3.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլք, մաս 2-րդ՝ 2-ից


Անձնական կյանք

Որպես բազմաշերտ մի ֆիլմ այն նաև անդրադառնում է Միլքի անձնական կյանքին և ցույց է տալիս, թե ինչպես է այդ փոխվում, երբ նա ավելի և ավելի է նվիրվում քաղաքական գործունեության: 

Անկասկած, Սկոտ Սմիթը հանդիսանում է Միլքի կյանքի միակ ճշմարիտ սերը: Նա շատ է ցանկանում կանգնել Միլքի կողքին և սատարել նրան, բայց պարզապես նրան այդ չի ստացվում, քանի որ չի կաորողանում դիմանալ քաղաքականացված կյանքի ճնշումներին:

Քաղաքական պայքարի ռազմավարության հարցեր

Ֆիլմը համապարփակորեն ներկայացնում է ԱՄՆ-ի գեյ ազատագրական շարժման դինամիկան՝ թե՛ հասարակական կյանքի ներքևի հարթակում՝ տեղական և համայնքային մակարդակում, և թե՛ վերևում՝ ինստիտուցիոնալ շրջանակներում: 

Երկու շերտերում էլ միշտ Միլքին տեսնում ենք ինքնավստահ, վճռական, նախաձեռնող և համարձակ և՝ երբեք պաշտպանական, անկայուն և թույլ կեցվածքներում: Ֆիլմը ցույց է տալիս, թե որպես խորաթափանց քաղաքական գործիչ ինչպես է  նա անհրաժեշտ դեպքում համատեղում այդ երկու շերտերում ընթացող պայքարը: Նա նաև արդյունավետորեն օգտագործում է քաղաքական հաղորդակցության տարբեր ձևերը՝ սկսած բողոքի ակցիաներից մինչև ազդեցիկ միջոցները՝ ինչպես հեռուստատեսությունը:

Մի երկրում, որտեղ քաղաքականությունը «համայնքայնացված» է, որտեղ մարդիկ սովորաբար իրենց ինքնությունը սահմանում են որոշակի համայնքներին իրենց պատկանելությամբ, որոնք ձևավորվում են ռասսայի, կրոնի, ազգության, և այլ հիմունքների վրա, Միլքի առաջնային ուշադրությունը «գեյ համայնքի» կազմակերպելն ու համախմբելն է: 

Սակայն, նա զգույշ է, որ իր համայնքային ռազմավարությունը չսահմանափակի իր գործունեության ծավալը և ազդեցությունը: Ի դեպ՝ որպես վերելք ապրող մի համայնքի առաջնորդ, նա ձեռք է մեկնում այլ համայնքներին իրենց տարբեր հարցերի կապակցությամբ, ինչպես նաև բարձրացնում է խնդիրներ, որոնց հետ առնչվում են քաղաքի գրեթե բոլոր բնակիչները (ինչպես օրինակ հանրային գրադարանի հասանելության հարցը):

Համայնքի կազմակերպումը և քաղաքականացումը Միլքին ուղիղ հակադրության մեջ է դնում գեյ «նոմենկլատուրայի» հետ, որը ընդհանրապես շատ զգուշավոր է՝  համոզված լինելով, որ քաղաքական դաշտի մեջ նույնասեռականները պետք է պահեն անչափ համեստ ներկայություն: 

Ֆիլմը նաև ցույց է տալիս, թե ինչպես Միլքը միշտ անդրադառնում է համամարդկային արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները: Օրինակ իր ելույթներից մեկում նա անդրադառնում է ամերիկյան անկախության հռչակագրի մի հատվածի, ըստ որի՝ «բոլոր մարդիկ ստեղծված են հավասար» և դիմելով իր հակառակորդներին՝ ավելացնում է՝ «անկախ այն բանից, թե որքան համառորեն կփորձեք, երբեք չեք կարողանա ջնջել այս բառերը»:
2009-ին Շոն Փենը ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում  >>>


Երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ

Այս ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց 2008 թ.՝  մեկ այլ պատմական հանրաքվեից  ընդամենը երկու շաբաթ առաջ,  որն անցկացվեց Կալիֆորնիա նահանգում՝ «Առաջարկություն 8» կոչումով: Այս անգամ հանրաքվեն նույնասեռականներին ամուսնության իրավունքից զրկելու մասին էր և հակառակ «Առաջարկություն 6»-ի պարագայի Կալիֆորնիայի բնակչության մեծամասնությունը հավանություն տվեց նույնասեռականների իրավունքների սահմանափակմանը: 

Այս խորհրդանշական զուգադիպությունը ցույց է տալիս, թե  որքան երկար ու դժվարին է եղել (և է) գեյ ազատագրական շարժման երթը թե՛ ԱՄՆ-ում, և թե՛ այլուր՝ համատեղելով միջանձնային, տնտեսական, իրավական և քաղաքական պայքարը՝ նվաճումներով և որոշ հետընթացներով, մի թաղամասից մյուսը, մի քաղաքից մյուսը, մի տարածաշրջանից մյուսը, մեկ երկրից մյուսը, մեկ հարցից մյուսը. տարեցտարի՝ սկսած 1970 թ. մինչև այսօր, և դեռ երկար տարիներ շարունակվելու է:

Վերջաբան

Սա շատ լավ բեմականացված ֆիլմ է և ռեժիսոր Գաս Վան Սենթի լավագույն գործերից մեկը: Ֆիլմի հաջողությունը բխում է նաև Շոն Փենի արտակարգ դերակատարությունից, ինչպես նաև երկրորդական պլանի  դերասանների համոզիչ խաղից: 

Վան Սենթը հմտորեն համատեղում է կադրեր «Հարվի Միլքի ժամանակները» վավերագրական ֆիլմից (տես ԱՅՍՏԵՂ), որը օգնում է ավելի լավ պատկերացնել 1970-ականների Սան Ֆրանցիսկոյի մթնոլորտը՝ այդ թվում գեյ ազատագրական շարժման սկզբնական պահերը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.7 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>> 




















ֆիլմի ռեժիսոր Գաս Վան Սենթը և գլխավոր դերասանները  >>>






 Շոն Փենը ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում

___________________________________________________________
«Հարվի Միլք» ֆիլմ այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: