16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 3-րդ


Հադրիանոսը և Անտինուսը այնուհետև շարժվել են դեպի Լիբիա, որտեղ Հադրիանոսը սպանել է հայտնի «մարդակեր» առյուծին: Չնայած որ դեպքի ճշգրիտ հանգամանքները անորոշ են, ակնհայտ է, որ նախքան գազանին սպանելը Հադրիանոսը փրկել է Անտինուսի կյանքը կենդանու հետ դիմակայության ընթացքում: Ի դեպ, թե՛ Հադրիանոսը և թե՛ Անտինուսը սիրել են որսորդությունը, որը հռոմեական մշակույթում դիտարկվել է որպես առանձնահատուկ տղամարդկային զբաղմունք:

Հադրիանոսը և Անտինուսը առյուծին սպանելիս,
կլոր քանդակ (ռելիեֆ) Կոնստանտինոսի
կամարի ճակատին, Հռոմ:
Իրենց Ալեքսանդրիա վերադարձի ճանապարհին, Նեղոս գետի վրա նավագնացության ընթացքում, Անտինուսը ջրահեղձ է եղել գետում, 130 թ. հոկտեմբերի 24-ին: Դա այն օրն է եղել, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահը՝ Նեղոսի մեջ ընկնելով: Անտինուսի մահվան ստույգ հանգամանքները մինչև օրս մնացել են առեղծված: Ողբերգությունից անմիջապես հետո՝ որպես հնարավոր վարկածներ, քննարկվել են պատահարը, ինքնասպանությունը, սպանությունը և կրոնական զոհաբերությունը:

Աննախադեպ հիշատակում

Քիչ բան է մեզ հասել Անտինուսի կյանքի և կայսրի հետ նրա ունեցած կապի մասին, բայց շատ բան է հայտնի այն ամենի մասին, ինչը հաջորդել է նրա վաղաժամ մահվանը և ինչը ապացուցում է, թե որքան խորը և հզոր է եղել Անտինուսի և կայսրի կապը: 

Չափազանց վշտացած և ցնցված՝ Հադրիանոսը «կնոջ նման արտասվել է»: Եգիպտացի քրմերը անմիջապես սրբադասել են Անտինոսին՝ նրան նույնացնելով Օսիրիսի հետ: Եգիպտական սովորության համապատասխան քրմերը հավանաբար մումիֆիկացրել են Անտինոսի մարմինը, որը երկարատև գործընթաց է եղել և կարող է բացատրել, թե ինչու Հադրիանոսը մնացել է Եգիպտոսում մինչև 131 թ. գարունը: 

Անտինոպոլիսի հաղթանակի կամարը, գծանկարված 1809 թ.: Քաղաքը կանգուն է
եղել մինչև 10-րդ դարը, երբ անհայտ պատճառներով լքվել է: Քաղաքի
մնացորդները գոյատևել են մինչև 18-րդ դար, որից հետո ոչնչացվել կամ թալանվել են:
Նա իր սիրելիի հիշատակին հիմնադրել է Անտինոպոլիս քաղաքը Նեղոսի այն ափին, որտեղ մահացել էր Անտինուսը : Սա չափազանց աննախադեպ քայլ է եղել, քանի որ ավանդաբար նման ընդարձակ հիշատակում արվել է միայն կայսրերի և կայսերական ընտանիքի անդամների պարագայում:

Պարզ չէ՝ արդյոք Հադրիանոսը անկեղծորեն համոզվա՞ծ է եղել, որ Անտինուսը մահից հետո աստված է դարձել, թե՞ ոչ, բայց, համենայնդեպս, նա որոշել է նրան սրբադասել և աստվածացնել, որը կրկին աննախադեպ է եղել: Ճիշտ է՝ Անտինուսը ստրուկ չի եղել, այլ շարքային քաղաքացի, բայց հեթանոսական Հռոմում ազնվական ծագումը նախապայման է եղել աստվածանալու համար: 

Անտինուսի ծաղիկը
Հադրիանոսը նաև երկնքում՝ Կենդանակերպի մոտ հայտնաբերել է մի աստղ, որը անվանել է «Անտինուս», և Նեղոսի ափերին աճող մի վարդագույն լոտոս վերանվանել է «Անտինուսի ծաղիկ»: Անտինուսի ծաղիկը դարձել է հայտնաբերված աստղի խորհրդանիշը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: