16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 4-րդ

Մեդալիոն Հադրիանոսի և Անտինուսի կիսադեմներով,
18-րդ դարի կեսերը, Մետրոպոլիտեն թանգարան,
Նյու Յորք:
Անտինուսի պաշտամունքը

Չնայած նրան, որ Հադրիանոսին քննադատել են Անտինուսի մեծարումը չափազանցնելու   համար, Անտինուսի պաշտամունքը արագորեն տարածվել է Հռոմի արևելյան գավառներում, արևմտյան Հունաստանում և Եգիպտոսում: Ի դեպ, Անտինուսի պաշտամունքը, որը տևել է մինչև 5-րդ դար, քննադատվել է թե՛ մի շարք հեթանոս, թե՛ նորաստեղծ քրիստոնյա հոգևորականների կողմից: Մարդ ծնված և մահից հետո աստվածացած Անտինուսի պաշտամունքը լուրջ մրցակից է եղել Քրիստոսի պաշտամունքի հետ մի քանի դար շարունակ:

Անտինուսի կերպարով դրամ, 134-5 թ.,
մասնավոր հավաքածու:
Հադրիանոսը զարկ է տվել ու խրախուսել Անտինուսի պաշտամունքը: Նրա հրամանով ստեղծվել են մետաղադրամներ և շքադրամներ Անտինուսի կերպարով և կայսրության բոլոր մասերում բարձրացրել են նրա արձանները՝ նրան ներկայացնելով տարբեր զգեստերով, ներառյալ եգիպտական տարազով: Անտինոսի ենթադրյալ 2000 արձաններից առնվազն 115-ը արդեն հայտնաբերվել են, որոնցից 44-ը՝ Իտալիայում, ներառյալ 22-ը՝ Տիվոլի վիլլայում:

Անտինուս, մոտավորապես 130 թ.,
Նեապոլի ազգային հնագիտական թանգարան:

Անտինուսը՝ պատկերված որպես եգիպտական
աստված Օսիրիսը, հայտնաբերվել է Հադրիանոսի
Տիվոլիի վիլլայում, Վատիկանի թանգարան:
Անտինուսը՝ պատկերված որպես հունական աստված
Դիոնիսոսը, 3-րդ դար, Բրիտանական թանգարան, Լոնդոն:
Ավելին, Հադրիանոսը կայսրության տարածքում կառուցել է առնվազն 28 տաճար, նվիրված Անտինուսի պաշտամունքին և կազմակերպել է նրա մեծարման փառատոններ, որոնք ներառել են մարզական, ինչպես նաև գեղարվեստական բաժիններ:

«Անտինուսի կոթողը», Հռոմ: Հավանաբար ի սկզբանե
կանգնեցված է եղել Հադրիանոսի Տիվոլի վիլլայում,
Անտինուսին նվիրված տաճարի դիմաց:
Բրիտանական թանգարանում Հադրիանոսի և Անտինուսի կիսանդրինները
տեղադրված են միմյանց կողքին:
Անկում

Անտինուսի հիշատակին նվիրած իր բոլոր ջանքերով հանդերձ՝ Հադրիանոսը շարունակել է տառապել իր մեծ կորստից և ուժասպառ լինել առողջական խնդիրներից: Իր վերջին տարիներին Հադրիանոսին նկարագրել են որպես ջղային և տխուր մի մարդ: Նա մահացել է 138 թ. Տիվոլլի վիլլայում, 62 տարեկան հասակում, հավանաբար սրտի անբավարարությունից: Իր աննկատ ամուսնությունից նա ոչ մի զավակ չի ունեցել և հետևաբար նաև՝ ոչ մի կենսաբանական ժառանգորդ: Որդեգրած երկու զավակներից նրան հաջորդել է Անտոնինոսը: 

Իր մահից անմիջապես առաջ Հադրիանոսը արտասանել է հետևյալ բանաստեղծությունը՝

Ծպացող, գողտրիկ, փոքր հոգի,
Մարմնիս ուղեկից ու հյուր,
Հիմա իջնելու ես վայրեր՝
Անգույն, անզարդ ու անդուր,
Սովորական ցնորումներդ այլևս չեն լինի ...


լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
Элий Спартиан «Жизнеописание Адриана (http://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1475000100)
https://followinghadrian.com/
http://antinoupolis.net/
http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Historia_Augusta/Hadrian/1*.html

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: