6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 5-րդ

«Ահեղ դատաստանը», Միքելանջելո, 1536-1541 թթ.,
Սիքստինյան կապելլա, Վատիկան:
Երկրորդ հռոմեական շրջան

1534 թ., Միքելանջելոն կրիկին թողել է Ֆլորենցիան: Նրան հետ են հրավիրել Հռոմ, որտեղ հանձնարարել են նկարել «Ահեղ դատաստանը»՝ Սիքստինյան կապելլայի խորանի պատին (1537-1541 թթ.): Նա այս ճոխ որմնանկարում պատկերել է Քրիստոսի երկրորդ գալուստը: Նկարի վերևի կենտրոնական հատվածում, նա նկարել է Քրիստոսին՝ որպես դատավոր, շրջապատված առաքյալների, սրբերի, պատրիարքների և նահատակների բազմությամբ: Ձեռքերից մեկը բարձրացրել է՝ փրկելու իր աջ կողմում գտնվողներին և մյուս ձեռքը վայր է պահել՝ պախարակելու նրանց, ովքեր ձախ կողմում են:

«Ահեղ դատաստանը», մանրամասներ:
«Ահեղ դատաստանը», մանրամասներ:
«Ահեղ դատաստանը», մանրամասներ:
Այս որմնանկարում Միքելանջելոն անտեսել է Հիսուսին պատկերելու սովորական գեղարվեստական չափանիշները. նկարել է նրան զանգվածային մկանոտ մարմնով, երիտասարդ, անմորուք և մերկ: Պատկերն ավարտվելուց հետո Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և բազմաթիվ կերպարների մերկությունը ոմանք համարել են սրբապղծություն և մի շարք հոգևորականներ պահանջել են որմնանկարի տեղահանումը կամ քողարկումը: Այն ժամանակվա Պապը դիմադրել է այդ պահանջներին, սակայն ավելի ուշ որոշվել է վերանկարել՝ ծածկելու կերպարների սեռական օրգանները:

Ի տարբերություն իր ժամանակների այլ նկարիչների, Միքելանջելոն հազվադեպ է ընդունել աշակերտներ կամ օգնականներ: 1542 թ. նա ընդունել է Սեկքինո դեյ Բրաչիին (Cecchino dei Bracci, 1528-1544 թթ.)՝ որպես աշակերտ: Թվում է, թե նա ջերմորեն սիրել է գեղադեմ երիտասարդին, քանի որ նրա վաղաժամ մահից հետո՝ ընդամենը մեկ տարի անց, Միքելանջելոն նրա հիշատակին գրել է 48 քառյակներ և նաև նախագծել է նրա գերեզմանը:

Սեկքինո դեյ Բրաչիի գերեզմանը, Միքելանջելո:
Բրաչիի հորեղբորը ուղղված մի նամակում  Միքելանջելոն գրել է, որ Բրաչին եղել է «այն կրակը, որն ինձ այրեց» և ակնարկելով նրա հետ ունեցած ֆիզիկական շփումը՝ քառյակներից մեկում նշել է․ 

Հողյա մարմինս ու ոսկորներս զրկվեցին ավաղ,
Նրա դեմքից հմայիչ ու աչքերից չքնաղ:
Վկայում եմ՝ որքան անկողնում երախտապարտ էի նրան, 
Երբ նա ինձ գրկեց, երբ հոգիս կենդանացավ:

Այս տողերին Միքելանջելոն ավելացրել է մի գրառում, որում խնդրել է հորեղբորից, ով նույնպես նույնասեռական հակումներ է ունեցել, այրել վերջին երկու տողերը «կրակով, առանց վկաների ներկայութեամբ», խուսափելու համար Միքելանջելոյի խայտառակվելուց: Ակնհայտորեն հորեղբայրը անտեսել է այդ խնդրանքը:

Մի նմուշ Միքելանջելոյի ձեռագրերից: Այս
բանաստեղծությունը նա գրել է Սիքստինյան
կապելլայի առաստաղը նկարելու մասին, 1510 թ.:
Վերջին տարիներ

1546-ից Միքելանջելոն ավելի քիչ է զբաղվել քանդակագործությամբ և նկարչությամբ և ավելի լայնածավալ գործունեություն է ծավալել որպես ճարտարապետ, մասնավորապես՝ Սուրբ Պետրոս տաճարի կառուցման գործում: Նա իր կյանքի մնացած 18 տարիները անց է կացրել այս վիթխարի նախագծի վրա: Տաճարի գմբեթը, որը ավարտվել է նրա մահից հետո, ճանաչվել է որպես «Վերածննդի մեծագույն կառույցը»: Այս շրջանում նրա պոեզիան կրոնական բնույթ է կրել, գրել է հիմնականում աղոթքներ:

Սուրբ Պետրոս տաճարը, Վատիկան:
Միքելանջելոն մահացել է Հռոմում՝ 1564–ին, իր 89 տարին լրանալուց 3 շաբաթ առաջ, և թաղվել է Ֆլորենցիայում: Կավալիերին ներկա է եղել արվեստագետի մահվան պահին:

Հետաքրքիր է, որ Միքելանջելոյի հուղարկավորության ճառն արտասանելու պատիվը ստացել է նրա ընկերներից մեկը՝ բանաստեղծ և պատմաբան Բենեդեթթո Վարքին (Benedetto Varchi,  1502-1565 թթ.): Վարքին իր ժամանակակիցներից մեկի կողմից նկարագրվել է որպես մի մարդ, ով «ճանաչված, սիրված ու մեծարված էր գրականության հսկաների կողմից Իտալիայում: Բայց այն,  որ նա միշտ հակված էր սիրել տղաներին,  (ինչը կոչում էր պլատոնական [սեր] և հաճախ քողարկում սիրեկանների անունները [իր բանաստեղծություններում]), մեծապես նվազեցնում էր իր հեղինակությունը, որին արդարացիորեն արժանի էր»: Ի դեպ, Վարքին ձերբակալվել և դատվել էր սոդոմականության մեղադրանքով 20 տարի առաջ (1545 թ.), և իր բազմաթիվ ընկերների բարեխոսության շնորհիվ ներվել էր:


լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
John Addington Symonds, “The life of Michelangelo Buonarroti, based on studies in the archives of the Buonarroti family at Florence”..
https://en.wikisource.org/wiki/The_Life_of_Michael_Angelo
http://leopoldest.blogspot.am/2010/09/tomasso-cavalieri-y-miguel-angel.html
http://www.penguinrandomhouse.com/books/220956/the-ugly-renaissance-by-alexander-lee/#aboutthebook
http://rictornorton.co.uk/michela.htm
“Forbidden Friendships: Homosexuality and Male Culture in Renaissance Florence.” Michael Rocke, (Майкл Рок, "Запретная дружба. Гомосексуализм и мужская культура в ренессансной Флоренции") Oxford University Press, 1998.

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: