2.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլք, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Հարվի Միլք / Milk / Харви Милк
 ՌԵԺԻՍՈՐ
 Գաս Վան Սենթ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Դասթին Լենս Բլեք
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դենի Էլֆմեն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Շոն Փեն, Ջոշ Բրոլին, Ջեյմս Ֆրանկո 
 ՏԱՐԵԹԻՎ
 2008
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 128

Անունս Հարվի Միլք է և ես եկել եմ ձեզ համախմբելու 

Այս ֆիլմը պատմում է Հարվի Միլքի կյանքը, ով պատմության մեջ հանդես է եկել որպես ԱՄՆ-ի նույնասեռական ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և առաջին բացահայտ գեյ ընտրված պաշտոնյան: 

Նոր սկիզբ

Ֆիլմը սկսվում է Միլքի (Շոն Փեն) ծննդյան 40-րդ տարեդարձի օրը՝ 1970 թվին, երբ նա վարում է սովորական մի կյանք Նյու Յորքում: Նա համոզված է, որ իր կյանքում դեռ նրան չի հաջողվել նվաճել ինչ որ մի բան, որով կարողանա հպարտանալ և որոշում է տեղափոխվել Սան Ֆրանցիսկո իր նոր սիրեկան Սկոտ Սմիթի (Ջեյմս Ֆրանկո) հետ և սկսել «նոր կյանք»:

Սան Ֆրանցիսկոյում՝ Կաստրո թաղամասի սրտում, որը հիմնականում միջին խավի գեյ թաղամաս է, նրանք հիմնում են լուսանկարչական խցիկի խանութ: Այդ թաղամասը աշխատավորական և կաթոլիկ մի թաղից արագորեն փոխվելու ընթացքում է: Բնականաբար ոչ բոլոր բնակիչներն են գոհ ու շնորհակալ այս փոփոխությունից: Հիասթափված հարևանների կողմից չցուցաբերած պատշաճ ընդունումից ու հարգանքից՝ Միլքը որոշում է ներգրավվել խտրականության վերացման պայքարում: 

Նրա նախաձեռնությունը՝ միավորելու Սան Ֆրանցիսկոյի գեյերին սպասարկող փոքր բիզնեսների սեփականատերերին այնքան է հաջողում, որ Միլքի և Սմիթի փոքրիկ խանութը վերածվում է գեյ իրավունքների ակտիվիստների շտաբի:

Դեպի  «փոքր հեղափոխություն»

Միլքը և իր ընկերները համախմբում ու առաջնորդում են Կաստրո թաղամասի ինչպես նաև ողջ Սան Ֆրանցիսկոյի նույնասեռական համայնքին իր տարբեր հարցերի և մարտերի մեջ՝ մասնավորապես ընդդեմ ոստիկանության հալածանքների ու բռնությունների: Նրանք նաև աջակցություն են ցուցաբերում քաղաքի այլ համայնքներին (չինացիներին, կանանց, և այլն) նրանց հարցերի շուրջ, որը, իր հերթին, ընդլայնում է գեյերին սատարող ուժերի շարքերը: 

Միլքը, ի վերջո, ներգրավվում է քաղաքականության մեջ: Երկու անհաջող ընտրական քարոզարշավից հետո (1973 թ և 1975 թ), նա վերջապես 1977 թվին հաղթում է Սան Ֆրանցիսկոյի ավագանու ընտրություններում: Սա ժամանակին համարվում է մի փոքր հեղափոխություն:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Առաջարկություն 6»

Ֆիլմը ցույց է տալիս Միլքի էական դերը ընդդեմ «Առաջարկություն 6-ի»՝ մի հանրաքվեական նախաձեռնություն Կալիֆորնիա նահանգում: «Առաջարկություն 6»-ը փորձում է արգելել նույնասեռականների աշխատանքը հանրային կրթական համակարգում այն հիմքով, որ նրանք «վարակում են» երեխաներին: 

Նախաձեռնությունը սատարում է համազգային պահպանողական մի շարժում, որը գլխավորում է ոմն Անիթա Բրայանթը և իր ստեղծած «Փրկենք մեր երեխաներին» կազմակերպությունը: Նրանք ամենուրեք ատելություն են սերմանում նույնասեռականների հանդեպ՝  ոգեկոչելով ինչ որ «քրիստոնեական արժեքների»: 

«Առաջարկություն 6»-ի դեմ պայքարում Միլքի ռազմավարություններից մեկը նույնասեռականներին խրախուսելն է, որ, լքելով իրենց գաղտնի կարգավիճակը,  բարձրաձայնեն իրենց սեռական կողմնորոշման մասին ընտանիքի անդամների և ընկերների մոտ: Ըստ նրա՝ նախապաշարմունքների և կարծրատիպերի դեմ պայքարում արդյունավետ միջոցներից մեկը դա միջանձնային հարաբերությունների հարթակում տեղադրելն է: Այսպիսով հնարավոր է դառնում հանրությանը ծանոթացնել և իրազեկել անմիջականորեն՝ այն մարդկանց միջոցով որոնց նրանք ճանաչում են ու վստահում: 

Միլքը գտնում է, որ նույնասեռականները միայն հրապարակ դուրս գալով են կարող փոխել տգետությունից բխող կանխակալ կարծրատիպերը՝ ի նպաստ լայնախոհության և ընդունման կամ գոնե հանդուրժողականության:

Հրատապություն՝ առանց որևէ անակնկալի

Ավագանու խորհրդի ներքին անցուդարձները նույնպես ֆիլմի կարևոր մասն են կազմում: Մասնավորապես Միլքի բարդ հարաբերությունները ավագանու անդամ Դան Ուայթի հետ (Ջոշ Բրոլին), ով նախկինում հրդեհաշեջ և ոստիկան է եղել և պահպանում է սերտ կապեր ոստիկանության հետ: 

Քաղաքական և հասարակական հարցերում պահպանողական դիրքորոշումներով, և՛ անձնական, և՛ զգացմունքային հարթակում անկայուն այս մարդու մեջ հետզհետե Միլքի հանդեպ առաջանում են զզվանքի և նրա նախաձեռնությունների հանդեպ վրդովման վերաբերմունքներ : 

Այս թշնամանքը ի վերջո Միլքին արժենում է իր կյանքը, մի իրադարձություն, որը մենք բացահայտում ենք ֆիլմի հենց սկզբում: Ավելի ուշ, ֆիլմը մեզ պարբերաբար հիշեցնում է Միլքի ողբերգրական ճակատագրի մասին՝ ցույց տալով նրան հասցեագրված ատելությամբ լի նամակներն ու մահվան սպառնալիքները: Մենք նաև ականատես ենք նրա ձայներիզի արձանագրման, որի մեջ նա պատմում է իր կյանքը և այսպիսով աշխատում է բաժանել իր փորձառությունները և մտքերը ապագա սերնդի հետ՝ իր դեմ մահափորձի դեպքում: Հարկ է նշել, որ Մարտին Լյութեր Քինգի 1968 թ. սպանությունը ինչ որ կերպ նախադեպ էր ԱՄՆ-ի այլ քաղաքացիական իրավունքների գործիչների համար: 

Հետաքրքիր է, որ չնայած նրան, որ պատմության «ավարտը» բացահայտված է ֆիլմի սկզբում և պարբերաբար հիշեցվում է ֆիլմի ընթացքում, ռեժիսորին հաջողվում է ստեղծել և պահել հզոր ինտենսիվություն և թեժ հրատապություն:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Հարվի Միլք» ֆիլմ այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: