Showing posts with label նույնասեռականություն. Show all posts
Showing posts with label նույնասեռականություն. Show all posts

2.9.17

Սքանչելի և առեղծվածային Ուարենի գավաթը


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Ինչ-որ ժամանակ անցյալում՝ մոտավորապես մ.թ. 15-ին, հարուստ մի անձ, ով ապրել է Հռոմեական կայսրության մաս կազմող մերձավորարևելյան կամ փոքրասիական գավառներից մեկում և ազգությամբ, հավանաբար, եղել է հույն, պատվիրել է արծաթե մի գավաթ՝ ճոխ պատյանով: Այդ ժամանակ հարուստ խավերի մոտ տարածված է եղել խնջույքների ժամանակ օգտագործել երկու կողմերում փորագրված արծաթե գավաթներ:

Արհեստավորը, ով իրականացրել է պատվերը, ոգեշնչվել է հունական թեմաներից և ոճից: Գավաթի պատյանի վրա պատկերված երաժշտական գործիքները, ծաղկեպսակները և ծաղկամանները ենթադրում են բարձրակարգ, հելլենիզացված մթնոլորտ, իսկ քանդակված որոշ այլ տարրեր վկայում են հռոմեական ազդեցության մասին: Գավաթը պատրաստվել է 95% մաքուր արծաթե խառնուրդով, որը արծաթե անոթների պարագայում ժամանակին տարածված հռոմեական չափանիշ է եղել:

Այս գավաթի յուրահատկությունը այն է, որ ցուցադրում է նույնասեռական սեքսի երկու բացահայտ տեսարաններ: Ճիշտ է՝ սեռական շփումների տեսարաններ՝ սովորաբար հակառակ սեռի ներկայացուցիչներին ներկայացնող, տարածված են եղել թե՛ հունական և թե՛ հռոմեական կերպարվեստում: Սակայն հռոմեական արծաթեգործական ավանդույթում նույնասեռական սեքսի տեսարանների պատկերումը հազվադեպ է եղել, ինչի արդյունքում որոշ ժամանակակից գիտնականներ կասկածի տակ են դրել գավաթի իսկությունը: 

Ուարենի գավաթ, մեկ երեսը:
Ուարենի գավաթը, մյուս երեսը:
Ուարենի գավաթը, ներքին գավաթը:
Ուարենի գավաթը, կողքերից մեկը:
Չի կարելի բացառել, որ այս հազվադեպության պատճառներից է հանդիսացել նույնասեռական թեմաներով ստեղծագործությունների դիտավորյալ ոչնչացումը ավելի ուշ ժամանակներում՝ հատկապես քրիստոնեության և իսլամի տարածումից հետո, այն շրջաններում, որոնք նախկինում հունական և հռոմեական քաղաքակրթությունների գոտու մաս էին կազմել:

Գավաթի պատմության մասին շատ բան հայտնի չէ, բայց, կարծես թե, սեփականատերեր և վայրեր փոխելուց հետո, ի վերջո, անհետացել է և դարեր շարունակ մնացել է թաղված հողի տակ: 20-րդ դարի սկզբին գավաթը հայտնաբերվել է առաջին դարի հռոմեական մետաղադրամների հետ միասին, Բեթղեհեմի մոտակայքում գտնվող մի գյուղում: Այն գնել է ամերիկացի մեծահարուստ Էդվարդ Փերի Ուարենը (Edward Perry Warren) (1860-1928 թ.) 1911 թ. Հռոմում: Այնուհետև գավաթը անվանակոչվել է սեփականատիրոջ անունով: 

20-րդ դարի ընթացքում այսպես կոչված «Ուարենի գավաթը» (Warren Cup) մի քանի անգամ գնվել և վաճառվել է, մինչև որ Բրիտանական թանգարանը այն գնել է 2.8 մլն դոլարով 1999 թ.: Այսպիսով՝ սքանչելի գավաթը դարձել է Բրիտանական թանգարանի ամենահայտնի իրերից մեկը: 

Ուարենի գավաթը ի սկզբանե ունեցել է երկու ուղղահայաց բռնակներ, որոնք այժմ կորած են: Պատյանի տեսարանները քանդակագործվել են մուրճով և մասմաբ ծածկված են եղել ոսկե շերտով, որոնք այլևս չկան: Գավաթը ունի գրեթե 10 սմ տրամագիծ և 11 սմ բարձրություն:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մի կողմում երևում է մորուքավոր և ծաղկեպսակ կրող մի տղամարդ, ով սեքսում ակտիվ դեր է կատարում, իսկ պասիվ դերում պատկերված է անմազ մի երիտասարդ: Նրանց ոտքերը միահյուսված են: Ակնհայտ է փոխադարձ քնքշության առկայությունը: 

Սեռական ակտը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ: Երիտասարդը, կարծես թե, խրախուսում է տղամարդու ներթափանցումը՝ մի ձեռքով բռնել է նրա ձեռքը և մյուս ձեռքով օգտագործում է մի թոկ կամ ձող: Ի դեպ՝ սեքսի ժամանակ թոկի կամ այլ օժանդակ առարկաների պատկերումը սովորական երևույթ է եղել հին հունական և հռոմեական կերպարվեստում: Այս կոմպոզիցիան լրացնում է երրորդ մի կերպար՝ կարճամազ մի տղա, հավանաբար մի ստրուկ, ով դռանը կանգնած հետևում է սեքսի տեսարանին:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մյուս կողմի կոմպոզիցիան համեմատաբար ավելի պարզ է: Այստեղ ակտիվը անմազ և մկանային մարմնով մի երիտասարդ է, ով նաև կրում է ծաղկեպսակ: Իսկ պասիվը մի պատանի է, ով, կարծես թե, մարմինը իջեցնելով աշխատում է հեշտացնել երիտասարդի ներթափանցումը:

Գավաթի ներքին մասում կա մի այլ պատկերի հետք, որը ժամանակի ընթացքում մաշվել և անտեսանելի է դարձել:

Մորուքավոր տղամարդը, երկու երիտասարդները և պատանին պատկերված են Հռոմի Օգոստոս կայսրի (30 մ. թ.ա. - 14 մ.թ.) շրջանին բնորոշ գեղարվեստական ոճով: Ի դեպ՝ սեքսի երկու տեսարանները պատկերված են անկողնում, որը ի տարբերություն հունական ավանդույթի, տարածված է եղել հռոմեական կերպարվեստում:

Հռոմեական այս փորագրված արծաթե գավաթը իր
մերկ տղամարդ կերպարներով  հիշեցնում է Ուարենի
գավաթը: Այն հայտնաբերվել է 1920 թ. Դանիայի Հոբի
գյուղում, հարուստ մի մարդու՝ գանձերով լի
գերեզմանում: Հավանաբար Հռոմեական
կայսրությունից նվեր է եղել տեղական իշխանին:





16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Պատմության մեջ շատ են եղել իշխողներ, որոնք համարվել են նույնասեռական կամ երկսեռական: Նրանց սեռական կյանքը, սակայն, մնացել է անորոշ և քողարկված, ենթակա ենթադրությունների ու ասեկոսեների, իսկ լավագույն դեպքերում իրականությունը արձանագրել են այլ մարդիկ: Մի քանիսը, սակայն, ունեցել են խիզախություն՝ հրապարակայնորեն և բացահայտորեն դրսևորելու իրենց կողմնորոշումը, ինչպես՝ Հադրիանոսը (ըստ որոշ աղբյուրների՝ Ադրիանոս), Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով եղել է կայսր 117-138 թթ.:

Վաղ տարիներ

Հադրիանոսը (Publius Aelius Traianus Hadrianus) ծնվել է իտալա-իսպանական ազնվական մի ընտանիքում 76 թ.: 10 տարեկան հասակում կորցրել է իր ծնողներին, որից հետո նրա խնամակալն է դարձել իր ազգական՝ ապագա կայսր Տրայանոսը: Կրթության տարիներին նա սովորել է այն առարկաները, որոնք սովորաբար սովորել են ժամանակի ազնվական երեխաները, սակայն նա բարձր է գնահատել հունական գրականությունը: 19 տարեկանում Հադրիանոսը սկսել է իր ռազմական կարիերան և ուղարկվել է տարբեր գավառներ, այդ թվում՝ Մակեդոնիա և Գերմանիա: Վեց տարի անց նա դարձել է Սենատի անդամ և ընդգրկվել է կայսրի ներքին շրջապատում: Նա շարունակել է ծառայել հռոմեական բանակում և մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Դակիայի և Սիրիայի արշավանքներին: Նրա քաղաքական կարիերան շրջադարձային առաջընթաց է արձանագրել կայսրի ազգական Վիբիա Սաբինայի հետ ամուսնությունից հետո, 100 թ.:

Սաբինայի հետ ամուսնությունը անհաջող է եղել: Չկան հավաստի ապացույցներ, որ Հադրիանոսը անկեղծորեն հետաքրքրված է եղել կանանցով, ի տարբերություն վկայությունների՝ ի շահ երիտասարդների:

Հադրիանոսի կիսանդրին, բրոնզից, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ:
Գահակալություն

Հադրիանոսը 41 տարեկան է եղել, երբ նրան հաջողվել է հաջորդել Տրայանոսին: Ի տարբերություն Տրայանոսի աշխարհակալական քաղաքականության, որը կայսրությանը շարունակ ներքաշել էր պատերազմների մեջ, Հադրիանոսը որդեգրել է համախմբման և համերաշխության մոտեցում: Իր թագադրությունից մի քանի ժամ անց նա հրահանգել է նահանջել դրանից կարճ ժամանակ առաջ նվաճված Միջագետքից, Ասորեստանից և Հայաստանից: Նա նախընտրել է այլ երկրների հետ վարել խաղաղ բանակցություններ, կայսրությունը պաշտպանել հարևան ազգերից՝ կառուցելով ամրոցներ և պարիսպներ, և ամրապնդել կայսրությունը կազմող ազգերի ներդաշնակ համակեցությունը:

«Հադրիանոսի պատնեշ»-ի մնացորդները պահպանվել
են մինչև մեր օրերը, հյուսիսային Անգլիա:
Հադրիանոսը հովանավորել է արվեստները և ճարտարապետությունը: Նա մայրաքաղաքում վերականգնել կամ կառուցել է բազմաթիվ կոթողներ, ինչես՝ փառահեղ Պանթեոն տաճարը: Կայսրության տարածքում բարեկարգել է քաղաքները, հիմնել է գրադարաններ, ջրատարներ, բաղնիքներ, տաճարներ և թատերասրահներ: Իր համար կառուցել է հրաշալի Տիվոլի վիլլան Հռոմի մոտ (այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր):

Կայսրը սիրել է փիլիսոփայությունը և գրել է բանաստեղծություններ լատիներենով, ինչպես նաև հուներենով (որոնցից մի քանիսն են մեզ հասել): Որպես հունասեր՝ նա հանդես է եկել մորուքով, որն այնքան է տարածվել ազնվականության մեջ, որ իրեն հաջորդող կայսրերի մեծ մասը պահել է մորուք:

Հիմնականում ոգեշնչվելով հույն փիլիսոփաներից՝ Հադրիանոսը մի շարք որոշումներ է կայացրել՝ ի նպաստ սոցիալական արդարության: Նա մեղմացրել է ստրկատիրական կարգերը՝ ստրկատերերը կորցրել են իրենց ստրուկներին սպանելու իրավունքը, արգելվել է ստրուկների վաճառքը գլադիատոր մարզիչներին, արգելվել է խոշտանգումը, վերացվել է ստրուկների համար մասնավոր բանտերի գործունեությունը և արգելվել է ամորձատումը բոլորի համար (ազատ քաղաքացի և ստրուկ): Նա հիմնել է կայսրության առաջին մասնագիտացված իրավական վարչությունը և ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը: Շատ պատմաբաններ նրան համարում են իմաստուն և արդար մի մարդ, խաղաղության և բարգավաճման կայսր:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

24.7.17

Նույնասեռական շփումները՝ պատկերված հին հունական խեցագործության արվեստում, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 1-ին


Որոշ հին հունական խեցեգործական իրերի նկարներ, որոնք մոտավորապես 2500 տարի առաջ են արվել, ցուցադրում են նույնաասեռ սեքսի այնպիսի տեսարաններ, որ նույնիսկ ժամանակակից պոռնո կինոնկարահանողները կդժվարանային պատկերացնել: Որոշ այլ նկարներ ցույց են տալիս մասամբ սովորական նույնասեռական շփումներ, ինչպիսիք են՝ խնջույքի և առօրյա կյանքի տեսարանները: 


1. Նույնասեռականության ամենավաղ պատկերման հետքերը

Որմնանկարչության, քանդակագործության, դրամատիկ արվեստի, երգերի և գրականության հետ միասին խեցեգործությունը Հին Հունաստանում օգտագործվել է՝ պատկերելու և նկարագրելու սեքսի տարբեր տեսակներ ու սեռականության դրսևորումներ (նույն կամ հակառակ սեռերի, մաստուրբացիա և այլն): Հունական քաղաքակրթությունը, ինչպես և շատ այլ վաղ մշակույթներ, սեռական ակտը կապել է գերբնական ուժերի հետ և, հետևաբար, սեքսը ոչ միայն տաբու չի համարել, այլև նույնիսկ այն միահյուսել է կրոնական համոզմունքների եւ հոգևոր կյանքի հետ:

Այն ժամանակ խեցեղենը կարևոր դեր է ունեցել մարդկային կյանքում՝ օգտագործվելով ուտելու, խմելու և տարբեր նյութեր պահելու և պաշարելու համար: Այն կաթսաները և սկահակները, որոնք պատրաստվել են վերին դասերի համար, սովորաբար զարդարվել են նուրբ և ընտիր նախշերով և պատկերներով, ինչպիսիք են՝ երկրաչափական ձևավորումները, կենդանիները, բույսերը և մարդկային կերպարները: Իսկ վարպետ խեցեգործները աշխատացրել են օգնականներ և աշակերտների խմբեր և նրանցից որոշները վայելել են նույնքան հարգանք ու համբավ, որքան հայտնի քանդակագործները և գեղանկարիչները:


Նույնասեռական շփումների իրավիճակներով արական սեռի կերպարները սկսել են հայտնվել և տարածվել մ.թ.ա. 6-րդ դարում: Այս խեցեգործական նկարները համարվում են նույնասեռական հարաբերությունների ամենավաղ պատկերման հետքերը մարդկության պատմության մեջ: Այդ նկարների մեծ մասը պարզապես ներկայացրել են առօրյա կյանքից տեսարաններ, որոշները ավելի շատ սեռական բնույթ են կրել, քան մյուսները: Որոշները պատկերել են պատմական դեմքեր, ինչպիսիք են՝ սիրեկաններ Աքիլեսը և Պատրոկլուսը տրոյական պատերազմի ընթացքում, մի քանիսը պատկերել են դիցաբանական պատմություններին հղող տեսարաններ, ինչպիսիք են՝ Զևս աստծո սերը գեղեցիկ Գանիմեդի նկատմամբ:


Դիցաբանություն և պատմություն  >>>

Գանիմեդը, մ.թ.ա. մոտ 500թ., Լուվր թանգարան, Փարիզ:
Զևսը և Գանիմեդը, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:
Զևսին և Գանիմեդին պատկերող մեկ այլ նմուշ:
Դիցաբանական դեմքեր, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:
Աքիլեսը և Պատրոկլուսը, մ.թ.ա. մոտ 500թ., Պերգամոն թանգարան, Բեռլին:
Աքիլեսը (առանց մորուք կերպարը) վիրակապում է Պատրոկլուի ձեռքը:

Խնջույքներ և խրախճանքներ (սիմպոզիում)  >>>


Մերկ երիտասարդը խրախճանքի մասնակցողի համար սինգ է նվագում,
մ.թ.ա. 460-450թթ. , Լուվր թանգարան, Փարիզ:













Շարունակությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

_________________________________________________________________
«Նույնասեռական շփումները՝ պատկերված 
հին հունական խեցագործության արվեստում»
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ

6.7.17

Միքելանջելո, Սոնետ 1


Միքելանջելո Բուոնարոթթի

Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար

(1531-1547 թթ. ժամանակաշրջան)

Տեսնում եմ մեղմ մի լույս, ձեր աչքերով չքնաղ,
Որ անկարող եմ տեսնել, աչքերովս կույր:
Կրում եմ բեռ, հենված ձեր ոտքերին ամուր
Որ ծանր է տանել, ոտքերիս վրա կաղ:

Փետրահան, ձեր թևերին ելած եմ ես թռչում,
Ձեր հոգով մղվում դեպի երկինք, շարունակ:
Կարմրած կամ սփրթնած, ես ձեր կամքի հպատակ,
Ցրտահար՝ արևի տակ, այրված՝ ցրտաշունչ մշուշում:

Ցանկությունս ամփոփվում է ձեր կամքում,
Մտքերս ծնվում են ձեր սրտում,
Խոսքերս հնչում են ձեր շնչում աննման:
Միայնակ ու լքված, նման եմ լուսնին անփայլ,
Որն երկնքում անկարող է երևալ,
Քանի դեռ արևը չի սփռել իր լույսը նրան:



Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Նա իր սիրեցյալին գրել է հետևյալ քառյակը, որում ևս մեկ անգամ արտահայտել է իր կրակոտ սերը և սրտնեղվածությունը նրա անտարբերության նկատմամբ՝

Վառվել եմ մի պաղերեսի բոցից, 
(Որն) ինձ այրում է հեռվից, ինքը՝ մնում սառցային: 
Ուժ եմ զգում գրկել բազուկները բարեձև, 
Որոնք անշարժ՝ տատանում են ողջ կայունությունն իմ:

Որպես պատասխան, նա ստացել է հետևյալը՝ «Երդվում եմ վերադարձնել Ձեր սերը: Ես երբեք ոչ ոքի չեմ սիրել ավելի շատ, քան Ձեզ և երբեք ոչ մեկի հետ չեմ ցանկացել բարեկամություն անել ավելի շատ, քան Ձեր հետ»:

Սրանք ժամանակակից արևմտյան պատմության մեջ կազմում են սիրային բանաստեղծությունների և նամակագրության առաջին ծավալուն շարքը երկու տղամարդկանց միջև՝ Միքելանջելոյի և Կավալիերիի:

Լեոնարդո դա Վինչիի և Ռաֆայելի հետ միասին, Միքելանջելոն համարվում է Վերածննդի երեք հսկաներից մեկը: Նա նոր շունչ է հաղորդել գեղանկարչությանը, քանդակագործությանը և ճարտարապետությանը: Եղել է նաև բանաստեղծ: Միքելանջելոն աննախադեպ ազդեցություն է թողել արևմտյան արվեստի զարգացման վրա: Նրա մի շարք նկարչական, քանդակագործական և ճարտարապետական գործերը դասվում են աշխարհի առավել հայտնի և սիրված գործերի շարքը: Արդեն իսկ իր կենդանության օրոք սրանք ճանաչվել են որպես գլուխգործոցներ:

Կենդանության ժամանակ փառքի հասնելու կողմնակի ազդեցություններից է եղել այն, որ իր կյանքը ավելի լիարժեք է փաստագրվել, քան Վերածննդի որևէ այլ արվեստագետի: Միքելանջելոյի համբավը հանգեցրել է նաև նրան, որ իր շրջապատը անհամար բաներ է պահպանել,  այդ թվում՝ հարյուրավոր նամակներ, գծանկարներ և բանաստեղծություններ: Մեզ հայտնի են դարձել իր ուղարկած ավելի քան 480 նամակները, 800 իրեն հասցեագրված նամակները և իր ձեռագրած ավելի քան 300 բանաստեղծություններ: Այս ծավալուն գրական ժառանգությունը լույս է սփռում նրա անձնական կյանքի և հուզական աշխարհի վրա:

Լորենզո դե Մեդիչի, Ագնոլո դի Կոսիմո,
Մեդիչի-Րիկարդի պալատ, Ֆլորենցիա:
Վաղ կյանք

Միքելանջելո Բուոնարոթթին (Michelangelo di Lodovico Buonarroti Simoni) ծնվել է 1475թ. մարտի 6-ին, Ֆլորենցիայի մոտ գտնվող Կափրեզե գյուղում (ներկայիս՝ Կափրեզե Միքելանջելո), որտեղ իր հայրը եղել է դատավոր: Ծնունդից մի քանի շաբաթ անց ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա: Իր մոր մահից հետո, երբ նա ընդամենը 6 տարեկան է եղել, Միքելանջելոն մի որոշ ժամանակ ապրել է մի դայակի և նրա ամուսնու հետ, ով քարտաշ է եղել: Այդ պահին նրա մեջ առաջացել է սեր մարմարի հանդեպ:

1488 թ. Միքելանջելոն սկսել է իր ֆորմալ կրթությունը, սակայն, մեծ հետաքրքրություն չի դրսևորել իր դասընթացների հանդեպ՝ նախընտրելով իր ժամանակը անցկացնել եկեղեցական կտավներ պատճենելով: Այդ նույն տարում նա որպես աշակերտ ընդունվել է նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի (Domenico Ghirlandaio, 1449-1494 թթ.) արվեստանոցում: 

Հաջորդ տարի Ֆլորենցիայի իշխանավոր Լորենզո դե Մեդիչին (Lorenzo de Medici, 1449-1492 թթ.) խնդրել է Գիրլանդայոյից առաջարկել իր երկու լավագույն աշակերտներին: Միքելանջելոն երկու ընտրվածներից մեկն է եղել: Հաջորդող 2-3 տարիների ընթացքում Միքելանջելոն հաճախել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիա» (Accademia neoplatonica) Մեդիչիների դղյակում:

Հակադիր տեսակետների հորձանուտում

15-րդ դարի վերջին տասնամյակը թեժ լարվածության պահ է եղել Ֆլորենցիայում, երբ երկու հակադիր շարժումներ բախվել են իրար:

Մի կողմում «Վերածնունդ» կոչված հիմնարար վերափոխումների շարժումն է եղել: Ֆլորենցիան գեղարվեստական, տեխնոլոգիական և գիտական զարթոնքի այն բնօրրան է եղել, որտեղ հայտնաբերվել և վերագնահատվել են դասական հունական ժառանգությունը, այդ թվում` գեղարվեստը և փիլիսոփայությունը: Վերածննդի փիլիսոփայությունը՝ Հումանիզմը, ապավինել է անհատի մտավոր ներուժին և կասկածի տակ դրել մի շարք միջնադարյան կրոնական դոգմաներ: Որպես հետևանք՝ հսկայական նորամուծություններ են ձեռք բերվել մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, ճարտարապետության և կերպարվեստի բնագավառներում: Այս նվաճումները իրականացել են շնորհիվ իշխող Մեդիչի (Medici) ընտանիքի առատաձեռն ֆինանսավորման և քաղաքում գերակշռող մշակույթի, որի տարրերից են եղել հանդուրժողականությունը, ազատ փորձարկումը և գիտական հետազոտությունը: 

Մեդիչի ընտանիքը հիմնադրել է «Պլատոնական ուսմունքի ակադեմիան»: Սա կրթական և ստեղծագործական աշխատանքների մի ոչ ֆորմալ կենտրոն է եղել, որը Մարսիլիո Ֆիչինոյի (Marsilio Ficino, 1433-1499 թթ.) գլխավորությամբ համախմբել է մեծ թվով Վերածննդի գիտնականների և արվեստագետների:

Դասական հունական ժառանգության վերահայտնաբերման և վերագնահատման գործընթացքում ակադեմիայի ղեկավարները վերահայտնաբերել են հունական դիցաբանության և փիլիսոփայության այն տարրերը, որոնք փառաբանել էին արական գեղեցկությունը և երկու տղամարդկանց միջև սերը՝ որպես ավելի վեհ մակարդակ և մտավոր կարողություններ ունեցող հարաբերություններ, քան թե հակառակ սեռերի միջև կապերը, որը համարել են ընդամենը վերարտադրության անհրաժեշտություն:

Ի թիվս հույն այլ փիլիսոփաների՝ Պլատոնը արժանացել է հատուկ ուշադրության, և իր «Երկխոսություն» գիրքը թարգմանվել է լատիներեն: Ի տարբերություն որոշ այլ փիլիսոփաների՝ Պլատոնը վաղ շրջանի իր ստեղծագործություններում փառաբանել է երկու տղամարդկանց միջև սերը (մեկը հասուն, մյուսը՝ երիտասարդ), որպես գեղագիտական և խորը հոգևոր կապ՝ բացառելով ցանկասիրությունը և մարմնական ու էրոտիկ հարթությունները (այսպես կոչված՝ «պլատոնական սեր»): Ակադեմիայի առաջնորդները փորձել են հաշտեցնել Պլատոնի մոտեցումները քրիստոնեական սկզբունքներին. նրանք երկրպագել են արական գեղեցկությունը որպես Աստծո նվեր, որը արտացոլել է Աստծո գերագույն փառքը:

«Ջիրոլամո Սավոնարոլայի դիմանկարը»,
Մորեթթո դա Բրիսշիա, 1524 թ.:
Մյուս կողմում եղել է արմատական կրոնական մի շարժում, որը գլխավորել Ջիրոլամո Սավոնարոլա (Girolamo Savonarola, 1452-1498 թթ.) անունով մի հոգևորական: Այս շարժումը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու մեջ կոռուպցիան, իշխող էլիտայի հարստությունը և շքեղ ապրելակերպը և քաջալերել է շատ պարզ ապրելակերպ և խիստ կրոնական բարոյական արժեքներ: Այն, բնականաբար, դեմ է եղել Վերածննդի աշխարհիկ «հեթանոսական արվեստին»: Իրենց հիմնական թեմաներից է եղել պայքարն ընդդեմ ամուսնությունից դուրս ցանկացած սեռական շփման, սոդոմականության և նույնասեռականության, որոնք տարածված են եղել քաղաքում:

Երիտասարդ Միքելանջելոն ենթակա է եղել այս երկու հոսանքների ազդեցությանը: 15 տարեկան հասակում նա հաճախ է եղել Լորենզո դե Մեդիչիի տանը, որտեղ նրան վերաբերվել են գրեթե որդու նման և նրան հնարավորություն են տվել շփվելու նշանավոր հումանիստների հետ: Այստեղ, նա յուրացրել է հունական անտիկ գեղարվեստը և դիցաբանությունը և ժամանակի իդեալականացված էրոտիկ տեսությունները: Սակայն նա ազդվել է նաև Սավոնարոլայի կրակոտ ելույթներից: Միքելանջելոն իրեն համարել է բարեպաշտ կաթոլիկ՝ լիովին ընդունելով քրիստոնեության մեջ ընդունված մեղք հասկացությունը: 

Ինչպե՞ս է Միքելանջելոն կարողացել լուծել այդ հակասությունները: Նա ենթադրել է, որ պատասխանը գտել է Պլատոնի մեջ՝ մի փիլիսոփա, ով ոչ միայն խրախուսել է տղամարդկանց միջև սերը, այլ այն դասել է որպես անգերազանցելի արժեք, իսկ զուգահեռաբար պահանջել է ամուրիություն, որը համահունչ է եղել կաթոլիկ ուսուցման որոշ դրվագների հետ: Միքելանջելոն փորձել է իր անձնական կյանքում հաշտեցնել և համադրել այդ երկու մոտեցումները: Սակայն, ինչպես ավելի ուշ կտեսնենք, նա չի կարողացել ընդմիշտ պահպանել ներքին իր հակասությունների հավասարակշռությունը և լիովին զսպել իր կողմնորոշումը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

25.4.17

Սերիալ >>> «Գրեյսն ու Ֆրենքին»


ՍԵՐԻԱԼ
Գրեյսն ու Ֆրենքին / Grace & Frankie / Грейс и Фрэнки
ՌԵԺԻՍՈՐ
Թեյթ Թեյլոր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Մարթա Քաոֆմեն և Հովարդ Մորիս
ՏԱՐԵԹԻՎ
2015 – 2017 (3 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
39 (13 + 13 + 13)

Այս սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է Գրեյսի (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենքիի (Լիլի Թոմլին) կյանքն ամբողջությամբ փոփոխվում, երբ նրանց ամուսինները տեղեկացնում են, որ սիրահարված են միմյանց և որոշել են ապրել միասին: Գրեյսն ու իր ամուսին Րոբերթը (Մարթին Շին) և Ֆրենքին ու իր ամուսին Սոլը (Սեմ Վաթսոն) տարիներ ի վեր մտերիմ ընկերներ են եղել, այն աստիճան, որ միասին ձեռք են բերել մի լողափյա արձակուրդային առանձնատուն, որը կիսում են հանգստյան օրերին: Նրանց երեխաները մեծացել են միասին և նրանք նաև շատ մտերիմ ընկերներ են:

Սա «գեյ հեռուստասերիալ» չէ և, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է երկու կին կերպարների վրա: Գրեյսը և Ֆրենքին, ովքեր իրենց վաղ 70-ական հասակում են և ունեն երեխաներ ու թոռներ, հանկարծ կռահում են, որ պետք է սկսել նոր կյանք՝ ապավինելով և աջակցելով միմյանց, թեև նրանք շատ տարբեր անհատականություններ են: Ծերացումից բխող բազմազան մարտահրավերները և երկընտրանքները, հատկապես կանանց պարագայում, կազմում են այս հեռուստասերիալի կենտրոնական թեման:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Վերջին հնարավորությունը»

Ի դեպ, հենց ծերացումն է հիմնական շարժիչ ուժը, որը որոշիչ է դառնում երկու նախկին ամուսինների քայլի համար: Նրանք ևս իրենց վաղ 70-ականներում են և զգում են, որ իրենց իսկական երջանկության «վերջին հնարավորության» դիմաց են կանգնած: Երկու նախկին ամուսինները գործընկեր իրավաբաններ են, ովքեր մասնագիտացած են ամուսնալուծության օրենքում: Երկար տարիներ գաղտնի հարաբերություններ վարելուց հետո նրանք, հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակությունն առաջընթացք է ապրել և լայնորեն ընդունել է նույնասեռականությունը, այլևս անիմաստ են համարում իրենց սերը գաղտնի պահելը:



Սերիալի առաջին սեզոնը հիմնականում ընդգրկում է երկակի բաժանումները և ապահարզանները և դրանց հաջորդող ցնցումներն իրենց ընտանիքների և ընկերների շրջանակներում: Մենք ականատես ենք բազմաթիվ հակամարտությունների և շփոթությունների մի սերիալի շրջանակում, որը հիմնականում կատակերգություն է: 

Հանգամանքները երկրորդ սեզոնում ավելի խաղաղ և հանդարտ են: Գրեյսն և Ֆրենքին փորձում են վերակառուցել իրենց կյանքը, մինչդեռ իրենց նախկին ամուսիններն ամրապնդում են իրենց հարաբերությունները և որոշում են ամուսնանալ: 

Երրորդ սեզոնում, բոլոր գլխավոր հերոսներն առերեսվում են մի շարք հետաքրքիր մարտահրավերների իրենց կարիերային հարթակներում: Ընդհանուր առմամբ, սերիալի երկրորդ և երրորդ սեզոնները շատ ավելի հաջողված են, քան առաջինը:



Լուրջ թեմաներ, զվարճալի ձևաչափ

Այս հեռուստասերիալը զվարճալի է և սովորաբար շատ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ: Ճիշտ է՝ կերպարները մասամբ կարծրատիպային են և, հետևաբար, պատմությունը երբեմն ձանձրալի է դառնում: Սակայն անչափ տաղանդավոր և թրծված չորս դերասանները կարողանում են հաղթահարել իրենց կարծրատիպային կերպարները: 

Սերիալը քննարկում է ծերացման հետ կապված բազմաթիվ առանցքային թեմաներ, ինչպիսիք են մենակությունը, սերը, բարեկամությունը, հիվանդությունը, ֆիզիկական քայքայումը, կենսաթոշակի անցնելը, ինչպես նաև որոշ տաբու թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը և սեփական կյանքը դադարեցնելու իրավունքը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

16.4.17

Սերիալ >>> «Կարիճի համբույրը» - Փաուլոն և Միգելը


 ՍԵՐԻԱԼ
 Կարիճի համբույրը - Փաուլոն և Միգելը

  / The Kiss of the Scorpion, Paulo and Miguel

  / История Пауло и Мигеля
 ՌԵԺԻՍՈՐ
 Հյուգո դե Սուսա
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Անտոնիո Բառեիրա և Ժաո Մաթոս
 ՏԱՐԵԹԻՎ
 2014 (1 սեզոն)
 ԵՐԿԻՐ
 Պորտուգալիա
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
 34

Փաուլոն և Միգելը երկու երկրորդպլանի կերպարներ են «Կարիճի համբույրը» կոչված մի պորտուգալական հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 2014 թ.: Սերիալը բաղկացած է եղել 194 էպիզոդներից: 

Սերիալի հիմնական կերպարները երկու կանայք են, որոնք ապրում են Լիսաբոնում, և մի օր պարզվում է, որ քույրեր են: Այդ պահից սկսած նրանք մտնում են մշտական հակամարտության մեջ: Երկուսից մեկը՝ Ռիտան, բարի և մեծահոգի կին է, ով ցանկանում է քրոջը ներառել իր երջանիկ ընտանեկան կյանքում, սակայն, քույրը՝ Ալիսը, չար է և ցանկանում է ունենալ Ռիտայի կյանքը, նրա հարստությունը և նույնիսկ նրա ամուսնուն՝ Ֆերնանդոյին: 

Այստեղ ներկայացված հատվածները, սակայն, ուղղակիորեն չեն առնչվում այդ երկու հերոսների հետ և ներառում են միայն սերիալի այն դրվագները, որոնք վերոհիշյալ երկու տղամարդ կերպարների բարեկամության մասին են (վերակազմավորված 34 էպիզոդով):

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Երկու օդաչուներ, որոնք թռչում են չափազանց հեռու

Փաուլոն (Փեդրո Կարվալյո) և Միգելը (Դուարթե Գոմես) երկու օդաչուներ են, որոնք աշխատում են մի մասնավոր ավիաընկերության համար: Նրանք հաճախ թռչիքներ են իրականացնում միասին: Փաուլոն ծպտյալ նույնասեռական է և գաղտնի շփվում է մի ամուսնացած տղամարդու հետ: Սակայն նա ձևացնում է, որ սիրային հարաբերությունների մեջ է մի կնոջ հետ՝ թաքցնելով իր սեռական կողմնորոշումը բոլորից, բացառությամբ իր քրոջից՝ Թերեզայից և իր ընկեր Լեոից: Նրա գաղնապահության պատճառներից մեկը իր տնօրենն է, ով ատում է նույնասեռականերին և աշխատանքից ազատում է ցանկացած մեկին, ով բացահայտվում է որպես գեյ:



Փաուլոն իր սեռական կողմնորոշումը թաքցնում է նաև Միգելից, քանի որ Միգելը թունդ հոմոֆոբ է: Այնուամենայնիվ նրանք շատ մտերիմ ընկերներ են։ Միգելը մաչո և կնամոլ տղամարդ է, ով, որպես ապացույց իր առնականության, կապ է պահում միաժամանակ մի քանի կանանց հետ: Փաուլոյի և Միգելի բարեկամությունը և առհասարակ կյանքը ամբողջովին փոխվում են մի գիշեր, երբ նրանք խմում-հարբում են, որից հետո կատարվում է այն, ինչն անցում է սովորական բարեկամության սահմանները: Այդ գիշերվա դեպքերին հաջորդող լարվածությունը և հակամարտությունը տևում է շուրջ 12 էպիզոդ, մինչև հարցերը պարզվում են երկու հերոսների համար: Իսկ մնացած 22 էպիզոդներում ներկայացվում են մի շարք նոր և բարդ մարտահրավերներ, որոնց բախվում են նրանք:



Հետաքրքիր և զվարճալի

Հետաքրքրական է, որ սերիալի հեռարձակումից ի վեր Փաուլոյի և Միգելի պատմությունը այնքան է հայտնի դարձել, որ ստվերել է հիմնական սերիալը և նրա պատմությունը: Երկու դերասանները, ովքեր Պորտուգալական հեռուստաեթերի աստղեր են, շատ գեղեցիկ և գրավիչ տղամարդիկ են և իրենց դերերը գերազանց են կատարում: 

Ճիշտ է՝ որոշ էպիզոդներ զարգանում են չափազանց դանդաղ և, հետևաբար,  մի քիչ ձանձրալի են, բայց, ընդհանուր առմամբ, Փաուլոյի և Միգելի պատմությունը հետաքրքիր է և զվարճալի: Նրանց բարեկամությունը զարգանում է շատ անսպասելի և մասամբ անհավանական ձևով, բայց անհավանական իրադարձությունները տարածված ձևաչափ են «տելենովելա» կարգի ռոմանտիկ հեռուստասերիալներում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԼՈՒՍԱԳՐԵՐՈՎ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>



ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԼՈՒՍԱԳՐԵՐՈՎ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


8.4.17

Սերիալ >>> «Բանան», մաս 1-ին՝ 2-ից


 ՍԵՐԻԱԼ 
Բանան / Banana / Банан
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ռասել Թ Դեյվիս
 ՏԱՐԵԹԻՎ
 2015 (1 սեզոն)
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
 8

Այս հեռուստասերիալը կարելի է «Վարունգ» սերիալի փոքր քույրը համարել: Սրա հեղինակը ևս Ռասել Թ Դեյվիսն է: Այն հեռարձակվել է «Վարունգ» սերիալին զուգահեռ և ներառել է նրա երիտասարդ կերպարներին, որոնք հիմնականում «Վարունգ»-ում ունեն երկրորդական նշանակություն (Ֆրեդին, Դինը, և այլն), ինչպես նաև ներկայացրել է մի քանի նոր կերպարներ:

Ի տարբերություն «Վարունգ» սերիալի, սակայն, «Բանան»-ը չունի շարունակական պատմություն. յուրաքանչյուր էպիզոդ ինքնաբավ  է (ունի ուրույն պատմություն):

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Արդի ԼԳԲՏ երիտասարդների անթալոգիա

«Բանան»-ը ժամանակակից ԼԳԲՏ երիտասարդների մասին է, ովքեր ապրում են Մանչեսթեր քաղաքում (Միացյալ Թագավորություն) և փնտրում են երջանկություն: Յուրաքանչյուր էպիզոդում տեսնում ենք մի լեսբուհի, գեյ կամ տրանսգենդեր կերպար, ով պատրաստվում է ինչ-որ ծանոթության և հանդիպման: Այս հանդիպումները լինում են կամ ռոմանտիկ (սովորաբար լեսբուհի կերպարների պարագայում) կամ սեքսային (գեյ կերպարների դեպքում): Ի դեպ, ցանկացած կերպարի սեռական կողմնորոշումը երբեք սյուժեի հիմնական հարցը չի դառնում. այն տրված իրողություն է՝ ի թիվս այլոց, և անհետանում է՝ փոխարինվելով ավելի կամ պակաս լուրջ թեմաներով:

Հարկ է նշել, որ այս սերիալի բոլոր կերպարները գրավիչ են և սքանչելի: Նրա 4-րդ էպիզոդում, բրիտանական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ, մի տրանսգենդեր դերասան (Բեթանի Բլեքը) մարմնավորում է տրանսգենդեր կերպարի (Հելենին):

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
KINOKRAD
KINOPROFI


___________________________________________________________
«Բանան» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ