25.4.17

Սերիալ >>> «Գրեյսն ու Ֆրենքին»


ՍԵՐԻԱԼ
Գրեյսն ու Ֆրենքին / Grace & Frankie / Грейс и Фрэнки
ՌԵԺԻՍՈՐ
Թեյթ Թեյլոր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Մարթա Քաոֆմեն և Հովարդ Մորիս
ՏԱՐԵԹԻՎ
2015 – 2017 (3 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
39 (13 + 13 + 13)

Այս սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է Գրեյսի (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենքիի (Լիլի Թոմլին) կյանքն ամբողջությամբ փոփոխվում, երբ նրանց ամուսինները տեղեկացնում են, որ սիրահարված են միմյանց և որոշել են ապրել միասին: Գրեյսն ու իր ամուսին Րոբերթը (Մարթին Շին) և Ֆրենքին ու իր ամուսին Սոլը (Սեմ Վաթսոն) տարիներ ի վեր մտերիմ ընկերներ են եղել, այն աստիճան, որ միասին ձեռք են բերել մի լողափյա արձակուրդային առանձնատուն, որը կիսում են հանգստյան օրերին: Նրանց երեխաները մեծացել են միասին և նրանք նաև շատ մտերիմ ընկերներ են:

Սա «գեյ հեռուստասերիալ» չէ և, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է երկու կին կերպարների վրա: Գրեյսը և Ֆրենքին, ովքեր իրենց վաղ 70-ական հասակում են և ունեն երեխաներ ու թոռներ, հանկարծ կռահում են, որ պետք է սկսել նոր կյանք՝ ապավինելով և աջակցելով միմյանց, թեև նրանք շատ տարբեր անհատականություններ են: Ծերացումից բխող բազմազան մարտահրավերները և երկընտրանքները, հատկապես կանանց պարագայում, կազմում են այս հեռուստասերիալի կենտրոնական թեման:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Վերջին հնարավորությունը»

Ի դեպ, հենց ծերացումն է հիմնական շարժիչ ուժը, որը որոշիչ է դառնում երկու նախկին ամուսինների քայլի համար: Նրանք ևս իրենց վաղ 70-ականներում են և զգում են, որ իրենց իսկական երջանկության «վերջին հնարավորության» դիմաց են կանգնած: Երկու նախկին ամուսինները գործընկեր իրավաբաններ են, ովքեր մասնագիտացած են ամուսնալուծության օրենքում: Երկար տարիներ գաղտնի հարաբերություններ վարելուց հետո նրանք, հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակությունն առաջընթացք է ապրել և լայնորեն ընդունել է նույնասեռականությունը, այլևս անիմաստ են համարում իրենց սերը գաղտնի պահելը:



Սերիալի առաջին սեզոնը հիմնականում ընդգրկում է երկակի բաժանումները և ապահարզանները և դրանց հաջորդող ցնցումներն իրենց ընտանիքների և ընկերների շրջանակներում: Մենք ականատես ենք բազմաթիվ հակամարտությունների և շփոթությունների մի սերիալի շրջանակում, որը հիմնականում կատակերգություն է: 

Հանգամանքները երկրորդ սեզոնում ավելի խաղաղ և հանդարտ են: Գրեյսն և Ֆրենքին փորձում են վերակառուցել իրենց կյանքը, մինչդեռ իրենց նախկին ամուսիններն ամրապնդում են իրենց հարաբերությունները և որոշում են ամուսնանալ: 

Երրորդ սեզոնում, բոլոր գլխավոր հերոսներն առերեսվում են մի շարք հետաքրքիր մարտահրավերների իրենց կարիերային հարթակներում: Ընդհանուր առմամբ, սերիալի երկրորդ և երրորդ սեզոնները շատ ավելի հաջողված են, քան առաջինը:



Լուրջ թեմաներ, զվարճալի ձևաչափ

Այս հեռուստասերիալը զվարճալի է և սովորաբար շատ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ: Ճիշտ է՝ կերպարները մասամբ կարծրատիպային են և, հետևաբար, պատմությունը երբեմն ձանձրալի է դառնում: Սակայն անչափ տաղանդավոր և թրծված չորս դերասանները կարողանում են հաղթահարել իրենց կարծրատիպային կերպարները: 

Սերիալը քննարկում է ծերացման հետ կապված բազմաթիվ առանցքային թեմաներ, ինչպիսիք են մենակությունը, սերը, բարեկամությունը, հիվանդությունը, ֆիզիկական քայքայումը, կենսաթոշակի անցնելը, ինչպես նաև որոշ տաբու թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը և սեփական կյանքը դադարեցնելու իրավունքը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

No comments: