25.6.14

Ֆիլմ >>> Ելակ և Շոկոլադ, մաս 1-ին՝ 2-ից


ՖԻԼՄ
Ելակ և Շոկոլադ / Strawberry and Chocolate
/ Клубника и шоколад
 ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
Թոմաս Գութիերեզ Ալեա, Խուան Կարլոս Թաբիո
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
Սենել Փազ  

Հիմնված Ս. Փազի «Գայլը, անտառը և նոր մարդը» պատմվածքի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Խոզե Մարիա Վիթիեր 
 ԳԼԽ.ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Խորխե Փերուգորիա , Վլադիմիր Կրուզ
 ՏԱՐԵԹԻՎ
1994
 ԵՐԿԻՐ 
Կուբա, Մեքսիկա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
108

Այս ֆիլմը պատմում է երկու տարբեր և շատ առումներով հակադիր կերպարների հանդիպման մասին Հավանայում (Կուբա), 1979 թ.: Մի օր, սրճարանում տեղ չլինելու պատճառով, Դիեգոն (Խորխե Փերուգորիա) և Դավիդը (Վլադիմիր Կրուզ) նստում են նույն սեղանին: Դավիդը համոզված է, որ Դիեգոն նույնասեռական է, քանի որ նա ուտում է ելակե պաղպաղակ, թեև դա հազվադեպ օրերից է, երբ Հավանայում առկա է շոկոլադե պաղպաղակ, և, բնականաբար, բոլոր սովորական մարդիկ էլ ուտում են այն:

Ելակը 

Եվ նա չի սխալվում: Դիեգոն գեյ է, արվեստագետ և չափազանց դժգոհ է երկրում քաղաքական և գեղարվեստական ազատությունների բացակայությունից: Նա շատ կիրթ, նրբաճաշակ, կոլորիտային և աշխույժ մարդ է, ունի ուժեղ արտահայտված նուրբ վարքուբարք, և իր բնակարանը զարդարել է փոքր-ինչ Փարաջանովի տուն-թանգարանի ոճով, իրար կողքի շարելով՝ գույնզգույն կոլաժներ, զարմանալի իրեր, քանդակներ, լուսանկարներ և գեղանկարներ:

Շոկոլադը

Դավիդը տարասեռական տղա է՝ համալսարանի ուսանող, նեղմիտ ու ազգայնական,  կոմունիստական կուսակցության ռազմիկ: Նա գյուղական համեստ ընտանիքի զավակ է և հիմա ապրում է հանրակացարանի խիստ պայմաններում: Նրա անձնական կյանքը վերջերս փլուզվել է. նրա նշանածը նրան լքել է՝ ամուսնանալու մեկ այլ տղամարդու հետ, ով կարող է պարգևել ապահով ու հարմարավետ կյանք: Դավիդը ազնիվ մարդ է և որոշ առումներով՝ միամիտ ու լի նախապաշարումներով ու կարծրատիպային գաղափարական մտածողությամբ: Նա կարծում է, որ նույնասեռականությունը հիվանդության տեսակ է, որի առաջացման պատճառը վահանագեղձում է գտնվում:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>




Ելակը և Շոկոլադը

Սրճարանից հետո, նրանք գնում են Դիեգոյի բնակարան, բայց կարճ ժամանակ անց, երբ Դավիդը զգում է, որ Դիեգոն սեռական մտադրություններ ունի, լքում է Դիեգոյին: Նա չի ցանկանում կրկին հանդիպել Դիեգոյին։ Բայց, երբ իր համակուսակից ընկերոջը պատմում է, որ հանդիպել է «տարօրինակ» մի տղայի, ով ունի արգելված իրեր, ինչպես օրինակ ամերիկյան ձայնասկավառակներ, արտասահմանյան վիսկի և կրոնական արձաններ, ընկերը նրանից պահանջում է, որ նա լրտեսի Դիեգոյին և իր բացահայտումները զեկուցի համապատասխան մարմիններին, քանի որ Դիեգոն, հավանաբար, «վտանգավոր հակահեղափոխական» է և այլախոհ մի տարր:

Այսպիսով, նրանց հանդիպումները շարունակվում են, և չնայած սկզբնական շրջանում միմիյանց նկատմամբ կասկածներին՝ երկուսի մեջ էլ զարգանում է մտերմություն, որը նրանց թույլ է տալիս հաղթահարել թյուրըմբռնումներն ու անհանդուրժողականությունը: Նրանք տաք ու կրքոտ բանավիճում են գրականության, երաժշտության, Կուբայի հեղափոխության, նույնասեռականության, Հավանայի մշակութային ժառանգության և այլ թեմաներով: 

Նրանք աստիճանաբար գիտակցում են, որ իրենց տարբերություններով հանդերձ, նրանք շատ առումներով նման են. երկուսն էլ սիրում են իրենց երկիրը, հոգ են տանում իրենց հասարակության մասին, հավատում են ազնվությանն ու բարեկամությանը և սեր են փնտրում: Նրանք նաև սովորում են, որ բոլոր այս արժեքները կարող են արտահայտվել տարբեր ձևերով, ինչը պիտք է գնահատել և հարգել:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
___________________________________________________________
«Ելակ և Շոկոլադ» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: