2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 3-րդ

«Խորհրդավոր ընթրիքը», Լեոնարդո դա Վինչի, 1495-1498 թթ.,
Սանթա Մարիա դելլե Գրազիե մենաստան, Միլան:
«Խորհրդավոր ընթրիքը»

1495 թ., Միլանի դուքս Լուդովիկո Սֆորզան դա Վինչիին հանձնարարել է նկարել «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը: Այս գլուխգործոցը պատկերում է այն պահի դրաման, երբ Հիսուսը տասներկու առաքյալներին, որոնք հավաքվել են հրեական Զատկի տոնի ընթրիքի շուրջ, տեղեկացնում է, որ նրանցից մեկը շուտով մատնելու է իրեն: Սեղանի շուրջ հավաքված կերպարների դեմքերի արտահայտությունները և մարմինների ձևավորումները այս գլուխգործոց կոմոզիցիային կյանք են ներշնչում: 

Երբ ֆրանսիական զորքերը գրավել են Միլանը 1499 թ., դա Վինչին փախել է քաղաքից Սֆորզա ընտանիքի հետ միասին:

«Մոնա Լիզա», Լեոնարդո դա Վինչի, 1503-06 թթ.,
Լուվր թանգարան, Փարիզ:
Վերադարձ Ֆլորենցիա և «Մոնա Լիզան»

1502 թ. դա Վինչին ծառայել է Չեզարե Բորգիային՝ (Cesare Borgia) Հռոմի Պապ Ալեքսանդր 6-րդի որդուն՝  որպես ռազմական ճարտարապետ և ինժեներ: Նրա հիմնական ներդրումները իր նոր հովանավորի համար եղել են մի շարք քաղաքային քարտեզներ, որոնք հսկայական ռազմական նշանակություն են ունեցել: Ժամանակին քարտեզները չափազանց հազվադեպ են եղել և կարելի է ենթադրել, որ նրանք եղել են նոր հասկացություն:

1503 թ. դա Վինչին սկսել է աշխատել մի կտավի վրա, որը հետագայում կդառնար աշխարհի ամենահայտնի կտավը՝ «Մոնա Լիզան»: Սա եղել է մասնավոր հանձնարարություն, որում պատկերված է մի կնոջ դիմանկար, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտով:

Վերջին տարիներ

Դա Վինչին Միլան է վերադարձել 1506 թ.՝ աշխատելու նոր ֆրանսիական իշխանությունների համար: Սակայն, Միլանում իր երկրորդ կեցության ընթացքում շատ քիչ է զբաղվել գեղանկարչությամբ և ժամանակի մեծ մասը նվիրել է գիտական ուսումնասիրությունների:

Աշակերտների թվում, ովքեր այս ժամանակաշրջանում ընդունվել են դա Վինչիի արվեստանոցում, եղել է Ֆրանչեսկո Մելզին (Francesco Melzi), ով հետագայում դարձել է նրա ամենամոտ ընկերը կյանքի մնացած հատվածում: Մելզին (1491-1568/1570) Միլանի ազնվական ընտանիքի որդին է եղել և ավելի ուշ դարձել է գեղանկարիչ:

«Ինքնադիմանկար», Ֆրանչեսկո Մելզի,
1510 թ., Բոնա թանգարան, Բայոն:
Երբ Ֆրանսիացիները լքել են Միլանը, դա Վինչին տեղափոխվել է Հռոմ 1513 թ., Սալաիի և Մելզիի հետ միասին: Հռոմում նա իր ժամանակի մեծ մասը նվիրել է մաթեմատիկական ուսումնասիրությունների և գիտական հետազոտությունների:

1515 թ. Ֆրանսիայի արքա Ֆրանսուա Ա-ն (Francois I) դա Վինչին հռչակել է «թագավորական առաջին նկարիչ և ճարտարապետ» և նրան հրավիրել Ֆրանսիա: Մելզիի հետ միասին դա Վինչին մեկնել է Ֆրանսիա, որտեղից այլևս չի վերադառցել: Նա և Մելզին բնակություն են հաստատել Կլո Լյուսե (Clos Lucé) ամրոցում, թագավորի ամառային պալատի մոտ: Այստեղ ևս դա Վինչին հազվադեպ է զբաղվել գեղանկարչությամբ: Իրականացրած իր վերջին պատվերներից մեկը եղել է մի մեխանիկական առյուծ, որը կարողացել է քայլել և կրծքավանդակը բացելով՝ բաց թողնել մի փունջ շուշան: Նա շարունակել է իր գիտական ուսումնասիրությունները մինչև իր վախճանը՝ 67 տարեկան հասակում, 1519 թ.:

Ըստ դա Վինչիի կտակի, Մելզին ճանաչվել է որպես նրա հիմնական ժառանգորդ և նրա կտակի կատարող: Դա Վինչին «Մոնա Լիզան» կտակել է Սալաիին:

«Լեոնարդո դա Վինչիի վախճանը»,Դոմինիկ Էնգր, 1818 թ., Փոքր պալատ, Փարիզ:
Այս նկարը ցույց է տալիս Ֆրանսիայի արքա Ֆրանսուա Ա-ին, ով ընդունում է
դա Վինչիի վերջին շունչը:
ժառանգություն

Դա Վինչիի հանճարի հանդեպ հետաքրքրությունը շարունակվել է վերջին հինգ դարերի ընթացքում: Փորձագետները ուսումնասիրել և թարգմանել են նրա գրածները, վերլուծել նրա կտավները՝ տարբեր գիտական մեթոդներով, վիճել նրան վերագրված աշխատանքների շուրջ և որոնել այն աշխատանքները, որոնք ժամանակին արձանագրվել են, բայց հետո անհետացել:

Թեև դա Վինչին հայտնի է իր գեղարվեստական ունակությունների համար, այժմ նրան վերագրվում են ավելի քիչ, քան երկու տասնյակ կտավներ: Սրա պատճառներից մեկն այն է, որ նրա հետաքրքրությունները անչափ բազմազան են եղել և նա չի կարողացել լինել բեղմնավոր գեղանկարիչ: 

Այն հատկանիշները, որոնք դա Վինչիի գեղանկարչությունը յուրահատուկ են դարձնում, ներառում են ներկի կիրառման նորարարական տեխնիկա, մանրակրկիտ գիտելիքները անատոմիայի, լույսի, բուսաբանության և աշխարհագրության ոլորտներում, խորը ճանաչողությունը մարդկային դիմագծերի, զգացմունքների արտահայտման և ժեստերի վերաբերյալ, նորարարական կոմպոզիցիանները մարդկային կերպարներով և գույնի տոնների և երանգների նուրբ օգտագործումը: Այս բոլոր հատկանիշները միացել են իր ամենահայտնի գործերում, որենք են՝ «Մոնա Լիզան», «Խորհրդավոր ընթրիքը» և «Աստվածամայրը քարանձավում»:

«Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ»,
Լեոնարդո դա Վինչի, 1500-1513 թթ., Լուվր թանգարան, Փարիզ:
Դա Վինչին բեղմնավոր գեղանկարիչ չի եղել, սակայն նա եղել է չափազանց բեղմնավոր գծանկարիչ: Ինչպես արդեն նշեցինք, նա լրացրել է բազմաթիվ նոթատետրեր էսքիզներով և մանրամասն գծանկարներով և արձանագրել է այն ամենը ինչ գրավել է իր ուշադրությունը: Իր նոթատետրերում կան գեղեցիկ երիտասարդներ պատկերող բազմաթիվ գծանկարներ, որորնք հաճախ ասոսացվել են Սալաիի հետ: Սալաիի հազվադեպ հանդիպող հիանալի դեմքի առանձնահատկությունները համապատասխանել են այսպես կոչված «հունական գեղեցկության» չափանիշներին: Սալաին հաճախ պատկերվել է շքեղ և ծիսական զգեստներով:

Տղամարդ կերպարի գծանկար,
Լեոնարդո դա Վինչի:
Տղամարդ կերպարի գծանկար, Լեոնարդո դա Վինչի:
Տղամարդ կերպարի գծանկար,
Լեոնարդո դա Վինչի:
ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: