27.9.16

Պյոտր Չայկովսկի, կենսագրություն 5 մասով, մաս 3-րդ


3. Հստակեցում և հռչակ

Շրջադարձ

Ամուսնությունը Չայկովսկու կյանքում շրջադարձային տեղ է ունեցել իր սեռականության միանշանակ և լիովին ընդունման առումով: Այս փորձը նրան անչափ զգուշավոր է դարձրել կանանց նկատմամբ: Ի դեպ՝ սփոփանքով, նա որդեգրել է մի զուսպ նույնասեռականի ապրելակերպ:

Հարկ է նշել, որ իրենց ամուսնության ձախողման համար նա երբեք չի մեղադրել Անտոնինային, չնայած այն հանգամանքի, որ նա սկսել է ատել նրան ամուսնությունից մի քանի օր անց: Իր եղբորը՝ Անատոլին ուղղած մի նամակում, 1878 թ. փետրվարին նա գրել է՝ «միայն հիմա, հատկապես իմ ամուսնության պատմությունից հետո է, որ ես վերջապես սկսել եմ հասկանալ, որ չկա ոչինչ ավելի ապարդյուն, քան ցանկանալ լինել այն, ինչ չի համապատասխանում բնությանս»:

Ընկերներով՝ ձաից աջ Ալեքսանդր Ժեդրինսկին,
Ալեքսեյ Ապուխտինը, Պիոտր Չայկովսկին և
Գեորգի Կարտսովը, 1884 թ.
Անտոնինայի հետ իր կարճատև համատեղ կյանքի ընթացքում ստեղծագործական աշխատանքը ևս մի անգամ Չայկովսկուն ծառայել է որպես ապաստան: Նա սկսել է կազմել սիմֆոնիա թիվ 4-ը և իր չորրորդ օպերան «Եվգենի Օնեգինը» (աշխ. թիվ 24):
Խաչատուր Բադալյանը երգում է "Կուդա, կուդա, ...» (Куда, куда ...) երգը «Եվգենի Օնեգին» օպերայից․

Կարճ համատեղ կյանքը Չայկովսկու վրա թողել է նաև խորը ամոթի և մեղքի զգացում և մշտական մտավախություն, որ Անտոնինան կարող է մի օր ցանկանալ վրեժ լուծել ՝ հրապարակելով իր սեռական կողմնորոշումը: Տարիներ շարունակ այդ գործոնները Անտոնինայի յուրաքանչյուր նամակ վերածել է մի «մեծ դժբախտության», որը կարող էր Չայկովսկուն ցնցված պահել ամբողջ մի օր: Ցանկացած լուր Անտոնինայից, թերևս չնչին ու անկարևոր, Չայկովսկուն կարող էր մատնել բացարձակ անաշխատունակության և նրա ախորժակի և քնի կորստի:

Մի նամակում՝ գրված Ֆլորենցիայից իր եղբորը՝ Անատոլին, 1878 թ. փետրվարին, իր իրավիճակը ամփոփել է հետևյալ կերպով․ 
«Կասկած չկա, որ ես ամիսեր շարունակ մի քիչ խելագար եմ եղել ու միայն հիմա, երբ լիովին վերականգնվել եմ, կարողանում եմ առարկայորեն վերաբերվել այն ամենին, որը ես արել եմ իմ կարճատև խելագարության ընթացքում: Այդ մարդը, ով մայիսին գլխի ընկավ ամուսնանալ Անտոնինա Իվանովնայի հետ, ով հունիսին գրեց ողջ մի օպերա, այնպես,  կարծես ոչինչ չէր պատահել, ով հուլիսին ամուսնացավ, ով սեպտեմբերին փախավ իր կնոջից, ով նոյեմբերին գոռգռում էր Հռոմում և այլն, ահա այդ մարդը ես չէի, այլ մեկ այլ Պյոտր Իլյիչ»:
Չայկովսկու պսակվելու տեսարանը «Երաժշտասերները» ֆիլմում 
Հարկ է նշել, որ Անտոնինան ունեցել է ողբերգական կյանք: Նա հրաժարվել է ամուսնալուծվել Չայկովսկուց, քանի որ ցանկացել է վայելել հայտնի կոմպոզիտորի հետ կապված լինելու հանգամանքը: Նա ունեցել է երեք երեխա՝ երեք տարբեր տղամարդկանցից, բոլորին հանձնելով որբանոց: Չնայած նրան, որ նա Չայկովսկուց 24 տարի ավելի երկար է ապրել, իր վերջին 21 տարիներն անց է կացրել խենթանոցում:

Չայկովսկին, սակայն, ազատագրվելով կեղծ ամուսնության գաղափարից, մուտք է գործել իր կյանքի աննախադեպ ստեղծագործական մի ժամանակաշրջան:

Ստեղծագործական ժամանակաշրջանը

Չայկովսկին արտերկրում մնացել է գրեթե մեկ տարի, որի ընթացքում նա ավարտել է «Եվգենի Օնեգինը»: Ապրելով եվրոպայկան քաղաքներում, նամանավանդ Փարիզում, Ֆլորենցիայում, Վիեննայում և Բեռլինում, նա առիթ է ունեցել շփվել տղամարդկանց հետ, ազատ և անհոգ: Սակայն, բոլոր այդ շփումները եղել են կարճատև: Նա շարունակել է առանձնացնել իր հուզական կյանքը սեքսից: Նա ունեցել է քրոնիկ դեպրեսիա, գլխացավ և անմարսողություն, որոնք, հավանաբար, կապված են եղել իր դեպրեսիայի հետ: Ստեղծագործական աշխատանքը, սակայն, նրան օգնել է մասամբ հաղթահարել իրավիճակը: «Հենց ես դադարում եմ աշխատել, ինձ պատում է մելամաղձոտության զգացումը»: Նա փորձել է իր զգացմունքները արտահայտել հիմնականում իր երաժշտության միջոցով: Իր նամակներից մեկում՝ ուղղված ֆոն Մեկքին, նա գրել է՝
«Ավելի քան մեկ անգամ փորձել եմ հանգամանորեն իմ երաժշտության մեջ արտահայտել սիրո տանջանքը և միևնույն ժամանակ երանությունը: Թե ինչքանով եմ հաջողել՝ չգիտեմ, կամ ավելի ճիշտ՝ թողնում եմ ուրիշների դատին: Ես բոլորովին համաձայն չեմ Ձեզ հետ, երբ դուք ասում եք, որ երաժշտությունը չի կարող փոխանցել սիրո զգացման բոլոր հատկանիշները: Ես համոզված եմ, որ ընդհակառակը, միայն երաժշտությունն է ունակ դա անել: Դուք ասում եք, որ այստեղ խոսքերն անհրաժեշտ են: Ո՛չ: Հենց ճիշտ այստեղ է, որտեղ խոսքերը անհրաժեշտ չեն, և ապարդյուն են, որտեղ առավել պերճախոս լեզուն, այսինքն՝ երաժշտությունը հայտնվում է իր լիակատար հզորությամբ»:
Այդ ժամանակ, կոմպոզիտորը փորձել է խզել իր կապը նաև Կոտեկի հետ: Կոտեկը, փաստորեն, անհավատարիմ է եղել նրան: Հայտնի չէ, թե նա եղել է մի անկայուն երկսեռական մարդ կամ պարզապես մի տարասեռական, ով քաջալերել է կոմպոզիտորի հմայվածությունը իր հանդեպ: Ամեն դեպքում, նա շփվել է մեծ թվով կանանց հետ, այդ թվում՝ փորձել է գայթակղել ֆոն Մեկքի դուստրերից մեկին, և այս բոլորը Չայկովսկու սրտով չի եղել:

Մեկ տարի անց, սակայն, նրանք կրկին միմյանց են հանդիպել Շվեյցարիայում և Կոտեկը Չայկովսկուն աջակցել է գրել «Ջութակի կոնցերտը» (աշխ. թիվ 35): Չայկովսկին ցանկացել է այս աշխատանքը նվիրել Կոտեկին, բայց զգուշացել է հավանական բամբասանքներից:

Կոտեկից բաժանվելու Չայկովսկու որոշումը, որին հաջորդել են վրդովմունքի և կարոտի զգացմունքները և ապա՝ վերամիավորման ցանկություն, կրկնվել է անգամներ: Ըստ երևույթին, Չայկովսկու և նրա «փիսիկի» (котик) մեջ, ինչպես նա սիրել է կոչել Կոտեկին, եղել է ինչ-որ փոխադարձ կապվածություն: 

Տեսարան «Երաժշտասերները» ֆիլմից
1878 թ. վերջում կոմպոզիտորը և ջութակահարը կրկին հանդիպել են Փարիզում, բայց Չայկովսկին չափազանց վրդովված է եղել Կոտեկի «անհավատալի կնամոլությունից», և իր ընկերոջը համարել է «ավելի տհաճ, քան հաճելի»: Մեկ այլ ժամանակավոր բաժանում տեղի է ունեցել 1881 թ. այն բանից հետո, երբ Կոտեկը մերժել է կատարել ջութակի կոնցերտը: Իոսիֆ Կոտեկը մահացել է 1885 թ., 29 տարեկան հասակում:

Ճանաչում

Այս ժամանակաշրջանում Չայկովսկու միջազգային հեղինակությունը շարունակել է աճել: Ռուսաստանում, սակայն, նեղմիտ ազգայնական շրջանակները նրան վերաբերվել են որպես «դավաճանի» և «Արևմուտքից կախված» մի արվեսագետի: 

1880 թ. այս գնահատականները փոփոխության են ենթարկվել: Մոսկվայում Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ վիպասան Ֆյոդոր Դոստոևսկին իր պատմական ելույթում հայտարարել է, որ Պուշկինը մարգարեական կոչ է ուղղել Ռուսաստանին՝ Եվրոպայի և մարդկության հետ «համընդհանուր միասնության»: «Անկասկած, ռուսի ճակատագիրը համաեվրոպական է և համամարդկային: Իսկական ռուս դառնալ, լիարժեք ռուս դառնալ, միայն նշանակում է դառնալ եղբայր բոլոր մարդկանց, դառնալ, եթե ցանկանում եք՝ համընդհանուր մարդ», հայտարարել է նա:

Դոստոևսկու ուղերձը Ռուսաստանում առաջացրել  է փոփոխված վերաբերմունք և նոր մտածողություն, որը նաև վերացրել է Չայկովսկու երաժշտության հանդեպ եղած արհամարհանքը:

Հռչակ

Ալեքսանդր 3-րդի գահ բարձրանալուց հետո՝ 1881 թ., Ռուսաստանում նախատեսվել էին մի շարք կարևոր ազգային և միջազգային նշանակություն ունեցող միջոցառումներ: Դրանք նշելու համար Չայկովսկին գրել է իր ամենաճանաչված երաժշտական կտորը «1812 տարվա նախերգանքը» (Торжественная увертюра «1812 год»)(աշխ. թիվ 49): Նախերգանքը հիշատակել է 1812 թ. հայրենիքի պաշտպանությունը ընդեմ Նապոլեոնի ներխուժած բանակի: 

1884 թ. նա ճանաչվել է ցարի կողմից, ով նրան տվել է ազնվակական կոչում: Հաջորդ տարի ցարի հանձնարարությամբ նրա օպերային ներկայացումները Մարիինյան թատրոնից տեղափոխվել են Մեծ թատրոն, որն աննախադեպ է եղել մի ռուս կոմպոզիտորի համար: Ահա, ամաչկոտ ու մեկուսացած Չայկովսկին վերածվել է մեծ հռչակ վայելող աստղի: 

Որպես խիստ հարգված կոմպոզիտոր, նա սկսել է աջակցել երիտասարդ տաղանդներին և խթանել ռուսական երաժշտությունը: 1888 թ., Չայկովսկին գլխավորել է իր Հինգերորդ սիմֆոնիայի պրեմիերան Սանկտ Պետերբուրգում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Պյոտր Չայկովսկի 
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ «Անծանոթ ուղիներում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Դեպի ինքնահաստատում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Հստակեցում և հռչակ» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Վախճան» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ժառանգություն» >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: