9.1.17

Սերիալ >>> «Մարդկանց պես տարօրինակ», մաս 3-րդ՝ 3-ից


Սերիալի կառուցվածքը

Սերիալի առանցքում առկա է չորս մտերիմ ընկերների մի շրջանակ, որտեղ գերիշխում է կերպարներից մեկը՝ Բրայանը: Սա մի ձևաչափ է, որին բազմաթիվ ամերիկյան դրամատիկ կատակերգրական սերիալներ են հետևել («Սեքսը մեծ քաղաքում», «Ընկերներ», «Հուսահատ տնտեսուհիները» և այլն): Չորս հոգանոց շրջանակը, այս դեպքում, ոչ միայն բարեկամության, համերաշխության և փոխանակման հարթակ է, այլև հերոսներին ծառայեցնում է որպես արդյունավետ միջոց՝ հակազդելու տարբեր ընտանեկան, աշխատանքային և հասարակական խնդիրների, և դիմակայելու և հակազդելու շրջապատից ելնող ճնշումներին, որոնք հիմնականում ծագում են փոխըմբռնման բացակայությունից, տգիտությունից և խտրականությունից (հոմոֆոբիա):

Սերիալի պրոդյուսերները և սցենարիստները պնդել են, որ իրենք աշխատել են անել ամեն ինչ՝ պատկերելու համար նույնասեռականների իրական կյանքը: Դա, սակայն, միայն մասամբ է ստացվել, քանի որ սերիալը հիմնականում պատկերում է որոշակի կատեգորիայի նույնասեռականների կյանքը և, հետևաբար, դա համապարփակ պատկեր չի կարող լինել: Չորս ընկերներն և նրանց հետ փոխկապակցված կերպարներն ունեն բավականին սահմանափակ ապրելակերպ՝ նրանք ապրում են գեյ թաղամասում (Ազատության փողոց) կամ նրա մոտակայքում, ուտում են միշտ միևնույն գեյ ռեստորանում, գնում են միայն գեյ բար և գեյ դիսկոտեկ (Բաբելոն): Մենք նրանց երբեմն տեսնում ենք նաև թաղի մարզասրահում, որտեղ կարծես հաճախում են միայն գեյ հաճախորդներ: Որոշ կերպարներ նույնիսկ աշխատում են այնպիսի հիմնարկներում, որոնք սպասարկում են գեյ համայնքին: 

սերիալի բացման երգը (սեզոններ 4 և 5)  >>>


Հետևաբար ակնհայտ է, որ սերիալի հիմնական կերպարներն այնքան բազմազան չեն, որ սերիալը կարողանա ներկայացնել համայն նույնասեռական բնակչությանը։ Այն ներկայացնում է մի որոշակի հատվածի, որը Արևմտյան երկրներում ճանաչված է որպես «գեյ համայնք» (նաև պիտակավորված որպես «գեյ գետտո»՝ ըստ քննադատների): Այս պարզաբանումը, այնուամենայնիվ, չպետք է համարել որպես քննադատություն կամ ինչ-որ մի թերության բացահայտում: «Գեյ համայնքը», անկասկած, այնքան հարուստ և հետաքրքիր հասարակական խումբ (ենթամշակույթ) է, որ կարող է ծառայել որպես մեկ սերիալի պատմության հիմք: Ուղղակի չպետք է ընդհանրացնել այն ամբողջ գեյ բնակչության մակարդակով:

Հարկ է նշել, որ հեղինակները, փորձելով նկարագրել նույնասեռականների իրական կյանքը, թեև ընդամենը նրանց մի որոշակի հատվածին են անդրադառնում, անխուսափելիորեն ցուցադրում են ինչ-որ մի ճնշող, հզոր ու ահավոր երևույթ՝ խորապես արմատացած, գերիշխող և լայնատարած հոմոֆոբիան: Հոմոֆոբիայի արտացոլումները մենք տեսնում ենք գրեթե բոլոր էպիզոդներում, հասարակական կյանքի տարբեր մակարդակներում և ոլորտներում՝ ընտանեկան հարաբերություններում, կրթական հաստատություններում (դրպոց և համալսարան), աշխատանքային համատեքստում և պետական ինստիտուտներում: Սա, անկասկած, կարելի է դիտարկել որպես սերիալի ամենագնահատելի ձեռքբերումներից մեկը:

Գերազանց խաղարկություններ

Սերիալի հաջողության հիմնական պատճառներից մեկը դերասանների գերազանց և համոզիչ դերակատարումներն է: Կարելի է պնդել, որ սերիալի գրեթե բոլոր կադրերը խաղարկվել են կատարելությամբ՝ մեծ եռանդով ու ճշմարտությամբ:

Շնորհիվ դերասանների այս գերազանց աշխատանքի, բազմաթիվ հեռուստադիտողներ, անկասկած, համակրանք են զգացել Բրայանի նկատմամբ, ով սեքսի արքա է՝ ըմբոստ ոգով, և հաճախ ցնցում է իր եսասեր ու հետերոֆոբ արտահայտությունններով: Շատերը հաստատ կապվել են «անմեղ» Ջասթինին, ում հետ իրենց առաջին քայլերն են արել սերիալի՝ շատ անծանոթ աշխարհում: Ոմանք հաստատ իրենց մոտ են զգացել Մայքլին, ով փորձում է լինել կատարյալ ռոմանտիկ և անդրդվելիորեն փնտրում է իր կողակցին, ում շուտով գտնում է՝ ի դեմս Բենի, ով մի հմայիչ 30-ամյա գրականագետ է: Հեռուստադիտողները նաև բարձր են գնահատում էքսցենտրիկ և կատակախոս Էմեթին, ինչպես նաև ամաչկոտ և ինտրավերտ Թեդին: Եվ, վերջապես, նշենք Մելանիին և Լինդսիին՝ սերիալի իգական զույգին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս վայելել իրենց բարությունն և ընկերասիրությունը, ինչպես նաև Դեբիին՝ Մայքլի պաշտպանիչ, մեծահոգի և լայնախոհ մորը, ով վստահաբար սերիալի առավել համակրելի կերպարն է:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10 / 10

___________________________________________________________
«Մարդկանց պես տարօրինակ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Բրայան կոչված երևույթը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Բրայանի և Ջասթինի սերը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 3, սերիալի հերոսները >>> ԱՅՍՏԵՂ

No comments: