2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 1-ին

«Լեոնարդո դա Վինչիի դիմանկարը», Ֆրանչեսկո Մելզի,
1515 թ., Վինձոր թագավորական հավաքածու, Լոնդոն:
Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին (Leonardo da Vinci) պատմության մեջ հայտնի է որպես ամենանշանավոր մտավորականներից և առավել բազմակողմանի տաղանդներից մեկը: Օժտված լինելով անհագ հետաքրքրասիրությամբ, հնարամիտ երևակայությամբ և անսահմանափակ ստեղծագործականությամբ՝ նա հայտնի է իր «Մոնա Լիզա», ինչպես նաև «Խորհրդավոր ընթրիք» նկարներով: Նա նաև համարվում է բազմաթիվ առարկաների գյուտարար, ինչպիսիք են՝ պարաշյուտը, ուղղաթիռը և հրասայլը, թեև իր ժամանակ դրանք կառուցելը անհնար է եղել:

Վաղ տարիներ

Լեոնարդոն ծնվել է 1452 թ. Անքիանո (Anchiano) գյուղում: Նա եղել է մի ֆլորետացի նոտարի և մի գեղջկուհու կարճատև կապի արդյունք: Հինգ տարեկան հասակում գյուղից նրան տեղափոխել են իր հայրական տուն՝ Վինչի (Vinci) քաղաքում, և այսպիսով նրան բախտ է վիճակվել մեծանալ բարեկեցիկ հայրական ընտանիքի միջավայրում:

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին
Երևանում, Դինո Դե Ռանիերի, 2011 թ.:
Փոքրիկ Լեոնարդոն ստացել է նվազագույն ֆորմալ կրթություն, բայց, ըստ Ջորջիո Վազարիի (Giorgio Vasari) (1511-1574 թթ), ով Վերածննդի շրջանի գեղանկարիչների կենսագիր է, նրա գեղարվեստական տաղանդները ակնհայտ են եղել արդեն վաղ տարիքից: Շնորիվ այդ տաղանդների է, որ Անդրեա դել Վերոկքիոն (Andrea del Verrocchio), ով իր օրերին եղել է ֆլորենցիայի առաջատար նկարիչ և քանդակագործ, 14 տարեկան դա Վինչիին ընդունել է որպես աշակերտ: Դել Վերոկքիոյի արհեստանոցում դա Վինչին սովորել է բազմազան տեխնիկական հմտություններ, այդ թվում՝ մետաղագործություն, կաշվե արվեստ, ատաղձագործություն, ինչպես նաև գեղարվեստական հմտություններ՝ գծագրություն, գեղանկարչություն և քանդակագործություն:

Քսան տարեկան հասակում դա Վինչին որակավորվել է որպես «վարպետ արվեստագետ» և իր հոր օգնությամբ հիմնել սեփական արհեստանոց: Սակայն նա շարունակել է համագործակցել իր ուսուցչի հետ ևս հինգ տարի: Նրա՝ ամենավաղ համարվող աշխատանքը գրիչով և թանաքով գծված մի բնապատկեր է, որը նա գծել է 1473 թ.:


Ֆլորենցիան և նույնասեռականությունը

Այն ժամանակ Ֆլորենցիան հանդիսացել է մարդկային քաղաքակրթության հիմնարար վերափոխումներից մեկի՝ Վերածննդի բնօրրանը: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն կենտրոնն է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննունդը հիմք է դրել ժամանակակից արևմտյան հասարակարգին: Այս շարժումը ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը:

Հանդուրժողական և ազատ մտածողության մշակույթը մասամբ ընդգրկել է նաև սեռական շփումների ոլորտը: Նույնասեռական շփումները տարածված են եղել Ֆլորենցիայում, այնքան, որ «Florenzer» (ֆլորենտացի) բառը Գերմանիայում օգտագործվել է որպես ժարգոն՝ կոչելու նույնասեռական անձանց: Իշխող Մեդիչի ընտանիքը հանդուրժականորեն աջակցել է բազմաթիվ նույնասեռական և երկսեռական մտավորականների: Այդ թվում են եղել բանաստեղծ Փոլիզիանոն (Agnolo Poliziano), արվեստագետներ Սանդրո Բոթիչելլին (Sandro Botticelli), Միքելանջելոն (Michelangelo Buonarroti) և Բենվենութո Չելինին (Benvenuto Cellini): 

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Հարկ է նշել, որ չնայած Ֆլորենցիայում սոդոմականությունը (նույնասեռական և տարրասեռական) տեսականորեն մահապատիժ ենթադրող հանցագործություն էհամարվել, գործնականում այն հազվադեպ է կիրառվել, նամանավանդ 15-րդ դարի կեսից ի վեր: Քրեական հետապնդումների շուրջ վիճակագրական հետազոտությունները ապացուցում են, որ 75 տարվա ընթացքում (1430-1505 թթ.) ավելի քան 10.000 մարդ մեղադրվել է սոդոմականության մեջ (միջին հաշվով մոտավորապես 130 մարդ ամեն տարի), բայց դրանցից միայն մոտ 2.000-ն են «մեղավոր» ճանաչվել, մի քանիսը մահապատժի են ենթարկվել, մյուսները՝ աքսորվել Ֆլորենցիայից, տուգանվել կամ հրապարակավ նվաստացվել:

1476 թ. 24-տարեկան դա Վինչին երեք այլ տղամարդկանց հետ միասին մեղադրվել է,  Ջակոփո Սալթարելլի անունով մեկի (Jacopo Saltarelli) (ծնվ. 1459) հետ սոդոմական շփումներ ունելու մեջ: Սալթարելլին մի սկսնակ ոսկերիչ է եղել, ով սեռական շփումներ է ունեցել տղամարդկանց հետ և հավանաբար երբեմն ծառայել է նաև որպես նկարչի մոդել:

Համաձայն դատարանի գրառումների, որոնք ամբողջությամբ պահպանվել են, դա Վինչին և երեք այլ տղամարդիկ, այդ թվում` ոմն Լեոնարդո Թորնաբուոնին (Lionardo de Tornabuoni), ով Թորնաբուոնի ազնվական տոհմից է եղել, ձերբակալվել, դատվել և, ի վերջո, արդարացվել են: Ենթադրվում է, որ Թորնաբուոնիները, օգտվելով իրենց սերտ կապերից իշխող Մեդիչի ընտանիքի հետ, միջամտել են՝ ազդելու դատարանի վճիռի վրա:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
______________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: