2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 2-րդ

«Աստվածամայրը քարանձավում», Լեոնարդո դա
Վինչի, 
1483-1486 թթ., Լուվր թանգարան, Փարիզ:
Միլանյան տարիներ

1482 թ., Ֆլորենցիայի իշխանավոր Լորենզո դե Մեդիչին (Lorenzo de Medici) դա Վինչիին հանձնարարել է ստեղծել արծաթե մի քնար և որպես խաղաղության ժեստ՝ այն ներկայացնել հարևան Միլանի իշխանավոր Լուդովիկո Սֆորզային (Ludovico Sforza - Ludovico il Moro): Այդպես անելուց հետո դա Վինչին Սֆորզային է հանձնել մի նամակ, որտեղ նա առաջարկել է նախագծել և կառուցել մի շարք ռազմական սարքավորումներ Միլանի բանակի համար: 

Օգտագործելով իր հնարամտությունը՝ դա Վինչին ուրվագծել է սարքեր, ինչպիսիք են՝ մարտակառքը և զրահապատ հրասայլը: Նամակը արդյունավետ է եղել և Սֆորզան դա Վինչիին հրավիրել է տեղափոխվել Միլան, որտեղ նա մնացել է 17 տարի (1482-1499 թթ.):

Դա Վինչիի ունակությունը՝ աշխատելու Սֆորզա ընտանիքի համար թե՛ որպես ճարտարապետ ու ռազմական ինժեներ և թէ՛ որպես գեղանկարիչ ու քանդակագործ, համապատասխանել է նրա խորը հանճարի և բազմազան հետաքրքրասիրությունների հետ: Վերածննդի ուրիշ շատ առաջնորդների նման Դա Վինչին չի առանձնացրել գիտությունը և գեղարվեստական ստեղծագործությունը միմյանցից: Նա դիտարկել է այդ երկուսը որպես միահյուսված ոլորտներ և համոզված է եղել, որ գիտությամբ զբաղվելը նրան կդարձնի ավելի լավ արվեստագետ:

«Լավ նկարիչը պետք է պատկերի երկու գլխավոր առարկաներ՝ մարդը և նրա հոգու արտացոլումը», գրել է դա Վինչին: «Նախկինը հեշտ է, բայց վերջինս դժվար, քանի որ նա պետք է արտահայտվի ժեստերով և վերջույթների շարժումներով»: Որպեսզի ճշգրտորեն պատկերի այդ ժեստերը և շարժումները, դա Վինչին 1480-ականներին լրջորեն ուսումնասիրել է անատոմիան և վերլուծել մարդու և կենդանիների մարմինները: Նրա գծանկարները, որոնցում պատկերել է արգանդում գտնվող սաղմ, սիրտը և անոթային համակարգը, սեռական օրգանները և այլ ոսկրային եւ մկանային կառուցվքծքները, մեծ մասամբ առաջին նման աշխատանքներն են պատմության մեջ:

Մարդու սաղմ, Լեոնարդո դա Վինչի:
Անատոմիական գծանկարներ, Լեոնարդո դա Վինչի:
Անատոմիական գծանկարներ, Լեոնարդո դա Վինչի:
Ի լրումն անատոմիայի ոլորտում իր հետազոտությունների, դա Վինչին ուսումնասիրել է բուսաբանություն, երկրաբանություն, կենդանաբանություն, հիդրավլիկա, աերոնավտիկա և ֆիզիկա: Նրա գրառումները և գծանկարները, որոնք մասամբ պահպանվել են (շուրջ 8.000 էջ), ցուցադրում են հետաքրքրությունների լայն շրջանակ: Ոմանք վերաբերում են շատ հասարակ թեմաների, ինչպես՝ իր պարտատուների ցուցակները, ոմանք անչափ հետաքրքիր են, ինչպես ջրի վրա քայլելու կոշիկների նախագիծը: Կան կոմպոզիցիաներ կտավների համար, կտորեղենի ձևավորումների ուսումնասիրություններ, դեմքերի ու հույզերի ուսումնասիրություններ, կենդանիների, մանուկների ու բույսերի ուսումնասիրություններ, ժայռային կազմավորումների ու հորձանուտների ուսումնասիրություններ, պատերազմական սարքավորումների, թռչող սարքերի, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների նախագծեր և ճարտարապետական բազմազան ձևավորումների գծանկարներ:

Մի մարդ, ով իր ժամանակից առաջ է եղել, իր մի շարք էսքիզներում նախագծել է ապագային վերաբերող բաներ, ինչպես՝ հեծանիվը, ուղղաթիռը, սուզանավը և «թռչող սարքը՝ չղչիկի ֆիզիոլոգիայի հիման վրա: Նա շարունակաբեր ուրվագծել է իր գծագրերը և գիտական դիտարկումները թերթերի վրա, որոնք տեղադրել է տարբեր նոթատետրերում՝ դասավորված ըստ չորս լայն թեմաների՝ գեղանկարչություն, ճարտարապետություն, մեխանիկա և մարդկային անատոմիա: 

Բրգանման պարաշյուտ , Լեոնարդո դա Վինչի:
Թռչող սարք, Լեոնարդո դա Վինչի, 1488 թ.:

Արվեստը և գիտությունը կատարելապես հատվել են «Վիտրուվյան մարդը» գծանկարում, որում պատկերված է մերկ տղամարդու երկու կերպարներ, որոնք ներկայացված են մեկը մյուսի վրա տեղադրված դիրքով, ձեռքերը պարզված են կողքի, ոտքերը զատված են։ Կերպարները ներառված են քառակուսու և շրջանագծի մեջ։ Նկարը հաճախ մեկնաբանվել է որպես կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։

«Վիտրուվյան մարդը», Լեոնարդո դա Վինչի,
Ակադեմիայի ցուցասրահ, Վենետիկ:
1490 թ. դա Վինչին ընդունել է Ջիան Ջիակոմո Կափրոթիին (Gian Giacomo Caprotti) որպես աշակերտ, ում նա ավելի ուշ տվել է Սալաի (Salaì) (փոքր դև) մականունը: Կենսագիր Վազարին Սալաիին նկարագրել է որպես՝ «հեզաճկուն և գեղեցիկ մի պատանի, գանգուր մազերով, ով Լեոնարդոյին մեծապես հիացնում էր»: Բայց ընդամենը մեկ տարի անց դա Վինչին կազմել է Սալաիի զանցանքների մի ցուցակ, նրան որակելով՝ «գող, ստախոս, համառ և շատակեր» և սա այն բանից հետո, երբ նա դա Վինչիից գողացել է փող և թանկարժեք իրեր, և հսկայական գումարը ծախսել հագուստ գնելու համար: Այդուամենայնիվ դա Վինչին նրա հետ մեծ ներողամտությամբ է վարվել և, փաստորեն, նա մնացել է իր ուսուցչի տանը գրեթե 30 տարի (մինչև 1518 թ.): 

Սալաիի դիմանկարը ըստ դա Վինչիի արվեստանոցի
աշակերտների (կամ, միգուցե, հենց դա Վինչիի),
1502-1503 թթ.:
Սալաին նկարագրվել է որպես դա Վինչիի ամենամտերիմ և մոտ աշակերտներից մեկը: Ենթադրվում է, որ նա է եղել վարպետի մի շարք էսքիզների և կտավների մոդելը, այդ թվում՝ «Բաքոս» կտավում պատկերված տղան:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
______________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: