16.5.15

Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 2-րդ

Դեպի ավելի լայն ազատություն

Թյուքը որպես նկարիչ իր աստեղային  ժամանակաշրջանն է ունեցել 1900-14 թ.: Նա լիովին կիրառել է իմպրեսիոնիստական ոճը: Նա ուսումնասիրել և պատկերել է մարդկային մարմնի ձևը շատ ավել անկաշկանդ քան անցյալում և առանց բարդ իմաստներով ծանրաբեռնվածության: Այնպես որ նա նկարել է մերկ մարմիններ առանց հղումներ կատարելու ինչ-որ դիցաբանական կամ պատմական թեմաների:

Նա դադարել է հրավիրել մոդելներ Լոնդոնից և նախընտրել է նկարել տեղացի տղաներին ձկնորսության, ծովագնացության, լողալու և ջրացատկելու պահերին: Նա օգտագործել է առավել բազմազան և սովորաբար ավելի վառ գույներ քան առաջ, ինչպես նաև ուսումնասիրել և նկարել է տղամարդու մարմինը ավելի բազմազան դիրքերում:

«Օգոստոսի կապույտը», 1893 թ.
Իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Օգոստոսի կապույտը» (1893-1894 թ.), նախանշում  է այս ժամանակաշրջանը: Այս կտավում պատկերված են չորս երիտասարդներ, ովքեր լողանում են մի նավակի շուրջ՝ բյուրեղյա պարզ ջրում և վառ կապույտ երկնքի ներքո: Նկարը փոխանցում է արևի շողը վայելելու զգացումը՝ այն շողը, որը առկա է երկնքում, երիտասարդների մարմինների վրա և ծովի մակերեսին:

Հետաքրքիրն  այն է, որ ի տարբերություն իր նշանավոր հայրենակից Ուիլյամ Թերներին (1775–1851), Թյուքը երբեք արևն ուղղակիորեն չի նկարել, այլ միշտ արևի լույսի արտացոլումները: «Օգոստոսի կապույտ»-ով Թյուքը հիմնադրել է գեղանկարչական մի նոր ժանր, որը նշել է արական գեղեցկությունը և փառաբանել երիտասարդության թվացյալ հավերժությունը:

Թյուքը զբաղվել է նաև լուսանկարչությամբ
նույն հոգով և ոճով ինչպես իր գեղանկարները
Հարկ է ընդգծել, որ իր կտավներում Թյուքը մերկ տղաներին ցուցադրել է ավելի շուտ որպես զգայական, քան թե սեռական էակներ: Չնայած որ Թյուքի մերկ տղամարդկանց նկարները միանշանակ դուր են եկել իր նույնասեռական ընկերներին և գնորդներին, Թյուքը հազվադեպ է պատկերել իր մոդելների անդամները և երբեք մոդելներին չի ներկայացրել միմյանց հետ ֆիզիկական շփումների դիրքերում:

Այսպիսով, կանխելով իր աշխատանքներին բացահայտ սեռական մեկնաբանություններ տալու փորձերը՝ նա խուսափել է իրավական և հասարակական տարաձայնություններից: Սա կարող է բացատրել, թե ինչու իր թե՛աշխատանքները, և թե՛ ջերմ հարաբերությունները որոշ մոդելների հետ երբեք չեն ստեղծել որևէ սկանդալ:

Երիտասարդ տղամարդկանց և ծովային տեսարաններ պատկերող աշխատանքներից բացի Թյուքը նաև սիրված է եղել իր դիմանկարների շնորհիվ:

«Լողացողների խումբը», 1914 թ. 
Թյուքը այս նկարը ներկայացրել է թագավորական
ակադեմիային որպես իր դիպլոմային աշխատանք
Ճանաչում

Նիկոլայի գլուխը, 1913 թ.
Թյուքը ընտրվել է որպես Բրիտանական թագավորական ակադեմիայի լիիրավ անդամ 1914 թ.: «Լողացողների խումբ» կտավը, որը նա ներկայացրել էր որպես ակադեմիայում ընդունելության իր աշխատանք, պատկերել էր իտալացի մոդել Նիկոլա Լուչիանին: Նույն Լուչիանին էր նաև պատկերված մեկ այլ նշանավոր կտավ «Հուլիսի արև»-ում, որը Թյուքը հետագայում նվիրել է ակադեմիային:

Իտալացի մոդելը պատկերվել է սրանց նախորդող մի քանի այլ աշխատանքներում: Նրա մաշկի և աչքերի մուգ գույները զանազանել են նրան սովորական անգլիացի մոդելներից և Թյուքին հնարավորություն են տվել օգտագործելու ավելի էկզոտիկ գույներ:

«Հուլիսի արևը», 1913 թ., մոդել Նիկոլա Լուչիանի
Լուչյանի ճակատագիրը, սակայն, չի տարբերվել Թյուքի շատ այլ մոդելների ճակատագրերից: Նրանց մեծ մասը, այդ թվում Լուչյանին, մասնակցել են առաջին համաշխարհայինին որպես զինակոչիկներ կամ կամավորներ և զոհվել:

Աշխատանքների նմուշներ  >>>  1900 - 1909 թ.

«Հետադարձ տուն», 1902 թ.
«Րուբին, Գոլդը և Մելեչիթը», 1902 թ.
«Կիսամառյա առավոտ», 1908 թ.
«Երեք կողակիցները», 1905 թ.
«Կեսօրյա ջերմություն», 1902 թ.: Սա Թյուքի բնօրինակ աշխատանքներից է, 
որում երկու երիտասարդներ հանգստանում են մի լողափի եզրին: Նրանք,
կարծես թե ամբողջությամբ կլանված են իրենց սեփական աշխարհում:
Նրանք նայում են միմյանց և ոչ թե դեպի մեզ՝ կտավին նայողին, որը սրում
է իրենց միջև մտերիմ, բացառիկ և անորոշ հարաբերության տպավորությունը
«Արևի երկրպագուն», 1904 թ.
«Քնած նավաստին», 1905 թ.
«Կեսօրյա հանգիստը», 1906 թ.
«Արևի տակ պառկողը», 1911
«Չարլին նստած ավազի վրա», 1907
«Կանաչ ջրեր», անհայտ տարեթիվ
«Դեյվիդ Բոնը», 1913
Շարունակությունը >>> ԱՅՍՏԵՂ
__________________________________________________
«Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ» 
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: