Showing posts with label Իտալիա. Show all posts
Showing posts with label Իտալիա. Show all posts

2.9.17

Սքանչելի և առեղծվածային Ուարենի գավաթը


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Ինչ-որ ժամանակ անցյալում՝ մոտավորապես մ.թ. 15-ին, հարուստ մի անձ, ով ապրել է Հռոմեական կայսրության մաս կազմող մերձավորարևելյան կամ փոքրասիական գավառներից մեկում և ազգությամբ, հավանաբար, եղել է հույն, պատվիրել է արծաթե մի գավաթ՝ ճոխ պատյանով: Այդ ժամանակ հարուստ խավերի մոտ տարածված է եղել խնջույքների ժամանակ օգտագործել երկու կողմերում փորագրված արծաթե գավաթներ:

Արհեստավորը, ով իրականացրել է պատվերը, ոգեշնչվել է հունական թեմաներից և ոճից: Գավաթի պատյանի վրա պատկերված երաժշտական գործիքները, ծաղկեպսակները և ծաղկամանները ենթադրում են բարձրակարգ, հելլենիզացված մթնոլորտ, իսկ քանդակված որոշ այլ տարրեր վկայում են հռոմեական ազդեցության մասին: Գավաթը պատրաստվել է 95% մաքուր արծաթե խառնուրդով, որը արծաթե անոթների պարագայում ժամանակին տարածված հռոմեական չափանիշ է եղել:

Այս գավաթի յուրահատկությունը այն է, որ ցուցադրում է նույնասեռական սեքսի երկու բացահայտ տեսարաններ: Ճիշտ է՝ սեռական շփումների տեսարաններ՝ սովորաբար հակառակ սեռի ներկայացուցիչներին ներկայացնող, տարածված են եղել թե՛ հունական և թե՛ հռոմեական կերպարվեստում: Սակայն հռոմեական արծաթեգործական ավանդույթում նույնասեռական սեքսի տեսարանների պատկերումը հազվադեպ է եղել, ինչի արդյունքում որոշ ժամանակակից գիտնականներ կասկածի տակ են դրել գավաթի իսկությունը: 

Ուարենի գավաթ, մեկ երեսը:
Ուարենի գավաթը, մյուս երեսը:
Ուարենի գավաթը, ներքին գավաթը:
Ուարենի գավաթը, կողքերից մեկը:
Չի կարելի բացառել, որ այս հազվադեպության պատճառներից է հանդիսացել նույնասեռական թեմաներով ստեղծագործությունների դիտավորյալ ոչնչացումը ավելի ուշ ժամանակներում՝ հատկապես քրիստոնեության և իսլամի տարածումից հետո, այն շրջաններում, որոնք նախկինում հունական և հռոմեական քաղաքակրթությունների գոտու մաս էին կազմել:

Գավաթի պատմության մասին շատ բան հայտնի չէ, բայց, կարծես թե, սեփականատերեր և վայրեր փոխելուց հետո, ի վերջո, անհետացել է և դարեր շարունակ մնացել է թաղված հողի տակ: 20-րդ դարի սկզբին գավաթը հայտնաբերվել է առաջին դարի հռոմեական մետաղադրամների հետ միասին, Բեթղեհեմի մոտակայքում գտնվող մի գյուղում: Այն գնել է ամերիկացի մեծահարուստ Էդվարդ Փերի Ուարենը (Edward Perry Warren) (1860-1928 թ.) 1911 թ. Հռոմում: Այնուհետև գավաթը անվանակոչվել է սեփականատիրոջ անունով: 

20-րդ դարի ընթացքում այսպես կոչված «Ուարենի գավաթը» (Warren Cup) մի քանի անգամ գնվել և վաճառվել է, մինչև որ Բրիտանական թանգարանը այն գնել է 2.8 մլն դոլարով 1999 թ.: Այսպիսով՝ սքանչելի գավաթը դարձել է Բրիտանական թանգարանի ամենահայտնի իրերից մեկը: 

Ուարենի գավաթը ի սկզբանե ունեցել է երկու ուղղահայաց բռնակներ, որոնք այժմ կորած են: Պատյանի տեսարանները քանդակագործվել են մուրճով և մասմաբ ծածկված են եղել ոսկե շերտով, որոնք այլևս չկան: Գավաթը ունի գրեթե 10 սմ տրամագիծ և 11 սմ բարձրություն:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մի կողմում երևում է մորուքավոր և ծաղկեպսակ կրող մի տղամարդ, ով սեքսում ակտիվ դեր է կատարում, իսկ պասիվ դերում պատկերված է անմազ մի երիտասարդ: Նրանց ոտքերը միահյուսված են: Ակնհայտ է փոխադարձ քնքշության առկայությունը: 

Սեռական ակտը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ: Երիտասարդը, կարծես թե, խրախուսում է տղամարդու ներթափանցումը՝ մի ձեռքով բռնել է նրա ձեռքը և մյուս ձեռքով օգտագործում է մի թոկ կամ ձող: Ի դեպ՝ սեքսի ժամանակ թոկի կամ այլ օժանդակ առարկաների պատկերումը սովորական երևույթ է եղել հին հունական և հռոմեական կերպարվեստում: Այս կոմպոզիցիան լրացնում է երրորդ մի կերպար՝ կարճամազ մի տղա, հավանաբար մի ստրուկ, ով դռանը կանգնած հետևում է սեքսի տեսարանին:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մյուս կողմի կոմպոզիցիան համեմատաբար ավելի պարզ է: Այստեղ ակտիվը անմազ և մկանային մարմնով մի երիտասարդ է, ով նաև կրում է ծաղկեպսակ: Իսկ պասիվը մի պատանի է, ով, կարծես թե, մարմինը իջեցնելով աշխատում է հեշտացնել երիտասարդի ներթափանցումը:

Գավաթի ներքին մասում կա մի այլ պատկերի հետք, որը ժամանակի ընթացքում մաշվել և անտեսանելի է դարձել:

Մորուքավոր տղամարդը, երկու երիտասարդները և պատանին պատկերված են Հռոմի Օգոստոս կայսրի (30 մ. թ.ա. - 14 մ.թ.) շրջանին բնորոշ գեղարվեստական ոճով: Ի դեպ՝ սեքսի երկու տեսարանները պատկերված են անկողնում, որը ի տարբերություն հունական ավանդույթի, տարածված է եղել հռոմեական կերպարվեստում:

Հռոմեական այս փորագրված արծաթե գավաթը իր
մերկ տղամարդ կերպարներով  հիշեցնում է Ուարենի
գավաթը: Այն հայտնաբերվել է 1920 թ. Դանիայի Հոբի
գյուղում, հարուստ մի մարդու՝ գանձերով լի
գերեզմանում: Հավանաբար Հռոմեական
կայսրությունից նվեր է եղել տեղական իշխանին:





16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Պատմության մեջ շատ են եղել իշխողներ, որոնք համարվել են նույնասեռական կամ երկսեռական: Նրանց սեռական կյանքը, սակայն, մնացել է անորոշ և քողարկված, ենթակա ենթադրությունների ու ասեկոսեների, իսկ լավագույն դեպքերում իրականությունը արձանագրել են այլ մարդիկ: Մի քանիսը, սակայն, ունեցել են խիզախություն՝ հրապարակայնորեն և բացահայտորեն դրսևորելու իրենց կողմնորոշումը, ինչպես՝ Հադրիանոսը (ըստ որոշ աղբյուրների՝ Ադրիանոս), Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով եղել է կայսր 117-138 թթ.:

Վաղ տարիներ

Հադրիանոսը (Publius Aelius Traianus Hadrianus) ծնվել է իտալա-իսպանական ազնվական մի ընտանիքում 76 թ.: 10 տարեկան հասակում կորցրել է իր ծնողներին, որից հետո նրա խնամակալն է դարձել իր ազգական՝ ապագա կայսր Տրայանոսը: Կրթության տարիներին նա սովորել է այն առարկաները, որոնք սովորաբար սովորել են ժամանակի ազնվական երեխաները, սակայն նա բարձր է գնահատել հունական գրականությունը: 19 տարեկանում Հադրիանոսը սկսել է իր ռազմական կարիերան և ուղարկվել է տարբեր գավառներ, այդ թվում՝ Մակեդոնիա և Գերմանիա: Վեց տարի անց նա դարձել է Սենատի անդամ և ընդգրկվել է կայսրի ներքին շրջապատում: Նա շարունակել է ծառայել հռոմեական բանակում և մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Դակիայի և Սիրիայի արշավանքներին: Նրա քաղաքական կարիերան շրջադարձային առաջընթաց է արձանագրել կայսրի ազգական Վիբիա Սաբինայի հետ ամուսնությունից հետո, 100 թ.:

Սաբինայի հետ ամուսնությունը անհաջող է եղել: Չկան հավաստի ապացույցներ, որ Հադրիանոսը անկեղծորեն հետաքրքրված է եղել կանանցով, ի տարբերություն վկայությունների՝ ի շահ երիտասարդների:

Հադրիանոսի կիսանդրին, բրոնզից, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ:
Գահակալություն

Հադրիանոսը 41 տարեկան է եղել, երբ նրան հաջողվել է հաջորդել Տրայանոսին: Ի տարբերություն Տրայանոսի աշխարհակալական քաղաքականության, որը կայսրությանը շարունակ ներքաշել էր պատերազմների մեջ, Հադրիանոսը որդեգրել է համախմբման և համերաշխության մոտեցում: Իր թագադրությունից մի քանի ժամ անց նա հրահանգել է նահանջել դրանից կարճ ժամանակ առաջ նվաճված Միջագետքից, Ասորեստանից և Հայաստանից: Նա նախընտրել է այլ երկրների հետ վարել խաղաղ բանակցություններ, կայսրությունը պաշտպանել հարևան ազգերից՝ կառուցելով ամրոցներ և պարիսպներ, և ամրապնդել կայսրությունը կազմող ազգերի ներդաշնակ համակեցությունը:

«Հադրիանոսի պատնեշ»-ի մնացորդները պահպանվել
են մինչև մեր օրերը, հյուսիսային Անգլիա:
Հադրիանոսը հովանավորել է արվեստները և ճարտարապետությունը: Նա մայրաքաղաքում վերականգնել կամ կառուցել է բազմաթիվ կոթողներ, ինչես՝ փառահեղ Պանթեոն տաճարը: Կայսրության տարածքում բարեկարգել է քաղաքները, հիմնել է գրադարաններ, ջրատարներ, բաղնիքներ, տաճարներ և թատերասրահներ: Իր համար կառուցել է հրաշալի Տիվոլի վիլլան Հռոմի մոտ (այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր):

Կայսրը սիրել է փիլիսոփայությունը և գրել է բանաստեղծություններ լատիներենով, ինչպես նաև հուներենով (որոնցից մի քանիսն են մեզ հասել): Որպես հունասեր՝ նա հանդես է եկել մորուքով, որն այնքան է տարածվել ազնվականության մեջ, որ իրեն հաջորդող կայսրերի մեծ մասը պահել է մորուք:

Հիմնականում ոգեշնչվելով հույն փիլիսոփաներից՝ Հադրիանոսը մի շարք որոշումներ է կայացրել՝ ի նպաստ սոցիալական արդարության: Նա մեղմացրել է ստրկատիրական կարգերը՝ ստրկատերերը կորցրել են իրենց ստրուկներին սպանելու իրավունքը, արգելվել է ստրուկների վաճառքը գլադիատոր մարզիչներին, արգելվել է խոշտանգումը, վերացվել է ստրուկների համար մասնավոր բանտերի գործունեությունը և արգելվել է ամորձատումը բոլորի համար (ազատ քաղաքացի և ստրուկ): Նա հիմնել է կայսրության առաջին մասնագիտացված իրավական վարչությունը և ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը: Շատ պատմաբաններ նրան համարում են իմաստուն և արդար մի մարդ, խաղաղության և բարգավաճման կայսր:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Նա իր սիրեցյալին գրել է հետևյալ քառյակը, որում ևս մեկ անգամ արտահայտել է իր կրակոտ սերը և սրտնեղվածությունը նրա անտարբերության նկատմամբ՝

Վառվել եմ մի պաղերեսի բոցից, 
(Որն) ինձ այրում է հեռվից, ինքը՝ մնում սառցային: 
Ուժ եմ զգում գրկել բազուկները բարեձև, 
Որոնք անշարժ՝ տատանում են ողջ կայունությունն իմ:

Որպես պատասխան, նա ստացել է հետևյալը՝ «Երդվում եմ վերադարձնել Ձեր սերը: Ես երբեք ոչ ոքի չեմ սիրել ավելի շատ, քան Ձեզ և երբեք ոչ մեկի հետ չեմ ցանկացել բարեկամություն անել ավելի շատ, քան Ձեր հետ»:

Սրանք ժամանակակից արևմտյան պատմության մեջ կազմում են սիրային բանաստեղծությունների և նամակագրության առաջին ծավալուն շարքը երկու տղամարդկանց միջև՝ Միքելանջելոյի և Կավալիերիի:

Լեոնարդո դա Վինչիի և Ռաֆայելի հետ միասին, Միքելանջելոն համարվում է Վերածննդի երեք հսկաներից մեկը: Նա նոր շունչ է հաղորդել գեղանկարչությանը, քանդակագործությանը և ճարտարապետությանը: Եղել է նաև բանաստեղծ: Միքելանջելոն աննախադեպ ազդեցություն է թողել արևմտյան արվեստի զարգացման վրա: Նրա մի շարք նկարչական, քանդակագործական և ճարտարապետական գործերը դասվում են աշխարհի առավել հայտնի և սիրված գործերի շարքը: Արդեն իսկ իր կենդանության օրոք սրանք ճանաչվել են որպես գլուխգործոցներ:

Կենդանության ժամանակ փառքի հասնելու կողմնակի ազդեցություններից է եղել այն, որ իր կյանքը ավելի լիարժեք է փաստագրվել, քան Վերածննդի որևէ այլ արվեստագետի: Միքելանջելոյի համբավը հանգեցրել է նաև նրան, որ իր շրջապատը անհամար բաներ է պահպանել,  այդ թվում՝ հարյուրավոր նամակներ, գծանկարներ և բանաստեղծություններ: Մեզ հայտնի են դարձել իր ուղարկած ավելի քան 480 նամակները, 800 իրեն հասցեագրված նամակները և իր ձեռագրած ավելի քան 300 բանաստեղծություններ: Այս ծավալուն գրական ժառանգությունը լույս է սփռում նրա անձնական կյանքի և հուզական աշխարհի վրա:

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Վաղ կյանք

Միքելանջելո Բուոնարոթթին (Michelangelo di Lodovico Buonarroti Simoni) ծնվել է 1475թ. մարտի 6-ին, Ֆլորենցիայի մոտ գտնվող Կափրեզե գյուղում (ներկայիս՝ Կափրեզե Միքելանջելո), որտեղ իր հայրը եղել է դատավոր: Ծնունդից մի քանի շաբաթ անց ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա: Իր մոր մահից հետո, երբ նա ընդամենը 6 տարեկան է եղել, Միքելանջելոն մի որոշ ժամանակ ապրել է մի դայակի և նրա ամուսնու հետ, ով քարտաշ է եղել: Այդ պահին նրա մեջ առաջացել է սեր մարմարի հանդեպ:

1488 թ. Միքելանջելոն սկսել է իր ֆորմալ կրթությունը, սակայն, մեծ հետաքրքրություն չի դրսևորել իր դասընթացների հանդեպ՝ նախընտրելով իր ժամանակը անցկացնել եկեղեցական կտավներ պատճենելով: Այդ նույն տարում նա որպես աշակերտ ընդունվել է նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի (Domenico Ghirlandaio, 1449-1494 թթ.) արվեստանոցում: 

Հաջորդ տարի Ֆլորենցիայի իշխանավոր Լորենզո դե Մեդիչին (Lorenzo de Medici, 1449-1492 թթ.) խնդրել է Գիրլանդայոյից առաջարկել իր երկու լավագույն աշակերտներին: Միքելանջելոն երկու ընտրվածներից մեկն է եղել: Հաջորդող 2-3 տարիների ընթացքում Միքելանջելոն հաճախել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիա» (Accademia neoplatonica) Մեդիչիների դղյակում:

Հակադիր տեսակետների հորձանուտում

15-րդ դարի վերջին տասնամյակը թեժ լարվածության պահ է եղել Ֆլորենցիայում, երբ երկու հակադիր շարժումներ բախվել են իրար:

Մի կողմում «Վերածնունդ» կոչված հիմնարար վերափոխումների շարժումն է եղել: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն բնօրրան է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննդի փիլիսոփայությունը՝ Հումանիզմը, ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը: 

Մեդիչի ընտանիքը հիմնադրել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիան»: Սա կրթական և ստեղծագործական աշխատանքների մի ոչ ֆորմալ կենտրոն է եղել, որը Մարսիլիո Ֆիչինոյի (Marsilio Ficino, 1433-1499 թթ.) գլխավորությամբ համախմբել է մեծ թվով Վերածննդի գիտնականների և արվեստագետների:

Դասական հունական ժառանգության վերահայտնաբերման և վերագնահատման գործընթացքում ակադեմիայի ղեկավարները վերահայտնաբերել են հունական դիցաբանության և փիլիսոփայության այն տարրերը, որոնք փառաբանել էին արական գեղեցկությունը և երկու տղամարդկանց միջև սերը՝ որպես ավելի վեհ մակարդակ և մտավոր կարողություններ ունեցող հարաբերություններ, քան թե հակառակ սեռերի միջև կապերը, որը համարել են ընդամենը վերարտադրության անհրաժեշտություն:

Ի թիվս հույն այլ փիլիսոփաների՝ Պլատոնը արժանացել է հատուկ ուշադրության, և իր «Երկխոսություն» գիրքը թարգմանվել է լատիներեն: Ի տարբերություն որոշ այլ փիլիսոփաների՝ Պլատոնը վաղ շրջանի իր ստեղծագործություններում փառաբանել է երկու տղամարդկանց միջև սերը (մեկը հասուն, մյուսը՝ երիտասարդ), որպես գեղագիտական և խորը հոգևոր կապ՝ բացառելով ցանկասիրությունը և մարմնական ու էրոտիկ հարթությունները (այսպես կոչված՝ «պլատոնական սեր»): Ակադեմիայի առաջնորդները փորձել են հաշտեցնել Պլատոնի մոտեցումները քրիստոնեական սկզբունքներին. նրանք երկրպագել են արական գեղեցկությունը որպես Աստծո նվեր, որը արտացոլել է Աստծո գերագույն փառքը:

«Ջիրոլամո Սավոնարոլայի դիմանկարը»,
Մորեթթո դա Բրիսշիա, 1524 թ.:
Մյուս կողմում եղել է արմատական կրոնական մի շարժում, որը գլխավորել Ջիրոլամո Սավոնարոլա (Girolamo Savonarola, 1452-1498 թթ.) անունով մի հոգևորական: Այս շարժումը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու մեջ կոռուպցիան, իշխող էլիտայի հարստությունը և շքեղ ապրելակերպը և քաջալերել է շատ պարզ ապրելակերպ և խիստ կրոնական բարոյական արժեքներ: Այն, բնականաբար, դեմ է եղել Վերածննդի աշխարհիկ «հեթանոսական արվեստին»: Իրենց հիմնական թեմաներից է եղել պայքարն ընդդեմ ամուսնությունից դուրս ցանկացած սեռական շփման, սոդոմականության և նույնասեռականության, որոնք տարածված են եղել քաղաքում:

Երիտասարդ Միքելանջելոն ենթակա է եղել այս երկու հոսանքների ազդեցությանը: 15 տարեկան հասակում նա հաճախ է եղել Լորենզո դե Մեդիչիի տանը, որտեղ նրան վերաբերվել են գրեթե որդու նման և նրան հնարավորություն են տվել շփվելու նշանավոր հումանիստների հետ: Այստեղ, նա յուրացրել է հունական անտիկ գեղարվեստը և դիցաբանությունը և ժամանակի իդեալականացված էրոտիկ տեսությունները: Սակայն նա ազդվել է նաև Սավոնարոլայի կրակոտ ելույթներից: Միքելանջելոն իրեն համարել է բարեպաշտ կաթոլիկ՝ լիովին ընդունելով քրիստոնեության մեջ ընդունված մեղք հասկացությունը: 

Ինչպե՞ս է Միքելանջելոն կարողացել լուծել այդ հակասությունները: Նա ենթադրել է, որ պատասխանը գտել է Պլատոնի մեջ՝ մի փիլիսոփա, ով ոչ միայն խրախուսել է տղամարդկանց միջև սերը, այլ այն դասել է որպես անգերազանցելի արժեք, իսկ զուգահեռաբար պահանջել է ամուրիություն, որը համահունչ է եղել կաթոլիկ ուսուցման որոշ դրվագների հետ: Միքելանջելոն փորձել է իր անձնական կյանքում հաշտեցնել և համադրել այդ երկու մոտեցումները: Սակայն, ինչպես ավելի ուշ կտեսնենք, նա չի կարողացել ընդմիշտ պահպանել ներքին իր հակասությունների հավասարակշռությունը և լիովին զսպել իր կողմնորոշումը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 1-ին

«Լեոնարդո դա Վինչիի դիմանկարը», Ֆրանչեսկո Մելզի,
1515 թ., Վինձոր թագավորական հավաքածու, Լոնդոն:
Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին (Leonardo da Vinci) պատմության մեջ հայտնի է որպես ամենանշանավոր մտավորականներից և առավել բազմակողմանի տաղանդներից մեկը: Օժտված լինելով անհագ հետաքրքրասիրությամբ, հնարամիտ երևակայությամբ և անսահմանափակ ստեղծագործականությամբ՝ նա հայտնի է իր «Մոնա Լիզա», ինչպես նաև «Խորհրդավոր ընթրիք» նկարներով: Նա նաև համարվում է բազմաթիվ առարկաների գյուտարար, ինչպիսիք են՝ պարաշյուտը, ուղղաթիռը և հրասայլը, թեև իր ժամանակ դրանք կառուցելը անհնար է եղել:

Վաղ տարիներ

Լեոնարդոն ծնվել է 1452 թ. Անքիանո (Anchiano) գյուղում: Նա եղել է մի ֆլորետացի նոտարի և մի գեղջկուհու կարճատև կապի արդյունք: Հինգ տարեկան հասակում գյուղից նրան տեղափոխել են իր հայրական տուն՝ Վինչի (Vinci) քաղաքում, և այսպիսով նրան բախտ է վիճակվել մեծանալ բարեկեցիկ հայրական ընտանիքի միջավայրում:

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին
Երևանում, Դինո Դե Ռանիերի, 2011 թ.:
Փոքրիկ Լեոնարդոն ստացել է նվազագույն ֆորմալ կրթություն, բայց, ըստ Ջորջիո Վազարիի (Giorgio Vasari) (1511-1574 թթ), ով Վերածննդի շրջանի գեղանկարիչների կենսագիր է, նրա գեղարվեստական տաղանդները ակնհայտ են եղել արդեն վաղ տարիքից: Շնորիվ այդ տաղանդների է, որ Անդրեա դել Վերոկքիոն (Andrea del Verrocchio), ով իր օրերին եղել է ֆլորենցիայի առաջատար նկարիչ և քանդակագործ, 14 տարեկան դա Վինչիին ընդունել է որպես աշակերտ: Դել Վերոկքիոյի արհեստանոցում դա Վինչին սովորել է բազմազան տեխնիկական հմտություններ, այդ թվում՝ մետաղագործություն, կաշվե արվեստ, ատաղձագործություն, ինչպես նաև գեղարվեստական հմտություններ՝ գծագրություն, գեղանկարչություն և քանդակագործություն:

Քսան տարեկան հասակում դա Վինչին որակավորվել է որպես «վարպետ արվեստագետ» և իր հոր օգնությամբ հիմնել սեփական արհեստանոց: Սակայն նա շարունակել է համագործակցել իր ուսուցչի հետ ևս հինգ տարի: Նրա՝ ամենավաղ համարվող աշխատանքը գրիչով և թանաքով գծված մի բնապատկեր է, որը նա գծել է 1473 թ.:


Ֆլորենցիան և նույնասեռականությունը

Այն ժամանակ Ֆլորենցիան հանդիսացել է մարդկային քաղաքակրթության հիմնարար վերափոխումներից մեկի՝ Վերածննդի բնօրրանը: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն կենտրոնն է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննունդը հիմք է դրել ժամանակակից արևմտյան հասարակարգին: Այս շարժումը ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը:

Հանդուրժողական և ազատ մտածողության մշակույթը մասամբ ընդգրկել է նաև սեռական շփումների ոլորտը: Նույնասեռական շփումները տարածված են եղել Ֆլորենցիայում, այնքան, որ «Florenzer» (ֆլորենտացի) բառը Գերմանիայում օգտագործվել է որպես ժարգոն՝ կոչելու նույնասեռական անձանց: Իշխող Մեդիչի ընտանիքը հանդուրժականորեն աջակցել է բազմաթիվ նույնասեռական և երկսեռական մտավորականների: Այդ թվում են եղել բանաստեղծ Փոլիզիանոն (Agnolo Poliziano), արվեստագետներ Սանդրո Բոթիչելլին (Sandro Botticelli), Միքելանջելոն (Michelangelo Buonarroti) և Բենվենութո Չելինին (Benvenuto Cellini): 

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Հարկ է նշել, որ չնայած Ֆլորենցիայում սոդոմականությունը (նույնասեռական և տարրասեռական) տեսականորեն մահապատիժ ենթադրող հանցագործություն էհամարվել, գործնականում այն հազվադեպ է կիրառվել, նամանավանդ 15-րդ դարի կեսից ի վեր: Քրեական հետապնդումների շուրջ վիճակագրական հետազոտությունները ապացուցում են, որ 75 տարվա ընթացքում (1430-1505 թթ.) ավելի քան 10.000 մարդ մեղադրվել է սոդոմականության մեջ (միջին հաշվով մոտավորապես 130 մարդ ամեն տարի), բայց դրանցից միայն մոտ 2.000-ն են «մեղավոր» ճանաչվել, մի քանիսը մահապատժի են ենթարկվել, մյուսները՝ աքսորվել Ֆլորենցիայից, տուգանվել կամ հրապարակավ նվաստացվել:

1476 թ. 24-տարեկան դա Վինչին երեք այլ տղամարդկանց հետ միասին մեղադրվել է,  Ջակոփո Սալթարելլի անունով մեկի (Jacopo Saltarelli) (ծնվ. 1459) հետ սոդոմական շփումներ ունելու մեջ: Սալթարելլին մի սկսնակ ոսկերիչ է եղել, ով սեռական շփումներ է ունեցել տղամարդկանց հետ և հավանաբար երբեմն ծառայել է նաև որպես նկարչի մոդել:

Համաձայն դատարանի գրառումների, որոնք ամբողջությամբ պահպանվել են, դա Վինչին և երեք այլ տղամարդիկ, այդ թվում` ոմն Լեոնարդո Թորնաբուոնին (Lionardo de Tornabuoni), ով Թորնաբուոնի ազնվական տոհմից է եղել, ձերբակալվել, դատվել և, ի վերջո, արդարացվել են: Ենթադրվում է, որ Թորնաբուոնիները, օգտվելով իրենց սերտ կապերից իշխող Մեդիչի ընտանիքի հետ, միջամտել են՝ ազդելու դատարանի վճիռի վրա:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
______________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

4.7.14

դասական կինո >>> Մահ Վենետիկում


 ՖԻԼՄ
 Մահ Վենետիկում / Death in Venice
 
 Morte a Venezia / Смерть в Венеции
 ՌԵԺԻՍՈՐ
 Լուքինո Վիսկոնտի
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Լուքինո Վիսկոնտի, Նիկոլա Բադալուկո  
 
 հիմնված Թոմաս Մանի համանուն վիպակի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Գուստավ Մահլեր
 ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ  
 Դիրք Բոգարդ
 ՏԱՐԵԹԻՎ
 1971
 ԵՐԿԻՐ
 Իտալիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 130

թրեյլեր

ֆիլմում Գ. Մահլերի երաժշտությունը միահյուսված է Լ. Վիսկոնտի պատկերների հետ



Ռուսերեն օնլայն տարբերակ
 

21.4.14

Ֆիլմ >>> Լյուդվիգը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Լյուդվիգը / Ludwig / Людвиг
 ՌԵԺԻՍՈՐ
 Լուքինո Վիսկոնթի
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Լուքինո Վիսկոնթի, Էնրիկո Մեդիոլի,

 Սուսո Սեքի Դամիկո
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ռիչարդ Վագներ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Հելմութ Բերգեր, Թրևոր Հովարդ, Ռոմի Շնայդեր
 ՏԱՐԵԹԻՎ 
 1973
ԵՐԿԻՐ
Իտալիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 235

Այս ֆիլմը իտալացի կինոյի վարպետ Լուքինո Վիսկոնթիի վերջին աշխատանքներից է, որում նա քննարկում է իր սիրած թեմաներից մեկը՝ ազնվականության անկումը և ռոմանտիկ ժամանակաշրջանի ավարտը: Ֆիլմն անսովոր է իր ոճի և տևողության առումով և ներկայացնում է մի անսովոր պատմական գործիչի՝ Բավարիայի թագավոր Լյուդվիգ 2-րդի կյանքը (1845-1886):

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Տարօրինակ միապետը

Երբեմն այսպես կոչված «կարապի թագավորը» կամ «հեքիաթային թագավորը», և նույնիսկ «խելագար թագավորը» և «սրտերի թագավորը»՝ Լյուդվիգ 2-րդը, եղել է տարօրինակ մի մարդ, արվեստի մեծ հովանավոր և հազվագյուտ միապետներից, ում նույնասեռական կողմնորոշումը հանրաայնորեն հայտնի է եղել իր գահակալության ժամանակ: 

Ֆիլմը կենտրոնանում է Լյուդվիգ 2-րդի (Հելմութ Բերգեր) անձնական կյանքի վրա՝ սկսած նրա թագադրումով 18 տարեկան հասակում, մինչև նրա վաղաժամ մահը 40 տարեկան հասակում: Ֆիլմը ցույց է տալիս Լյուդվիգի հետաքրքրված չլինելը քաղաքական և ռազմական հարցերով, նրա մտերիմ հարաբերություններն իր զարմիկ՝ Ավստրիայի արքայադուստր Էլիզաբեթայի (Ռոմի Շնայդեր) հետ, որի քրոջ Սոֆիի հետ նա պայմանավորված է եղել ամուսնանալ, և նրա տարվածությունը Ռիչարդ Վագների (Թրևոր Հովարդ) երաժշտության նկատմամբ: Ֆիլմը զուրկ է հանրային տեսարաններից, և Լյուդվիգին սովորաբար ցույց է տալիս իր տարբեր պալատներում և ննջասենյակներում:

Միապետի դիրքից դուրս

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես Լյուդվիգը ամեն գնով աշխատում է խուսափել և շրջանցել միապետի դիրքի հետ առնչվող տարբեր պարտականություններն և սահմանափակումները, որպեսզի պահպանի իր անհատական ազատությունն և ինքնակամությունը: Նա զզվում է հանրային խոշոր միջոցառումներից և հնարավորինս հեռու է մնում պաշտոնական արարողություններից՝ նախընտրելով զբաղվել ստեղծագործական տարբեր նախագծերով: Նա սովորաբար խուսափում է Մյունխենում հաստատվելուց, որը նրա մայրաքաղաքն էր, և նախընտրում է ապրել Բավարիայի գավառներում: 

Ֆիլմը նաև ցույց է տալիս նրա հանկարծակի մտափոխությունն իր ամուսնության վերաբերյալ, որը հակասում է իր ընտանիքի, արքունիքի և հոգևորականության ակնկալիքներին: Արքայական ավանդույթի համաձայն՝ գահակալը պետք է ամուսնանա, որպեսզի արտադրվեն ժառանգներ և հարատևի թագավորական տոհմը: 

Ֆիլմը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ իր սեռական կողմնորոշումը զսպելուց հետո, և հատկապես իր հարսանիքը չեղյալ համարելուց անմիջապես հետո Լյուդվիգը սկսում է ակտիվորեն զբաղվել նույնասեռական շփումներով, որը նաև հակադրվում է արքունիքի և հոգևորականության սպասելիքներին, ըստ որոնց գահակալը չամուսնանալու դեպքում, առնվազն պետք է պահպանի իր մաքրակենցաղությունը (չզբաղվի սեքսով): Նրան հիշեցնում են, որ որպես միապետ առաջնորդ՝ նա չպետք է ցնցի իր ենթականերին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Լյուդվիգը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

3.8.13

Ֆիլմ >>> Hamam / Il bagno turco / Турецкая баня

հեղինակ Ferzan Özpetek / Իտալիա, Թուրքիա / 1997