝

Վառվել եմ մի պաղերեսի բոցից, 
(Որն) ինձ այրում է հեռվից, ինքը՝ մնում սառցային: 
Ուժ եմ զգում գրկել բազուկները բարեձև, 
Որոնք անշարժ՝ տատանում են ողջ կայունությունն իմ:

Որպես պատասխան, նա ստացել է հետևյալը՝ «Երդվում եմ վերադարձնել Ձեր սերը: Ես երբեք ոչ ոքի չեմ սիրել ավելի շատ, քան Ձեզ և երբեք ոչ մեկի հետ չեմ ցանկացել բարեկամություն անել ավելի շատ, քան Ձեր հետ»:

Սրանք ժամանակակից արևմտյան պատմության մեջ կազմում են սիրային բանաստեղծությունների և նամակագրության առաջին ծավալուն շարքը երկու տղամարդկանց միջև՝ Միքելանջելոյի և Կավալիերիի:

Լեոնարդո դա Վինչիի և Ռաֆայելի հետ միասին, Միքելանջելոն համարվում է Վերածննդի երեք հսկաներից մեկը: Նա նոր շունչ է հաղորդել գեղանկարչությանը, քանդակագործությանը և ճարտարապետությանը: Եղել է նաև բանաստեղծ: Միքելանջելոն աննախադեպ ազդեցություն է թողել արևմտյան արվեստի զարգացման վրա: Նրա մի շարք նկարչական, քանդակագործական և ճարտարապետական գործերը դասվում են աշխարհի առավել հայտնի և սիրված գործերի շարքը: Արդեն իսկ իր կենդանության օրոք սրանք ճանաչվել են որպես գլուխգործոցներ:

Կենդանության ժամանակ փառքի հասնելու կողմնակի ազդեցություններից է եղել այն, որ իր կյանքը ավելի լիարժեք է փաստագրվել, քան Վերածննդի որևէ այլ արվեստագետի: Միքելանջելոյի համբավը հանգեցրել է նաև նրան, որ իր շրջապատը անհամար բաներ է պահպանել,  այդ թվում՝ հարյուրավոր նամակներ, գծանկարներ և բանաստեղծություններ: Մեզ հայտնի են դարձել իր ուղարկած ավելի քան 480 նամակները, 800 իրեն հասցեագրված նամակները և իր ձեռագրած ավելի քան 300 բանաստեղծություններ: Այս ծավալուն գրական ժառանգությունը լույս է սփռում նրա անձնական կյանքի և հուզական աշխարհի վրա:

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Վաղ կյանք

Միքելանջելո Բուոնարոթթին (Michelangelo di Lodovico Buonarroti Simoni) ծնվել է 1475թ. մարտի 6-ին, Ֆլորենցիայի մոտ գտնվող Կափրեզե գյուղում (ներկայիս՝ Կափրեզե Միքելանջելո), որտեղ իր հայրը եղել է դատավոր: Ծնունդից մի քանի շաբաթ անց ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա: Իր մոր մահից հետո, երբ նա ընդամենը 6 տարեկան է եղել, Միքելանջելոն մի որոշ ժամանակ ապրել է մի դայակի և նրա ամուսնու հետ, ով քարտաշ է եղել: Այդ պահին նրա մեջ առաջացել է սեր մարմարի հանդեպ:

1488 թ. Միքելանջելոն սկսել է իր ֆորմալ կրթությունը, սակայն, մեծ հետաքրքրություն չի դրսևորել իր դասընթացների հանդեպ՝ նախընտրելով իր ժամանակը անցկացնել եկեղեցական կտավներ պատճենելով: Այդ նույն տարում նա որպես աշակերտ ընդունվել է նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի (Domenico Ghirlandaio, 1449-1494 թթ.) արվեստանոցում: 

Հաջորդ տարի Ֆլորենցիայի իշխանավոր Լորենզո դե Մեդիչին (Lorenzo de Medici, 1449-1492 թթ.) խնդրել է Գիրլանդայոյից առաջարկել իր երկու լավագույն աշակերտներին: Միքելանջելոն երկու ընտրվածներից մեկն է եղել: Հաջորդող 2-3 տարիների ընթացքում Միքելանջելոն հաճախել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիա» (Accademia neoplatonica) Մեդիչիների դղյակում:

Հակադիր տեսակետների հորձանուտում

15-րդ դարի վերջին տասնամյակը թեժ լարվածության պահ է եղել Ֆլորենցիայում, երբ երկու հակադիր շարժումներ բախվել են իրար:

Մի կողմում «Վերածնունդ» կոչված հիմնարար վերափոխումների շարժումն է եղել: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն բնօրրան է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննդի փիլիսոփայությունը՝ Հումանիզմը, ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը: 

Մեդիչի ընտանիքը հիմնադրել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիան»: Սա կրթական և ստեղծագործական աշխատանքների մի ոչ ֆորմալ կենտրոն է եղել, որը Մարսիլիո Ֆիչինոյի (Marsilio Ficino, 1433-1499 թթ.) գլխավորությամբ համախմբել է մեծ թվով Վերածննդի գիտնականների և արվեստագետների:

Դասական հունական ժառանգության վերահայտնաբերման և վերագնահատման գործընթացքում ակադեմիայի ղեկավարները վերահայտնաբերել են հունական դիցաբանության և փիլիսոփայության այն տարրերը, որոնք փառաբանել էին արական գեղեցկությունը և երկու տղամարդկանց միջև սերը՝ որպես ավելի վեհ մակարդակ և մտավոր կարողություններ ունեցող հարաբերություններ, քան թե հակառակ սեռերի միջև կապերը, որը համարել են ընդամենը վերարտադրության անհրաժեշտություն:

Ի թիվս հույն այլ փիլիսոփաների՝ Պլատոնը արժանացել է հատուկ ուշադրության, և իր «Երկխոսություն» գիրքը թարգմանվել է լատիներեն: Ի տարբերություն որոշ այլ փիլիսոփաների՝ Պլատոնը վաղ շրջանի իր ստեղծագործություններում փառաբանել է երկու տղամարդկանց միջև սերը (մեկը հասուն, մյուսը՝ երիտասարդ), որպես գեղագիտական և խորը հոգևոր կապ՝ բացառելով ցանկասիրությունը և մարմնական ու էրոտիկ հարթությունները (այսպես կոչված՝ «պլատոնական սեր»): Ակադեմիայի առաջնորդները փորձել են հաշտեցնել Պլատոնի մոտեցումները քրիստոնեական սկզբունքներին. նրանք երկրպագել են արական գեղեցկությունը որպես Աստծո նվեր, որը արտացոլել է Աստծո գերագույն փառքը:

«Ջիրոլամո Սավոնարոլայի դիմանկարը»,
Մորեթթո դա Բրիսշիա, 1524 թ.:
Մյուս կողմում եղել է արմատական կրոնական մի շարժում, որը գլխավորել Ջիրոլամո Սավոնարոլա (Girolamo Savonarola, 1452-1498 թթ.) անունով մի հոգևորական: Այս շարժումը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու մեջ կոռուպցիան, իշխող էլիտայի հարստությունը և շքեղ ապրելակերպը և քաջալերել է շատ պարզ ապրելակերպ և խիստ կրոնական բարոյական արժեքներ: Այն, բնականաբար, դեմ է եղել Վերածննդի աշխարհիկ «հեթանոսական արվեստին»: Իրենց հիմնական թեմաներից է եղել պայքարն ընդդեմ ամուսնությունից դուրս ցանկացած սեռական շփման, սոդոմականության և նույնասեռականության, որոնք տարածված են եղել քաղաքում:

Երիտասարդ Միքելանջելոն ենթակա է եղել այս երկու հոսանքների ազդեցությանը: 15 տարեկան հասակում նա հաճախ է եղել Լորենզո դե Մեդիչիի տանը, որտեղ նրան վերաբերվել են գրեթե որդու նման և նրան հնարավորություն են տվել շփվելու նշանավոր հումանիստների հետ: Այստեղ, նա յուրացրել է հունական անտիկ գեղարվեստը և դիցաբանությունը և ժամանակի իդեալականացված էրոտիկ տեսությունները: Սակայն նա ազդվել է նաև Սավոնարոլայի կրակոտ ելույթներից: Միքելանջելոն իրեն համարել է բարեպաշտ կաթոլիկ՝ լիովին ընդունելով քրիստոնեության մեջ ընդունված մեղք հասկացությունը: 

Ինչպե՞ս է Միքելանջելոն կարողացել լուծել այդ հակասությունները: Նա ենթադրել է, որ պատասխանը գտել է Պլատոնի մեջ՝ մի փիլիսոփա, ով ոչ միայն խրախուսել է տղամարդկանց միջև սերը, այլ այն դասել է որպես անգերազանցելի արժեք, իսկ զուգահեռաբար պահանջել է ամուրիություն, որը համահունչ է եղել կաթոլիկ ուսուցման որոշ դրվագների հետ: Միքելանջելոն փորձել է իր անձնական կյանքում հաշտեցնել և համադրել այդ երկու մոտեցումները: Սակայն, ինչպես ավելի ուշ կտեսնենք, նա չի կարողացել ընդմիշտ պահպանել ներքին իր հակասությունների հավասարակշռությունը և լիովին զսպել իր կողմնորոշումը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 1-ին

«Լեոնարդո դա Վինչիի դիմանկարը», Ֆրանչեսկո Մելզի,
1515 թ., Վինձոր թագավորական հավաքածու, Լոնդոն:
Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին (Leonardo da Vinci) պատմության մեջ հայտնի է որպես ամենանշանավոր մտավորականներից և առավել բազմակողմանի տաղանդներից մեկը: Օժտված լինելով անհագ հետաքրքրասիրությամբ, հնարամիտ երևակայությամբ և անսահմանափակ ստեղծագործականությամբ՝ նա հայտնի է իր «Մոնա Լիզա», ինչպես նաև «Խորհրդավոր ընթրիք» նկարներով: Նա նաև համարվում է բազմաթիվ առարկաների գյուտարար, ինչպիսիք են՝ պարաշյուտը, ուղղաթիռը և հրասայլը, թեև իր ժամանակ դրանք կառուցելը անհնար է եղել:

Վաղ տարիներ

Լեոնարդոն ծնվել է 1452 թ. Անքիանո (Anchiano) գյուղում: Նա եղել է մի ֆլորետացի նոտարի և մի գեղջկուհու կարճատև կապի արդյունք: Հինգ տարեկան հասակում գյուղից նրան տեղափոխել են իր հայրական տուն՝ Վինչի (Vinci) քաղաքում, և այսպիսով նրան բախտ է վիճակվել մեծանալ բարեկեցիկ հայրական ընտանիքի միջավայրում:

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին
Երևանում, Դինո Դե Ռանիերի, 2011 թ.:
Փոքրիկ Լեոնարդոն ստացել է նվազագույն ֆորմալ կրթություն, բայց, ըստ Ջորջիո Վազարիի (Giorgio Vasari) (1511-1574 թթ), ով Վերածննդի շրջանի գեղանկարիչների կենսագիր է, նրա գեղարվեստական տաղանդները ակնհայտ են եղել արդեն վաղ տարիքից: Շնորիվ այդ տաղանդների է, որ Անդրեա դել Վերոկքիոն (Andrea del Verrocchio), ով իր օրերին եղել է ֆլորենցիայի առաջատար նկարիչ և քանդակագործ, 14 տարեկան դա Վինչիին ընդունել է որպես աշակերտ: Դել Վերոկքիոյի արհեստանոցում դա Վինչին սովորել է բազմազան տեխնիկական հմտություններ, այդ թվում՝ մետաղագործություն, կաշվե արվեստ, ատաղձագործություն, ինչպես նաև գեղարվեստական հմտություններ՝ գծագրություն, գեղանկարչություն և քանդակագործություն:

Քսան տարեկան հասակում դա Վինչին որակավորվել է որպես «վարպետ արվեստագետ» և իր հոր օգնությամբ հիմնել սեփական արհեստանոց: Սակայն նա շարունակել է համագործակցել իր ուսուցչի հետ ևս հինգ տարի: Նրա՝ ամենավաղ համարվող աշխատանքը գրիչով և թանաքով գծված մի բնապատկեր է, որը նա գծել է 1473 թ.:


Ֆլորենցիան և նույնասեռականությունը

Այն ժամանակ Ֆլորենցիան հանդիսացել է մարդկային քաղաքակրթության հիմնարար վերափոխումներից մեկի՝ Վերածննդի բնօրրանը: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն կենտրոնն է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննունդը հիմք է դրել ժամանակակից արևմտյան հասարակարգին: Այս շարժումը ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը:

Հանդուրժողական և ազատ մտածողության մշակույթը մասամբ ընդգրկել է նաև սեռական շփումների ոլորտը: Նույնասեռական շփումները տարածված են եղել Ֆլորենցիայում, այնքան, որ «Florenzer» (ֆլորենտացի) բառը Գերմանիայում օգտագործվել է որպես ժարգոն՝ կոչելու նույնասեռական անձանց: Իշխող Մեդիչի ընտանիքը հանդուրժականորեն աջակցել է բազմաթիվ նույնասեռական և երկսեռական մտավորականների: Այդ թվում են եղել բանաստեղծ Փոլիզիանոն (Agnolo Poliziano), արվեստագետներ Սանդրո Բոթիչելլին (Sandro Botticelli), Միքելանջելոն (Michelangelo Buonarroti) և Բենվենութո Չելինին (Benvenuto Cellini): 

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Հարկ է նշել, որ չնայած Ֆլորենցիայում սոդոմականությունը (նույնասեռական և տարրասեռական) տեսականորեն մահապատիժ ենթադրող հանցագործություն էհամարվել, գործնականում այն հազվադեպ է կիրառվել, նամանավանդ 15-րդ դարի կեսից ի վեր: Քրեական հետապնդումների շուրջ վիճակագրական հետազոտությունները ապացուցում են, որ 75 տարվա ընթացքում (1430-1505 թթ.) ավելի քան 10.000 մարդ մեղադրվել է սոդոմականության մեջ (միջին հաշվով մոտավորապես 130 մարդ ամեն տարի), բայց դրանցից միայն մոտ 2.000-ն են «մեղավոր» ճանաչվել, մի քանիսը մահապատժի են ենթարկվել, մյուսները՝ աքսորվել Ֆլորենցիայից, տուգանվել կամ հրապարակավ նվաստացվել:

1476 թ. 24-տարեկան դա Վինչին երեք այլ տղամարդկանց հետ միասին մեղադրվել է,  Ջակոփո Սալթարելլի անունով մեկի (Jacopo Saltarelli) (ծնվ. 1459) հետ սոդոմական շփումներ ունելու մեջ: Սալթարելլին մի սկսնակ ոսկերիչ է եղել, ով սեռական շփումներ է ունեցել տղամարդկանց հետ և հավանաբար երբեմն ծառայել է նաև որպես նկարչի մոդել:

Համաձայն դատարանի գրառումների, որոնք ամբողջությամբ պահպանվել են, դա Վինչին և երեք այլ տղամարդիկ, այդ թվում` ոմն Լեոնարդո Թորնաբուոնին (Lionardo de Tornabuoni), ով Թորնաբուոնի ազնվական տոհմից է եղել, ձերբակալվել, դատվել և, ի վերջո, արդարացվել են: Ենթադրվում է, որ Թորնաբուոնիները, օգտվելով իրենց սերտ կապերից իշխող Մեդիչի ընտանիքի հետ, միջամտել են՝ ազդելու դատարանի վճիռի վրա:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
______________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

14.9.16

Պյոտր Չայկովսկի, կենսագրություն 5 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

1. Անծանոթ ուղիներում 

19-րդ դարի նշանավոր ռուս կոմպոզիտոր Չայկովսկու աշխատանքները ներառել են սիմֆոնիաներ, կոնցերտներ, օպերաներ, բալետներ և կամերային երաժշտություն: Նա եղել է առաջին ռուս կոմպոզիտորը, ով մեծ ճանաչում է ունեցել միջազգային մակարտակով: Նա չի խուսափել իր աշխատանքում ներառել արևմտյան ազդեցության տարրեր, ինչպես նաև հանդես գալ որպես հյուր-դիրիժոր Եվրոպայի և ԱՄՆ-ի բեմերում: Նրա երաժշտությունը համատեղել է խորը ռուսական զգայունությունը արևմտյան դասական երաժշտության ավանդույթների հետ, որի համար նա նշանակալիորեն առանձանացել է իր ժամանակակիցներից:

Չայկովսկին եղել է չափազանց զգայուն և հուզական մի անձնավորություն: Ոմանք այս դիմագիծը կապել են իր սեռական կողմնորոշման հետ՝ պնդելով, որ, քանի որ նա չի կարողացել ազատ և անկաշկանդ ապրել իր սեռական կյանքով, իր հիասթափությունը, անհանգստությունը և զայրույթը ամբողջությամբ արտահայտել է երաժշտության միջոցով: Չայկովսկու երաժշտության մեղեդայնությունն ու զգացմունքների արտահայտման անմիջականությունը և ուժգնությունը պատճառ են հանդիսացել, որ ոմանք նրա երաժշտությունը համարեն ցանցառ և գռեհիկ:

Վաղ կյանք, վաղ վերքեր

Պյոտր Իլյիչ Չայկովսկին ծնվել է Ռուսաստանի Ուդմուրթիայում, 1840 թ. մայիսի 7 -ին: Նա սկսել է դաշնամուր նվագել սովորել հինգ տարեկան հասակից: Նրա ծնողները խրախուսել են երաժշտության ուսումը, բայց 1850 թ. որոշել են փոքրիկ Պյոտրին ուղարկել ցարական իրավագիտության ուսումնարան (Императорское училище правоведения) մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում: Ժամանակին սա ամենահեղինակավոր գիշերօթիկ դպրոցներից մեկն էր, որը կրթում և պատրաստում էր հիմնականում միջին խավի տղաներին՝ ռազմական և պետական կարիերայի համար:

Մորից բաժանվելը՝ գիշերօթիկ դպրոց հաճախելու համար, Չայկովսկու մոտ առաջացրել է զգացական շոկ, որը նրան տանջել է իր ողջ կյանքի ընթացքում: Մոր մահը չորս տարի անց, երբ Չայկովսկին հազիվ 14 տարեկան է եղել, է՛լ ավելի է քայքայել նրան: Նա սգացել է մոր կորուստը ողջ կյանքի ընթացքում և այն համարել է «չափազանց կարևոր իրադարձություն», որը ձևավորել է իր կյանքը: Ավելի քան 25 տարիներ անց, մի նամակում գրել է՝ «Այդ սարսափելի օրվա ամեն մի պահը վառ է մնացել ինձ համար, կարծես թե դա պատահել է երեկ»:

Ցարական իրավագիտության ուսումնարանում իր բուն ուսմանը զուգահեռ Չայկովսկին շարունակել է իր երաժշտության դասերը: Ի դեպ՝ իր մոր կորուստը նրան մղել է փորձել առաջին իր լուրջ կոմպոզիցիան՝ մի վալս՝ նրա հիշատակին: Եվ սա, փաստորեն, սկիզբն է հանդիսացել մի օրինաչափության. գտնվելով ծանր զգացական իրավիճակներում՝ նա ստեղծագործել է երաժշտական կտորներ՝ արտահայտելու համար իր ապրումները և հակադրվելու համար իր նեղվածությանը: 

Իրավագիտության գիշերօթիկում ապրելու առավելություններից մեկն այն է եղել, որ Չայկովսկին հնարավորություն է ստացել հանդիպել և ընկերանալ իր նման տղաների հետ: Այնտեղ Չայկովսկին գտել է իր առաջին գեյ ընկերներին, այդ թվում՝ հետագա բանաստեղծ Ալեքսեյ Ապուխտինին (Алексей Николаевич Апухтин) (1840-1893):

Սերգեյ Կիրեյևը
Դպրոցում նա նաև ունեցել է իր առաջին սերը: Սերգեյ Կիրեյևը (Сергей Александрович Киреев) Չայկովսկուց չորս տարի փոքր է եղել, որը այդ տարիքներում զգալի տարբերություն է: Չայկովսկու զգացմունքները Սերգեյի նկատմամբ խառն են եղել՝ դեռահասական սիր՝ ավագ եղբոր հոգատարությամբ: Ի դեպ՝ ուսումնարանն ավարտելու ժամանակ՝ 1859 թ., Չայկովսկին ունեցել է հակասական զգացողություն՝ ուրախություն ուսումը ավարտելու համար և խորը «դառնություն»՝ Կիրեյևից ստիպված բաժանվելու պատճառով:

Չայկովսկին Ցարական իրավագիտության
ուսումնարանը ավարտելիս, 1859 թ.

Երաժշտական կարիերայի սկիզբը  

Չայկովսկին սկսել է աշխատել արդարադատության նախարարությունում, բայց երբ հիմնվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան 1862 թ., որը, փաստորեն, եղել է Ռուսաստանի առաջին երաժշտական ինստիտուտը, նա ընդունվել է սովորալու երաժշտություն: Այս նախաձեռնությունը նրան թույլ է տվել անցում կատարել դեպի երաժշտական կարիերա: 

Չայկովսկին աշակերտել է նշանավոր դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնին (Антон Григорьевич Рубинштейн): Նա խորապես ծանոթացել է երաժշտական նյութի կազմակերպման եվրոպական սկզբունքներին և ձևերին: Ուսումը թույլ է տվել նրան հետագայում իր ոճում հաջողությամբ հաշտեցնել ռուսական և եվրոպական ազդեցությունները:

Նա առաջինն է եղել, ով ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: Ապա նա առաջադրվել է երաժշտության տեսության դասախոսի պաշտոնի համար նորաբաց Մոսկվայի կոնսերվատորիայում: 1867-ից 1878-ը, Չայկովսկին համատեղել է կոնսերվատորիայում իր դասախոսական աշխատանքը երաժշտաքննադատության հետ, միաժամանակ շարունակելով ստեղծագործել:

Չայկովսկին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի
իր կրթության ավարտին, 1865 թ.

Լարվածություն ազգայնականների հետ

Այդ ժամանակ Ռուսական երաժշտական շրջանակներում կար մի ազգայնական հոսանք, որի նպատակն էր հենվել ժողովրդական բանահյուսության ավանդույթների վրա՝ ընդդեմ «արևմտյան ազդեցության»: Այսպես կոչված «Հզոր խմբակի» (Могучая кучка) անդամները կոմպոզիցիայի ոլորտում մասնագիտորեն վերապատրաստված չէին, բայց ինչ-որ չափով ունեին երաժշտական իմացություն: Նրանք դեմ էին եվրոպական ոճի ակադեմիական ուսուցմանը և, բնականաբար, խիստ բացասական էին վերբերվում Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի նորաստեղծ կոնսերվատորիաներին:

Չայկովսկու և «Հզոր խմբակի» միջև երաժշտական փիլիսոփայությունների տարբերությունների շուրջ լարվածությունը շարունակվել է երկար ժամանակ, ավելի կամ պակաս թեժացման պահերով: Այդուամենայնիվ, խմբակի անդամներից մեկի՝ Միլի Բալակիրևի (Милий Алексеевич Балакирев) համագործակցությամբ է Չայկովսկին ստեղծել իր առաջին գլուխգործոցը՝ «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան: Ի դեպ՝ Չայկովսկին խորապես ոգեշնչված է եղել Շեքսպիրի գրություններից, որոնց հիման վրա հետագայում կազմել է այլ գործեր: Ընդհանուր առմամբ, գրականությունը անչափ ազդեցիկ դեր է ունեցել Չայկովսկու գործունեության վրա և նա բազմաթիվ ստեղծագործություններ է կազմել ըստ Պուշկինի, Բայրոնի և Գոգոլի:

Կոնսերվատորիայի իր ուսանողներից մեկը՝ Էդուարդ Զակը (Эдуард Эдуардович Зак), եղել է «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքի զգացական ոգեշնչման աղբյուրը: Չայկովսկին կրքոտ կերպով սիրահարվել է Զակին, ով այդ ժամանակ եղել է 15 տարեկան պատանի: Նա իր սիրո կուլմինացիայի ժամանակ է գրել նախերգանքը: Մի քանի տարի անց՝ 1873 թ., Չայկովսկին քայքայվել է, երբ լսել է Զակի ինքնասպանության մասին 19 տարեկան հասակում, անհայտ պատճառներով: Նա երբեք չի մոռացել Զակին և նրա հանդեպ իր սերը: Օրինակ՝ 14 տարի անց՝ 1887 թ. սեպտեմբերին, իր օրագրում նա կատարել է հետևյալ գրառումը․
«Կրկին մտածեցի և հիշեցի Զակին: Թե ինչպես զարմանալիորեն հստակ եմ հիշում նրան, նրա ձայնի հնչեղությունը, նրա շարժումները, բայց հատկապես՝ նրա՝ երբեմն աննախադեպ հրաշալի դեմքի արտահայտությունը: Ես չեմ կարողանում հասկանալ, որ նա այլևս չկա: Նրա մահը, այսինքն նրա լիովին չգոյությունը վեր է իմ ըմբռնումից: Ինձ թվում է, որ ես երբեք ոչ ոքի այնքան ուժգնությամբ չեմ սիրել, որքան նրան: Աստվա՜ծ իմ: Անկախ նրանից, թե այն ժամանակ ինչեր ինձ ասացին, և ինչպես եմ փորձում մխիթարել ինքս ինձ, նրա հանդեպ իմ (գործած) հանցանքը սարսափելի է: Եվ միևնույն ժամանակ, ես նրան սիրեցի, այսինքն՝ ոչ թե սիրեցի, այլ դեռևս սիրում եմ, և նրա մասին հուշերը ինձ համար սրբություն են»:
«Ռոմեո և Ջուլիետ»-ի հաջողությանը հաջորդեց Չայկովսկու դաշնամուրի առաջին կոնցերտի (աշխ. թիվ 23) պրեմիերան 1875 թ. և առաջին բալետի՝ «Կարապի լճի» (աշխ. թիվ 20) հանձնարարականը:

Տեսարան «Կարապի լիճ» բալետից
Տեսարան Մեթյու Բուրնի «Կարապի լիճ»-ի տարբերակից
Մտահոգության մշտական աղբյուր 

Հարկ է նշել, որ իր նախնական տարիների ընթացքում՝ որպես կոմպոզիտոր, հազվադեպ են եղել Չայկովսկու հաջողությունները և դրանք նվաճվել են հսկայական ջանքերի շնորհիվ: Որոշ երաժշտաքննադատներ եղել են կոպիտ և անխիղճ, որը նրա մեջ ամրապնդել են ցմահ զգայունություն քննադատության հանդեպ: Որպես նոր և դինամիկ հաղորդակցության միջոց, տպագիր մամուլը ժամանակին էական դեր է խաղացել հանրային կարծիք ձևավորելու գործում, դյուրացրել կամ կործանել նոր տաղանդների կարիերան:

Մեկ այլ գործոն, որը առնվազն իր կարիերայի վաղ տարիներին տանջել է Չայկովսկուն, եղել է իր սեռական կողմնորոշման հարցը և մասնավորապես՝ դրա բացահայտման վախը: Նա ունեցել է հակասական վերաբերմունք իր նույնասեռականության նկատմամբ: Մի կողմից, նա այն համարել է բնական և չի փորձել ճնշել իր հուզական, զգացական և սեռական գրավչությունը տղամարդկանց նկատմամբ: Ի դեպ՝ նա իրեն շրջապատած է եղել բազմաթիվ նույնասեռական և երկսեռական տղամարդկանցով: Նրա մի շարք ամենամտերիմ ընկերները և երաժիշտ գործընկերները, այդ թվում`որոշ իր նախորդ ուսանողները, ինչպես Վլադիմիր Շիլովսկին (Владимир Степанович Шиловский), եղել են նույնասեռական կամ երկսեռականներ:

Վլադիմիր Շիլովսկին
Իսկ մյուս կողմից, Չայկովսկին չի ցանկացել անտեսել հասարակական տրամադրությունները. նա բնությամբ եղել է պահպանողական: Իր սիրային կյանքի և սեռական հարաբերությունների հարցում նա եղել է շատ պարկեշտ և մեծ մասամբ առանձնացրել է այդ երկուսը: Նա չի ցանկացել բացահայտ ապրել մի ինչ-որ տղամարդ զուգընկերոջ հետ և խուսափել է սեռական շփումներից նույնասեռական կամ երկսեռական այն տղամարդկանց հետ, ովքեր իր անմիջական հասարակական շրջանակի մեջ են եղել, նույնիսկ, երբ նրանց սիրահարված է եղել: 

Սիրո և սեքսի տարանջատումը, իհարկե, եղել է խորը հոգեկան խռովմունքի աղբյուր: Իր նամակներից մեկում, նա խոստովանել է՝ «ես ճանաչել եմ սերը, բայց երբեք չեմ ճանաչել այն երջանկությունը, որը սերը կարող է հայթայթել»:
Չայկովսկին կազմել է իր դաշնամուրի առաջին կոնցերտը (աշխ. թիվ 23) 1874-1875 թ., և վերանայել է այն երկու անգամ՝ 1879 թ. և ապա 1888-90 թ.:Մենակատար՝ Միխայիլ ՊլետնևՄոսկվայի ռադիոսիմֆոնիկ նվագախումբի կատարմամբ Դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեյև

Սեռական շփումների համար, նա պարբերաբար ձգտել է անանուն հանդիպումներ նրանց հետ, ովքեր հիմնականում իր շրջանակից և նույնիսկ իր դասակարգից դուրս են եղել (սպասարկուներ, վարորդներ, և այլն): Սա է եղել, թերևս, պատճառներից մեկը, թե ինչու է նա նման հանդիպումներից հետո որոշակի զղջման և նույնիսկ մեղքի զգացում:

Անձնական հանգամանքներից բացի՝ նրան նաև մտահոգել է, թե ինչպես կարող է իր սեռական կողմնորոշման հնարավոր բացահայտումը ազդել իր ընտանիքի ու հարազատների վրա: Կարևոր է նշել, որ ժամանակին ռուս հասարակությունը անընդունելի էր համարում նույնասեռականությունը և դա նույնիսկ արգելված էր օրենքով: Սկսած 1832 թ. Նիկոլայ 1-ինից, օրենքի հոդված 995-ը արգիլում էր նույնասեռական վարքագծի բոլոր ձևերը, թեև դատարանները հակված էին սահմանափակել օրենքի մեկնաբանությունը անալ սեքսի (սոդոմականության) շրջանակում: Հոդված 995-ի համաձայն` դատապարտված անձինք սովորաբար աքսորվում էին Սիբիր, 4-5 տարվա ժամկետով:

Հարկ է նշել, որ օրենքը չէր կիրառվում բարձր խավերի ներկայացուցոիչների նկատմամբ: Ցարական ընտանիքի և ազնվականության շարքերում կային նշանավոր մարդիկ, ովքեր հայտնի էին որպես նույնասեռականներ կամ երկսեռականներ և, այդուամենայնիվ, ապրում էին անհոգ, այդ թվում՝ Մեծն դյուք Սերգեյ Ռոմանովը (Сергей Александрович) և Իշխան Վլադիմիր Մեշչերսկին (Владимир Петрович Мещерский): Չայկովսկին, սակայն, լինելով իր կարիերայի վաղ փուլում, մասամբ անհայտ մի մարդ, դեռ չէր կարող ապավինել նման ոչ պաշտոնական «արտոնությանը»:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Պյոտր Չայկովսկի 
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ «Անծանոթ ուղիներում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Դեպի ինքնահաստատում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Հստակեցում և հռչակ» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Վախճան» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ժառանգություն» >>>  ԱՅՍՏԵՂ

28.10.15

Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը, օնլայն ցուցահանդես 5 մասով, մաս 1-ին


1. Նկարիչի վաղ կյանքը

Շվեդ անվանի նկարիչ Իոժիեն Ֆրեդրիք Յանսոնը (Eugène Fredrik Jansson) (1862-1915) ծնվել և մեծացել է չքավոր փոստատարի ընտանիքում: Նրա ծնողները հույս են ունեցել, որ իրենց որդին կդառնա բանկային փորձագետ, սակայն նրան խրախուսել են սովորել նաև արվեստներ և մասնավորապես երաժշտություն: 16 տարեկան հասակում Յանսոնը սկսել է հաճախել գեղանկարչության դասընթացքների: Նրան հաջողվել է սովորել Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1881-1883,  որտեղ ծանոթացել է մի շարք շվեդ նկարիչների հետ, ովքեր վերադարձել էին Ֆրանսիայից և շատ քննադատորեն էին մոտենում գեղանկարչության ուսուցմանը Շվեդիայում:

Նա ընդհատել է իր ուսումը ակադեմիայում գերիշխող պահպանողականության պատճառով և միացել է «Ընդդիմախոսներ» (Opponenterna) շարժման, ովքեր ժամանակին ներկայացնում էին Շվեդիայի ավանգարդ հոսանքը: 1885 թ. նա եղելէ «Նկարիչների լիգայի» (Konstnärsförbundet) հիմնադիր անդամներից մեկը: Այս կազմակերպությունը իրեն հռչակել էր որպես այլընտրանք՝ ընդդեմ պաշտոնական ակադեմիայի և նպատակ էր դրել խթանելու հասարակական գիտակցության տարածմանը արվեստագետների շարքերում: Իոժիեն Յանսոնը տարիներ շարունակ վարել է լիգայի քարտուղարի պաշտոնը և մնացել է նրա ակտիվ անդամ մինչև իր մահը:

Պայմանավորված իր սահմանափակ ֆինանսական միջոցներով և ի տարբերություն իր գեղանկարիչ դասընկերների՝ Յանսոնին չի վիճակվել մեկնել արտասահման: Այդ ժամանակ երիտասարդ նկարիչները սովորաբար գնում էին Իտալիա և Ֆրանսիա ծանոթանալու գեղարվեստի պատմության և նկարչության վերջին միտումներին: Յանսոնը, սակայն, պարտավոր է եղել ծանոթանալու և հետևելու այդ միտումներին անուղղակիորեն: Նա իր աշխատանքում ազդվել է մասնավորապես իմպրեսիոնիզմից, հատկապես նորվեգիացի նկարիչ Էդուարդ Մունչից, ինչպես նաև հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգից:


Կապույտ ժամանակաշրջանը

Իոժիեն Յանսոնի աշխատանքը կարելի է դասակարգել երկու առանձին ժամանակաշրջանների: Առաջին շրջանում (1890-1904) Յանսոնը հիմնականում նկարել է Ստոկհոլմի և մասնավորապես Սեդերմալմ (Södermalm) լեռնոտ հարավային թաղամասի տարբեր վայրերի համայնապատկերներ սովորաբար մայրամուտին կամ արևածագին:

Խեղճ և աշխատավոր դասով բնակեցված Սեդերմալմը այն թաղամասն է եղել, որտեղ նա բնակվել և ստեղծագործել է երկար տարիներ: Հենց այնտեղ է, որ նա հայտնաբերել է քաղաքային այն տեսարանները, որոնք պատկերել է յուրահատուկ քնարական ուժգնությամբ: Յանսոնի այս շրջանը հայտնի է որպես «կապույտ շրջան», քանի որ նա իր աշխատանքում օգտագործել է կապույտի տարբեր երանգները` ներկայացնելու լույսը և լույսի արտացոլումները:

Տարիների ընթացքում, Յանսոնի աշխատանքը գնալով հակվել է դեպի ավելի պարզություն և աբստրակցիա, այն աստիճանի, որ «կապույտ շրջան»-ի ավարտին նրա զանգվածային կապույտ կտավներում համարյա դժվար է տարանջատել ավելին, քան մի քանի փողոցային  լապտերներ և դրանցից արտացոլվող լույսը: 

Հարկ է նշել, որ Յանսոնը եղել է եռանդուն սոցիալիստ և իր կապույտ ժամանակաշրջանի կտավներում փորձել է ցույց տալ աղքատ թաղամասի կոշտությունները:

Յանսոնի ֆինանսական պայմաններին և նրա համբավին մեծ խթան է հանդիսացել եվրոպայի առավել առատաձեռն բարերարներից մեկը՝ շվեդ մեծահարուստ բանկիր Էրնստ Թիլը (Ernest Thiel) (1859-1947 թ.), ով 1898 թ. սկսել է գնել Յանսոնի կտավները: Նշենք, որ Թիլը մշտապես հովանավորել է ավանգարդ արվեստագետներին: Աստիճանաբար, նրան հաջողել է հավաքել և կազմել Յանսոնի նկարների ամենաընդարձակ հավաքածուն: Մեր օրերում, այս հավաքածուն ցուցադրվում է Թիլի պատկերասրահում (Galleriet Thielska), որը ժամանաին բարերարի առանձնատունն է եղել և, որ նա նվիրաբերել է Ստոկհոլմ քաղաքին 1924 թ.:

Շարունակությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________________
Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը
օնլայն ցուցահանդես 5 մասով

1. Նկարիչի վաղ կյանքը  >>>  ԱՅՍՏԵՂ
2. Կապույտ ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ 
3. Տաղանդի ազատ արտահայտությունը  >>>  ԱՅՍՏԵՂ
4. Մերկ տղամարդկանց ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ
5. Նկարիչի սեռական ինքնությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

1.7.15

Քարոլի Քերթբենի


Քարոլի Մարյա Քերթբենին (Károly Mária Kertbeny) (1824-1882) եղել է հունգարացի լրագրող, թարգմանիչ և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստ, ով հայտնի է իր հորինած homosexualität և heterosexualität տերմինների շնորհիվ: 

Քերթբենին ծնվել է Վիեննայում, որը ժամանակին Ավստրո-հունգարական կայսրության մայրաքաղաքն էր, բայց մեծացել է Բուդապեշտում: Լինելով կատարյալ երկլեզու՝ նա հետագայում գերմաներեն է թարգմանել մի քանի հունգարացի բանաստեղծների ու գրողների աշխատանքները:

Հունգարական գրականության պատմության մեջ Քերթբենին հիշվում է որպես միջին նշանակություն ունեցող մի թարգմանիչ և գրող: Իր գրական գործունեությունից բացի նա մասնակցել է տարբեր հասարակական և քաղաքական շարժումների, որի պատճառով հաճախ խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ թե՛ Ավստրո-Հունգարիայում և թե՛ Գերմանիայում:

Շրջադարձային ողբերգրություն

Երիտասարդ տարիքում, որպես մի գրավաճառի աշակերտ, իր գործակից և մտերիմ ընկերներից մեկը, ով նույնասեռական է եղել, ինքնասպան է լինում, մի կորզիչի կողմից շանտաժի ենթարկվելու հետևանքով: Հենց այդ ողբերգական դրվագն է, որը Քերթբենիին մղել է ուսումնասիրել նույնասեռականության երևույթը: Ի դեպ՝ ըստ իր պնդման, ինքը նունասեռական չի եղել և իր հետաքրքրությունն այս թեմայի շուրջ հիմնված է եղել իր մարդու իրավունքների և արդարության նկատմամբ ունեցած ընդհանուր հոգատարության վրա:

Բեռլինում բնակվելուց հետո 1847 թ. 23 տարեկան հասակում նա սկսել է լայնորեն գրել նույնասեռականության մասին: Որոշ հետազոտողներ, նրա օրագրերի և մասնավոր նամակների հիման վրա եզրակացրել են, որ Քերթբենին ունեցել է հստակ նույնասեռական հակումներ և շփումներ: Նրանց կարծիքով Քերթբենին թաքցրել է իր սեռական կողմնորոշումը, հավանաբար չբարդացնելու համար իր արդեն խրթին հարաբերությունները ոստիկանության հետ:

Քարոլի Մարյա Քերթբենին
երիտասարդ տարիքում
Ընդդեմ գերմանական արգելքի

1869 թ. նա անանուն կերպով հրատարակել է մի բրոշյուր, որում դատապարտել է նույնասեռականության անօրինականությունը Գերմանիայում: Իր երկրորդ բրոշյուրում, որը նույն նյութի շուրջ է եղել, նա հաստատել է, որ Պրուսի սոդոմականության մասին օրենքը, մասնավորապես 143-րդ պարբերությունը (որը հետագայում դարձել է միացյալ Գերմանիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 175-րդ պարբերությունը) խախտել է «մարդու իրավունքները»: 

Քերթբենին պնդել է, որ փոխադարձ համաձայնությամբ նախաձեռնված սեռական ակտերը կամ շփումները չպետք է ենթակա լինեն քրեական իրավունքի: Հղելով իր ընկերոջ պատմությունը՝ նա համառորեն հաստատել է, որ պրուսական օրենքը շանտաժ անողներին թույլ է տալիս գումարներ շորթել նույնասեռականներից և շատ հաճախ նրանց մղել ինքնասպանության:

Քերթբենին նաև արծարծել է այն տեսակետը, ըստ որի նույնասեռականությունը բնածին և անփոփոխ երևույթ է՝ մի փաստարկ, որը հակասել է ժամանակի գերիշխող տեսակետին, համաձայն որի նույնասեռականությունը համարվում էր ընտրության և ճաշակի մի խնդիր, և նրանք, ովքեր զբաղվում էին «սոդոմականությամբ», դա անում էին՝ ելնելով զուտ չարությունից և լկտիությունից : 

Վկայակոչելով մի շարք պատմական գործիչների՝ Քերթբենին նաև պնդում է, որ նույնասեռական տղամարդիկ թուլամորթ չեն ոչ՛ իրենց ձգտումների առումով և ոչ՛ էլ մտածողության: Այս կարծիքը ևս հակադրվել է ժամանակի գերիշխող տեսակետին՝ համաձայն որի նույնասեռականները համարվել են «արական մարմիններով, բայց կանանցի հոգեկանով անձինք»:

Քերթբենիի փաստարկը նույնասեռականության բնազդային բնույթի մասին որևէ ձևով կապված կամ հիմնավորված չի եղել իր ջանքերով քարոզարշավ կազմակերպելու՝ ի շահ սոդոմականության օրենքների վերացման: Ի դեպ՝ նա իրավիճակից ունեցել է շատ պայծառ վերլուծություն և գրել է՝
«Օրենսդրության խնդիրը չէ, թե արդյոք այս կողմնորոշումը բնածի՞ն է թե ոչ, օրենսդրությանը հետաքրքրում է միայն այս կողմնորոշման հետ առնչվող անձնական և հասարակական վտանգները ... մենք մեր հակառակորդներին պետք է համոզենք նույն իրավական հասկացություններով, որոնք իրենք սովորաբար օգտագործում են, ապացուցելու, որ նրանք ոչ մի բան չունեն անելու այս կողմնորոշման նկատմամբ՝ լինի դա բնածին կամ ընտրովի, քանի որ պետությունը իրավունք չունի միջամտելու այն շփմանը, որը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ երկու տասնչորս տարեկանից բարձր անձանց մեջ, քանի դեռ դա չի ազդում հանրության կամ որևէ երրորդ կողմի իրավունքների վրա»:
homosexualität տերմինը առաջին անգամ տպագիր ձևա-
չափի տակ հայտնվել է Քերթբենիի բրոշյուրների մեջ,
որը նա հրատարակել է Բեռլինում 1869 թ.: Նա արդեն
այդ տերմինը  օգտագործել էր մեկ տարի ավելի վաղ՝
իր անձնական մի նամակում:
Տերմինների հորինումը

Այդ երկու բրոշյուրների գրելու ընթացքում է եղել, որ Քերթբենին հորինել է homosexualität և heterosexualität տերմինները, դասակարգելու սեռականության տեսակները: Սահմանելու համար զգացմունքային, սիրային, էրոտիկ և սեռական գրավչությունը նույն սեռի անձանց հանդեպ Քերթբենին առաջարկել է homosexualität տերմինը որպես այլընտրանք նվաստացնող եզրերի, ինչպիսին էին «sodomit» (սոդոմական) և «päderast» (մանկապիղծ), որոնք այդուամենայնիվ լայնորեն օգտագործվում էին թե՛ գերմանախոս և թե՛ ֆրանսախոս աշխարհում՝ այդ թվում նույնիսկ գիտական շրջանակներում՝ չեզոք տերմինի բացակայության պայմաններում:

Հարկ է նշել, որ Քերթբենին հորինել է բավական անսովոր մոտեցումով, քանի որ homosexualität-ը հունարեն-լատիներեն հիբրիդային բառ է՝ բաղկացած հունարեն նախածանց «homo»-ից, որը նշանակում է նույնը (ի տարբերություն լատիներեն արմատ «homo»-ին, որը նշանակում է մարդկային) և լատիներեն «sexus»-ը, որը նշանակում է սեռ:

Քերթբենին այնքան չի ապրել, որ ականատես լինի իր տերմինաբանության և գաղափարների լայն տարածմանը: Նա մահացել է Բուդապեշտում 1882 թ. 58 տարեկան հասակում:

«Սեռական հոգեխանգարումներ»
Ընդունելություն

Չորս տարի Քերթբենիի մահից անց գերմանացի սեքսոլոգ Ռիչարդ ֆոն Քրաֆթ-Էբինգը (Richard von Krafft-Ebing) հրատարակել է «Սեռական հոգեխանգարումներ» (1886 թ.) անունով մի ուսումնասիրություն՝ սեռական վարքի մասին, որում նա օգտագործել է homosexualität և heterosexualität տերմիները: Նա այս բազմակողմանի և ավանգարդ աշխատանքը գրել է հիմնականում ակադեմիական շրջանակների համար, բայց այն լայն ժողովրդականություն է ստացել:

Քրաֆթ-Էբինգը իր գրքում պնդել է, որ այն ամենը, ինչ ավանդաբար դիտարկել են որպես «սեռական շեղումներ» և «այլասերվածություն»՝ այդ թվում նույնասեռականությունը, փաստորեն մարդկային սեռականության տարբեր դրսևորումներն են և հետևաբար՝ բնական երևույթներ: Շնորհիվ այս գրքի ժողովրդականության՝ Քերթբենիի հորինած եզրաբառերը գերմաներենում դարձել են ստանդարտ տերմիններ:

Գիրքն անգլերեն է թարգմանել Չարլզ Գիլբերթ Չեդոքը (Charles Gilbert Chaddock) 1892 թ., ով մի ամերիկացի նյարդաբան Է եղել, և այդպիսով նոր տերմինները մուտք են գործել անգլերենում: Թարգմանված տարբերակում Չեդոքը ներկայացրել է ևս մեկ նոր բառ՝ bisexuality, սահմանելու համար զգացմունքային, սիրային, էրոտիկ և սեռական գրավչությունը երկու սեռի անձանց հանդեպ:

Միաժամանակ homosexuel տերմինը մտել է ֆրանսերեն լեզվում 1891 թ. և hétérosexuel-ը 1893 թ.: Այս եզրաբառերի օգտագործումը այնուհետև տարածվել է շատ այլ լեզուներում 20-րդ դարի ընթացքում:

Նոր տերմին, բայց ոչ նոր երևույթ

Չի կարելի շփոթել մի եզրաբառի ստեղծման պատմությունը այն երևույթի պատմության հետ, որը նոր տերմինը փորձում է կոչել: Ճիշտ է, որ homosexualität - նույնասեռականություն տերմինը գրեթե 150 տարեկան է և որ այն հորինել է Քերթբենին Եվրոպայում, բայց ինքը երևույթը ո՛չ նոր է, ո՛չ էլ եվրոպական մի գյուտ: Որպես մարդկային սեռականության դրսևորումներից մեկը նույնասեռականությունը նույնքան հին և ավանդական է, որքան մարդկությունը և համամարդկային մի երևույթ է, այլ ոչ թե որոշակի մշակութների արտադրանք:

Մենք ականատես ենք եղել նման մի վիճաբանության մեկ այլ նոր տերմինի վերաբերյալ, որը նույնպես անսովոր հունարեն-լատիներենի հիբրիդ է: Լեհ փաստաբան Ռաֆայել Լեմքինը նացիստների համակարգված և մասսայական սպանության քաղաքականությունը անվանել է «genocide» 1944 թ.: Բառը համատեղում է հունարեն «geno» բառը, որը նշանակում է ցեղ և լատիներեն «cide» բառը, որը նշանակում է սպանություն:

Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ նախապես ցեղասպանություններ չեն եղել: Արդյոք այդ եզրաբառը կարելի՞ է օգտագործել անվանելու միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տերմինի հորինումից հետո: Ակնհայտ է, որ ոչ: Ցեղասպանության պատմությունը նույնքան հին է, որքան մարդկությունը՝ և՛ ազգային, և՛ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումները: Ի դեպ՝ մենք անվանում ենք իրերը իրենց անուններով և, որպես այդպիսին, 1915-20-ի հայկական կոտորածները կոչում ենք ցեղասպանություն:

Որպես սեռական երեք հիմնական կողմնորոշումներից
մեկը տարասեռականությունը հարատև զգացմունքա-
յին, սիրային և սեռական գրավչությունն է հակառակ
սեռի անձանց նկատմամբ:
Հայկական դանդաղկոտությունը

Հայերենում homosexualität-ի համարժեք բառը մնում է վիճահարույց հարց՝ նույնիսկ 150 տարի Քերթբենի կողմից եզրույթի հորինումից անց: «Նույնասեռական» բառը, որը ճշգրիտ թարգմանությունն է (այս հարցի համապարփակ քննարկման համար տես այստեղ), աստիճանաբար ընդունվում է՝ չնայած նրան, որ որոշ տգետ անձինք շարունակում են օգտագործել նվաստացնող «համասեռամոլը» և «արվամոլը»:

Ոմանք, ովքեր հավանաբար փորձում են լինել չեզոք կամ ճշգրիտ, օգտագործում են «հոմոսեքսուալ» կամ ռուսերենից վերցրած «հոմոսեքսուալիստ» բառերը, որոնք անկախ իրենց արտահայտողների մտադրություններից, չեզոք բառեր չեն, քանի որ թողնում են այն տպավորությունը, որ վերաբերվում են մի ինչ-որ օտար ներմուծված երևույթի:

Ինչ վերաբերում է heterosexualität-ին՝ «տարասեռական» բառը կարծես թե դեռ երկար ճանապարհ ունի մինչև ընդունում ստանալը՝ հասարակության մեջ սեռական հարցերի ցածր մակարդակի իրազեկության ֆոնի մեջ: Համենայն դեպս, հենվելով իրերն իրենց անուններով կոչելու սկզբունքի վրա՝ դա շատ կարևոր է, որ հայ տարասեռականները իրենց համարեն և կոչեն որպես այդպիսին, և ոչ թե «նատուրալ» կամ «նորմալ», որոնք մոլորեցնող են, քանի որ անուղղակիորեն նշանակում են, որ մյուս սեռական կողմնորոշումները բնական կամ նորմալ չեն:

Բոլոր սեռական փոքրամասնությունների համար դեպի առաջ մեծ քայլ կլինի, երբ Հայաստանում ևս տարասեռականությունը ճանաչվի որպես սեռական կողմնորոշումներից մեկը, նույնիսկ, եթե դրանով ապրում է բնակչության ճնշող մեծամասնությունը:

16.5.15

Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 1-ին

Թյուքը 1880-ականներին
Հենրի Սքոթ Թյուքը (Henry Scott Tuke) (հունիսի 12, 1858 - մարտի 13, 1929) եղել է անգլիացի նկարիչ, ում առավել ուշագրավ աշխատանքները հանդիսացել են իր իմպրեսիոնիստական ոճով պատկերած մերկ պատանիները և երիտասարդները: Թյուքի նկարչության հիմնական այլ առարկան եղել է ծովը:

Թյուքը ծնվել է Անգլիայի Յորք քաղաքում՝ մի նշանավոր և կրոնական ընտանիքում: Նրա հայրը եղել է բժիշկ-հոգեբան: Ընտանիքն իր ծագումը փաստագրել է մինչև Սեր Բրայան Թյուքը, ով 16-րդ դարի սկզբին ծառայել է թագավոր Հենրի 8-րդին որպես խորհրդատու:

Վաղ կյանք
Թյուքը 1872 թ.,
14 տարեկան
հասակում

Թյուքը գծագրել և նկարել է շատ վաղ տարիքից: Նրա 4-5 տարեկանում նկարած որոշ աշխատանքները հրատարակվել են 1895 թ.:

1875 թ. նա ընդունվել է Սլեյդ գեղարվեստական ինստիտուտ: 1880 թ. մեկնել է Իտալիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Ֆլորենցիայում նա նկարել է իր առաջին մերկ պատկերները՝ հայտնաբերելով լույսի, գույնի և մարդկային մարմնի ձևի կարևորությունը: Այնուհետև նա ապրել է Ֆրանսիայում 1881-83 թ., որտեղ հանդիպել է նկարիչ Ժյուլ Բեսթիյեն Լփեժին, ով նրան խրախուսել է նկարել բացօթյայում:

Բնակություն Ֆալմաութում

Անգլիա վերադառնալուց հետո նա որոշել է բնակություն հաստատել Ֆալմաութում՝ Ֆալմաութի  ծոցին նայող մի տնակում: Այս ձկնորսական նավահանգիստային գյուղաքաղաքում  հաստատվելը նրան թույլ է տվել համատեղել իր երկու մեծ կրքերը՝ գեղանկարչություն և ծովագնացություն: Ի դեպ՝ Ֆալմաութը ուներ բազմաթիվ մեկուսացած լողափեր, որտեղ նա կարողացել է աշխատել ազատ և անկաշկանդ: Նա իր առաջին մերկ տղային նկարել է 1885 թ.:

1886 թ. Թյուքը ձեռք է բերել մի հին ձկնորսական նավակ և նրան ձևափոխել է լողացող արվեստանոցի, որտեղ նա ընդունել է  իր մոդելներին և հյուրընկալել իր ընկերներին: Այդ լողացող արվեստանոցում նա նկարել է շատ պաստառներ կամ ավելի ճիշտ՝ կատարել է շատ պաստառների ավարտական հարդարման գործերը: Ի դեպ՝ նա փորձել է աշխատել հիմնականում բաց երկնքի տակ, որը բացատրում է նրա կտավներում գույների ակնհայտ թարմությունը և արևի լույսի իրատեսական ցոլացումը ծովի և մերկ մարմինների վրա:

 Այս լուսանկարում Թյուքը աշխատելիս 1891-1893 թ. 
և իր աշխատանքի արդյունքը

Ուշ` 1880-ականներին, Հենրի Սքոթ Թյուքը հանդիպել է Օսկար Ուայլդին և միացել է բանաստեղծների ու գրողների այն շրջանակին, ովքեր իրենց աշխատանքներում գովերգել և փառաբանել են արական գեղեցկությունը: Թյուքի գեղանկարները սովորաբար մեծարել են հենց նույնը: Ավելացնենք, որ նա նկարել է նաև մի քանի մերկ կանանց, սակայն դրանք հաջող գործեր չեն եղել:

Այս լուսանկարում Թյուքը (նստած) 
իր մոդելներից մեկի Ջեք Րոլինգի հետ

Հարկ է նշել, որ այդ ժամանակ նույնասեռականությունը անօրինական էր Անգլիայում, իսկ հասարակական կարծիքը շատ թշնամական էր տրամադրված նույնասեռականության հանդեպ: Թյուքի որոշ աշխատությունները տարաձայնությունների պատճառ էին դարձել՝ ենթադրվող նույնասեռական էրոտիկ տարրեր պարունակելու համար:

Դրանից հետո Թյուքը փորձել է արդարացնել և քողարկել մերկ տղամարդկանց նկարելու իր ցանկությունը՝ նրանց պատկերելով պատմական և դիցաբանական համատեքստերում և ընտրելով համապատասխան անվանումներ իր կտավների համար:

Աշխատանքների նմուշներ  >>>  1885 - 1899 թ.

«Մեր Ջեքը, Ջեք Րոլինգի դիմանկարը», 1886 թ.
«Դիմանկար՝ բաց օձիքով մի երիտասարդի», 1885 թ.
«Լողացողները», 1888 թ.
«Խոստումը», 1888 թ.
«Բոլոր ձեռքերը պոմպերի վրա», 1888 թ.: Թյուքը
երկու թեմաների հանդեպ ցուցաբերել է մեծ կիրք:
Ծովագնացությունը եղել է այդ երկուսից մեկը: 
«Պատգամը», 1890 թ.
«Նավակում», 1898
«Մի կանգնած մերկ երիտասարդ», 1898

Շարունակությունը >>>  ԱՅՍՏԵՂ
__________________________________________________
«Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ» 
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

6.5.15

Կենսագրություն >>> Ջոն Մեյնարդ Քեյնզ, մաս 1-ին՝ 2-ից


Ջոն Մեյնարդ Քեյնզը (հունիսի 5, 1883 - ապրիլի 21, 1946 թ.) ճանաչված է որպես բոլոր ժամանակների առավել նշանավոր տնտեսագետներից մեկը և 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետը:

Քեյնզը համարվում է մակրոտնտեսագիտության հիմնադիրը: Նա լրացրել է ավելի վաղ աշխատությունները շուկայական տնտեսության ցիկլերի դրդապատճառների վերաբերյալ և առաջարկել է պետության միջամտությունը մեղմելու համար այդ ցիկլերի հետևանքները և արագացնելու համար տնտեսական վերականգնումը:

Քեյնզի գաղափարները հեղափոխականացրին տնտեսական միտքը, քանի որ նրանք բեկանեցին տնտեսագիտության ավանդական գաղափարները, ըստ որոնց ազատ շուկաները ինքնաբերաբար ապահովում են լրիվ զբաղվածություն: Քեյնզի գաղափարները դարձան հիմք՝ տնտեսագիտության նոր ուղության, որը հայտնի է որպես քեյնզականություն:

Վաղ կյանք

Քեյնզը ծնվել է Անգլիայի Քեմբրիջ քաղաքում միջին խավի մի ընտանիքում: Հայրը եղել է դասախոս և մայրը հասարակական գործիչ՝  Քեմբրիջի ապագա առաջին կին քաղաքապետը:

Դպրոցական տարիներին նա դրսևորել է տաղանդ մի շարք առարկաներում՝ մասնավորապես թվաբանության և պատմության մեջ: 1897-ին հաղթել է Էթոն Քոլեջ ավագ դպրոցում սովորելու կրթաթոշակ: Էթոնում կրթության տարիներին՝ 1901 թ. Քեյնզը ապրել է իր կյանքի առաջին սերը Դան Մաքմիլանի նկատմամբ, ով Բրիտանիայի ապագա վարչապետ Հարոլդ Մաքմիլանի ավագ եղբայրն էր:

Քեյնզը երիտասարդ տարիքում
1902 թ. Քեյնզը ընդունվել է Քինգ քոլեջի թվաբանության ֆակուլտետ (թեև ինքը ավելի հակված է եղել սովորել փիլիսոփայություն): Նա ստացել է բակալավրի աստիճան 1904 թ. և շարունակել է իր բարձրագույն ուսումը թվաբանության և փիլիսոփայության մեջ: Աշակերտել է նաև տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի մոտ:

1904 թ. Քեյնզը անցել է աշխատանքի՝ պետական այն կառույցում, որը կառավարվում էր հնդկական ենթացամաքը, որը ժամանակին բրիտանական գաղութ էր: Նա զուգահեռ շարունակել է իր գիտական աշխատանքները և 1909 թ. հրատարակել է իր առաջին ակադեմիական հոդվածը՝ տնտեսագիտական մի ամսագրում և ապա՝ 1911 թ. իր առաջին գիրքը, որում քննարկել է Հնդկաստանի տնտեսական վիճակը:

Սեռական նվաճումների վիճակագրությունը

1901 թվից, երբ լրացրել է իր 18 տարեկան հասակը, մինչև 1915 թ. Քեյնզը գրառել է երկու առանձին օրագրեր, որոնց մեջ արձանագրել և աղյուսակավորել է իր սեռական շփումները:

Առաջին օրագիրը բացահայտում է, որ այդ 15 տարիների ընթացքում նա ունեցել է տպավորիչ թվով սեռական հանդիպումներ: Նա արձանագրել է բոլոր իր սեռական պարտնյորներին՝ նշելով կամ նրանց սկզբնատառերը (օրինակ՝ ԴՄ Դան Մաքմիլանի համար) կամ նրանց մականունները, ինչպես՝ «բուլկի»՝ առանց գրառելու հանդիպման մանրամասները: Ըստ երևույթին, երբ նա ունեցել է արագ և անանուն մի շփում, նա պարտնյորին նշել է շատ ընդհանուր նկարագրությամբ, օրինակ՝ «Վոքսալ թաղի վերելակի տղան» կամ «հրեա տղան»:

Քեյնզի բազմաթիվ պարտնյորներից
մեկը հնդիկ ուսանող «ԲՔՍ»-ն
Այս ցանկը բացահայտում է, որ իր սեռական շփումների մեջ նա չի սահմանափակվել իր դասընկերների և բարձր դասակարգի մյուս ներկայացուցիչների հետ սեռական հարաբերություններ ունենալով, այլ զբաղվել է նաև համեստ ծագում ունեցող և տարբեր մասնագիտությունների տեր տղամարդկանց հետ: Նշված են նաև մի քանի օտարազգի պարտնյորներ, ինչպես հնդիկ ԲՔՍ-ն (Բենուա Քումար Սարքարը):

1913-ը եղել է այն տարին, երբ նա արձանագրել է ամենաբարձր քանակությամբ տարբեր պարտնյորներ՝ ընդամենը ինը հոգի: Այդ թիվը ներառում է երկու շարունակական պարտնյորներ: Իսկ 1909-ը այն տարին է եղել, երբ նա ունեցել է առավել թվով հանդիպումներ՝ ընդամենը 65 շփում, այդ թվում խմբային սեքսի մի դեպք, որում մասնակցել են Քեյնզը, երկու այլ տղամարդ և մեկ կին:

Երկրորդ օրագիրը լրացնում  է առաջինին: Երկրորդում Քեյնզը արձանագրել է իր սեռական գործունեությունը  եռամսյակ առ եռամսյակ: Նա դասակարգել է երեք սեռական գործողություններ, սակայն, ցավոք, դրանք գրել է կոդավորված ձևաչափով, որը ոչ ոք մինչ օրս չի կարողացել բացահայտել: Օրինակ՝ նա արձանագրել է, որ մայիսից օգոստոս՝ 1911 թ. նա 16 անգամ կատարել է գործողություն C-ն, չորս անգամ A-ն և հինգ անգամ W-ն: Մենք չգիտենք, թե ինչ են նշանակում այդ C-ն, A-ն և W-ն: Պարզվում է սակայն, որ նրա սեռական գործունեությունը ուղակիորեն առնչություն է ունեցել համալսարանական հանգստյան ժամանակաշրջանների և, մասնավորապես, ամառային արձակուրդի  հետ:

Հիշեցնենք, որ այդ օրերին նույնասեռականությունը անօրինական էր Անգլիայում, և նույնասեռական անձը բռնվելու պարագայում կարող էր դատապարտվել բանտարկության՝ ծանր աշխատանքով: Սա այն էր, ինչ պատահեց աշխարհահռչակ թատերագիր Օսկար Ուայլդին 1895 թ., որը ապացուցեց, որ այդ ճնշող օրենքը կարող էր կիրառվել նաև վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ: Այսպիսով՝ Քեյնզը հասկանալիորեն զգուշություն է ցուցաբերել և օրագրերում թաքցրել է իր պարտնյորների հետ ունենցած իր սեռական գործունեությունների ճշգրիտ բնույթը:

Նախնական տեսական աշխատանքները

Սեռական փորձառությունների արձանագրելը չի հանդիսացել միակ գործունեությունը, որը Քեյնզը կատարել է ամենայն լրջությամբ: Առաջին համաշխարհայինի տարիներին նա աշխատել է Ֆինանսների նախարարությունում, որտեղ աչքի է ընկել իր տաղանդի, աշխատասիրության ու համարձակ նախաձեռնությունների շնորիվ: Նա նշանակվել է որպես Գանձապետարանի ներկայացուցիչ՝ 1919 թ. Վերսալի (Փարիզի) խաղաղության վեհաժողովում:

Նույն տարում նա հրատարակել է մի գիրք «Խաղաղության տնտեսական հետևանքները» վերնագրով, որում նա հայտնաբերել և վերլուծել է Վերսալի հաշտության պայմանագրի վնասակար արդյունքները: Դժբախտաբար, նրա նախատեսումները արևմտյան ուժերի տնտեսական քաղաքականության հետևանքով Գերմանիայում ծանրացող ճգնաժամի և ծայրահեղականության վերելքի վտանգների մասին անտեսվել են ամբողջությամբ: Հետաքրքիր է նշել, որ այս գիրքը առաջին անգամ հրատարակել է Մաքմիլան հրատարակչությունը, որը պատկանում էր իր առաջին սիրեկան Դան Մաքմիլանի ընտանիքին:

1921 թ. Քեյնզը հրատարակել է «Տրակտատ հավանականության մասին», որում քննարկել է հավանականության տեսության փիլիսոփայական և թվաբանական հիմունքները: Գիրքը չի պսակվել մեծ հաջողությամբ:


Բլումզբերի խումբը

Քեյնզը եղել է Բլումզբերի խմբի հիմնական անդամներից մեկը: Այս ոչ պաշտոնական ցանցը համախմբել էր մի շարք գրողների, մտավորականների, փիլիսոփաների և արվեստագետների, ովքեր 20-րդ դարի առաջին կեսին ապրում էին Լոնդոնի Բլումզբերի թաղամասում կամ դրա շրջակայքում: Նրանք աշխատել կամ սովորել են միասին և բարեկամություն արել միմյանց հետ: Քեյնզից բացի խմբի մյուս ականավոր անդամներն են եղել Վիրջինիա Վուլֆը, Էդուարդ Մորգան Ֆորսթերը և Լիթոն Սթրաչին:

Բլումզբերի խմբի անդամները ուսումնասիրել և խրախուսել են գեղարվեստական խոսքի և ոճի նոր ուղիներ: Նրանք մերժել են վիկտորիանական բարոյականությունը և խրախուսել ավելի ազատ սեռական վարքագիծ: Նրանք սատարել են ֆեմինիստական շարժման: Քաղաքական դիրքորոշման առումով նրանք ավելի շուտ ձախակողմյան են եղել և խաղաղասեր:

Բլումզբերի խմբի անդամները սովորական կերպով են վերաբերվել նույնասեռականության երևույթին և փաստորեն ներառել են որոշակի թվով նույնասեռականներ և երկսեռականներ: 

Քեյնզը սեռական շփումներ է ունեցել խմբի մի շարք արական  անդամների հետ, սակայն, 1908 թ. Ից ի վեր լրջորեն մտերմացել է անդամներից մեկի՝ գեղանկարիչ Դունկան Գրանթի հետ: Դունկան Գրանթը, ըստ Քեյնզի, եղել է իր «կյանքի սերը»: Այդուամենայնիվ՝ նա շարունակել է ունենալ ուրիշ հարաբերություններ: Ի դեպ՝ զուգահեռ Դունկան Գրանթին, Քեյնզը հիմնել է կանոնավոր հարաբերություններ և բարեկամություն խմբի մի այլ անդամ և ապագա քաղաքական գործիչ Արթուր Հոբհաուսի հետ:

Դունկան Գրանթի հետ
Անհայտ պատճառներով 1915 թ. վերջին Քեյնզը դադարել է գրել իր սեռական օրագրերը: Անշուշտ եղել են մի քանի պատճառներ՝ այդ թվում հավանաբար Իռլանդացի ազատամարտիկ Ռոջեր Կեսմենթի տխրահռչակ պարագան: Բրիտանական իշխանությունների կողմից մեղադրված լինելով դավաճանության և լրտեսության մեջ՝ իր լայնորեն հրապարակված դատավարության ավարտին Կեսմենթը ենթարկվել է մահապատժի 1916 թ.,՝մասամբ պայմանավորված իր անձնական օրագրերում նույնասեռական գրարումների համար: Այդ օրագրերը հետագայում պիտակավորվեցին որպես «սև օրագրեր»:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ