Showing posts with label դրամա. Show all posts
Showing posts with label դրամա. Show all posts

14.3.17

Սերիալ >>> «Փնտրելիս», մաս 1-ին՝ 2-ից


ՍԵՐԻԱԼ
Փնտրելիս / Looking / В поиске
ՌԵԺԻՍՈՐ
Էնդրու Հեյգ
ՏԱՐԵԹԻՎ
2014 – 2016 (2 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
18 (8+10) + ֆիլմ

Բացառապես նույնասեռական կերպարներով այս հեռուստասերիալը կարծես թե փորձում է հետևել «Մարդկանց պես տարօրինակ»  հաջողակ սերիալին՝ գրեթե 10 տարի անց: Այն ցույց է տալիս Սան Ֆրանցիսկոյում բնակվող 3 նույնասեռական ընկերների ձգտումները՝ կայունացնելու իրենց սիրային կյանքը, հստակեցնելու իրենց ընտանեկան հարաբերությունները և մշակելու իրենց մասնագիտական կարիերան:

Երեք ընկերները բնակվում են միասին: Նրանցից մեկը 29-ամյա Փեթրիկն է (Ջոնաթան Գրոֆ), որը վիդեո խաղերի ծրագրավորող է: Փեթրիկը նախկինում ընդհանրապես անհաջող սիրային փորձառություններ է ունեցել, բայց իրավիճակը փոխվում է այն բանից հետո, երբ նա հանդիպում է գեղեցիկ, բայց համեստ մեքսիկացի-ամերիկացի վարսավիր Րիչիին (Ռաուլ Կաստիյո)։ Միաժամանակ իր աշխատավայրում նոր ղեկավար է ժամանում՝ սեքսուալ Քևինը (Րասել Թովի): 

Ընկերներից մյուսը Դոմն է (Մուրեյ Բարթլեթ), ով 39-ամյա մատուցող է և երազում է մի օր ունենալ իր սեփական ռեստորանը: Իսկ երրորդը 31-ամյա և որպես արվեստագետի օգնական աշխատող Ագուստինն է (Ֆրենքի Ջեյ Ալվարեզ), ով ծագումով Կուբացի է և ուսանողական տարիներից ի վեր՝ Փեթրիկի ամենամոտ ընկերը:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Թեմաներ

Այս սերիալի հիմնական թեման սիրո (և շարունակական հարաբերության) և սեքսի (և պատահական շփման) միջև երկընտրանքի և հավասարակշռության հարցն է գեյ շրջանակներում: Բոլոր երեք տղաներն իրականում փնտրում են սեր և երջանկություն, բայց սիրելու պարագայում նրանք պետք է ընդունեն իրենց զգացմունքային խոցելիությունը, որից սարսափում և խուսափում են: Փոխարենը նրանք նախընտրում են պատահական շփումները և զուտ սեքսը:

Սերիալում քննարկվող այլ թեմաները ներառում են միջ-ռասայական և միջ-դասակարգային կապերը (Րիչին և Փեթրիկը), թմրամիջոցներից կախվածությունը, սեքսը և հիգիենան, ինչպես նաև ծերացումը: Այս թեմաների մեծ մասը հետաքրքիր են, բայց ոչ շատ նոր՝ բացառությամբ ծերացման խնդրի (40-ամյա Դոմը): Հարկ է նշել, որ սերիալը չի կենտրոնանում լուրջ թեմաների վրա, ինչպիսիք են հոմոֆոբիան, ՁԻԱՀ-ը կամ պայքարը հանուն հավասար իրավունքների:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
UAKINO
NUR
SERIA Z
KADU
___________________________________________________________
«Փնտրելիս» սերիալը այս կայքում

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Փեթրիկը և իր ընկերները  >>>  ԱՅՍՏԵՂ

19.5.15

ֆիլմ >>> Մորիս, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մորիս / Maurice / Морис
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջեյմս Այվորի 
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Քիթ Հեսքեթ-Հարվի, Ջեյմզ Այվորի

 հիմնված Է. Մ. Ֆորսթերի համանուն վեպի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Րիչարդ Րաբինզ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Ջեյմս Ուիլբի, Հյու Գրանթ, Րուփերթ Գրեյվս
 ՏԱՐԵԹԻՎ
 1987
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 140

Նրբագեղ ու մտաշարժ այս ֆիլմը 20-րդ համագործակցությունն է ռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմաիլ Մերչենթի միջև: Պատմութույնը տեղի է ունենում Անգլիայում Առաջին համաշխարայինի նախօրյակին: Ֆիլմը ցուցադրում է այն տարբեր ընտրությունները, որոնք  ժամանակին նույնասեռականները ի վիճակի էին կատարել իրենց սեռականության և սիրային կյանքի վերաբերյալ և այն գինը, որը պետք էր վճարել այդ ընտրությունները կատարելու համար:

Սեր, սեքս և Պղատոնը

Առաջին տեսարանում տեսնում ենք 11-ամյա դպրոցական Մորիս Հալին, ում իր ուսուցիչը աշխատում է իրազեկել «սեքսի սրբազան գաղտնիքների» մասին՝ ցանկանալով պատրաստել որբ տղային այն փոփոխություններին, որոնց նա հանդիպելու է իր սեռական հասունացման ճանապարհին:

Տարիներ անց միջին խավը ներկայացնող Մորիսին (Ջեյմս Ուիլբի) վիճակվում է ընդունվել Քեմբրիջի առաջատար համալսարանում: Այնտեղ նա ընկերանում է երկու հարուստ և ազնվական ծագումով համադասարանցիներ հետ, ովքեր  են լորդ Րիզլին և գեղեցիկ ու հմայիչ Կլայվ Դուրհամը (Հյու Գրանթ): Դուրհամը սիրահարվում է իր ընկերոջը և անակնկալ կերպով  նրան խոստովանում է իր զգացմունքները:

Լինելով մտավորականներ՝ նրանց անհրաժեշտ է տեսականորեն բացատրել և հիմնավորել իրենց արարքները: Մորիսը դրականորեն չի արձագանքում Կլայվի սիրո բացահայտմանը, և հիմք ընդունելով  կրոնական արժեքները՝ հարցականի տակ է դնում նման վարքագիծը: Մինչդեռ Կլայվը Մորիսի հանդեպ իր գրավչությունը արդարացնում է Պղատոնի փիլիսոփայական փաստարկներով, ըստ որոնց երկու տղամարդու միջև իդեալական սերն ու ջերմությունը պատկանում է վեհ բարոյականության ոլորտին:

Այն բանից հետո, երբ Մորիսը պատասխանում  է Կլայվի զգացմունքներին, երկուսը սկսում են թեժ սիրո պատմություն: Նրանց մեջ հոգեկան և զգացմունքային կապերը խորանում են, սակայն, Կլայվի պնդմամբ, նրանց հարաբերություններում բացառվում է սեքսը: Նրանց ֆիզիկական շփումները սահմանափակվում են իրար շոյելով, գրկախառնվելով և համբուրվելով. պահվում են այսպես կոչված՝ «պղատոնական սիրո» անարատ և կուսական սահմանները:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Երկուղի

Երկու ընկերները ցնցվում են, երբ իրենց ընկեր Լորդ Րիզլին ձերբակալվում է մի զինվորականի սեքս առաջարկելու համար և դատապարտվում է վեց ամիս բանտարկության՝ ծանր աշխատանքով: Հիշենք, որ ժամանակին նույնա-սեռականությունը անօրինական էր Անգլիայում, և նույնասեռականներին կարելի էր դատի տալ «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:

Այս իրադարձությունը հանդիսանում է շրջադարձային Կլայվի և Մորիսի հարաբերություններում և ֆիլմում: Վախեցած, որ իր նունասեռականությունը բացահայտվելու դեպքում կարող է կորցնել իր «անունը», ձեռքից բաց թողնել իր կարիերայի հեռանկարները և զրկվել իր դասակարգային առավելություններից, դեպի Պղատոնի հայրենիք կատարած մի կարճ ուղևորությունից հետո Կլայվը խզում է իր սիրային կապը Մորիսի հետ և, ի վերջո, ամուսնանում է հարուստ ընտանիքի աղջիկ՝ միամիտ Անայի հետ:

Կլայվը, սակայն, պնդում է, որ Մորիսը շարունակի հնարավորինս հաճախ այցելել իրենց տուն: Թվում է, թե նա, ձանձրացած լինելով իր արհեստական ամուսնությունից, փնտրում է Մորիսի մոտավոր ներկայությունը, որը գոնե մասամբ կարող է լրացնել այն, ինչ բացակայում է իր կյանքում: Կլայվը մարմնավորում է այն պահպանողականությունը, համակերպվածությունը  և կեղծավորությունը, որոնք բնորոշ էին Անգլիայում տիրող ճնշող մթնոլորտին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>

Морис (1987) с сайта 24video.com
___________________________________________________________
«Մորիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

28.4.15

ՖԻԼՄ >>> Իվ Սեն Լորան, մաս 1-ին՝ 2-ից


ՖԻԼՄ
Իվ Սեն Լորան / Yves Saint Laurent
 / Ив Сен-Лоран
ՌԵԺԻՍՈՐ
Ջելիլ Լեփեր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Ժեք Ֆիեշի, Ջելիլ Լեփեր,

Ժերեմի Գեզ, Մարի-Փիեր Հյուսթեր

հիմնված Լորանս Բենաիմի համանուն վեպի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Իբրահիմ Մալուֆ
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Փիեր Նինե, Գիյոմ Գալիեն
ՏԱՐԵԹԻՎ
2014
ԵՐԿԻՐ
Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
105

Այս ֆիլմը ցույց է տալիս Իվ Սեն Լորանի կյանքը, ով հանդիսանում է 20-րդ դարի երեք ամենանշանավոր և ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկը՝ Քրիսթիան Դիորը և Կոկո Շանելը լինելով մյուս երկուսը:

Արագ վերելք

Ֆիլմը սկսվում է 1950 թ. Օրանում, երբ Ալժիրը դեռ ֆրանսիական մի գաղութ էր: Օրանը այն քաղաքն է, որտեղ ծնվել և մեծացել է Իվ Սեն Լորանը: Ֆիլմը հակադրման մեջ է դնում այս պատկերները 2008 թ. իրադարձությունների հետ, երբ մահանում է մոդելավորողը: 2008 թ. պատկերները վերցված են մի վավերագրական ֆիլմից, որը կոչվում է «Խելագար սերը» (L'amour fou / Ив Сен-Лоран: Сумасшедшая любовь) և վերաբերվում է Իվ Սեն Լորանի անձնական կյանքին և իր տպավորիչ ու բացառիկ արվեստի հավաքածուին, որը աճուրդի է հանվում և ցրվում նրա մահից հետո:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես 1958 թ., երբ Իվ Սեն Լորանը (Փիեր Նինե) հազիվ 21 տարեկան է, անսպասելիորեն նշանակվում է որպես գեղարվեստական ղեկավար Փարիզի լեգենդար Քրիսթիան Դիոր նորաձևության տան մեջ: Դիորի պիտակի տակ ներկայացված նրա առաջին հավաքածուն հիացմունք է առաջացնում և ակնթարթորեն նրան վերադասում բարձրագույն կարարվեստի (haute couture) առաջատար վերնախավի մեջ:

Հենց նույն հավաքածուի ցուցադրման ընթացքում նա հանդիպում է Փիեր Բերժեին (Գիյոմ Գալիեն), ով արվեստների հովանավոր է և կոլեկցիոներ: Նրանք սիրահարվում են և ձևավորում 20-րդ դարի ամենաազդեցիկ գեյ զույգերից մեկը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Հաջողությունը և դրա գինը

Երեք տարի անց Իվը առանձնանում է Դիորից և հիմնում իր սեփական նորաձևության տունը: Փիեր Բերժեն հանձ է առնում նոր ընկերության կառավարումը: Իվ Սեն Լորանի մոդելավորման տաղանդը՝ համակցված Փիեր Բերժեի գործարարական խորաթափանցությանը, արագորեն YSL (Yves Saint Laurent) նորաձևության տանը և բրենդը դարձնում է մոլորակի նորաձևության շքեղաշուք հսկաներից մեկը:

Արտասովոր այս հաջողության և ստեղծագործական աշխատանքի խենթ ռիթմին զուգահեռ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես հոգեպես թույլ ու փխրուն Իվը աստիճանաբար ալկոհոլային և թմրանյութային կախվածություն է ձեռք բերում: Սեռական արկածները հանդիսանում են լիցքաթափման մեկ այլ միջոց: Ֆիլմը ցույց է տալիս նրա վիճահարույց ու կրքոտ հարաբերությունը մոդելավորող Քարլ Լագերֆելդի զուգընկեր Ժեք դե Բաշերի հետ, և Փիեր Բերժեի կոշտ միջամտումը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Իվ Սեն Լորան
ը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

1.9.14

ֆիլմ >>> Իմ եղբայր՝ Նիխիլը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Իմ եղբայր՝ Նիխիլը / My Brother…Nikhil
 / Мой Брат, Никхил
 ՌԵԺԻՍՈՐ
 Օնիր
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Օնիր
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ 
 Վիվեք Ֆիլիպ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Սանջայ Սուրի, Ջուհի Չաուլա, Փուրաբ Քոլի
 ՏԱՐԵԹԻՎ
 2005
 ԵՐԿԻՐ
 Հնկաստան
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 120

Սուտ ու ճիշտ վավերագրական ֆիլմը

Այս ֆիլմը պատմում է Նիխիլի (Սանջայ Սուրի) կյանքը, որը լիովին խառնվում է այն պահին, երբ ախտորոշումից հետո պարզվում է, որ նա ՄԻԱՎ վարակակիր է: Նիխիլը գեղեցիկ, եռանդուն և հմայիչ լողի չեմպիոն է, ով ապրում է իր ծնողների ու քրոջ` Անամիքայի (Ջուհի Չաուլա) հետ, Հնդկաստանի Գոա քաղաքում:

Չնայած ֆիլմի սկզբում տեղադրված հայտարարությանը, թե պատմությունն ու կերպարները ֆիկտիվ են, սցենարը մեծապես ոգեշնչված է Դոմինիկ Դը Սուզայի (1959-1992) կյանքից, ով պատմականորեն ՄԻԱՎ-ով ախտորոշված առաջին անհատն է եղել Հնդկաստանում:

Վավերագրական ոճով նկարահանված այս ֆիլմը կազմված է հիմնական հերոսների հետ հարցազրույցաշարքից և համապատասխան ֆլեշբեքներից, որոնք ցուցադրում են նրանց պատմած իրադարձությունները:

Նոր բորը

Ի սկզբանե ֆիլմը բացահայտում է, որ Նիխիլը այլևս կենդանի չէ: Այսպիսով նրա ճակատագրի վերաբերյալ ոչ մի տագնապային անորոշություն և լարվածություն չի գոյանում ֆիլմի ընթացքում: Փոխարենը ֆիլմը կենտրոնանում է նրա կյանքի վերջին տարիների իրադարձությունների և պայմանների բացահայտման վրա: Հարցազրույցի մասնակիցները պատմում են իրենց, երբեմն լրացուցիչ, հիշողությունները, թե ինչ է տեղի ունենում Նիխիլի և իրենց կյանքում՝ սկսած այն օրվանից, երբ նա ախտորոշվում է ՄԻԱՎ-ով:

Երբ Նիխիլի վարակը հայտնի է դառնում, տեղեկատվության բացակայության ֆոնի վրա, ընդհանուր սարսափ է տարածվում քաղաքով մեկ: Բոլորին թվում է թե ՁԻԱՀ-ը նոր բորն է, և պետք է ամեն գնով մեկուսացնել «հիվանդին»: Նիխիլը անմիջապես դուրս է դրվում իր մարզական ակումբից, նրա ընտանիքը հալածվում է համայնքի կողմից, և ամենասոսկալին այն է, որ իր հարազատ ընտանիքը և ընկերները լքում են նրան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Քույրը Անամիքան

Նիխիլը իր հոր երազանքների ու չիրականացված նպատակների ժառանգն է: Հայրը նրան մեծացրել է, որ նա դառնա այն մարզիկը, որը ինքը չի հաջողել դառնալ: Նիխիլը գտնվում է նաև իր մոր ուշադրության կենտրոնում: Այս բոլորը քրոջը թողնում են ընտանեկան հարաբերությունների եզրում, սակայն Անամիքան, բարեբախտաբար, զերծ է խանդի ամենափոքր զգացումից անգամ:

Անամիքան Նիխիլին շատ է սիրում: Ի դեպ, նա աջակցում է իր եղբորը, երբ նրա ծնողները ուրանում են նրան և տնից դուրս նետում: Անամիքան որոշում է մնալ Գոայում և օգնել եղբորը, երբ նրանց ծնողները որոշում են հեռանալ քաղաքից խուսափելու ամոթից և շրջապատի նվաստացումները (ՁԻԱՀ-ը համարվում էր «անբարո» հիվանդություն):

Զույգընկերը

Մյուս անձը, ով թիկունք է կանգնում Նիխիլին, նրա զույգընկեր Նայջելն (Փուրաբ Քոլի) է: Ֆիլմում Նիխիլի և Նայջելի հարաբերությունները ներկայացվում են շատ պարկեշտ և զգույշ ձևով: Սա առաջին Հնդկական լիամետրաժ գեյ ֆիլմն է և, որպես այդպիսին, զերծ է բոլոր այն տեսարաններից, ինչպիսիք են համբուրվել, մերկություն և նույն անկողնում քնել, որոնք կարող են ցնցել հանդիսատեսին: Ընդհանրապես զույգընկերների միջև Ֆիզիկական շփումները պահվում են նվազագույնի չափով:

Այնուամենայնիվ, նրանց հարաբերությունները ցուցադրվում են շատ դրական` լի հարգանքով, մտերմությամբ, անկեղծությամբ և հավատարմությամբ: Ընդհանուր առմամբ, երկու գեյ կերպարներն էլ, Նիխիլը և Նայջելը, ներկայացվում են բնական և սովորական մարդիկ, առանց որևէ բարոյականության վրա հիմնված դատողության:

Հարկ է նշել, որ Նիխիլի եւ Նայջելի հարաբերությունները նաև պարունակում են բարձր աստիճանի փոխադարձ ըմբռնում. Օրինակ` նրանք խուսափում են քննարկելուց, թե ինչպես և ումից է Նիխիլը վարակվել ՄԻԱՎ-ով:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

Ռուսերեն օնլայն տարբերակ  >>>


___________________________________________________________
Իմ եղբայր՝ Նիխիլը  այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

19.8.14

ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 1-ին՝ 3-ից


 ՖԻԼՄ
 ՈՒայլդը / Wilde / Уайльд
 ՌԵԺԻՍՈՐ
 Բրայան Գիլբերթ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ջուլիան Միտչել  
 հիմնված Ռիչարդ Էլմանի համանուն գրքի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դեբի ՈՒայսման
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Սթեֆեն Ֆրայ, Ջյուդ Լաու, Մայքլ Շին
 ՏԱՐԵԹԻՎ
 1997
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 118

Այս ֆիլմը 19-րդ դարի նշանավոր իռանլանդական ծագումով անգլիական գրող` Օսկար Ուայլդի կյանքի մասին է՝ սկսած նրա ամուսնությունից մինչև վաղաժամ մահը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Ինքնաբացահայտում

Ֆիլմի գործողությունները  սկսվում են 1882 թվականից, երբ Ուայլդը (Սթեֆեն Ֆրայ), վերադառնալով ԱՄՆ-ում իր դասախոսական շրջագայությունից, ամուսնանում է Կոնսթանս Լոյդի հետ: Ուայլդը ըստ երևոյթի հակված է վարելու սովորական կյանք: Ֆիլմը ցույց է տալիս, որ նա աշխատում է զսպել իր՝ նույնասեռական ցանկությունները:

Մի տեսարանում, կանգնած Լոնդոնի փողոցներից մեկում, հանկարծ նրա և մի երիտասարդ տղայի աչքերը իրար են հառվում: Վարկենապես նա գլուխը հետ է դարձնում, բայց արդեն ուշ է. երիտասարդը հասկացել է նրա հակվածությունը: (Հետաքրքիր է, որ երիտասարդի կարճ դերը խաղում է Օրլանդո Բլումը, և սա նրա առաջին դերն է կինոյում):

Դեռևս նրանց երկրորդ որդին նորածին է, երբ Ուայլդները հյուրընկալում են Ռոբերտ Ռոս (Մայքլ Շին) անունով մի երիտասարդ կանադացի լրագրողի տանը: Նա Ուայլդին գայթակղում է և օգնում բացահայտել և ընդունել իր նույնասեռական հակումները:

Եվ ահա Ուայլդը իրեն ազատագրված է զգում: Նրա ստեղծագործական աշխատանքը ծաղկում և ծավալվում է, ինչպես իր  զուգընկերների շրջանակը: Նրա երկսեռական կյանքը կարող էր այսպես հանգիստ շարունակվել, եթե նա չաներ ճակատագրական և կործանարար մի հանդիպում:

Հանդիպում գեղեցկության հետ

Իր «Լեյդի Ուինդերմիրի հովհարը»  պիեսի առաջին բեմականացման գիշերը, Ուայլդը ծանոթանում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող ուսանող և բանաստեղծ Լորդ Ալֆրեդ Դուգլասի (Ջյուդ Լաուի) հետ, որին մտերիմները Բոսի են կոչում: Երկուսը սկսում են կրքոտ ու փոթորկոտ սիրային հարաբերություններ:

Ալֆրեդը անխոհեմ, հղփացած, եսաակենտրոն, բայց հմայիչ մի երիտասարդ արիստոկրատ է: Ուայլդը և Ալֆրեդը գնալով ավելի և ավելի են մտերմանում: Նրանց զգացմունքային և հոգեկան կապերը չի խանգարում նախաձեռնել այլ հանդիպումներ և տարբեր սեռական փորձեր: Արկածախնդիր Ալֆրեդը համոզված է, որ «բազմազանությունը կյանքի համեմունքն է» և Ուայլդին ներկայացնում է Լոնդոնի ստորգետնյա նոյնասեռական մարմնավաճառության շրջանակներին: (Հարկ է նշել, որ նույնասեռականությունը անօրինական էր Բրիտանական կայսրության մեջ): Ֆիլմի մի տեսարանում Ալֆրեդը սեքսով է զբաղված մեկ այլ տղամարդու հետ, մինչ նրա ավագ սիրեկանը հետևում է նրանց:

Ալֆրեդի Վահանը

Ալֆրեդը աշխատում է օգտագործել Ուայլդին  և նրա համբավը՝ պաշտպանելու իրեն իր հորից` Քուինսբերի մարկիզից, ով փորձում է նրան իր կատարյալ վերահսկողության տակ պահել: Ուայլդը մեծահոգաբար համաձայնում է խաղալ այդ վահանի դերը ի օգնություն և պաշտպանություն իր երիտասարդ սիրեկանի: Ալֆրեդը պնդում է, որ նրանք հրապարակավ ցույց տան իրենց մտերմությունը, որպես հակազդեցություն վիկտորիանական արիստոկրատիայի բարոյականության, ինչպես նաև իր կոպիտ, հոմոֆոբ հոր: Այս բորլորը չափազանց զայրացնում է մարկիզին, ով հիմնովին հակառակ է իր որդու և Ուայլդի կապերին:

Ուայլդի «Լրջախոհ լինելու կարևորությունը» պիեսի պրեմիերայից քիչ անց  մարկիզը թողնում է վիրավորական մի ուղերձ դրամատուրգին՝ նրան անվանելով սոդոմական: Ուայլդը անխոհեմորեն որոշում է դատի տալ մարկիզին զրպարտության մեղադրանքով: Ինչպես իր շատ ընկերները, այդ թվում՝ Ջորջ Բեռնարդ Շոուն, կանխատեսում են՝ դատավարությունը շրջվում  է Ուայլդի դեմ: Մարկիզի իրավաբանը դատարանին բացահայտում է Ուայլդի նույնասեռական հակումները: Հետևաբար, Ուայլդը դատի է տրվում «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

17.7.14

Ֆիլմ >>> Կեսգիշերը բարու և չարի այգում, մաս 1-ին՝ 2-ից



ՖԻԼՄ
 Կեսգիշերը բարու և չարի այգում
  / Midnight in the Garden of Good and Evil
  / Полночь в саду добра и зла
ՌԵԺԻՍՈՐ
 Կլինթ Իսթվուդ
ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ջոն Լի Հենկոք
 հիմնված Ջոն Բերենդթի համանուն պատմվածքի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Լենի Նիհաուս
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Քևին Սփեյսի, Ջոն Կյուսաք
ՏԱՐԵԹԻՎ
 1997
ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 155
«Կենդանի մարդկանց  հասկանալու համար, պետք է հաղորդակցվես  ննջեցյալների հետ: Բայց ննջեցյալների հետ չպետք է երկար հաղորդակցվես, քանի որ կմոռանաս կենդանի մարդկանց»:

Այս ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում 1980-ականներին: Դեպքերին մասնակից մի շարք անձինք ֆիլմում խաղում են հենց իրենց կամ այլ կերպարների դերեր:

Խնջույքի հաղորդումից՝ դատավարության լուսաբանություն

Ջոն Քելսոն (Ջոն Կուսաք), ով Նյու Յորքում աշխատում է որպես լրագրող, գործուղվում է Սավանա որպեսզի գրի մի հոդված Ամանորի առթիվ ամենամյա ճոխ մի խնջույքի մասին, որը Ջիմ Ուիլյամզը (Քևին Սփեյսի) կազմակերպում է իր առասպելական դղյակ՝ «Մերսեր հաուս»-ում:  

Ջիմ Ուիլյամսը «վերջերս հարստացած» (nouveau riche) մի միլիոնատեր է և քաղաքի էլիտայի կարկառուն դեմքերից մեկը: Նա ամբարտավան, բարդ, միջին տարիքի ամուրի մարդ է, ով զբաղվում է հնաոճ իրերի առևտրով: Նա գաղտնի հարաբերության մեջ է իր երկսեռական օգնական Բիլիի հետ, բայց թաքցնում է իր սեռական կողմնորոշումը՝ հիմնականում իր մորը չցնցելու համար:

Խնջույքի ընթացքում, սակայն, Բիլին սպանվում է և Ջիմը ձերբակալվում է նրա սպանության մեղադրանքով: Ջոն Քելսոն որոշում է երկարաձգել իր՝ Սավանայում մնալը, լուսաբանելու Ջիմ Ուիլյամսի դատավարությունը և նույնիսկ գրելու մի գիրք այդ մասին:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Արտառոց կերպարների համայնապատկեր

Սավանայում Ջոն Քելսոն աստիճանաբար կախարդվում է քաղաքի տարօրինակ, անորոշ ու խորհրդավոր մթնոլորտով: Նա հանդիպում է մի շարք արտասովոր անհատների, այդ թվում՝ մի վուդու քրմուհու, ում գերեզմանատներում կազմակերպած կեսգիշերային արարողությունները ներշնչել են նրան ֆիլմի անվանակոչման հարցում, մի շուն պահողի իր «անտեսանելի» շան հետ, և Շաբլիս Դեվոյին կամ Լեյդի Շաբլիսին, ով մի սևամորթ, արտառոց տրանսվեստիտ է:

Լեյդի Շաբլիսը (ով խաղում է իր դերը) արագորեն դառնում է ֆիլմի կենտրոնական գրավչությունը: Նա ծիծաղելի անձ է, բայց ոչ թե ծաղրելի, այնպես, ինչպես սովորաբար տրանսվեստիտները պատկերվում են կինոյում: Մենք ծիծաղում ենք Լեյդի Շաբլիսի հետ,  ծիծաղում ենք իր սուր արտահայտությունների վրա, բայց ֆիլմը երբեք նրան չի վերածում ծիծաղի և հեգնանքի առարկայի: Նա ակնկալում է, որ ընդունվի և հարգվի որպես լիակատար մի կին և դեռ ավելին՝ մի տիկին կամ «լեյդի»: Այնուամենայնիվ, թվում է, թե նա նաև հաճույք է ստանում, երբ ուրիշներին կարողանում է ցնցել՝ բացահայտելով իր տղամարդ լինելու փաստը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Կեսգիշերը  բարու և չարի այգում» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

4.7.14

դասական կինո >>> Մահ Վենետիկում


 ՖԻԼՄ
 Մահ Վենետիկում / Death in Venice
 
 Morte a Venezia / Смерть в Венеции
 ՌԵԺԻՍՈՐ
 Լուքինո Վիսկոնտի
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Լուքինո Վիսկոնտի, Նիկոլա Բադալուկո  
 
 հիմնված Թոմաս Մանի համանուն վիպակի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Գուստավ Մահլեր
 ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ  
 Դիրք Բոգարդ
 ՏԱՐԵԹԻՎ
 1971
 ԵՐԿԻՐ
 Իտալիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 130

թրեյլեր

ֆիլմում Գ. Մահլերի երաժշտությունը միահյուսված է Լ. Վիսկոնտի պատկերների հետ



Ռուսերեն օնլայն տարբերակ
 

30.6.14

Ֆիլմ >>> Արգելված զգացմունքներ /Taboo >>> մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Տաբու /Taboo/ Gohatto / Табу
 ՌԵԺԻՍՈՐ
 Նագիցա Օշիմա
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Նագիցա Օշիմա
 հիմնված Ռիոթարո Շիբայի վեպի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Ռյուիչի Սաքամոթո
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Ռյուհեյ Մաթսուդա, Թաքեշի Քիթանո, Թադանոբու Ասանո
 ՏԱՐԵԹԻՎ
1999
 ԵՐԿԻՐ
Ճապոնիա 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
100

«Ոչ մի բան, որն արտահայտված է, անպարկեշտ չէ: Անպարկեշտն այն է, որ թաքնված է»:
Նագիսա Օշիմա


Երիտասարդ և գեղեցիկ սամուրայ Քանո Սոզաբուրոն (Րյուհեյ Մաթսուդա), ով մեծահարուստ մի վաճառականի որդի է, ընդունվում է Ճապոնիայի նախկին մայրաքաղաք Կիոտոյի ոստիկանության շարքերը: Պատմությունը տեղի է ունենում 1865 թ., երբ Ճապոնիան գտնվում է ծայրահեղ բևեռացված վիճակում: Ավանդապահ ուժերը ձգտում են երկիրը մեկուսացված պահել արևմտյան ազդեցությունից և, հետևաբար, դեմ են բարեփոխական ուժերին: 

Անցումային այս խառը ժամանակաշրջանում, երբ սամուրայի սուրը աստիճանաբար փոխարինվում է հրացանով ու թնդանոթով, Կիոտոյի ոստիկանությունը, որը  մաս է կազմում ավանդապահ ճակատի, նոր զինյալներ հավաքագրելով՝ մտադիր է ճնշել ապստամբներին՝ իր տարածաշրջանում:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Դեպի խառնակություն

Քանո Սոզաբուրոն շատ հմուտ սուսերամարտիկ և տաղանդավոր ռազմիկ է, բայց նաև ունի շատ հմայիչ արտաքին՝ բաց գույնի մաշկ, նուշի նման  աչքեր, կլորիկ բերան և երկար մազեր: Նրա արտաքինով գրավվում են մի քանի համադասարանցիներ և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Այս խստապահ սամուրայի կայազորում, որտեղ ամեն ինչ խստորեն համակարգված և ամրագրված է և վարքականոնից նունիսկ մանր խախտումները կրում են մահապատիժ, Քանո Սոզաբուրոյի ներկայությունը պատճառ է դառնում խառնակության:

Առաջինն ով նրան սիրահարվում է մորուքավոր և գեղադեմ Թաշիրոն (Թադանոբու Ասանո) է: Նա միակ  սուսերամարտիկն է, ում Քանո Սոզաբուրոյի հետ միաժամանակ հաջողվում է հանձնել  ոստիկանության ընդունելության քննությունը: 

Քննության օրը կապիտան Հիջիքաթան (Թաքեշի Քիթանո) տպավորվում է Քանո Սոզաբուրոյի գեղեցկությամբ և գուշակում է նրա սեռական կողմնորոշումը, այդուամենայիվ, հավանություն է տալիս նրա ընդունելությանը՝ նրա անվիճելի արժանիքների ու տաղանդի հիման վրա: Հետագայում այս որոշումը հաստատում  է  իր տեղին լինելը, երբ Քանո Սոզաբուրոն հաջողությամբ անցնում է բոլոր դժվարին ու դաժան փորձությունները՝ բացառությամբ մեկի: 

Փորձություններից մեկում կապիտան Հիջիքաթան պահանջում է, որ Քանո Սոզաբուրոն և Թաշիրոն պայքար մղեն միմյանց դեմ: Չնայած նրան, որ Քանոն ավելի գերազանց սուսերամարտիկ է՝ պարտվում է Թաշիրոյին, և կապիտան Հիջիքաթան եզրակացնում է, որ տղաները սիրում են միմյանց:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>


___________________________________________________________
«Արգելված զգացմունքները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

26.6.14

Ֆիլմ >>> Միասին` ուրախ, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Միասին` ուրախ / Happy Together
 / Счастливы вместе
 ՌԵԺԻՍՈՐ
 Վոնգ Քար-վայ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Վոնգ Քար-վայ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դենի Չունգ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Թոնի Լընգ, Լեսլի Չընգ
 ՏԱՐԵԹԻՎ
 1997
 ԵՐԿԻՐ
 Հոնգկոնգ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 96
«Ստացվում է, որ միայնակ մարդիկ բոլորն էլ նույնն են»:
Այս ֆիլմը ցուցադրում է մի հոնկոնգցի նույնասեռական զույգի կրքոտ, բայց միևնույն ժամանակ անհաշտ հարաբերությունները: Լայը (Թոնի Լենգ), ով պատմում է պատմությունը, և Հոն (Լեսլի Չենգ) գնում են Արգենտինա՝ այցելելու Իգուասու ջրվեժը և թարմացնելու իրենց փոթորկոտ ու քայքայվող հարաբերությունները: 

Լայը և Հոն ունեն բարդ փոխկախվածություն: Նրանց հարաբերությունը ունի ցիկլային մի օրինաչափություն՝ հակամարտություն, բաժանում, հաշտեցում ու վերամիավորվում: Ի դեպ՝ միշտ Հոն է, ով առաջարկում է, որ իրենք վերականգնեն իրենց կապը: Լայը այս հարցում ավելի զուսպ է բայց, այդուամենայնիվ, ցանկանում է շարունակել Հոյի հետ իր հարաբերությունը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>
   

Երկու հակապատկեր

Լայը և Հոն շատ տարբեր են իրարից և, բազմաթիվ առումներով, հակապատկեր են: Լայը բավականին հանգիստ, ուշադիր, պատասխանատու, կազմակերպված ու բանական մարդ է: Նա ի զորու է քրտնաջան աշխատանքով փող վաստակել, աշխատել նույնիսկ որպես դռնապան մի տանգոյի ակումբում կամ աման լվացող մի ռեստորանում: Նա վարձակալում է մի փոքր և հասարակ սենյակ, սակայն, պահում է այն շատ կոկիկ ու կազմակերպված: 

Ի տարբերություն Լայի, Հոն շատ ավելի ինքնաբուխ, անկազպակերպ, անհոգ և ինչ-որ չափ անկայուն մարդ է: Նա չի կարողանում հավատարիմ մնալ Լային և շփվում է այլ տղամարդկանց հետ, զբոսաշրջիկների հետ հաճախ զբաղվում է մարմնավաճառությամբ, ապրում է տարբեր հյուրանոցային սենյակներում, երբեմն դիմում է գողության և նույնիսկ ենթարկվում է ծեծի իր հաճախորդների կողմից:

Տանգո հարաբերություն

Այդ տարբերությունները երկուսի միջև ստեղծում են որոշ փոխլրացումներ: Օրինակ՝ Հոն ակնկալում է խնամվել և սփոփվել, իսկ Լայը հաճույքով բավարարում է զուկընկերոջ այդ կարիքը: Հոն սովորաբար իրեն պահում է քմահաճ, բռնապետ և պահանջկոտ մի անձի նման, որը վշտացնում և միևնույն ժամանակ՝ դուր է գալիս Լային: Մի անգամ Հոն նույնիսկ պարտադրում է իր սիրեկանին, ով տառապում է գրիպով, դուրս ելնել անկողնուց և ճաշ եփել իր համար:

Նրանց տարբերությունները առաջացնում են նաև տարաձայնություններ և բախումներ: Նրանք սովորաբար վիճում են իրար հետ: Այն, որ նրանք երկուսն էլ հաճույք են ստանում իրենց տարաձայնությունները շահագործելուց, ավելի է բարդեցնում իրավիճակը: Ոչ մեկը չի տարակուսում խաղալ մյուսի զգայունության հետ, հրահրել և վրդովել զուկընկերոջը, և նույնիսկ վիրավորել նրան: 

Սակայն, երբ նրանք կռվում և առանձնանում են միմյանցից, իրենց թշվառ են զգում: Փաստորեն նրանք, ի տարբերություն ֆիլմի անվանման, չեն կարողանում միասին ուրախ և երջանիկ լինել, բայց հավասարապես դժբախտ են, երբ բաժանվում են միմյանցից: Նրանք սիրում և ցանկանում են միմյանց, բայց նաև միմյանց պատճառում են տառապանք: Այս «1-2 քայլ առաջ և 1-2 քայլ հետ» հարաբերությունը փոքր-ինչ հիշեցնում են տանգո պարը: Ի դեպ՝ ֆիլմում կան տանգոյի տեսարաններ, որոնք ցայտուն կերպով ներկայացնում են Լայի և Հոյի հարաբերությունը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
___________________________________________________________
«Միասին` ուրախ» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ