6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 4-րդ

«Մահացող ստրուկը», Միքելանջելո,
1513 թ., Լուվր թանգարան, Փարիզ:
Կավալիերին, նրա մեծ սերը 

Տարիներ շարունակ Միքելանջելոյին քիչ թե շատ հաջողվել է հաշտեցնել իր ներքին հակասությունները և զսպել իր հուզական և սեռական հակումները։ Այնուամենայնիվ, թվում է, թե նա, ի վերջո, զիջել է 57 տարեկան հասակում, երբ հայտնվել է չափազանց թեժ և կրքոտ սիրային իրավիճակում:

1532 թ., Միքելանջելոն հանդիպել է 23-ամյա ազնվական Թոմասո դեյ Կավալիերիին (Tommaso dei Cavalieri, 1509-1587 թթ.): Կավալիերին բացառիկ գեղեցկություն է ունեցել. նրա արտաքին տեսքը համապատասխանել է գեղարվեստագետի իդեալական առնական գեղեցկության պատկերացումներին: Նա նաև եղել է խելացի, էլեգանտ և բարեկիրթ:

«Հաղթանակի հանճարը», Միքելանջելո, 1532-34 թթ.,
Պալազզո Վեկքիո, Ֆլորենցիա: Ըստ բազմաթիվ գիտնականների,
հիմնական կերպարի մոդելը Կավալիերին է եղել, իսկ տարեց
կերպարինը հենց ինքը՝ Միքելանջելոն:
Միքելանջելոն իր սիրեցյալին ուղարկել է բազմաթիվ գծանկարներ, նամակներ և բանաստեղծություններ, որոնցում արտահայտել է իր զգացմունքները: Օրինակ՝ 1533-ի հունվար 1-ին իր նամակում մի քանի նրբաճաշակ գծակնարների հետ միասին Կավալիերիին բնութագրել է որպես «աննման և անգերազանցելի» և «մեր դարի լույսը, աշխարհի գերազանցիկը», խոստացել նվիրվել նրան «ներկաս և մնացած օրերս»:

Մեկ այլ նամակում՝ նուն թվականի հուլիսի 28-ին, նա Կավալիերիին արտահայտել է իր «անսահման սերը» և ավելացրել՝ «ես համոզվեցի, որ այլևս չեմ կարող մոռանալ Ձեր անունը, ինչպես որ չեմ կարող մոռանալ այն սնունդը, որն ինձ ապրեցնում է: Ավելին՝ ես կարող եմ ավելի շուտ մոռանալ այն սնունդը, որով ապրում եմ, որը թշվառաբար սնուցում է միայն մարմինս, քան թե Ձեր անունը, որը սնուցում է թե՛ մարմինս, թե՛ հոգիս՝ տալով ինձ այնքան բերկրանք, որ ես անզգայանում եմ և՛ վշտի և՛ մահվան վախի հանդեպ»:

«Ապոլլոն», անավարտ արձանը վերագրվում է Միքելանջելոյին,
1530 թ., Բարջելո թանգարան:
Միքելանջելոն գրել է նաև մի քանի տասնյակ սիրային բանաստեղծություններ՝ ուղված Կավալիերիին՝ գովաբանելով նրա «գեղեցիկ դեմքը» և «բարեկազմ բազուկները»: Նա միանշանակ փափագել է ֆիզիկական մերձեցում՝ ցանկանալով բռնել «իմ այնքան շատ ցանկալի, իմ այնքան քաղցր հարգելիիս, անարժան պատրաստ ծոցումս՝ ընդմիշտ»: Նա ցանկացել է լինել այն «շերամի որդը», որից պատրաստված հագուստը «հաճույքով» կհագցներ և կծածկեր նրա «գեղեցիկ կուրծքը»:

Զերծ շեշտված մեղքի զգացումից, որը նախկինում նա ունեցել էր՝ Միքելանջելոն, այնուամենայնիվ, փորձել է իր սերը Կավալիերիի հանդեպ արդարացնել կրոնական մոտիվներով: Կավալիերիի գեղեցկությունը տարել է նրան դեպի Աստված, ով «իր շնորհքը ամենահաջող, բայց քողարկված ձևով դրսևորել է այդ մահկանացու հաճելի կերպարում, որին ես կարող եմ սիրել միայն որպես Նրա արտացոլքը»:

Ի պատասխան Միքելանջելոյի գծանկարների շարքի, կրքոտ նամակների և լիրիկական պոեմների՝ Կավալիերին եղել է երկիմաստ: Առաջին հերթին նա շոյվել է նրանից, որ դարձել է հանճարի հիացմունքի առարկան: Երբեմն նա պատասխանել է նրան դրական տոնով: 1953-ի օգոստոսի 2-ին, օրինակ, Կավալիերին գրել է, «Ես փախչում եմ չար արարքներից, ... այսպիսով՝ չեմ պատրաստվում սիրել որևէ մեկի, բացի Ձեզանից»: Երբեմն, նա չի փոխադարձել: Հանճարի մոլեգնոտ վերաբերմունքը մտահոգել է նրան: Երիտասարդի պատահական անտարբերությունը տանջել է Միքելանջելոյին:

«Գանիմեդեսի առևանգումը», պատճեն, Միքելանջելո, 1532 թ., Ֆոգգ արվեստի
թանգարան, Կեմբրիջ: Միքելանջելոն այս գծանկարում, որն ուղարկել է Կավալիերիին,
հղում է կատարել հունական դիցաբանության մեջ նշանավոր նույնասեռական
սիրային պատմություններից մեկին՝ Զևս աստծո սիրոն Գանիմեդեսի նկատմամբ:
«Մարդկային կյանքի երազանքը», Միքելանջելո, 1533 թ.:
Միքելանջելոն այս գծանկարում ներկայացրել է Պլատոնի այն
գաղափարը, ըստ որի սերը մարդուն թևեր է ընծայում:
Միքելանջելոն իր բանաստեղծություններից մեկում նշել է․
«Մեկ հոգի երկու մարմիններում՝ հավերժական են դառնում,
միասին բարձրանում երկինք նույն թևերով»:
Որոշ պատմաբաններ պնդել և պնդում են, որ Միքելանջելոյի և Կավալիերիի կապը զուտ բարեկամական է եղել և որ Միքելանջելոյի համար Կավալիերին եղել է այն որդին, ում Միքելանջելոն երբեք չի ունեցել: Միքելանջելոյի գրած նամակները և բանաստեղծությունները, սակայն, չեն կարող վկայել նման հայրական կապի մասին: Դեռ ավելին՝ գոնե Միքելանջելոյի պարագայում նրանք զգալիորեն անցած են եղել «Պլատոնական սիրո» սահմանը: 

Կավալիերիին ուղված սիրային պոեմների հուզական թեժությունը և սիրային բնույթը այնքան ակնհայտ և ապշեցուցիչ են եղել, որ անհարմար դրության մեջ են դրել շատերին, այդ թվում` իր եղբորորդուն, Միքելանջելո Բուոնարոթթի Կրտսերին, այն աստիճանի, որ երբ նա հրատարակել է այդ բանաստեղծությունները 1623 թ. (իր հորեղբոր մահից հետո), փոխել է դերանունների սեռը՝ ձևացնելով, որ նրանք իբր թե հասցեագրված են եղել մի կնոջ: Միքելանջելոյի բանաստեղծությունների ճշգրիտ տարբերակը առաջին անգամ լույս է տեսել երկու դար անց, 1863 թ.:

Հարկ է նշել, որ չնայած նրան, որ Կավալիերին ամուսնացել է իրենց հանդիպումից 4 տարի անց, նա և Միքելանջելոն շարունակել են իրենց կապը հետագա 30 տարիների ընթացքում: Ի դեպ՝ Միքելանջելոն երբեք չի ամուսնացել և իր ողջ կյանքի ընթացքում չի ունեցել մտերիմ հարաբերություններ որևէ կնոջ հետ:

Միքելանջելոյի գրանցած միակ բարեկամությունը հակառակ սեռի ներկայացուցիչներից մեկի հետ եղել է կապը բանաստեղծուհի Վիթորիա Կոլոնայի (Vittoria Colonna, 1492-1547 թթ.) հետ: Նրանք ծանոթացել են 1536 թ. և շարունակել են պարբերաբար հանդիպել և փոխանակել մեծ թվով սքանչելի բանաստեղծություններ, որոնք հիմնականում հոգևոր բովանդակություն են կրել: Ըստ որոշ կենսագիրների, Միքելանջելոյի հետաքրքրությունը Կոլոնայի հանդեպ որոշ չափով պայմանավորված է եղել Կավալիերիի հանդեպ ավելի վաղ զգացած իր տառապանքներով և հիասթափություններով : Համենայնդեպս, նրանց միջև հարաբերությունները ամբողջովին մնացել են «պլատոնականության» սահմաններում: Միքելանջելոն, ի դեպ, արտահայտել է իր ափսոսանքը, որ իրեն երբեք չի հաջողվել համբուրել Կոլոնայի ճակատը, ինչպես համբուրել է նրա ձեռքը:

«Միքելանջելոն պատվում է Վիթորիա Կոլոնայի դին», Ֆրանչեսկո
Եակովաչի, 1880 թ., Կապոդիմոնտեի ազգային թանգարան, Նեապոլ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: