Showing posts with label ինքնադրսևորում. Show all posts
Showing posts with label ինքնադրսևորում. Show all posts

25.4.17

Սերիալ >>> «Գրեյսն ու Ֆրենքին»


ՍԵՐԻԱԼ
Գրեյսն ու Ֆրենքին / Grace & Frankie / Грейс и Фрэнки
ՌԵԺԻՍՈՐ
Թեյթ Թեյլոր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Մարթա Քաոֆմեն և Հովարդ Մորիս
ՏԱՐԵԹԻՎ
2015 – 2017 (3 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
39 (13 + 13 + 13)

Այս սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է Գրեյսի (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենքիի (Լիլի Թոմլին) կյանքն ամբողջությամբ փոփոխվում, երբ նրանց ամուսինները տեղեկացնում են, որ սիրահարված են միմյանց և որոշել են ապրել միասին: Գրեյսն ու իր ամուսին Րոբերթը (Մարթին Շին) և Ֆրենքին ու իր ամուսին Սոլը (Սեմ Վաթսոն) տարիներ ի վեր մտերիմ ընկերներ են եղել, այն աստիճան, որ միասին ձեռք են բերել մի լողափյա արձակուրդային առանձնատուն, որը կիսում են հանգստյան օրերին: Նրանց երեխաները մեծացել են միասին և նրանք նաև շատ մտերիմ ընկերներ են:

Սա «գեյ հեռուստասերիալ» չէ և, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է երկու կին կերպարների վրա: Գրեյսը և Ֆրենքին, ովքեր իրենց վաղ 70-ական հասակում են և ունեն երեխաներ ու թոռներ, հանկարծ կռահում են, որ պետք է սկսել նոր կյանք՝ ապավինելով և աջակցելով միմյանց, թեև նրանք շատ տարբեր անհատականություններ են: Ծերացումից բխող բազմազան մարտահրավերները և երկընտրանքները, հատկապես կանանց պարագայում, կազմում են այս հեռուստասերիալի կենտրոնական թեման:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Վերջին հնարավորությունը»

Ի դեպ, հենց ծերացումն է հիմնական շարժիչ ուժը, որը որոշիչ է դառնում երկու նախկին ամուսինների քայլի համար: Նրանք ևս իրենց վաղ 70-ականներում են և զգում են, որ իրենց իսկական երջանկության «վերջին հնարավորության» դիմաց են կանգնած: Երկու նախկին ամուսինները գործընկեր իրավաբաններ են, ովքեր մասնագիտացած են ամուսնալուծության օրենքում: Երկար տարիներ գաղտնի հարաբերություններ վարելուց հետո նրանք, հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակությունն առաջընթացք է ապրել և լայնորեն ընդունել է նույնասեռականությունը, այլևս անիմաստ են համարում իրենց սերը գաղտնի պահելը:



Սերիալի առաջին սեզոնը հիմնականում ընդգրկում է երկակի բաժանումները և ապահարզանները և դրանց հաջորդող ցնցումներն իրենց ընտանիքների և ընկերների շրջանակներում: Մենք ականատես ենք բազմաթիվ հակամարտությունների և շփոթությունների մի սերիալի շրջանակում, որը հիմնականում կատակերգություն է: 

Հանգամանքները երկրորդ սեզոնում ավելի խաղաղ և հանդարտ են: Գրեյսն և Ֆրենքին փորձում են վերակառուցել իրենց կյանքը, մինչդեռ իրենց նախկին ամուսիններն ամրապնդում են իրենց հարաբերությունները և որոշում են ամուսնանալ: 

Երրորդ սեզոնում, բոլոր գլխավոր հերոսներն առերեսվում են մի շարք հետաքրքիր մարտահրավերների իրենց կարիերային հարթակներում: Ընդհանուր առմամբ, սերիալի երկրորդ և երրորդ սեզոնները շատ ավելի հաջողված են, քան առաջինը:



Լուրջ թեմաներ, զվարճալի ձևաչափ

Այս հեռուստասերիալը զվարճալի է և սովորաբար շատ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ: Ճիշտ է՝ կերպարները մասամբ կարծրատիպային են և, հետևաբար, պատմությունը երբեմն ձանձրալի է դառնում: Սակայն անչափ տաղանդավոր և թրծված չորս դերասանները կարողանում են հաղթահարել իրենց կարծրատիպային կերպարները: 

Սերիալը քննարկում է ծերացման հետ կապված բազմաթիվ առանցքային թեմաներ, ինչպիսիք են մենակությունը, սերը, բարեկամությունը, հիվանդությունը, ֆիզիկական քայքայումը, կենսաթոշակի անցնելը, ինչպես նաև որոշ տաբու թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը և սեփական կյանքը դադարեցնելու իրավունքը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

11.1.16

երգ >>> «Ես նույնպես ունեմ իրավունք»

երգ «Ես նույնպես ունեմ իրավունք» / J'ai le droit aussi
երգիչ Կալոգերո / Calogero
Ֆրանսիա
2015

Կալոգերո Մորիսին (1971 թ.-), ով հայտնի է որպես Կալոգերո, ֆրանսիացի փոփ-ռոք երգահան, երաժիշտ և երգիչ է: Նա իր կարիերան սկսել է 1990-ականներին սակայն հայտնի է դարձել 2000-ականներին:

Կալոգերոն` ինչպես ինքն է հայտարարել, այս երգը գրել է այն պատճառով, որ նա ունի բազմաթիվ նույնասեռական ընկերներ և համոզված է, որ նույնասեռականների ինքնադրսևորումը մնում է բարդ ու կնճրոտ մի հարց, մասնավորապես, դեռահաս տարիքում:


Այս երգում, երգիչը  ձևանում է որպես մի գեյ պատանի, ով վստահ չէ, թե իր ծնողները և մյուսները ինչպես կարձագանքեն, երբ իմանան իր սեռական կողմնորոշման մասին: Երգի հերոսը կարծում է, որ նա ունի իրավունք՝ բաց, թափանցիկ և ազատ սիրային հարաբերությունների, ինչպես ունեն իր եղբայրը, քույրը և համադասարանցիները:

Կալոգերոն կարծում է, որ նույնասեռականությունը բնական մարդկային երևույթ է և հրավիրում է բոլորին լինել հանդուրժող այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են իրենցից:



երգի բառերը  >>>

J'ai le droit aussi / «Ես նույնպես ունեմ իրավունք»


Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս,
J'en ai marre de faire semblant / Ես հոգնել եմ ձևացնելուց:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս,
M'aimera-t-elle toujours autant / Դեռ ինձ նույնչպափ կսիրի ՞ :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:
Ils plaindront mes pauvres parents / Նրանք կողբան խեղճ ծնողներիս:
Que dire à ces gens / Ի՞նչ ասեմ այդ մարդկանց,
Qui me trouvent trop différent / Ովքեր ինձ գտնում են տարբեր չափազանց :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Tant pis si ça choque / Թքած ունեմ, եթե ցնցող է դա,
Je ne veux plus avoir peur / Ես չեմ ուզում այլևս վախով ապրել:
Un homme est un homme / Մարդը մարդ է,
Peu importe où va son cœur / Անկախ նրանից, թե իր սիրտը ում է ուզում:

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

J'ai le droit de vivre heureux / Իրավունք՝ երջանիկ ապրելու:

Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս:
Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:

J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:


2.11.14

Թիմ Քուքի «աղյուսը»

 
2014 թ., Հոկտեմբեր 29-ին, պրն. Թիմ Քուքը, ով հադես է գալիս որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար Էփլ (Apple) ընկերության գործադիր տնօրեն, խմբագրական է  հրապարակել Բլումբերգ Բիզնեսուիք (Bloomberg Businessweek) տնտեսական շաբաթաթերթում, որում անդրադառձել է իր սեռական կողմնորոշման հարցին: Պրն. Քուքը Էփլի գործադիր տնօրենն է 2011 թվից ի վեր՝ հաջորդելով հիմնադիր տնօրեն՝ Սթիվ Ջոբսին (1955-2011):
 
Քուքի սեռական կողմնորոշումը անհայտ չէր Սիլիկոնային հովիտում, ոչ էլ Էփլում, սակայն նա այս հարցը չէր դարձրել հանրային խնդիր: Այս հոդվածով նա դառնում է ամերիկյան նշանավոր ընկերությունների ղեկավարների շարքում առաջին գործադիր տնօրենը, ով հրապարակավ բացահայտում է իր նույնասեռականությունը:
 
Հաշվի առնելով Էփլի հսկայական տեսանելիությունը և ժողովրդականություն աշխարհով մեկ՝ ակնկալվում է, որ Քուքի ինքնադրսևորումը կօգնի փոխելու վերաբերմունքը աշխատավայրում և կարագացնի փոփոխությունները կորպորատիվ աշխարհում: Սա կարող է նաև բարելավել որոշ հաճախորդների վերաբերմունքը: Ըստ մարկետինգի մի մասնագետի՝ «Հիմա դժվար է լինելու օգտագործել Այ-ֆոն և լինել հոմոֆոբ»:
 
Թիմ Քուքը ծնվել է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում, 1960 թվին: Նա ստացել է արդյունաբերական ճարտարագիտության բակալավրի աստիճան 1982 թվին և գործարար կառավարման մագիստրոսի՝  1988 թվին: Մինչ Էփլին միանալը՝ 1998 թվին, նա աշխատել է Այ-Բի-Էմ և Կոմպաք ընկերություններում: Բացի Էփլի տնօրենությունից, ներկայումս Քուքը Նայքի (Nike) տնօրենների խորհրդի անդամ է:
 
Թիմ Քուքի հոդվածը ամբողջությամբ հաջորդիվ ՝
 
հիմնադիր տնօրեն՝ Սթիվ Ջոբսի հետ
 
Իմ մասնագիտական կյանքի ընթացքում, ես փորձել եմ պահպանել իմ անձնական կյանքի հիմնական մակարդակի գաղտնիությունը: Ես համեստ արմատներով մարդ եմ և ընդհանրապես չեմ ձգտում ուշադրություն հրավիրել ինձ վրա: Էփլը արդեն աշխարհի ամենաշատ ուշադրութուն գրավող ընկերություններից է, և ես նախնտրում եմ այդ ուշադրությունը պահել մեր արտադրանքի և այն բոլոր սքանչելի գործողությունների վրա, որոնք մեր հաճախորդները կատարում են այդ արտադրանքների հետ:
 
Միևնույն ժամանակ, ես խորապես հավատում եմ դոկտոր Մարտին Լյութեր Քինգի խոսքերին, ով ասել է. «Կյանքի մշտական և առավել հրատապ հարցն այն է, թե ինչ եք անում, ուրիշների համար»: Ես հաճախ ինձ այդ հարցով սթափեցնում եմ և վերջերս եկել եմ այն համոզման, որ անձնական կյանքի գաղտնիությունը պահելու ցանկությունս ինչ- որ ձևով ինձ հետ է պահել ավելի կարևոր մի հանգամանքից: Ահա թե այն, ինչն  ինձ հանգեցրեց իմ այս օրվա քայլին:
 
Տարիներ շարունակ ես անկեղծ եմ եղել շատերի հետ իմ սեռական կողմնորոշման հարցում: Էփլի իմ բազմաթիվ գործընկերները գիտեն, որ ես նույնասեռական եմ, և դա ամենևին էլ չի փոխել նրանց վերաբերմունքն իմ նկատմամբ: Իհարկե, ինձ բախտ է վիճակվել աշխատել մի ընկերությունում, որը սիրում է ստեղծագործական և նորարարական մոտեցումները և գիտակցում է, որ կարող է ծաղկել միայն այն պարագայում, երբ ընդունված և հարգված լինեն աշխատակիցների առանձնահատկությունները: Ոչ բոլորն են այսքան բախտավոր:
«թույլ տվեք հստակորեն հայտարարել, որ ես հպարտ եմ, որ նույնասեռական եմ»
Մինչ ես երբեք չեմ հերքել իմ սեռական կողմնորոշումը, ես հրապարակավ էլ չեմ հանդես եկել նրա մասին մինչև հիմա: Այնպես որ, թույլ տվեք հստակորեն հայտարարել, որ ես հպարտ եմ, որ նույնասեռական եմ և համարում եմ, որ նույնասեռականությունը Աստծո՝ ինձ տված մեծագույն պարգևներից մեկն է:
 
Նույնասեռականությունը ինձ թույլ է տվել խորապես ըմբռնել, թե ինչ է նշանակում պատկանել մի փոքրամասնության և բացահայտել այն մարտահրավերները, որոնց դեմ են կանգնած այլ փոքրամասնությունների մարդիկ ամեն օր: Այն ինձ դարձրել է ավելի կարեկից, ինչը հանգեցրել է ավելի հագեցած կյանքի: Դա երբեմն եղել է դժվար ու անդուր, սակայն ինձ տվել է վստահություն՝ որ լինեմ ինքս, հետևեմ իմ սեփական ուղուն, բարձրանամ և անցնեմ վեր թշնամանքներից և մոլեռանդություններից: Այն ինձ նաև տվել է ռնգեղջյուրի մաշկ, որը օգտավետ է, երբ դուք Էփլի գործադիր տնօրենն եք:
 
 
Աշխարհը շատ է փոխվել իմ մանկության օրերից: Ամերիկան գնում է ամուսնության հավասարության ուղիով, իսկ հանրային դեմքերը, ովքեր խիզախորեն դրսևորել են իրենց սեռական կողմորոշումը, օգնել են փոփոխելու հասարակական ընկալումները և մեր մշակույթը դարձնել ավելի հանդուրժողական: Այդուհանդերձ, նահանգների մեծ մասում դեռևս կան օրենքներ, որոնք գործատուին թույլ են տալիս հեռացնել աշխատակիցին միայն նրա սեռական կողմնորոշման պատճառով: Կան շատ տեղեր, որտեղ տանտերը կարող է վտարել վարձակալին գեյ լինելու պատճառով, կամ որտեղ կարող են հիվանդանոցում արգելել հիվանդ զուգընկերոջ այցելելը և մահացած զուգընկերոջ ժառանգության փոխանակումը: Բազմաթիվ մարդիկ, մասնավորապես երեխաներ, ամեն օր վախի և չարաշահումների դեմ են կանգնած իրենց սեռական կողմնորոշման պատճառով:
 
Ես ինձ ակտիվիստ չեմ համարում, բայց հասկանում եմ, թե որքան եմ շահել ուրիշների զոհաբերություններից: Այնպես որ, եթե լսելով այն լուրը, որի համաձայն Էփլ ընկերության գործադիր տնօրենը նույնասեռական է, կարող է օգնել որևե մեկին հաշտվելու իր ինքնության հետ, մխիթարել նրանց, ովքեր միայնակ են զգում, կամ ներշնչել ոմանց պնդելու իրենց հավասար իրավունքների վրա, ապա արժե փոխզիջել իմ անձնական կյանքի գաղտնիությունը:
 
Պիտի խոստովանեմ, որ սա հեշտ որոշում չէր: Ինձ համար անձնական կյանքի գաղտնիությունը մնում է կարևոր, և ես ցանկանում եմ դա պահպահել նույնիսկ ինչ որ փոքր չափով: Ես Էփլ ընկերության դարձրել եմ իմ կյանքի գործը և շարունակելու եմ իմ արթուն գրեթե ամբողջ ժամերը հատկացնել՝ լինելու իմ կարողացածիս լավագույն գործադիր տնօրենը: Ահա թե ինչին են արժանի մեր աշխատակիցները, ևս մեր հաճախորդները, ծրագրավորողները, բաժնետերերը և մատակարար գործընկերները:
«հասարակական առաջընթացի մաս է կազմում այն հասկացողությունը, որի համաձայն անձը չի սահմանվում միայն իր սեռական, ռասայական կամ գենդերային պատկանելությամբ»
Հասարակական առաջընթացի մաս է կազմում այն հասկացողությունը, որի համաձայն անձը չի սահմանվում միայն իր սեռական, ռասայական կամ գենդերային պատկանելությամբ: Ես մի ճարտարագետ եմ, հորեղբայր, բնության սիրահար, ֆիթնեսի գիժ, հարավային նահանգների զավակ, մարզանքի ֆանատ և շատ այլ բաներ: Հուսով եմ, որ մարդիկ կհարգեն իմ ցանկությունը կենտրոնացած մնալու այն բաների վրա, որ հարմար են ինձ և շարունակելու այն աշխատանքը, որը ինձ երջանկություն է բերում:

 
 Ընկերությունը, որը ես բախտ ունեմ ղեկավարելու, վաղուց ի վեր պաշտպանում է մարդու իրավունքները և հավասարությունը բոլորի համար: Կոնգրեսում քննարկվող «աշխատավայրում հավասարության» օրինագիծի օգտին մենք որդեգրել ենք շատ հստակ դիրքորոշում: Ճիշտ այնպես ինչպես մենք աջակցեցինք ամուսնության հավասարության նախագծին մեր նահանգում՝ Կալիֆորնիայում: Եվ մենք արտահայտվեցինք ընդեմ Արիզոնային, երբ այդ նահանգի օրենսդիրը ընդունեց խտրական մի օրենք՝ ուղղված գեյ համայնքին: Մենք շարունակելու ենք պայքարել մեր արժեքների համար, և ես համոզված եմ, որ այս հիասքանչ ընկերության ցանկացած գործադիր տնօրեն, անկախ իր ռասայից, սեռից կամ սեռական կողմնորոշումից, նույնն է անելու: Եւ ես անձամբ, մինչև մաշվելս, շարունակելու եմ սատարել բոլոր մարդկանց հավասարությունը:
 «մենք միասին, աղյուս առ աղյուս, հարթել ենք դեպի արդարություն տանող պայծառ ճանապարհը»
Ամեն առավոտ, երբ ես մուտք եմ գործում իմ գրասենյակ, ինձ դիմավորում են երկու շրջանակված լուսանկարներ՝ դոկտոր Մ.Լ. Քինգի և Ռոբերտ Ֆ. Քենեդիի լուսանկարները: Ես չեմ հավակնում, որ նրանց նկարները ցուցադրելով՝ ինձ դնում եմ նրանց հարթության վրա: Դա պարզապես ինձ թույլ է տալիս նայել այդ նկարները և իմանալ, որ ուրիշներին օգնելու գործում, ես անում եմ իմ մասը, ինչքան էլ դա լինի չնչին: Մենք միասին, աղյուս առ աղյուս, հարթել ենք դեպի արդարություն տանող պայծառ ճանապարհը: Սա իմ աղյուսն է:
 

20.11.13

Սերիալ >>> Էմերդեյլ >>> Ահարոնը և Ջեքսոնը, մաս 1-ին 3-ից

 

 ՍԵՐԻԱԼ
 Էմերդեյլ Աարոնի և Ջեքսոնի սիրո պատմությունը
 / Emmerdale - Aaron and Jackson Love Story
 / История Аарона и Джексона
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Դենի Միլեր, Մարկ Սիլկոք
 ՏԱՐԵԹԻՎ
 2009 - 2011
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ   
 47

Ահարոնի և Ջեքսոնի սիրո պատմությունը

«Էմերդեյլ» հեռուստասերիալը համարվում է բրիտանական ռոմանտիկ սերիալներից ամենատևականներից մեկը: Նրա հեռարձակումը սկսվել է 1973 թվին և շարունակվում է մինչ այսօր: Սերիալի պատմությունը տեղի է ունենում ինչոր Էմերդեյլ ֆիկտիվ գյուղում:

Աշխարհի տարբեր երկրներում արտադրված շատ սերիալների նման, «Էմերդեյլը» տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել իր կերպարների և թեմաների առումով` ներառելով և արտացոլելով հասարակական արժեքների և նորմերի մեջ տեղի ունեցող զարգացումները: Այսպիսով` 2000-ական թվականներից սկսած, սերիալը ներգրավել է գեյ կերպարներ և նույնասեռականությամբ առնչվող տարբեր թեմաներ:

Ահարոնը

Այս կայքում ներկայացված մասերը խմբագրված են «Էմերդեյլի» երեք  եթերաշրջանների հիման վրա (2009-11) և վերաբերում են Ահարոն Լիվեսին (Դենի Միլեր), մի կերպար, ով ունեցել է շատ փոթորկալից պատանեկություն: Առաջին անգամ Ահարոնը հեռուստասերիալում հանդես է գալիս 2003 թվականին` վաղ պատանի տարիքում: Մեծանալով` նա ներգրավվում է թմրանյութերի առևտրի մեջ և ի վերջո` ձերբակալվում: Ազատ արձակվելուց հետո, նա պարտադիր բնակություն է հաստատում իրեն նշանակված խնամակալ Փեդիի մոտ և գյուղում աշխատում որպես ավտոմեխանիկ:

Ահարոնը ունի շատ կոպիտ տղամարդկային (մաչո) բնավորություն, ցուցաբերում է հակում բռնության հանդեպ և մոլորված է իր սեռական կողմնորոշման հարցում: Որոշ կանանց հետ շփվելուց հետո, նա բացահայտում է, որ ավելի շուտ հակում ունի   տղամարդկանց նկատմամբ: Սակայն նա անկարող է ընդունել իր նույնասեռականության հանգամանքը: Ահարոնը հոմոֆոբ նույնասեռական է և հետևաբար երկար ժամանակ հրաժարվում է հաշտվել  իրականության հետ: Ինքն իրեն փորձարկելու նպատակով, մի երեկոյան այցելում է գեյ ակումբ, որտեղ ծանոթանում է Ջեքսոն Ուալշի (Մարկ Սիլկոք) հետ, ով շինարար է: Այս հանդիպումից սկսվում է մեր կայքում ներկայացված պատմությունը (էպիզոդ 1).





Ահարոնի և Ջեքսոնի հանդիպումը

Ջեքսոնի հետ հանդիպումը բեկումնային դեր է խաղում երկուսի կյանքում: Ջեքսոնը Ահարոնին օգնում է հասկանալ և ընդունել իր ինքնությունը: Ցավոտ և տագնապալից գործընթացի վերջում, Ահարոնը ի վերջո ընդունում է իր սեռական կողմնորոշումը: Բայց նախքան այդ եզրակացության գալը, ինքն իրեն և թե իրեն շրջապատող մարդկանց տառապանք է պատճառում: Նա ինքնասպանության փորձ է կատարում, ծեծի է ենթարկում Փեդիին և մի անգամ նույնիսկ հարձակվում է Ջեքսոնի վրա, որի համար բռնության մեղադրանքով ձերբակալվում է և դատվում:

Ջեքսոնի կյանքը նույնպես փոփոխվում է լիովին: Երկու տղամարդկանց սիրո հարաբերությունները լի են կրքով և լարվածությամբ: Էությամբ հանգիստ և հանդարտ Ջեքսոնը տառապում է այս լարվածությունից և Ահարոնի անհանգիստ բնույթից:




ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
Ահարոնի և Ջեքսոնի պատմությունը այս կայքում

ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  > > >  ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  > > >  ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3  > > >  ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ

13.10.13

Ֆիլմ >>> The Country Teacher / Venkovský ucitel / Сельский учитель

ռեժիսոր Bohdan Sláma /  Չեխիա / 2008

 

 
Ռուսերեն անվճար տարբերակ
>>> CINEM
>>> IMHONET

19.8.13

Ֆիլմ >>> «Թաքստոցը», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ  
 Թաքստոցը / The Closet / Хамелеон
 ՌԵԺԻՍՈՐ
 Ֆրանսիս Վեբեր
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ֆրանսիս Վեբեր
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Վլադիմիր Կոսմա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Դանիել Օթոյ, Ժերար Դեփարդյե, Միշել Լերոք
 ՏԱՐԵԹԻՎ
 2001
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Այս խելամիտ կատակերգությունը մի կեղծված սեռական կողմնորոշման դրսևորման մասին է: 

Ֆրանսուա Փինյոնը (Դանիել Օթոյ), ով որպես հաշվապահ աշխատում է պահպանակ արտադրող գործարանում, ընդհանրապես մարգինալիզացված և անտեսված է իր գործընկերների կողմից՝ լուռ ու ձանձրալի անձնավորություն լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ Փինյոնը վարում է շատ միապաղաղ և աննշան կյանք: Նա ամուսնալուծված է իր կնոջից, ով արհամարհում է նրան, և ունի մի պատանի որդի, ով անտեսում է նրան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ասեկոսեն

Սա է իրավիճակը, մինչև մի օր նա պատահմամբ բացահայտում է, որ շուտով ազատվելու է աշխատանքից: Անհուսությունից նա փորձում է ինքնասպան լինել, բայց իր հարևանը առաջարկում է մի հնարք բանեցնել՝ պաշտոնը պահելու համար: Նա Փինյոնին խորհուրդ է տալիս աշխատատեղում տարածել մի ասեկոսե, ըստ որի ինքը նույնասեռական է: 

Հարևանի հիմնավորումը այն է, որ պահպանակը գործարանի հիմնական արտադրանքն է, իսկ նույնասեռական համայնքի հետ լավ հարաբերություններ պահպանելու հրամայականը տնօրենին կմղի  չազատել Փինյոնին աշխատանքից՝ խուսափելու հավանական հոմոֆոբիայի մեղադրանքից:

Երբ գեյ լինելը ձեռնտու է

Մինչ իրական կյանքում և կինոյում սովորաբար գեյերն  են որ հանուն կարիերայի թաքցնում իրենց ինքնությունը և ձևացնում, թե «նորմալ» տարասեռականներ են, այս ֆիլմում քննարկվում է հակառակ երկընտրանքը՝ մի տարասեռական տղամարդ ձգտում է ձևանալ նույնասեռական: Ճիշտ է՝ մի շարք զարգացած երկրներում, որտեղ խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով անօրինական է, կարելի է պատկերացնել նման իրավիճակ և հնարք:

Ֆիլմի պատմությունը իր տրամաբանությամբ նման է մի շարք ֆիլմերի, ինչպիսիք են՝ «Թութսին» (Tootsie/Тутси)(1982 թ.) և «Ալբերթ Նոբզը» (Albert Nobbs/Таинственный Альберт Ноббс)(2011 թ.), որոնցում գլխավոր հերոսը կեղծում է իր սեռը՝ աշխատանքի ընդունվելու և այն պահելու նպատակով: Թաքցնելով հերոսի սեռական ինքնությունը՝ այս ֆիլմերն ուսումնասիրում են գենդերային (կին-տղամարդ) հարցերն աշխատավայրում և, ընդհանրապես, հասարակության մեջ: «Թաքստոցը» առաջին ֆիլմն է, որն ուսումնասիրում է այդ հարցերը սեռական կողմնորոշման (նույնա-տարասեռականություն) հարթությունում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Թաքստոցը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

24.7.13

Ֆիլմ >>> Սկսնակները, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Սկսնակները / Beginners / Начинающие
 ՌԵԺԻՍՈՐ
 Մայք Միլզ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Մայք Միլզ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Րոջեր Նիլ, Դեյվիդ Փալմեր
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Էուան ՄեքԳրեգոր, Քրիսթոֆեր Փլամեր, Մելանի Լորան
 ՏԱՐԵԹԻՎ
 2010
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 104

Այս ինքնակենսագրական ֆիլմը, անկասկած, սեռային կողմնորոշման ինքնադրսևորման թեման քննարկող ժանրի ամենատարօրինակ և ամենաբարդ ֆիլմերից մեկն է:

Օլիվերը (Էուան Մեքգրեգոր), ով հոգեպես ընկճված երեսունութամյա մի գրաֆիկական դիզայներ է, ծանոթանում է դերասանուհի Աննայի (Մելանի Լորան) հետ իր հոր Հալի (Քրիսթոֆեր Փլամեր) մահվանից ընդամենը մի քանի ամիս հետո: Իրենց հարաբերությունների արագ զարգացման ընթացքում Օլիվերը խորհում է սիրո անակնկալների և ժամանակ առ ժամանակ առաջացող խառնաշփոթի մասին: Նրան մտահոգում է այն բանը, որ ինչ-որ պատճառով իր մոտ բացակայում է երկարատև և կայուն հարաբերություններ կառուցելու ունակությունը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>


Անցյալի բեռը

Օլիվերը աշխատում է հասկանալ, թե արդյոք այդ անկարողությունը արդյու՞նքն է իր մոր կյանքում երջանկության որոշակի բացակայության և իր ծնողների հարաբերություններում մի տեսակ շինծու վիճակների առկայությանը:

Ֆիլմը կառուցված է մի շարք փոխկապակցված «ֆլեշբեքներով», որոնք, իրավ, կարող են երբեմն շփոթեցնել և որոնք միահյուսում են Օլիվերի հիշողություններն իր ներկայիս զգացմունքային խառնաշփոթի և սիրո ու նվիրվածության մասին՝ իր մտորումների հետ: Օլիվերի հիշողությունները հիմնականում պատկանում են նրա կյանքի երկու շատ տարբեր հատվածների՝ իր մոր հետ անցկացրած պահերը մանուկ ժամանակ և իր վատառողջ հոր հետ անցկացրած վերջին հինգ տարիները:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________ 
«Սկսնակները» այս կայքում

 ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

17.7.13

Ֆիլմ >>> Աղոթքներ Բոբիի համար, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Աղոթքներ Բոբիի համար / Prayers for Bobby

 / Молитвы за Бобби
 ՌԵԺԻՍՈՐ
 Րասել Մոլքահի
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Քեթի Ֆորդ 

 հիմնված Լերոյ Ֆ. Ահարոնզի համանուն վեպի վրա 
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Քրիստոֆեր Ուարդ 
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Սիգորնի Ուիվեր, Րայան Քելի 
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 89

Հիմնված իրական պատմության վրա՝ սա հեռուստատեսության համար արտադրված հզոր և ազդեցիկ մի ֆիլմ է անհանդուրժողականության և հոմոֆոբիայի մասին:

Ֆիլմը պատկերում է դեռահաս Բոբիին (Րայան Քելի), ով մոլորված է իր սեռականության հարցում: Մեծանալով պահպանողական կրոնական մի ընտանիքում՝ Բոբին իրեն խորապես պառակտված է զգում երկու միտումների միջև՝ մի կողմից այն ինչ նա համարում է «քրիստոնեական արժեքներ» և մյուս կողմից՝ իր սեռական կողմնորոշումը:

Ցավոտ ներքին ցնցումներից հետո նա ի վերջո դուրս է գալիս մոլորվածությունից, ընդունում է իր սեռական ինքնությունը և հաշտվում ինքն իր հետ:

Նրա մայրը՝ Մերի Գրիֆիթը (Սիգորնի Ուիվեր), սակայն, համոզված է, որ իր որդին մեղք է գործում և համառորեն հրաժարվում է ընդունել նրա սեռականությունը մինչև այն աստիճանի, որ նրան լիովին օտարում է իրենից և ողջ ընտանիքից:

Այս օտարումը ողբերգական հետևանք է ունենում Բոբիի և ընտանիքի համար, որը դառնում է Ֆիլմի հիմնական քննարկման առարկան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
 

Կրոնական կարծրամտություն

Այս ֆիլմը ունի մի քանի կարևոր և հետաքրքիր ասպեկտներ: Դրանցից մեկն այն է, որ քննարկում է արմատական քրիստոնեական դիրքորոշումը նույնասեռականության հանդեպ՝ բարձրացնելով աստվածաշնչյան տարբեր հատվածների վրա հիմնված գրեթե բոլոր սովորական փաստարկները:

Ցավալի է տեսնել, թե որքանով հերոսները՝ թե՛ մայրը և թե՛ որդին թակարդված ու կորած են այդ մտային և հոգեկան լաբիրինթոսում: Նրանք, անշուշտ, անկեղծ են իրենց կրոնական համոզմունքների մեջ, բայց նրանց հավատքը կարող է մակերեսային թվալ, քանի որ նրանք աստվածաշնչյան հատվածներին վերաբերվում են ինչպես բացարձակ դոգմաներ:

Ինչպես բոլոր արմատականները՝ Մերի Գրիֆիթը անտեսում է այն փաստը, որ Աստվածաշունչը (թե Հին և թե Նոր կտակարանները) գրվել է մի քանի դարերի ընթացքում՝ բազմաթիվ մարդկանց միջոցով, որոնց ինքնությունն անհայտ է: Բացի այդ, փաստ է, որ ներկայիս Աստվածաշունչը ընդամենը մի փոքր մասն է շատ ավելի ծավալուն հավաքածուների, որը հրեական հոգևորականները (Հին կտակարանի դեպքում) և հետագայում վաղ հունական եկեղեցին (Նոր կտակարանի պարագայում) ընտրել, ջոկել և «զտել» են: Նաև փաստ է, որ գրվածքների մեծ մասը՝ թե՛ նրանք, որոնք ընդգրկված են Աստվածաշնչի մեջ, և թե՛ նրանք, որոնք դուրս են դրվել Աստվածաշնչի պաշտոնական տարբերակից, շատ առումներով հակասում են միմյանց: 

Մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ այս գրվածքները գրվել և բազմիցս թարգմանվել են լեզուներով, որոնցով ոչ ոք այսօր չի խոսում՝ այդ թվում Հիսուսի և իր աշակերտների մայրենին՝ արամեերենը: Հետևաբար, որոշ բառերի և արտահայտությունների ճշգրիտ իմաստը ոչ ոք չի կարող հաստատել: Օրինակ՝ ոմանք պնդում են, որ հակառակ այն բանի՝ Աստվածաշնչի ընթացիկ տարբերակների մեծ մասը դատապարտում է նույնասեռականությունը, Հին կտակարանի այն հատվածն, որում պատմում է Սոդոմի և Գոմորի մասին, հին եբրայերեն բնօրինակը վերաբերվում է արական մարմնավաճառությանը և ոչ թե նույնասեռականությանը: Այլ կերպ ասած արական մարմնավաճառությունն է, որ ըստ Հին կտակարանի Աստված, հավանաբար, դատապարտել է:

Այս բորլորը բնականաբար հարցի տակ են դնում Մերի Գրիֆիթի և իր նման արմատականների վերաբերմունքը Աստվածաշնչում զետեղված մտքերին և արտահայտություններին, ըստ որի դրանք բորլորը անվիճելի փաստարկներ և կանոններ են:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
___________________________________________________________
«Աղոթքներ Բոբիի համար» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

10.7.13

Ֆիլմ >>> Մեր նման տղերքը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մեր նման տղերքը / Guys and Balls / Забойный футбол
 ՌԵԺԻՍՈՐ
 Շերի Հորման
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Բենեդիքթ Գոլհարթ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարտին Թոդշերաու
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Մաքսիմիլյան Բրյուքներ, Դավիդ Րոթ
 ՏԱՐԵԹԻՎ
 2004
 ԵՐԿԻՐ
 Գերմանիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 106

Էկքին (Մաքսիմիլյան Բրյուքներ) մի փոքր քաղաքի հացթուխի որդի է, ով որպես դարպասապահ խաղում է թաղի ֆուտբոլային թիմում մինչև այն օրը, երբ պատահմամբ նրա թիմակիցները հայտնաբերում են, որ նա նույնասեռական է: Այն բանից հետո, երբ իր հոմոֆոբ թիմակիցները նրան ստորացնում և բացառում են թիմից, Էկքին երդվում է , որ մի օր վերադառնա մի բացառիկ գեյ թիմի հետ միասին՝ մարտահրավեր նետելու և հաղթելու իր հին թիմակիցներին: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Գեյ թիմ»

Էկքին տեղափոխվում է Դորթմունդ, ուր ապրում է իր քույրը և այնտեղ սկսում է որոնել ու հավաքագրել գեյ ֆուտբոլիստների: Թիմի ձևավորման ընթացքումի նա սիրահարվում է Սվենին (Դավիդ Րոթ):

Սա շատ զվարճալի ֆիլմ է՝ թեպետ ունի կանխատեսելի պատմություն և լի է կարծրատիպային գեյ կերպարներով: Ի դեպ՝ ֆուտբոլի հավաքականը, որը Էկքին աստիճանաբար ձևավորում է, ներառում է Գերմանայի տարբեր գեյ ենթախմբերի և ենթամշակույթների ներկայացուցիչների, որոնք ծաղրապատկերված են, բայց այդուամենայնիվ համակրելի և հուզիչ կերպարներ են:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
__________________________________________________________
«Մեր նման տղերքը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ