16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Պատմության մեջ շատ են եղել իշխողներ, որոնք համարվել են նույնասեռական կամ երկսեռական: Նրանց սեռական կյանքը, սակայն, մնացել է անորոշ և քողարկված, ենթակա ենթադրությունների ու ասեկոսեների, իսկ լավագույն դեպքերում իրականությունը արձանագրել են այլ մարդիկ: Մի քանիսը, սակայն, ունեցել են խիզախություն՝ հրապարակայնորեն և բացահայտորեն դրսևորելու իրենց կողմնորոշումը, ինչպես՝ Հադրիանոսը (ըստ որոշ աղբյուրների՝ Ադրիանոս), Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով եղել է կայսր 117-138 թթ.:

Վաղ տարիներ

Հադրիանոսը (Publius Aelius Traianus Hadrianus) ծնվել է իտալա-իսպանական ազնվական մի ընտանիքում 76 թ.: 10 տարեկան հասակում կորցրել է իր ծնողներին, որից հետո նրա խնամակալն է դարձել իր ազգական՝ ապագա կայսր Տրայանոսը: Կրթության տարիներին նա սովորել է այն առարկաները, որոնք սովորաբար սովորել են ժամանակի ազնվական երեխաները, սակայն նա բարձր է գնահատել հունական գրականությունը: 19 տարեկանում Հադրիանոսը սկսել է իր ռազմական կարիերան և ուղարկվել է տարբեր գավառներ, այդ թվում՝ Մակեդոնիա և Գերմանիա: Վեց տարի անց նա դարձել է Սենատի անդամ և ընդգրկվել է կայսրի ներքին շրջապատում: Նա շարունակել է ծառայել հռոմեական բանակում և մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Դակիայի և Սիրիայի արշավանքներին: Նրա քաղաքական կարիերան շրջադարձային առաջընթաց է արձանագրել կայսրի ազգական Վիբիա Սաբինայի հետ ամուսնությունից հետո, 100 թ.:

Սաբինայի հետ ամուսնությունը անհաջող է եղել: Չկան հավաստի ապացույցներ, որ Հադրիանոսը անկեղծորեն հետաքրքրված է եղել կանանցով, ի տարբերություն վկայությունների՝ ի շահ երիտասարդների:

Հադրիանոսի կիսանդրին, բրոնզից, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ:
Գահակալություն

Հադրիանոսը 41 տարեկան է եղել, երբ նրան հաջողվել է հաջորդել Տրայանոսին: Ի տարբերություն Տրայանոսի աշխարհակալական քաղաքականության, որը կայսրությանը շարունակ ներքաշել էր պատերազմների մեջ, Հադրիանոսը որդեգրել է համախմբման և համերաշխության մոտեցում: Իր թագադրությունից մի քանի ժամ անց նա հրահանգել է նահանջել դրանից կարճ ժամանակ առաջ նվաճված Միջագետքից, Ասորեստանից և Հայաստանից: Նա նախընտրել է այլ երկրների հետ վարել խաղաղ բանակցություններ, կայսրությունը պաշտպանել հարևան ազգերից՝ կառուցելով ամրոցներ և պարիսպներ, և ամրապնդել կայսրությունը կազմող ազգերի ներդաշնակ համակեցությունը:

«Հադրիանոսի պատնեշ»-ի մնացորդները պահպանվել
են մինչև մեր օրերը, հյուսիսային Անգլիա:
Հադրիանոսը հովանավորել է արվեստները և ճարտարապետությունը: Նա մայրաքաղաքում վերականգնել կամ կառուցել է բազմաթիվ կոթողներ, ինչես՝ փառահեղ Պանթեոն տաճարը: Կայսրության տարածքում բարեկարգել է քաղաքները, հիմնել է գրադարաններ, ջրատարներ, բաղնիքներ, տաճարներ և թատերասրահներ: Իր համար կառուցել է հրաշալի Տիվոլի վիլլան Հռոմի մոտ (այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր):

Կայսրը սիրել է փիլիսոփայությունը և գրել է բանաստեղծություններ լատիներենով, ինչպես նաև հուներենով (որոնցից մի քանիսն են մեզ հասել): Որպես հունասեր՝ նա հանդես է եկել մորուքով, որն այնքան է տարածվել ազնվականության մեջ, որ իրեն հաջորդող կայսրերի մեծ մասը պահել է մորուք:

Հիմնականում ոգեշնչվելով հույն փիլիսոփաներից՝ Հադրիանոսը մի շարք որոշումներ է կայացրել՝ ի նպաստ սոցիալական արդարության: Նա մեղմացրել է ստրկատիրական կարգերը՝ ստրկատերերը կորցրել են իրենց ստրուկներին սպանելու իրավունքը, արգելվել է ստրուկների վաճառքը գլադիատոր մարզիչներին, արգելվել է խոշտանգումը, վերացվել է ստրուկների համար մասնավոր բանտերի գործունեությունը և արգելվել է ամորձատումը բոլորի համար (ազատ քաղաքացի և ստրուկ): Նա հիմնել է կայսրության առաջին մասնագիտացված իրավական վարչությունը և ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը: Շատ պատմաբաններ նրան համարում են իմաստուն և արդար մի մարդ, խաղաղության և բարգավաճման կայսր:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

24.7.17

Նույնասեռական շփումները՝ պատկերված հին հունական խեցագործության արվեստում, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 3-րդ


3. Անորոշություն և հակասություններ

Պատանին «մազերը լիարժեք աճելուց» հետո համարվել է տղամարդ և նրանից ակնկալվել է, որ հետագայում իր հերթին ծառայի որպես դաստիարակ (և «սիրահար»): Իսկ եթե նա նախընտրել է շարունակել շփվելը իր նման չափահաս տղամարդկանց հետ, դա շեղում է համարվել ավանդույթից: Երկու չափահաս տղամարդկանց միջև սեռական հարաբերությունները համարվել են խնդրահարույց և անցանկալի, բայց, այդուամենայիվ, հանդուրժվել են: Պասիվ դերում հանդես եկող տղամարդու վարքը համարվել է կանացի, «տղամարդուն անվայել» և նվաստացուցիչ, և նա եղել է քննադատության և ծաղրի առարկա: Սակայն ցածր դասի ներկայացուցիչ կամ ստրուկ լինելու դեպքում պարսավանքը ավելի թեթև է եղել պասիվ տղամարդու նկատմամբ: 

Սեքս և պատերազմ, Աթենքի թանգարան:
Այս հարցում եղել են նաև տարածաշրջանային տարբերություններ: Օրինակ՝ մ.թ.ա. 4-րդ դարում Թեբեի շրջանում եղել է լեգենդար «սրբազան գունդը»՝ (ἱερὸς λόχος) կազմված 300 տղամարդկանցից (150 նույնասեռական զույգեր): Այս էլիտար զինվորները ոչ միայն ծաղրի առարկա չեն եղել, այլև ընդհակառակը, հիացմունքի և գովեստի են արժանացել իրենց քաջության և վճռականության շնորհիվ: 

Ի դեպ՝ սրբազան գունդը ոչնչացվել է Ֆիլիպ 2-րդ Մակեդոնացու և նրա որդու Ալեքսանդրի արշավանքի ընթացքում՝ ընդդեմ Թեբեի, մ.թ.ա. 338-ին: Արձանագրել են (Պլուտարքոս, «Զուգակշիռք»), որ հաղթանակից հետո Ֆիլիպ 2-րդը շրջել է պատերազմի դաշտում և նկատելով «մեկը մյուսով գրկախառնված» դիակները՝ ընկալել է, թե ովքեր են նրանք, արտասվել է ու բացականչել՝ «Անիծվեն նրանք, ովքեր ենթադրում էին, որ այս տղամարդիկ արել են որևէ անպատշաճ արարք»:


Հին Հունաստանում տարածված է եղել նաև արական մարմնավաճառությունը: Մի շարք խեցեգործական նկարչություններ պատկերել են տղա մարմնավաճառներին, ովքեր, ընդհանրապես, սեքսում պասիվի դեր են ունեցել, և նրանց հաճախորդներին, ովքեր առանձնանում են իրենց ձեռքում բռնած փողի տոպրակներով:


Առօրյա կյանք  (շարունակություն)  >>> 


Մի տղամարդ զույգի համայնապատկեր, Լուվր թանգարան, Փարիզ:



Մարմնավաճառություն  >>>

Տղամարդը դիմում է երիտասարդին, սեքսի դիմաց առաջարկելով մետաղադրամ
պարունակող մի քսակ: Արձանագրությունը ասում է՝ «ΗΟ ΠΑΙΣ ΚΑΛΟΣ» (Տղան
գեղեցիկ է), մ.թ.ա. 5-րդ դար, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:
Նույն թեման, ինչպես նախորդը:
Սպորտային վարժություններ  >>>

Հին Հունաստանում գիմնազիայում վարժությունները իրականացնում էին մերկ:





Տղամարդը յուղում է երիտասարդի մարմինը, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:


լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
http://www.laits.utexas.edu/ancienthomosexuality/index.php
http://www.livius.org/articles/concept/greek-homosexuality
http://www.gay-art-history.org/gay-history/gay-customs/greek-homosexuality/greek-homosexual-love.html
https://www.theguardian.com/books/2007/nov/10/history.society
https://web.ics.purdue.edu/~rauhn/greek_gender.htm
https://sourcebooks.fordham.edu/pwh/greekeros.asp

_________________________________________________________________
«Նույնասեռական շփումները՝ պատկերված 
հին հունական խեցագործության արվեստում»
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ

Նույնասեռական շփումները՝ պատկերված հին հունական խեցագործության արվեստում, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 2-րդ


2. Պատկերացման կոդեր

Կարևոր է նշել, որ Հին Հունաստանում նույնասեռական հարաբերությունները տարածված և հասարակության կողմից ընդունված են եղել, երբ այն ներգրավել է մի տղամարդ (որը կոչվել է «սիրահար»- ἐραστής) և մի պատանի (ով կոչվել է «սիրելի» - ἐρώμενος): Սովորաբար պատանին իր սեռական հասունության սկզբից մինչև մազերի լիարժեք աճը, այլ կերպ ասած՝ 14-ից մինչև 18 տարեկանը, վերապատրաստվել է մի երեցի մոտ՝ գիտության և արվեստի, ինչպես նաև մարտարվեստի ոլորտներում: Այս ընթացքում նա նաև ծառայել է իր դաստիարակին՝ որպես սիրեկան՝ պասիվ դերում: Այս ավանդույթը, անշուշտ, տարածված է եղել ազատ քաղաքացիների և մասնավորապես՝ ազնվականության մոտ: Նշենք, որ Հին Հունաստանում տղամարդկանց և կանանց միջև ամուսնությունները ևս հետևել են նույն տարիքային ձևաչափին. սովորաբար երեսունն անց հասակում տղամարդը կին է առել իրենից քսան տարով փոքր աղջկա:


Նույնասեռական շփումներ պատկերող խեցեգործական նկարներում տղամարդիկ պատկերված են մորուքով, իսկ պատանիները՝ անմազ և առանց մորուք: Բացի այդ, տղամարդիկ սովորաբար կրում են պարզ տերևից մի պսակ, որը, հավանաբար, խորհրդանշել է պատանու հետ զուգավորումը՝ որպես նվաճում: Տղամարդը սովորաբար մեկ ձեռքով շոշափում է պատանու կզակը կամ նրան է հանձնում նվեր (ծաղիկ, աքաղաղ և այլն) և մյուս ձեռքով դիպչում է նրա սեռական օրգաններին:



Ի դեպ՝ պասիվ պատանու կերպարը փոփոխության է ենթարկվել ժամանակի ընթացքում՝ ըստ փոփոխվող գեղագիտական միտումների: Մ.թ.ա. վաղ 6-րդ դարում գերիշխել է մկանային և խոշոր կերպարը, մ.թ.ա. 5-րդ դարի վերջում գերադասվել է ավելի սպորտային մարմինը, իսկ մ.թ.ա. 4-րդ դարում ցանկալի է համարվել նուրբ, համարյա անդրոգեն կազմվածքը և դեմքը: 

Մյուս հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այս նկարներում, սովորաբար, առնանդամը փոքր է պատկերված (թե՛ ակտիվի և թե՛ պասիվի կերպարներում), որը համապատասխանել է ժամանակի իդեալական էսթետիկային: Ի լրումն պատկերված կերպարների՝ որոշ խեցեգործներ ավելացրել են արձանագրություններ՝ անվանելով պասիվին և փառաբանելով նրա գեղեցկությունը:


Սեռական ակտեր  >>>

սեքսի տեսարաններ տարբեր հավաքածուներից, այդ թվում՝ Լուվր թանգարան, Փարիզ, Ազգային թանգարան, Նեապոլ, Բեզլե արխիվ, Օքսֆորդի համալսարան և մի շարք Հունական թանգարաններ:













Առօրյա կյանք  >>>


Տղամարդու և պատանու շփման զարգացումը 3 պատկերով:





Շարունակությունը  >>>  ԱՅՍՏԵՂ


_________________________________________________________________
«Նույնասեռական շփումները՝ պատկերված 
հին հունական խեցագործության արվեստում»
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ

Նույնասեռական շփումները՝ պատկերված հին հունական խեցագործության արվեստում, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 1-ին


Որոշ հին հունական խեցեգործական իրերի նկարներ, որոնք մոտավորապես 2500 տարի առաջ են արվել, ցուցադրում են նույնաասեռ սեքսի այնպիսի տեսարաններ, որ նույնիսկ ժամանակակից պոռնո կինոնկարահանողները կդժվարանային պատկերացնել: Որոշ այլ նկարներ ցույց են տալիս մասամբ սովորական նույնասեռական շփումներ, ինչպիսիք են՝ խնջույքի և առօրյա կյանքի տեսարանները: 


1. Նույնասեռականության ամենավաղ պատկերման հետքերը

Որմնանկարչության, քանդակագործության, դրամատիկ արվեստի, երգերի և գրականության հետ միասին խեցեգործությունը Հին Հունաստանում օգտագործվել է՝ պատկերելու և նկարագրելու սեքսի տարբեր տեսակներ ու սեռականության դրսևորումներ (նույն կամ հակառակ սեռերի, մաստուրբացիա և այլն): Հունական քաղաքակրթությունը, ինչպես և շատ այլ վաղ մշակույթներ, սեռական ակտը կապել է գերբնական ուժերի հետ և, հետևաբար, սեքսը ոչ միայն տաբու չի համարել, այլև նույնիսկ այն միահյուսել է կրոնական համոզմունքների եւ հոգևոր կյանքի հետ:

Այն ժամանակ խեցեղենը կարևոր դեր է ունեցել մարդկային կյանքում՝ օգտագործվելով ուտելու, խմելու և տարբեր նյութեր պահելու և պաշարելու համար: Այն կաթսաները և սկահակները, որոնք պատրաստվել են վերին դասերի համար, սովորաբար զարդարվել են նուրբ և ընտիր նախշերով և պատկերներով, ինչպիսիք են՝ երկրաչափական ձևավորումները, կենդանիները, բույսերը և մարդկային կերպարները: Իսկ վարպետ խեցեգործները աշխատացրել են օգնականներ և աշակերտների խմբեր և նրանցից որոշները վայելել են նույնքան հարգանք ու համբավ, որքան հայտնի քանդակագործները և գեղանկարիչները:


Նույնասեռական շփումների իրավիճակներով արական սեռի կերպարները սկսել են հայտնվել և տարածվել մ.թ.ա. 6-րդ դարում: Այս խեցեգործական նկարները համարվում են նույնասեռական հարաբերությունների ամենավաղ պատկերման հետքերը մարդկության պատմության մեջ: Այդ նկարների մեծ մասը պարզապես ներկայացրել են առօրյա կյանքից տեսարաններ, որոշները ավելի շատ սեռական բնույթ են կրել, քան մյուսները: Որոշները պատկերել են պատմական դեմքեր, ինչպիսիք են՝ սիրեկաններ Աքիլեսը և Պատրոկլուսը տրոյական պատերազմի ընթացքում, մի քանիսը պատկերել են դիցաբանական պատմություններին հղող տեսարաններ, ինչպիսիք են՝ Զևս աստծո սերը գեղեցիկ Գանիմեդի նկատմամբ:


Դիցաբանություն և պատմություն  >>>

Գանիմեդը, մ.թ.ա. մոտ 500թ., Լուվր թանգարան, Փարիզ:
Զևսը և Գանիմեդը, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:
Զևսին և Գանիմեդին պատկերող մեկ այլ նմուշ:
Դիցաբանական դեմքեր, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք:
Աքիլեսը և Պատրոկլուսը, մ.թ.ա. մոտ 500թ., Պերգամոն թանգարան, Բեռլին:
Աքիլեսը (առանց մորուք կերպարը) վիրակապում է Պատրոկլուի ձեռքը:

Խնջույքներ և խրախճանքներ (սիմպոզիում)  >>>


Մերկ երիտասարդը խրախճանքի մասնակցողի համար սինգ է նվագում,
մ.թ.ա. 460-450թթ. , Լուվր թանգարան, Փարիզ:













Շարունակությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

_________________________________________________________________
«Նույնասեռական շփումները՝ պատկերված 
հին հունական խեցագործության արվեստում»
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  > > >  ԱՅՍՏԵՂ