16.6.14

Ֆիլմ >>> Նախքան գիշերամուտ, մաս 1-ին՝ 2-ից


 Ֆիլմ
 Նախքան գիշերամուտ / Before Night Falls
  / Пока не наступит ночь
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջուլիան Շնաբել  
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Ջ. Շնաբել, Կ. Օկիֆ, Լ. Գոմեզ Կառիյես
 Ռեյնալդո Առենասի հուշերի հիման վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Կարտեր Բուրւել
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Խավիեր Բարդեմ, Օլիվիե Մարտինեզ,
 Անդրեա դի Ստեֆանո
 ՏԱՐԵԹԻՎ
 2000
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 133

Ծառերը ունեն գաղտնի մի կյանք, որով բացահայտում են միայն նրանց, ովքեր ցանկանում են մագլցել իրենց վրա:


Այս ֆիլմը պատմում է նշանավոր կուբացի բանաստեղծ և վիպասան Ռեյնալդո Առենասի (1943-1990) կյանքը, նրա՝ մահից երեք տարի անց  հրատարակված հուշերի  և  մի շարք բանաստեղծությունների ու վեպերի հիման վրա:

Ֆիլմի ոճը համահունչ է Առենասի բանաստեղծական ոգուն: Հետևաբար, հակառակ կենսագրական ճշգրտության որոնմանը և իրադարձությունների ստույգ վերակառուցմանը, ռեժիսորը նախընտրել է տեսողական պոեզիայի լեզվով ցուցադրել Առենասի կյանքը, նրա ներաշխարհը և նրա անդադար ձգտումը ազատության՝ թե՛ գեղարվեստական, թե՛ սեռական և թե՛ քաղաքական:

Ֆիլմը պարունակում է մի քանի ասմունքներ Առենասի թե՛ բանաստեղծություններից և թե՛ արձակ գործերից և համակցում է գեղանկարչության ոճով պատկերած տեսարանները, ինչպես նաև խնամքով ընտրած երաժշտությունը: Երբեմն դժվար և թեկուզ անհնար է տարանջատել, թե արդյոք տեսարանը ցույց է տալիս իսկապե՞ս տեղի ունեցած մի դեպք, թե Առենասի համար ընդամենը այդ դեպքի հրահրած ոգեշնչումներն արտահայտող մի տեսարան:

Վաղ կյանք

Ֆիլմը ցույց է տալիս Առենասի մանկությունը թշվառ մի գյուղում, որտեղ նրան մեծացնում են իր մայրը և նրա գերդաստանը: Նա խաղում է ցեխի հետ և փորագրում իր առաջին բանաստեղծությունները ծառերի վրա: Նա ընդմիշտ տպավորվում է տեղատարափ ջրհեղեղներով, որոնք մեծ թափով ծածկում են ողջ տարածքը և ստեղծում հուզիչ պատկերներ:

Իր ուշ պատանեկան տարիներին Առենասը (Խավիեր Բարդեմ) հարում է Կաստրոյի ապստամբությանը և ի վերջո միանում է պարտիզաններին: 1959 թ. ապստամբությունը տապալում է ԱՄՆ-ի կողմից սատարված իշխանություններին: 1960-ականներին մայրաքաղաք Հավանա տեղափոխվելուց հետո Առենասը շարունակում է իր բարձրագույն ուսումը, ծավալում է իր գրական գործունեությունը և հրատարակում է իր առաջին գիրքը՝ իր միակ գիրքը, որը երբևէ հրատարակվել է Կուբայում: Նա նաև սկսում է հարցադրել իր սեռականությունը և ծանոթանում է Փեփեի հետ (Անդրեա դի Ստեֆանո), ով հարուստ ընտանիքից մի երկսեռական տղա է : Նա Առենասին ներկայացնում է Հավանայի ծաղկուն գեյ կյանքը: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>



Հեղափոխության փոփոխությունը

Ֆիլմը ցույց է տալիս կուբայական հեղափոխության զարգացումը՝ վաղ ազատատենչ ժամանակաշրջանից դեպի բռնապետական փուլ, և թե ինչպես է այս փոփոխությունն ազդում Առենասի կյանքին ու աշխատանքին:

Վաղ շրջանում հեղափոխական հոգին և ընդհանուր ազատությունների վերականգնումը Կուբայում իրենց հետ  բերում են սեռական ազատություններ: Այստեղ ֆիլմը ցուցադրում է հեղափոխության հաղթանակին վերաբերող վավերագրական կադրեր, որոնց ֆոնի վրա արտասանվում է Առենասի «Շքերթը սկսվում է» կարճ պատմվածքից հատվածներ, որտեղ նա արտահայտում է իր հուզմունքը և համակրանքը հեղափոխության նկատմամբ:

Մի քանի տարի անց իրավիճակը հիմնովին փոխվում է, երբ Կաստրիստ իշխանությունները, Խորհրդային իշխանության ազդեցության ներքո և իրենց դիրքերը պահպանելու համար որդեգրում են կոմունիստական գաղափարախոսություն և դիմում են քաղաքական հալածանքների:

Փոխվում է  քաղաքականությունը նաև նույնասեռականության նկատմամբ: Նույնասեռականությունը դասակարգվում է որպես «հասարակական շեղում» և «բուրժուական անկման դրսևորում»: Իշխանությունները ձերբակալում և դատապարտում են արվեստագետներին և ստեղծում են համակենտրոնացման ճամբարներ նույնասեռականների և քաղաքական այլախոհների համար: Սրանք բոլորը կտրականապես օտարում են Առենասին հեղափոխությունից:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>
(6 րոպեով կրճատված)

___________________________________________________________
«Նախքան գիշերամուտը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ >>> ԱՅՍՏԵՂ 

No comments: