27.9.16

Պյոտր Չայկովսկի, կենսագրություն 5 մասով, մաս 4-րդ

Տեսարան Չայկովսկու վերջին բալետ «Շչելկունչիկ»-ից
4. Վախճան 

Հուզիչ ավարտ

1890 թ., Չայկովսկին կազմել է իր 10-րդ և ամենահաջողած օպերաներից մեկը «Պիկովայա դաման» (աշխ. թիվ 68), ըստ Պուշկինի վիպակի: Օպերան ստացել է բազմազան և հակասական արձագանքներ թե՛ հասարակության և թե՛ երաժշտաքննադատների կողմից, ինչպես որ եղել է Չայկովսկու գրեթե բոլոր աշխատանքների դեպքում: Ինքը, սակայն, գոհ լինելով իր վերջին գործով, մեծ ոգևորությամբ լծվել է իր 11-րդ օպերայի («Իոլանտա», աշխ. թիվ 69) և նոր մի բալետի («Շչելկունչիկ», աշխ. թիվ 71) ստեղծման աշխատանքին:
Չայկովսկին 1887 թ., 46 տարեկան հասակում
1892 թ. Չայկովսկին տեղափոխվել է նոր տուն՝ Կլինում, Մոսկվայից ոչ շատ հեռու, թեև շարունակել է ճանապարհորդել Եվրոպայում, ինչպես նաև Ռուսական կայսրության տարածքում: 

Այս ընթացքում, նա մտերմացել է իր զարմիկի Վլադիմիր Դավիդովի (Владимир Львович Давыдов) (1871-1906) հետ, որին նա սովորաբար Բոբ է կոչել: Մոդեստին իր նամակներից մեկում, նա գրել է՝ «Բոբի կարևորությունը իմ կյանքում անընդհատ աճում է ... նրան տեսնելը, նրան լսելը, և նրան իմ մոտ զգալը շուտով ինձ համար դառնալու է, կարծես թե, իմ երջանկության առաջնային պայմանը»: Արդյո՞ք Բոբը նրա համար եղել է իր չունեցած զավակը: Պարզ չէ. իր զարմիկի հանդեպ ունեցած այդ խորը սիրո ճշգրիտ բնույթը մինչ օրս մնում է անհայտ: 

1893 թ. նոյեմբերի 9-ին  Չայկովսկին ղեկավարել է իր Վեցերորդ սիմֆոնիա «Պաթետիկական»-ի (Патетическая симфония) պրեմիերան (աշխ. թիվ 74): Նա «Պաթետիկականը» համարել է իր ամենակատարելագործված սիմֆոնիկ երկը: Այս գործը ոգեկոչել է ողբերգություն և հոգեհուզություն, հատկապես իր վերջին մասում, բայց նաև բացականչել է հաղթանակը՝ թախիծի վրա:

Բոբ Դավիդովը (աջ կողմում) կոմպոզիտորի հետ,
1892 թ.
Չայկովսկու կյանքը լի է եղել հուզական ճգնաժամերով, դառնություններով և հոգեկան ցնցումներով, բայց նա չի եղել տխուր մարդ: Մի նամակում 1893 թ. Օգոստոսին, ուղղված  բանաստեղծ Դանիլ Ռատաուզին (Даниил Максимович Ратгауз), նա գրել է. «Իմ երաժշտության մեջ ես ձգտում եմ բացարձակ անաչառության, և չնայած ձեզ նման հակում ունեմ խոհուն տխրությամբ լի երգերի, սակայն, առնվազն վերջին տարիներին, չեմ տուժել թշվառությունից ու համարում եմ, որ ես, ընդհանուր առմամբ, ուրախ մարդ եմ»:

Չայկովսկին «Պաթետիկական» սիմֆոնիան նվիրել է Բոբ Դավիդովին: Դրա պրեմիերայից Ինն օր անց նա վախճանվել է՝ 53 տարեկան հասակում: Նրա անսպասելի մահը «Պաթետիկական»-ին տվել է մի նշանակություն, որը կոմպոզիտորը երբևիցե չէր կարող նախատեսել:
Չայկովսկու «Պաթետիկական» սիմֆոնիան4-րդ (վերջին) շարժում Վոլգոգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբի կատարմամբԴիրիժոր՝ Էդուարդ Սերով

Վերջին տարաձայնությունը

Չայկովսկին վախճանվել է, երբ գտնվում էր իր ստեղծագործական կարողությունների գագաթնակետում, ուներ բազմաթիվ ծրագրեր և վայելում էր փառք ու լայնածավալ ճանաչում: Բնականաբար, իր մահվան պատճառներն և հանգամանքներն անմիջապես դարձել են բամբասանքների և բանավեճերի առարկա:

Կան չորս հիմնական վարկածներ։ Առաջինը պաշտոնական բացատրությունն է, ըստ որի նա մահացել է խոլերայից՝ մի քանի օր աղտոտված ջուր խմելուց հետո: Երկրորդ թեզը պնդում է, որ նա մահացել է «ինչ որ այլ» հիվանդությունից. իբր թե դա խոլերա հռչակելով աշխատել են թաքցնել իր իրական հիվանդությունը: Երրորդ տեսությունը ինքնասպանության վարկածն է: Իսկ ըստ չորրորդի, սա եղել է մի «պատվիրված ինքնասպանություն» և նա զոհ է գնացել ինչ որ մի պաշտոնայի կողմից շանտաժի, կապված իր սեռական կողմնորոշուման հետ:

Իր կտակում Չայկովսկին Բոբ Դավիդովին հռչակել է որպես ժառանգորդ, ներարյալ իր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները: 

Նրա մահվանից կարճ ժամանակ անց, Մոդեստի ու Բոբ Դավիդովի ջանքերով Կլինի տունը վերածվել է թանգարանի: Երկու հիմնադիրներն այնտեղ են հավաքել Չայկովսկու բոլոր ձեռագրերը, նամակները, օրագրերը և նրա հետ կապված բոլոր այլ նյութերը և իրերը: 

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Պյոտր Չայկովսկի 
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ «Անծանոթ ուղիներում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Դեպի ինքնահաստատում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Հստակեցում և հռչակ» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Վախճան» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ժառանգություն» >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: