27.9.16

Պյոտր Չայկովսկի, կենսագրություն 5 մասով, մաս 2-րդ


2. Դեպի ինքնահաստատում

Վստահված անձը

Չայկովսկու կյանքում կարևոր դեր է խաղացել իր կրտսեր եղբայր Մոդեստ Չայկովսկին (Модест Ильич Чайковский) (1850 - 1916), ով Անատոլի (1850-1915) զույգն է եղել և Չայկովսկու նման նույնասեռական: Այս միասնական հատկանիշը Չայկովսկուն և Մոդեստին թույլ է տվել հիմնել շատ սերտ և անկեղծ հարաբերություններ չափահաս տարիքում: Ի դեպ՝ իրենց հարաբերություններում շրջադարձային տարի է եղել 1864 թ., երբ ընդամենը 14 տարեկան Մոդեստը լսել է իր ավագ եղբոր սեռական կողմնորոշման մասին: Այս պահը դրամատիկորեն նկարագրված է Մոդեստի ինքնակենսագրության մեջ (մինչ այսօր չտպագրված): Ի տարբերություն սարսափած Անատոլիի, ով, դա համարել է խայտառակություն, Մոդեստը գրել է՝ «ես մոռացա բոլոր իմ դժվարությունները և լծվեցի աննկարագրելի ուրախությամբ: Մի ծանր բեռ ընկավ իմ ուսերից: Ես մի հրեշ չեմ, ես միայնակ չեմ իմ տարօրինակ ցանկություններում»: Պյոտրը Մոդեստի նույնասեռականության մասին տեղեկացել է ավելի ուշ՝ 3 տարի անց:

Մոդեստ Չայկովսկին
Ընտանիքի որոշումով Մոդեստը նաև հաճախել է Ցարական իրավագիտության ուսումնարան, բայց, հավանաբար, փորձելով հետևել իր ավագ եղբոր ուղուն, հետագայում դարձել է դրամատուրգ, օպերայի երգաթատերագիր և թարգմանիչ: Ի դեպ՝ նա Պյոտրի հետ աշխատել է մի քանի օպերաների վրա:

Ամենակարևորը եղել է այն հանգամանքը, որ նա դարձել է Պյոտրի վստահված անձը և նրա անվերապահ բարոյական պաշտպանը: Նրանց միջև զարգացել է բացառիկ մտերմություն, և այդ հարաբերությունները շարունակվել են իրենց մնացած ամբողջ կյանքի ընթացքում: Նրանք միմյանց հետ ունեցել են շատ կանոնավոր և ինտենսիվ նամակագրություն: Պյոտրը իր նամակներում հաղորդել և նկարագրել է իրեն հուզող ամեն ինչ՝ իր հոգեկան ապրումները և սեռական շփումները, ինչպես նաև սիրային պատմությունները, երբեմն մանրամասնորեն: Այս նամակագրությունից պահպանվել են ավելի քան 1300 նամակներ: Մոդեստին ուղղված իր նամակներից մեկում, նա գրել է՝
«Երեկ ես որոշեցի, որ պետք է ինչ որ մեկին տուն բերեմ: Ես ամբողջ օրը գռգռված էի, այն աստիճանի, որ ուրախ կլինեի հանդիպել որևէ մեկին: Եվ, փաստորեն, հենց նրան տեսա, սիրահարվեցի ... նա այն ,տիպն էր, որն ինձ դուր է գալիս: Մենք գնացինք զբոսնելու և հետո բարձրացանք իմ ննջասենյակ: Նա նստեց կողքիս ու հանեց իր ձեռնոցները: O ի՜նչ խայտարակություն: Նրա ձեռքերը … ես դրան չէի սպասում: Ես ցնցվեցի: Դու գիտես ինձ: Բայց նա այնքան գեղեցիկ էր, այնքան հմայիչ, որ մի քանի բաժակ օղուց հետո, ինձ հաջողվեց անցնել հաջորդ փուլ: Ժամը 7-ին արթնացա, ծանրացած մի գլխով և լի ափսոսանքներով: Այս երիտասարդը քաջ տղա էր, բայց պատճառ դարձավ, որ խղճամ իրեն: Ինչ կորուստ է ... »:
1878 թ. Չայկովսկին Մոդեստին է նվիրել իր դաշնամուրի համար տասներկու կտորները (աշխ. թիվ 40):

Չայկովսկին 1874 թ., 33 տարեկան հասակում
Սեր ջութակահարին

1876 թ., Չայկովսկին սիրահարվել է ջութակահար Իոսիֆ Կոտեկին (Иосиф Иосифович Котек), ով կոնսերվատորիայի իր ամենասիրած նախկին ուսանողներից մեկն էր: Կոտեկը արձագանքել է Չայկովսկու զգացմունքներին փոխադարձաբար: Մոդեստին ուղղած իր նամակներից մեկում, 1877 թ. հունվարին, Չայկովսկին գրել է՝
«Երբ նա շոյում է ինձ, երբ նա պառկում է՝ գլուխը հակած իմ կրծքին, և ես ձեռքս տանում եմ նրա մազերի մեջ և գաղտնիորեն համբուրում եմ այն, երբ ժամեր շարունակ պահում եմ նրա ձեռքը իմ ձեռքի մեջ և սպառվում եմ՝ պայքարելով ընդդեմ ցանկությանս, որ ընկնեմ նրա ոտքերը և համբուրեմ այդ փոքրիկ ու նուրբ ոտքերը, կիրքը եռում է իմ մեջ աներևակայելի ուժգնությամբ ... Սակայն ես հեռու եմ ֆիզիկականորեն կապվելու ցանկությունից: Ինձ թվում է, որ եթե դա պատահի, ես կսառեմ նրա հանդեպ: Ինձ համար տհաճ կլինի, եթե այս հրաշալի երիտասարդը իրեն նվաստացնի մի ծերացող և ցմփոր մարդու հետ զուգավորվելու համար: ... Ինձ միայն հարկավոր է, որ նա իմանա, որ նրան անչափ սիրում եմ, որ նա լինի իմ բարի և ներողամիտ բռնակալը և կուռքը: Ինձ համար անհնար է թաքցնել իմ զգացմունքները, թեև սկզբում ես շատ փորձեցի այդ: Ես տեսա, որ նա նկատեց ամեն ինչ և ինձ հասկացավ ... Երեկ ես ինձ ամբողջությամբ դրսևորեցի ... Ես պայթեցի: Ես լիակատար սիրո խոստովանություն արեցի, աղաչելով որ չզայրանա, իրեն կաշկանդված չզգա, եթե իրեն ձանձրույթ եմ պատճառում, ...» 
1877 թ. մայիսին կոմպոզիտորը այս նկարը ուղարկել է
իր եղբոր Մոդեստին և գրել՝ «Ուղարկում եմ քեզ իմ և
Կոտեկի այս լուսանկարը, որը վերցվել է վերջին
կրքիս գագաթնակետային պահին»:
1877 թ. սկզբին Չայկովսկին գրել է «Վալս ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունը՝ (աշխ. թիվ 34) Կոտեկի համար: Նույն տարում տեղի է ունեցել«Կարապի լճի պրեմիերան, բայց այս բալետը այդպես էլ դրական ընդունելության չի արժանացել: Ըստ երևույթին՝ նվագախումբի և բեմականացման որակը բավականին ցածր է եղել, և պարողները բողոքել են, թե որոշ համարների պարելը անհնար է: Հետաքրքիր է նշել, որ այդ բալետի նկատմամբ հետաքրքրությունը արթնացել է միայն Չայկովսկու մահուց հետո: Հետագայում «Կարապի լիճը» դարձել է ամենասիրված և տարածված բալետներից մեկը աշխարհով մեկ:

Մեծահոգի հովանավորուհին

Իոսիֆ Կոտեկը մեծապես նպաստել է Չայկովսկու կարիերային: Նա միջնորդի դեր է խաղացել մի կողմից՝ Չայկովսկու, մյուս կողմից՝ մեծահարուստ այրի և արվեստի հովանավորուհի Նադեժդա ֆոն Մեկքի (Надежда Филаретовна фон Мекк) (1831 - 1894) միջև, ով հիացած է եղել Չայկովսկու երաժշտությամբ, ինչպես, օրինակ, նրա «Փոթորիկ» սիմֆոնիկ-ֆանտազիայով (աշխ. թիվ 18): Նա հանձն է առել աջակցել կոմպոզիտորին ֆինանսապես, այնպես, որ նա կարողանա դադարեցնել իր աշխատանքը կոնսերվատորիայում և իր ամբողջ ժամանակը և էներգիան տրամադրել ստեղծագործելուն:

Մեծն հովանավորուհի Նադեժդա ֆոն Մեկքը
Դժվար է պատկերացնել, որ Նադեժդա ֆոն Մեկքը շարունակել է Չայկովսկուն աջակցել գրեթե 13 տարիների ընթացքում, առանց նրան երբևէ հանդիպելու, բացառությամբ երկու կարճ՝ մի քանի վայրկյանանոց պատահական հանդիպումների, որոնց ընթացքում նրանք չեն խոսել: Չայկովսկին կազմել է մի քանի աշխատանքներ ֆոն Մեկքի խնդրանքով և նրան է նվիրել իր «Չորրորդ սիմֆոնիան» (աշխ. թիվ 36), որը սիմֆոնիաների շարքում եղել է իր առաջին լուրջ հաջողությունը:

Հետաքրքիր է նշել, որ Նադեժդա ֆոն Մեկքը և Չայկովսկին իրականացրել են տպավորիչ մի նամակագրություն, փոխանակելով շուրջ 1200 նամակներ՝ 1877-1890 թ.: Այն մանրամասները, որը նրանք կիսել են իրար հետ, արտակարգ են երկու մարդկանց համար, ովքեր երբեք չեն հանդիպել միմյանց: Իր ստեղծագործական աշխատանքների մասին Չայկովսկին առավել բաց և ազատ է արտահայտվել ֆոն Մեկքին ուղղած նամակներում, քան որևէ այլ անձի: Դրա դիմաց, ֆոն Մեկքի անկեղծ հետադարձ կարծիքները և խորհուրդները շատ կարևոր են եղել նրա համար: Երբ 1888 թ. երաժշտաքննադատները ջախջախել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան (աշխ. թիվ 64), ֆոն Մեկքի բարոյական աջակցության շնորհիվ է Չայկովսկին կարողացել հարատևել և ստեղծագործել:

Ամուսնություն

1877 թ. 37 տարեկան հասակում, Չայկովսկին ամուսնացնել է իր նախկին ուսանողուհի Անտոնինա Միլիուկովայի (Антонина Ивановна Милюкова) (1848-1917) հետ: Ամուսնության միակ վկաներն են եղել Իոսիֆ Կոտեկը և իր եղբայրներից Անատոլը: Մի քանի ամիս նախքան ամուսնությունը, եղբոր Մոդեստին ուղղված մի նամակում, նա գրել է՝
«Ես հիմա գտնվում եմ կյանքիս շատ ծանր հատվածում: Ես սրա մանրամասներին ավելի ուշ կանդրադառնամ, բայց թող հիմա քեզ պարզապես հայտնեմ, որ որոշել եմ ամուսնանալ: Դա անխուսափելի է: Ես պետք է դա անեմ, ոչ թե միայն ինձ համար, այլ նաև քո՛ համար, Մոդեստ, և բոլոր նրանց համար, ում սիրում եմ: Ես համոզված եմ, որ երկուսիս համար էլ մեր հակվածությունը ամենամեծ և առավել անհաղթահարելի խոչընդոտն է երջանկության, և մենք պետք է մեր լավագույն կարողությամբ պայքարենք մեր բնույթի դեմ: Այնպես որ, ինչ վերաբերում է ինձ, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ամուսնանամ այս տարի, և եթե չունենամ անհրաժեշտ համարձակությունը, ես պիտի ամեն դեպքում ընդմիշտ հրաժարվեմ իմ շեղումից: Անշուշտ, դու հասկանում ես, թե ինձ համար որքան ցավալի է իմանալ, որ մարդիկ խղճում ու ներում են ինձ, երբ իրականում ես ոչ մի բանի մեղավոր չեմ: Թե ինչքան զարհուրելի է մտածելը, որ նրանք, ովքեր սիրում են ինձ, երբեմն ամաչում են իմ պատճառով: Կարճ ասած՝ ես ցանկանում եմ ամուսնանալ, կամ ինչ-որ ձևով հրապարակայնորեն կապվել մի կնոջ հետ, որպեսզի փակեմ տարբեր քամահրելի արարածների բերանները, որոնց կարծիքները ինձ համար ոչինչ չեն նշանակում, բայց ովքեր ի վիճակի են ցավ պատճառել իմ մտերիմներին»:
Անտոնինա Միլիուկովայի հետ իրենց մեղրամիսի
ժամանակ, 1877 թ.
Ինչպես ցույց է տալիս այս նամակը, Չայկովսկին ձգտել է ամուսնանալ՝ մի քանի պատճառներով: Նա ունեցել է պատրանք, որ ամուսնությունը կօգնի իրեն՝ փոխելու իր սեռական կողմնորոշումը: Նա նաև մտահոգված է եղել իր կրտսեր եղբոր վիճակով և փորձել է նրա համար օրինակ ծառայել: Հավանաբար նա մտածել է, որ Մոդեստը դեռ երիտասարդ է (27 տարեկան) և կարող է փոխվել: Բացի այդ, նա աշխատել է պաշտպանել իր մոտիկներին:

Չնայած բոլոր այդ դրդապատճառներին, Չայկովսկու ամուսնությունը եղել է աղետ: Նրա զգայուն հոգին նրան չի թույլ տվել, որ երկար ժամանակ գտնվի կեղծ հարաբերության մեջ: Հոգեբանորեն, սոցիալապես և սեռականորեն անհամապատասխան զույգը միասին է ապրել ընդամենը 6 շաբաթ: Չայկովսկին նույնիսկ փորձել է ինքնասպան լինել ամուսնությունից երկու շաբաթ անց, իրեն Մոսկվայի գետի մեջ նետելով: Նա, ի վերջո, փախել է Սանկտ Պետերբուրգ և այլևս չի տեսել իր կնոջը, բացառությամբ 2-3 կարճ հանդիպումների՝ շատ տարիներ անց, թեպետ իրավաբանորեն նրանք մնացել են ամուսիններ:

Պետք է նշել, որ Անտոնինան ևս ծանր է տարել, բայց ոչ թե ամուսնությունը, այլ Չայկովսկու հեռանալը: Ի տարբերություն իր ամուսնու տառապանքին՝ թվում է, թե նա վայելել է իր 6-շաբաթյա համատեղ կյանքը: Անտոնինան համոզված է եղել, որ Չայկովսկին սիրել է նրան այնքան շատ, որ դադարեցրել է իր ստեղծագործական աշխատանքը: Նա մեղադրել է Չայկովսկու ընտանիքին իրենց ամուսնության ձախողման համար: Ըստ Անտոնինայի, ընտանիքը դավադրել է իր դեմ, խորհուրդ տալով Չայկովսկուն հեռանալ կնոջից, որպեսզի կարողանա վերսկսել ստեղծագործելը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Պյոտր Չայկովսկի 
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ «Անծանոթ ուղիներում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Դեպի ինքնահաստատում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Հստակեցում և հռչակ» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Վախճան» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ժառանգություն» >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: