Showing posts with label The Closet. Show all posts
Showing posts with label The Closet. Show all posts

20.8.13

Ֆիլմ >>> «Թաքստոցը», մաս 2-րդ՝ 2-ից


Լավ ու վատ կարծրատիպերը

Հետաքրքիր է, որ չնայած Փինյոնը չի փոխում իր սովորական մեղմ և աննկարագիր վարքագիծը, բայց հենց իր նույնասեռականության «լուրը» տարածվում է գործարանում և բոլորին թվում է, թե նրան վերջապես «դուրս բերեցին թաքստոցից» տնօրինությունը և գործընկերները, բացառությամբ օրիորդ Բերթրանի (Միշել Լերոք), անմիջապես փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ:

Հանկարծ Փինյոնը սկսում է ընկալվել որպես էկզոտիկ և առեղծվածային մի անձ, գրեթե մի աստղ, և իր հասարակական կարգավիճակը թե՛ հիմնարկում և թե՛ ընտանիքում լիովին փոփոխվում է: Նույնիսկ Ֆելիքս Սանթինին (Ժերար Դեփարդյե), ով մի նեղմիտ մաչո և հոմոֆոբ աշխատակից է, փոխում է իր վերաբերմունքը: 

Մյուս կողմից՝ կան նաև մութ և տխուր դրսևորումներ: Փինյոնի գործընկերներից մի քանիսի հակազդեցությունն ապացուցում է, թե նույնիսկ Ֆրանսիայի պես քաղաքակիրթ հասարակության մեջ դեռ որքան ամրապնդված է տգիտությունը նույնասեռականության վերաբերյալ (օրինակ՝ դրա շփոթելը մանկապղծության հետ), և ինչպես դա կարող է հանգեցնել ատելության և բռնության:

Առաջընթաց

Այս շատ զվարճալի ֆիլմը նկարահանվել է «Խենթուկների վանդակը» (The Birdcage/Клетка для чудаков) ֆիլմից ուղիղ 23 տարի անց։ Այն մեկ այլ հաջող ֆրանսիական կատակերգություն է, որի սցենարը գրել է հենց Ֆրանսիս Վեբերը («Թաքստոցը» ֆիլմի ռեժիսորը): 

Հետաքրքրական է, որ «Խենթուկների վանդակը» ֆիլմում, հակառակ «Թաքստոցը» ֆիլմի, այդ «թուլամորթ» նույնասեռական տղամարդիկ են, ովքեր փորձում են ձևացնել, թե իրենք «նորմալ» տարասեռականներ են: Այս հուզիչ փաստը ցույց է տալիս, թե մի հասարակություն կարող է այնքան առաջընթաց արձանագրել ընդամենը երկու տասնամյակների ընթացքում, որ նույնասեռականությունը, կորցնելով իր տաբու լինելու կարգավիճակը, ծառայի որպես ապահովության երաշխիք տարրասեռական մարդու համար:

Հարկ է նշել, որ «Թաքստոցը» ֆիլմի հաջողությունից հետո Վեբերը գրել է նրա պիեսի տարբերակը, որը առաջին անգամ բեմադրվել է 2014 թ. Փարիզում:

ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ  >>> ԱՅՍՏԵՂ

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>







- Այդ որ մի աղջիկ է ձեզ մերկացրել, լավ չէ:


ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>



19.8.13

Ֆիլմ >>> «Թաքստոցը», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ  
 Թաքստոցը / The Closet / Хамелеон
 ՌԵԺԻՍՈՐ
 Ֆրանսիս Վեբեր
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ֆրանսիս Վեբեր
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Վլադիմիր Կոսմա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Դանիել Օթոյ, Ժերար Դեփարդյե, Միշել Լերոք
 ՏԱՐԵԹԻՎ
 2001
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Այս խելամիտ կատակերգությունը մի կեղծված սեռական կողմնորոշման դրսևորման մասին է: 

Ֆրանսուա Փինյոնը (Դանիել Օթոյ), ով որպես հաշվապահ աշխատում է պահպանակ արտադրող գործարանում, ընդհանրապես մարգինալիզացված և անտեսված է իր գործընկերների կողմից՝ լուռ ու ձանձրալի անձնավորություն լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ Փինյոնը վարում է շատ միապաղաղ և աննշան կյանք: Նա ամուսնալուծված է իր կնոջից, ով արհամարհում է նրան, և ունի մի պատանի որդի, ով անտեսում է նրան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ասեկոսեն

Սա է իրավիճակը, մինչև մի օր նա պատահմամբ բացահայտում է, որ շուտով ազատվելու է աշխատանքից: Անհուսությունից նա փորձում է ինքնասպան լինել, բայց իր հարևանը առաջարկում է մի հնարք բանեցնել՝ պաշտոնը պահելու համար: Նա Փինյոնին խորհուրդ է տալիս աշխատատեղում տարածել մի ասեկոսե, ըստ որի ինքը նույնասեռական է: 

Հարևանի հիմնավորումը այն է, որ պահպանակը գործարանի հիմնական արտադրանքն է, իսկ նույնասեռական համայնքի հետ լավ հարաբերություններ պահպանելու հրամայականը տնօրենին կմղի  չազատել Փինյոնին աշխատանքից՝ խուսափելու հավանական հոմոֆոբիայի մեղադրանքից:

Երբ գեյ լինելը ձեռնտու է

Մինչ իրական կյանքում և կինոյում սովորաբար գեյերն  են որ հանուն կարիերայի թաքցնում իրենց ինքնությունը և ձևացնում, թե «նորմալ» տարասեռականներ են, այս ֆիլմում քննարկվում է հակառակ երկընտրանքը՝ մի տարասեռական տղամարդ ձգտում է ձևանալ նույնասեռական: Ճիշտ է՝ մի շարք զարգացած երկրներում, որտեղ խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով անօրինական է, կարելի է պատկերացնել նման իրավիճակ և հնարք:

Ֆիլմի պատմությունը իր տրամաբանությամբ նման է մի շարք ֆիլմերի, ինչպիսիք են՝ «Թութսին» (Tootsie/Тутси)(1982 թ.) և «Ալբերթ Նոբզը» (Albert Nobbs/Таинственный Альберт Ноббс)(2011 թ.), որոնցում գլխավոր հերոսը կեղծում է իր սեռը՝ աշխատանքի ընդունվելու և այն պահելու նպատակով: Թաքցնելով հերոսի սեռական ինքնությունը՝ այս ֆիլմերն ուսումնասիրում են գենդերային (կին-տղամարդ) հարցերն աշխատավայրում և, ընդհանրապես, հասարակության մեջ: «Թաքստոցը» առաջին ֆիլմն է, որն ուսումնասիրում է այդ հարցերը սեռական կողմնորոշման (նույնա-տարասեռականություն) հարթությունում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Թաքստոցը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ