Ծիածանի գույներով դրոշը, որն այժմ համարվում է «գեյ դրոշ» և առնչվում ԼԳԲՏ ազատագրական շարժման հետ, ունի հին պատմություն տարբեր մշակույթների և ավանդույթների մեջ՝ սովորաբար խորհրդանշելով խաղաղություն, ներդաշնակություն և բազմազանություն:
Պատմության ընթացքում ծիածանագույն դրոշները օգտագործվել են տարբեր շարժումների և խմբերի կողմից. այստեղ մենք կարող ենք նշել հիպիների շարժումը 1960-ականներին և պացիֆիստները, որոնց համար ծիածանագույն դրոշը խաղաղության խորհրդանիշ էր: Որոշ քրիստոնյա խմբեր նաև օգտագործում են այն, քանի որ ծիածանը կարևոր խորհրդանիշ է Աստվածաշնչում՝ ներկայացնելով Աստծո խոստումը Նոյին խաղաղության վերաբերյալ:
Բազմագույն այս դրոշները, սակայն, ընդհանրապես նույնը չեն: Նրանք զանազանվում են միմյանցից իրենց մեջ ներառած գույների, գույների թվի և հերթականության առումով:
Հայկական դրոշը
Հայոց պատմության ընթացքում ծիածանագույն դրոշը որպես հայկական ազգային դրոշ է առաջարկել Ղ. Ալիշանը՝ 1885-ին՝ հիմնականում կրոնական նկատառումներով:
Դրոշի խնդիրը լուրջ քննարկումների առարկա է դառնում առաջին անկախությունց հետո: 1919 թվականին նկարիչ Մարտիրոս Սարյանը նորանկախ պետության համար առաջարկում է երեք դրոշակի տարբերակ: Այդ երեքից երկուսը ծիածանագույն տարբերակներ էին, իսկ երրորդը մի եռագույն, որը այդուամենայնիվ ներառում էր ծիածանի երեք հիմնական գույները՝ կարմիր, դեղին և կապույտ:
 |
| Սարյանի ծիածանագույն դրոշի երկուտարբերակներից մեկը: |
Նա գրել է՝ «Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն հետևյալ հերթականությամբ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն: Գույների նման հերթականությունը թողնում են ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը: Եռագույն դրոշներ, ընդհանրապես, բավականին շատ կան:
Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:»
 |
Այս տարբերակում Սարյանը շեշտադրել է ծիածանի հիմնական երեք գույները: |
Ակնհայտ է, որ Սարյանի նախապատվությունը ծիածանագույն դրոշի համար գեղագիտական և մշակութային նկատառումների հիման վրա է եղել նորանկախ երկրին ինքնատիպ մի խորհրդանշով ապահովելու համար:
 |
Սարյանի եռագույնը բաղկացած էր ծիածանի հիմնական երեք գույներից: |
Ժամանակի հայկական իշխանությունները, սակայն, նախնտրում են դասական եռագույն ձևը, իսկ դեղինը փոխարինում են նարնջագույնով և, ի վերջո, կապույտի տեղը փոխելով, խախտում են ծիածանական հերթականությունը: Այսպիսով, Սարյանի առաջարկած տարբերակներից հանգում ենք ներկայիս եռագույնին:
«Գեյ հպարտության» դրոշը
Ներկայիս ԼԳԲՏ ծիածանադրոշը նախագծել է նկարիչ Գիլբերթ Բեյքրը՝ առաջին «գեյերի և լեսբուհիների ազատության երթ»-ի առիթով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում 1978 թ.: Ըստ Բեյքրի՝ նա ցանկացել է ստեղծել «հավաքական ինքնության համար տեսողական մի խորհրդանիշ»: Նրա դրոշը ի սկզբանե ունեցել է ութ շերտ (ութ գույն), և յուրաքանչյուր գույն ներկայացրել է շարժման ձգտումներից և արժեքներից մեկը:
 |
| Բեյքրի առաջին տարբերակը բաղկացած էր 8 գույներից: |
1980-ականների ընթացքում Բեյքրի նախագծած դրոշակը ենթարկվել է մի շարք վերանայումների՝ հիմնականում տեխնիկական և գործնական պատճառներով, մինչև ստանդարտացվել և միջազգայնացվել իր ներկա ձևի մեջ:
Դրոշն այժմ բաղկացած է վեց շերտերից՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն: Հետաքրքիր է նշել, որ այս վեց գույները, այս հերթականությամբ, կրկնում են ճիշտ նույն դրոշը, ինչ Սարյանը երազում էր հայկական առաջին հանրապետության համար:
 |
| Գիլբերթ Բեյքրը և իր նախագծած դրոշակը: |
1990-ականների ընթացքում ծիածանագույն դրոշն այնքան համատարած ճանաչում ձեռք բերեց որպես ԼԳԲՏ խորհրդանիշ, որ փաստորեն փոխարինեց գրեթե բոլոր այլ ԼԳԲՏ խորհրդանիշներին՝ այդ թվում վարդագույն եռանկյունուն:
Նշանակություն
Ըստ Բեյքրի՝ դրոշում ներկայացված գույներն ունեն հետևյալ իմաստները՝ կարմիրը խորհրդանշում է կյանքը, նարնջագույնը՝ վերականգնումը, դեղինը ներկայացնում է արևը, կանաչը՝ բնությունը, կապույտը՝ հանգստությունն ու ներդաշնակություը և վերջապես մանուշակագույնը՝ մարդու հոգեկան ներաշխարհը:
 |
| Գեյ դրոշը տիեզերքում: |