Showing posts with label Maurice. Show all posts
Showing posts with label Maurice. Show all posts

19.5.15

ֆիլմ >>> Մորիս, մաս 2-րդ՝ 2-ից


Երջանկության որոնումը

Հետաքրքիր է, թե ինչպես հիասթափված և շփոթված Մորիսը օգնություն է փնտրում մի բժշկից և ապա մի հոգեբանից, որպեսզի «բուժի» իր նույնասեռական հակումները: Հոգեբանը նախ նրան խորհուրդ է տալիս «ամրապնդել իր առնականությունը»՝ խաղալով թենիս և կրելով զենք: Իսկ հետագայում նրան խորհուրդ է տալիս գնալ հաստատվել մի այլ երկրում, քանի որ Անգլիան երբեք չի փոխվի: «Սա մի երկիր է, որը երբեք հակված չի եղել ընդունել մարդկային բնությունը», - հայտարարում է նա:

Մորիսը հասկանում և բացահայտում է ինքն իրեն և ընդունում է իր ինքնությունը շնորիվ մի այլ անձի խիզախության ու հաստատակամության, մի մարդ, ով Մորիսի կյանքում է հայտնվում անսպասելիորեն: Մորիսը ծանոթանում է Ալեք Սկադերի (Րուփերթ Գրեյվս) հետ, ով Կլայվի տան սպասարկուներից մեկն է: Նրանք գիշերում են միասին, որը փաստորեն Մորիսի համար իր առաջին իսկական սեռական փորձն է: Երբ Մորիսի կասկածանքները շանտաժի ենթարկվելու մասին փարատվում են, նա սկսում է ավելի լուրջ վերաբերվել Սկադերին, սակայն, այս վերջինս պայմանավորված է գաղթել Արգենտինա:

Արդյո՞ք երկու սիրահարները կմնան միմյանց հետ: Սկադերը կվերանայի՞ իր երկրից հեռանալու մտադրությունը: Մորիսը կկարողանա՞ հաշտվել իր խայտառակության և կարիերայի ոչնչացման հեռանկարին: Արդյոք այս երկուսը կկարողանա՞ն դիմանալ հասարակության կողմից նրանց մեկուսացման և մարգինալացման ճնշումներին: Եվ, հավանաբար, ամենաբարդ հարցը՝ արդյոք նրանք կկարողանա՞ն խաղալ  իրենց հարաբերության, ինչպես նաև  էությամբ դասակարգային հասարակարգի նորմերի խախտման հետևանքների հետ: Մի խոսքով՝ արդյոք այս երկուսի սերը կկարողանա՞ նվաճել իրենց հարաբերությունից բխած բոլոր դժվարությունները: Ֆիլմը միայն մասամբ է պարզաբանում այս հարցերը:

Էդուարդ Մորգան Ֆորսթերը
Թաքցրած վեպը

Էդուարդ Մորգան Ֆորսթերը (1879-1970) գրել է «Մորիս» վեպը 1913 թ. և վերանայել է այն 1932 թ. և կրկին 1959-1960 թ.: «Մորիսը» /պատկանում է վեպերի այն տեսակին, որը քննարկում է գլխավոր հերոսի պատանեկությունից երիտասարդություն անցման հոգեբանական և բարոյական հետևանքները: Սա մի անցում է, որի ընթացքում հերոսի անձնավորության մեջ ի հայտ եկող փոփոխությունները չափազանց կարևոր են: Այս կոնկրետ դեպքում գլխավոր հերոսը մի նույնասեռական տղա է, ով աստիճանաբար բացահայտում է իր կողմնորոշումը:

Ֆորսթերը իր վեպը հիմնել է իրական մարդկանց՝ բանաստեղծ և ակտիվիստ Էդուարդ Կարփենթերի (1844-1929) և նրա զուգընկեր Ջորջ Մերիլի (1866-1928) կերպարների վրա: Ջորջ Մերիլը ունեցել է աշխատավորական ծագում: Ֆորսթերը այցելել է նրանց 1912 թ. և խորապես տպավորվել նրանց հարաբերությունից և համատեղ կյանքից, չնայած իրենց դասակարգային տարբերություններին:

Ջորջ Մերիլը (ձախ) և Էդուարդ Կարփենթերը:
«Մորիսը» պարունակում է շատ թեմաներ, որոնք սովորաբար Ֆորսթերը մշակել է իր վեպերում, ինչպես հակադրվելը դասակարգային և ազգային կապանքներին՝ լիարժեք ապրելու համար սիրային հարաբերությունը: Հաշվի առնելով իր սեփական նույնասեռականությունը՝ սա հաստատ նրա առավել անձնական վեպն է: 

Նա, այդուամենայնիվ, հրաժարվել է վեպը հրատարակել իր կենդանի ժամանակ հիմնականում երկու պատճառով: Առաջինը՝ ժամանակին նույնասեռականությունը անօրինական է եղել Բրիտանական Կայսրության մեջ և հասարակության վերաբերմունքը ևս շատ թշնամական է եղել նույնասեռականության հանդեպ: Ֆորսթերը պարզապես խուսափել է իրավական տարաձայնություններից և հասարակական սկանդալներից: Երկրորդը՝ նրա կարծիքով այս վեպը չի ունեցել համաչափ գրական արժանիքներ, որքան իր այլ վեպերը՝ ինչպիսիք են «Տեսարանով մի սենյակ» (1908 թ.), «Հովարդս Էնդ» (1910 թ.) և «Ճամփորդություն դեպի Հնդկաստան» (1924 թ.):

Առաջին անգամ այս վեպը հրատարակվել է 1971 թ.՝ Ֆորսթերի մահից անմիջապես հետո: Դրան հետևել է պատմվածքների մի հավաքածու 1972 թ., որը կոչվում էր «Գալիք կյանքը» և որում նույնպես քննարկվել է նույնասեռականության թեման:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.8 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>











ֆիլմի գլխավոր դերասանները
Ուիլբին և Գրանթը կիսեցին լավագույն
դերասան մրցանակը 1987 թ. Վենետիկի
կինոփառատոնում:


___________________________________________________________
«Մորիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

ֆիլմ >>> Մորիս, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մորիս / Maurice / Морис
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջեյմս Այվորի 
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Քիթ Հեսքեթ-Հարվի, Ջեյմզ Այվորի

 հիմնված Է. Մ. Ֆորսթերի համանուն վեպի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Րիչարդ Րաբինզ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Ջեյմս Ուիլբի, Հյու Գրանթ, Րուփերթ Գրեյվս
 ՏԱՐԵԹԻՎ
 1987
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 140

Նրբագեղ ու մտաշարժ այս ֆիլմը 20-րդ համագործակցությունն է ռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմաիլ Մերչենթի միջև: Պատմութույնը տեղի է ունենում Անգլիայում Առաջին համաշխարայինի նախօրյակին: Ֆիլմը ցուցադրում է այն տարբեր ընտրությունները, որոնք  ժամանակին նույնասեռականները ի վիճակի էին կատարել իրենց սեռականության և սիրային կյանքի վերաբերյալ և այն գինը, որը պետք էր վճարել այդ ընտրությունները կատարելու համար:

Սեր, սեքս և Պղատոնը

Առաջին տեսարանում տեսնում ենք 11-ամյա դպրոցական Մորիս Հալին, ում իր ուսուցիչը աշխատում է իրազեկել «սեքսի սրբազան գաղտնիքների» մասին՝ ցանկանալով պատրաստել որբ տղային այն փոփոխություններին, որոնց նա հանդիպելու է իր սեռական հասունացման ճանապարհին:

Տարիներ անց միջին խավը ներկայացնող Մորիսին (Ջեյմս Ուիլբի) վիճակվում է ընդունվել Քեմբրիջի առաջատար համալսարանում: Այնտեղ նա ընկերանում է երկու հարուստ և ազնվական ծագումով համադասարանցիներ հետ, ովքեր  են լորդ Րիզլին և գեղեցիկ ու հմայիչ Կլայվ Դուրհամը (Հյու Գրանթ): Դուրհամը սիրահարվում է իր ընկերոջը և անակնկալ կերպով  նրան խոստովանում է իր զգացմունքները:

Լինելով մտավորականներ՝ նրանց անհրաժեշտ է տեսականորեն բացատրել և հիմնավորել իրենց արարքները: Մորիսը դրականորեն չի արձագանքում Կլայվի սիրո բացահայտմանը, և հիմք ընդունելով  կրոնական արժեքները՝ հարցականի տակ է դնում նման վարքագիծը: Մինչդեռ Կլայվը Մորիսի հանդեպ իր գրավչությունը արդարացնում է Պղատոնի փիլիսոփայական փաստարկներով, ըստ որոնց երկու տղամարդու միջև իդեալական սերն ու ջերմությունը պատկանում է վեհ բարոյականության ոլորտին:

Այն բանից հետո, երբ Մորիսը պատասխանում  է Կլայվի զգացմունքներին, երկուսը սկսում են թեժ սիրո պատմություն: Նրանց մեջ հոգեկան և զգացմունքային կապերը խորանում են, սակայն, Կլայվի պնդմամբ, նրանց հարաբերություններում բացառվում է սեքսը: Նրանց ֆիզիկական շփումները սահմանափակվում են իրար շոյելով, գրկախառնվելով և համբուրվելով. պահվում են այսպես կոչված՝ «պղատոնական սիրո» անարատ և կուսական սահմանները:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Երկուղի

Երկու ընկերները ցնցվում են, երբ իրենց ընկեր Լորդ Րիզլին ձերբակալվում է մի զինվորականի սեքս առաջարկելու համար և դատապարտվում է վեց ամիս բանտարկության՝ ծանր աշխատանքով: Հիշենք, որ ժամանակին նույնա-սեռականությունը անօրինական էր Անգլիայում, և նույնասեռականներին կարելի էր դատի տալ «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:

Այս իրադարձությունը հանդիսանում է շրջադարձային Կլայվի և Մորիսի հարաբերություններում և ֆիլմում: Վախեցած, որ իր նունասեռականությունը բացահայտվելու դեպքում կարող է կորցնել իր «անունը», ձեռքից բաց թողնել իր կարիերայի հեռանկարները և զրկվել իր դասակարգային առավելություններից, դեպի Պղատոնի հայրենիք կատարած մի կարճ ուղևորությունից հետո Կլայվը խզում է իր սիրային կապը Մորիսի հետ և, ի վերջո, ամուսնանում է հարուստ ընտանիքի աղջիկ՝ միամիտ Անայի հետ:

Կլայվը, սակայն, պնդում է, որ Մորիսը շարունակի հնարավորինս հաճախ այցելել իրենց տուն: Թվում է, թե նա, ձանձրացած լինելով իր արհեստական ամուսնությունից, փնտրում է Մորիսի մոտավոր ներկայությունը, որը գոնե մասամբ կարող է լրացնել այն, ինչ բացակայում է իր կյանքում: Կլայվը մարմնավորում է այն պահպանողականությունը, համակերպվածությունը  և կեղծավորությունը, որոնք բնորոշ էին Անգլիայում տիրող ճնշող մթնոլորտին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>

Морис (1987) с сайта 24video.com
___________________________________________________________
«Մորիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ