2.9.17

Սքանչելի և առեղծվածային Ուարենի գավաթը


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Ինչ-որ ժամանակ անցյալում՝ մոտավորապես մ.թ. 15-ին, հարուստ մի անձ, ով ապրել է Հռոմեական կայսրության մաս կազմող մերձավորարևելյան կամ փոքրասիական գավառներից մեկում և ազգությամբ, հավանաբար, եղել է հույն, պատվիրել է արծաթե մի գավաթ՝ ճոխ պատյանով: Այդ ժամանակ հարուստ խավերի մոտ տարածված է եղել խնջույքների ժամանակ օգտագործել երկու կողմերում փորագրված արծաթե գավաթներ:

Արհեստավորը, ով իրականացրել է պատվերը, ոգեշնչվել է հունական թեմաներից և ոճից: Գավաթի պատյանի վրա պատկերված երաժշտական գործիքները, ծաղկեպսակները և ծաղկամանները ենթադրում են բարձրակարգ, հելլենիզացված մթնոլորտ, իսկ քանդակված որոշ այլ տարրեր վկայում են հռոմեական ազդեցության մասին: Գավաթը պատրաստվել է 95% մաքուր արծաթե խառնուրդով, որը արծաթե անոթների պարագայում ժամանակին տարածված հռոմեական չափանիշ է եղել:

Այս գավաթի յուրահատկությունը այն է, որ ցուցադրում է նույնասեռական սեքսի երկու բացահայտ տեսարաններ: Ճիշտ է՝ սեռական շփումների տեսարաններ՝ սովորաբար հակառակ սեռի ներկայացուցիչներին ներկայացնող, տարածված են եղել թե՛ հունական և թե՛ հռոմեական կերպարվեստում: Սակայն հռոմեական արծաթեգործական ավանդույթում նույնասեռական սեքսի տեսարանների պատկերումը հազվադեպ է եղել, ինչի արդյունքում որոշ ժամանակակից գիտնականներ կասկածի տակ են դրել գավաթի իսկությունը: 

Ուարենի գավաթ, մեկ երեսը:
Ուարենի գավաթը, մյուս երեսը:
Ուարենի գավաթը, ներքին գավաթը:
Ուարենի գավաթը, կողքերից մեկը:
Չի կարելի բացառել, որ այս հազվադեպության պատճառներից է հանդիսացել նույնասեռական թեմաներով ստեղծագործությունների դիտավորյալ ոչնչացումը ավելի ուշ ժամանակներում՝ հատկապես քրիստոնեության և իսլամի տարածումից հետո, այն շրջաններում, որոնք նախկինում հունական և հռոմեական քաղաքակրթությունների գոտու մաս էին կազմել:

Գավաթի պատմության մասին շատ բան հայտնի չէ, բայց, կարծես թե, սեփականատերեր և վայրեր փոխելուց հետո, ի վերջո, անհետացել է և դարեր շարունակ մնացել է թաղված հողի տակ: 20-րդ դարի սկզբին գավաթը հայտնաբերվել է առաջին դարի հռոմեական մետաղադրամների հետ միասին, Բեթղեհեմի մոտակայքում գտնվող մի գյուղում: Այն գնել է ամերիկացի մեծահարուստ Էդվարդ Փերի Ուարենը (Edward Perry Warren) (1860-1928 թ.) 1911 թ. Հռոմում: Այնուհետև գավաթը անվանակոչվել է սեփականատիրոջ անունով: 

20-րդ դարի ընթացքում այսպես կոչված «Ուարենի գավաթը» (Warren Cup) մի քանի անգամ գնվել և վաճառվել է, մինչև որ Բրիտանական թանգարանը այն գնել է 2.8 մլն դոլարով 1999 թ.: Այսպիսով՝ սքանչելի գավաթը դարձել է Բրիտանական թանգարանի ամենահայտնի իրերից մեկը: 

Ուարենի գավաթը ի սկզբանե ունեցել է երկու ուղղահայաց բռնակներ, որոնք այժմ կորած են: Պատյանի տեսարանները քանդակագործվել են մուրճով և մասմաբ ծածկված են եղել ոսկե շերտով, որոնք այլևս չկան: Գավաթը ունի գրեթե 10 սմ տրամագիծ և 11 սմ բարձրություն:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մի կողմում երևում է մորուքավոր և ծաղկեպսակ կրող մի տղամարդ, ով սեքսում ակտիվ դեր է կատարում, իսկ պասիվ դերում պատկերված է անմազ մի երիտասարդ: Նրանց ոտքերը միահյուսված են: Ակնհայտ է փոխադարձ քնքշության առկայությունը: 

Սեռական ակտը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ: Երիտասարդը, կարծես թե, խրախուսում է տղամարդու ներթափանցումը՝ մի ձեռքով բռնել է նրա ձեռքը և մյուս ձեռքով օգտագործում է մի թոկ կամ ձող: Ի դեպ՝ սեքսի ժամանակ թոկի կամ այլ օժանդակ առարկաների պատկերումը սովորական երևույթ է եղել հին հունական և հռոմեական կերպարվեստում: Այս կոմպոզիցիան լրացնում է երրորդ մի կերպար՝ կարճամազ մի տղա, հավանաբար մի ստրուկ, ով դռանը կանգնած հետևում է սեքսի տեսարանին:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մյուս կողմի կոմպոզիցիան համեմատաբար ավելի պարզ է: Այստեղ ակտիվը անմազ և մկանային մարմնով մի երիտասարդ է, ով նաև կրում է ծաղկեպսակ: Իսկ պասիվը մի պատանի է, ով, կարծես թե, մարմինը իջեցնելով աշխատում է հեշտացնել երիտասարդի ներթափանցումը:

Գավաթի ներքին մասում կա մի այլ պատկերի հետք, որը ժամանակի ընթացքում մաշվել և անտեսանելի է դարձել:

Մորուքավոր տղամարդը, երկու երիտասարդները և պատանին պատկերված են Հռոմի Օգոստոս կայսրի (30 մ. թ.ա. - 14 մ.թ.) շրջանին բնորոշ գեղարվեստական ոճով: Ի դեպ՝ սեքսի երկու տեսարանները պատկերված են անկողնում, որը ի տարբերություն հունական ավանդույթի, տարածված է եղել հռոմեական կերպարվեստում:

Հռոմեական այս փորագրված արծաթե գավաթը իր
մերկ տղամարդ կերպարներով  հիշեցնում է Ուարենի
գավաթը: Այն հայտնաբերվել է 1920 թ. Դանիայի Հոբի
գյուղում, հարուստ մի մարդու՝ գանձերով լի
գերեզմանում: Հավանաբար Հռոմեական
կայսրությունից նվեր է եղել տեղական իշխանին:





No comments: