2.9.17

Սքանչելի և առեղծվածային Ուարենի գավաթը


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Ինչ-որ ժամանակ անցյալում՝ մոտավորապես մ.թ. 15-ին, հարուստ մի անձ, ով ապրել է Հռոմեական կայսրության մաս կազմող մերձավորարևելյան կամ փոքրասիական գավառներից մեկում և ազգությամբ, հավանաբար, եղել է հույն, պատվիրել է արծաթե մի գավաթ՝ ճոխ պատյանով: Այդ ժամանակ հարուստ խավերի մոտ տարածված է եղել խնջույքների ժամանակ օգտագործել երկու կողմերում փորագրված արծաթե գավաթներ:

Արհեստավորը, ով իրականացրել է պատվերը, ոգեշնչվել է հունական թեմաներից և ոճից: Գավաթի պատյանի վրա պատկերված երաժշտական գործիքները, ծաղկեպսակները և ծաղկամանները ենթադրում են բարձրակարգ, հելլենիզացված մթնոլորտ, իսկ քանդակված որոշ այլ տարրեր վկայում են հռոմեական ազդեցության մասին: Գավաթը պատրաստվել է 95% մաքուր արծաթե խառնուրդով, որը արծաթե անոթների պարագայում ժամանակին տարածված հռոմեական չափանիշ է եղել:

Այս գավաթի յուրահատկությունը այն է, որ ցուցադրում է նույնասեռական սեքսի երկու բացահայտ տեսարաններ: Ճիշտ է՝ սեռական շփումների տեսարաններ՝ սովորաբար հակառակ սեռի ներկայացուցիչներին ներկայացնող, տարածված են եղել թե՛ հունական և թե՛ հռոմեական կերպարվեստում: Սակայն հռոմեական արծաթեգործական ավանդույթում նույնասեռական սեքսի տեսարանների պատկերումը հազվադեպ է եղել, ինչի արդյունքում որոշ ժամանակակից գիտնականներ կասկածի տակ են դրել գավաթի իսկությունը: 

Ուարենի գավաթ, մեկ երեսը:
Ուարենի գավաթը, մյուս երեսը:
Ուարենի գավաթը, ներքին գավաթը:
Ուարենի գավաթը, կողքերից մեկը:
Չի կարելի բացառել, որ այս հազվադեպության պատճառներից է հանդիսացել նույնասեռական թեմաներով ստեղծագործությունների դիտավորյալ ոչնչացումը ավելի ուշ ժամանակներում՝ հատկապես քրիստոնեության և իսլամի տարածումից հետո, այն շրջաններում, որոնք նախկինում հունական և հռոմեական քաղաքակրթությունների գոտու մաս էին կազմել:

Գավաթի պատմության մասին շատ բան հայտնի չէ, բայց, կարծես թե, սեփականատերեր և վայրեր փոխելուց հետո, ի վերջո, անհետացել է և դարեր շարունակ մնացել է թաղված հողի տակ: 20-րդ դարի սկզբին գավաթը հայտնաբերվել է առաջին դարի հռոմեական մետաղադրամների հետ միասին, Բեթղեհեմի մոտակայքում գտնվող մի գյուղում: Այն գնել է ամերիկացի մեծահարուստ Էդվարդ Փերի Ուարենը (Edward Perry Warren) (1860-1928 թ.) 1911 թ. Հռոմում: Այնուհետև գավաթը անվանակոչվել է սեփականատիրոջ անունով: 

20-րդ դարի ընթացքում այսպես կոչված «Ուարենի գավաթը» (Warren Cup) մի քանի անգամ գնվել և վաճառվել է, մինչև որ Բրիտանական թանգարանը այն գնել է 2.8 մլն դոլարով 1999 թ.: Այսպիսով՝ սքանչելի գավաթը դարձել է Բրիտանական թանգարանի ամենահայտնի իրերից մեկը: 

Ուարենի գավաթը ի սկզբանե ունեցել է երկու ուղղահայաց բռնակներ, որոնք այժմ կորած են: Պատյանի տեսարանները քանդակագործվել են մուրճով և մասմաբ ծածկված են եղել ոսկե շերտով, որոնք այլևս չկան: Գավաթը ունի գրեթե 10 սմ տրամագիծ և 11 սմ բարձրություն:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մի կողմում երևում է մորուքավոր և ծաղկեպսակ կրող մի տղամարդ, ով սեքսում ակտիվ դեր է կատարում, իսկ պասիվ դերում պատկերված է անմազ մի երիտասարդ: Նրանց ոտքերը միահյուսված են: Ակնհայտ է փոխադարձ քնքշության առկայությունը: 

Սեռական ակտը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ: Երիտասարդը, կարծես թե, խրախուսում է տղամարդու ներթափանցումը՝ մի ձեռքով բռնել է նրա ձեռքը և մյուս ձեռքով օգտագործում է մի թոկ կամ ձող: Ի դեպ՝ սեքսի ժամանակ թոկի կամ այլ օժանդակ առարկաների պատկերումը սովորական երևույթ է եղել հին հունական և հռոմեական կերպարվեստում: Այս կոմպոզիցիան լրացնում է երրորդ մի կերպար՝ կարճամազ մի տղա, հավանաբար մի ստրուկ, ով դռանը կանգնած հետևում է սեքսի տեսարանին:

Ուարենի գավաթ, մանրամասն:
Գավաթի մյուս կողմի կոմպոզիցիան համեմատաբար ավելի պարզ է: Այստեղ ակտիվը անմազ և մկանային մարմնով մի երիտասարդ է, ով նաև կրում է ծաղկեպսակ: Իսկ պասիվը մի պատանի է, ով, կարծես թե, մարմինը իջեցնելով աշխատում է հեշտացնել երիտասարդի ներթափանցումը:

Գավաթի ներքին մասում կա մի այլ պատկերի հետք, որը ժամանակի ընթացքում մաշվել և անտեսանելի է դարձել:

Մորուքավոր տղամարդը, երկու երիտասարդները և պատանին պատկերված են Հռոմի Օգոստոս կայսրի (30 մ. թ.ա. - 14 մ.թ.) շրջանին բնորոշ գեղարվեստական ոճով: Ի դեպ՝ սեքսի երկու տեսարանները պատկերված են անկողնում, որը ի տարբերություն հունական ավանդույթի, տարածված է եղել հռոմեական կերպարվեստում:

Հռոմեական այս փորագրված արծաթե գավաթը իր
մերկ տղամարդ կերպարներով  հիշեցնում է Ուարենի
գավաթը: Այն հայտնաբերվել է 1920 թ. Դանիայի Հոբի
գյուղում, հարուստ մի մարդու՝ գանձերով լի
գերեզմանում: Հավանաբար Հռոմեական
կայսրությունից նվեր է եղել տեղական իշխանին:





16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 4-րդ

Մեդալիոն Հադրիանոսի և Անտինուսի կիսադեմներով,
18-րդ դարի կեսերը, Մետրոպոլիտեն թանգարան,
Նյու Յորք:
Անտինուսի պաշտամունքը

Չնայած նրան, որ Հադրիանոսին քննադատել են Անտինուսի մեծարումը չափազանցնելու   համար, Անտինուսի պաշտամունքը արագորեն տարածվել է Հռոմի արևելյան գավառներում, արևմտյան Հունաստանում և Եգիպտոսում: Ի դեպ, Անտինուսի պաշտամունքը, որը տևել է մինչև 5-րդ դար, քննադատվել է թե՛ մի շարք հեթանոս, թե՛ նորաստեղծ քրիստոնյա հոգևորականների կողմից: Մարդ ծնված և մահից հետո աստվածացած Անտինուսի պաշտամունքը լուրջ մրցակից է եղել Քրիստոսի պաշտամունքի հետ մի քանի դար շարունակ:

Անտինուսի կերպարով դրամ, 134-5 թ.,
մասնավոր հավաքածու:
Հադրիանոսը զարկ է տվել ու խրախուսել Անտինուսի պաշտամունքը: Նրա հրամանով ստեղծվել են մետաղադրամներ և շքադրամներ Անտինուսի կերպարով և կայսրության բոլոր մասերում բարձրացրել են նրա արձանները՝ նրան ներկայացնելով տարբեր զգեստերով, ներառյալ եգիպտական տարազով: Անտինոսի ենթադրյալ 2000 արձաններից առնվազն 115-ը արդեն հայտնաբերվել են, որոնցից 44-ը՝ Իտալիայում, ներառյալ 22-ը՝ Տիվոլի վիլլայում:

Անտինուս, մոտավորապես 130 թ.,
Նեապոլի ազգային հնագիտական թանգարան:

Անտինուսը՝ պատկերված որպես եգիպտական
աստված Օսիրիսը, հայտնաբերվել է Հադրիանոսի
Տիվոլիի վիլլայում, Վատիկանի թանգարան:
Անտինուսը՝ պատկերված որպես հունական աստված
Դիոնիսոսը, 3-րդ դար, Բրիտանական թանգարան, Լոնդոն:
Ավելին, Հադրիանոսը կայսրության տարածքում կառուցել է առնվազն 28 տաճար, նվիրված Անտինուսի պաշտամունքին և կազմակերպել է նրա մեծարման փառատոններ, որոնք ներառել են մարզական, ինչպես նաև գեղարվեստական բաժիններ:

«Անտինուսի կոթողը», Հռոմ: Հավանաբար ի սկզբանե
կանգնեցված է եղել Հադրիանոսի Տիվոլի վիլլայում,
Անտինուսին նվիրված տաճարի դիմաց:
Բրիտանական թանգարանում Հադրիանոսի և Անտինուսի կիսանդրինները
տեղադրված են միմյանց կողքին:
Անկում

Անտինուսի հիշատակին նվիրած իր բոլոր ջանքերով հանդերձ՝ Հադրիանոսը շարունակել է տառապել իր մեծ կորստից և ուժասպառ լինել առողջական խնդիրներից: Իր վերջին տարիներին Հադրիանոսին նկարագրել են որպես ջղային և տխուր մի մարդ: Նա մահացել է 138 թ. Տիվոլլի վիլլայում, 62 տարեկան հասակում, հավանաբար սրտի անբավարարությունից: Իր աննկատ ամուսնությունից նա ոչ մի զավակ չի ունեցել և հետևաբար նաև՝ ոչ մի կենսաբանական ժառանգորդ: Որդեգրած երկու զավակներից նրան հաջորդել է Անտոնինոսը: 

Իր մահից անմիջապես առաջ Հադրիանոսը արտասանել է հետևյալ բանաստեղծությունը՝

Ծպացող, գողտրիկ, փոքր հոգի,
Մարմնիս ուղեկից ու հյուր,
Հիմա իջնելու ես վայրեր՝
Անգույն, անզարդ ու անդուր,
Սովորական ցնորումներդ այլևս չեն լինի ...


լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
Элий Спартиан «Жизнеописание Адриана (http://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1475000100)
https://followinghadrian.com/
http://antinoupolis.net/
http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Historia_Augusta/Hadrian/1*.html

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 3-րդ


Հադրիանոսը և Անտինուսը այնուհետև շարժվել են դեպի Լիբիա, որտեղ Հադրիանոսը սպանել է հայտնի «մարդակեր» առյուծին: Չնայած որ դեպքի ճշգրիտ հանգամանքները անորոշ են, ակնհայտ է, որ նախքան գազանին սպանելը Հադրիանոսը փրկել է Անտինուսի կյանքը կենդանու հետ դիմակայության ընթացքում: Ի դեպ, թե՛ Հադրիանոսը և թե՛ Անտինուսը սիրել են որսորդությունը, որը հռոմեական մշակույթում դիտարկվել է որպես առանձնահատուկ տղամարդկային զբաղմունք:

Հադրիանոսը և Անտինուսը առյուծին սպանելիս,
կլոր քանդակ (ռելիեֆ) Կոնստանտինոսի
կամարի ճակատին, Հռոմ:
Իրենց Ալեքսանդրիա վերադարձի ճանապարհին, Նեղոս գետի վրա նավագնացության ընթացքում, Անտինուսը ջրահեղձ է եղել գետում, 130 թ. հոկտեմբերի 24-ին: Դա այն օրն է եղել, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահը՝ Նեղոսի մեջ ընկնելով: Անտինուսի մահվան ստույգ հանգամանքները մինչև օրս մնացել են առեղծված: Ողբերգությունից անմիջապես հետո՝ որպես հնարավոր վարկածներ, քննարկվել են պատահարը, ինքնասպանությունը, սպանությունը և կրոնական զոհաբերությունը:

Աննախադեպ հիշատակում

Քիչ բան է մեզ հասել Անտինուսի կյանքի և կայսրի հետ նրա ունեցած կապի մասին, բայց շատ բան է հայտնի այն ամենի մասին, ինչը հաջորդել է նրա վաղաժամ մահվանը և ինչը ապացուցում է, թե որքան խորը և հզոր է եղել Անտինուսի և կայսրի կապը: 

Չափազանց վշտացած և ցնցված՝ Հադրիանոսը «կնոջ նման արտասվել է»: Եգիպտացի քրմերը անմիջապես սրբադասել են Անտինոսին՝ նրան նույնացնելով Օսիրիսի հետ: Եգիպտական սովորության համապատասխան քրմերը հավանաբար մումիֆիկացրել են Անտինոսի մարմինը, որը երկարատև գործընթաց է եղել և կարող է բացատրել, թե ինչու Հադրիանոսը մնացել է Եգիպտոսում մինչև 131 թ. գարունը: 

Անտինոպոլիսի հաղթանակի կամարը, գծանկարված 1809 թ.: Քաղաքը կանգուն է
եղել մինչև 10-րդ դարը, երբ անհայտ պատճառներով լքվել է: Քաղաքի
մնացորդները գոյատևել են մինչև 18-րդ դար, որից հետո ոչնչացվել կամ թալանվել են:
Նա իր սիրելիի հիշատակին հիմնադրել է Անտինոպոլիս քաղաքը Նեղոսի այն ափին, որտեղ մահացել էր Անտինուսը : Սա չափազանց աննախադեպ քայլ է եղել, քանի որ ավանդաբար նման ընդարձակ հիշատակում արվել է միայն կայսրերի և կայսերական ընտանիքի անդամների պարագայում:

Պարզ չէ՝ արդյոք Հադրիանոսը անկեղծորեն համոզվա՞ծ է եղել, որ Անտինուսը մահից հետո աստված է դարձել, թե՞ ոչ, բայց, համենայնդեպս, նա որոշել է նրան սրբադասել և աստվածացնել, որը կրկին աննախադեպ է եղել: Ճիշտ է՝ Անտինուսը ստրուկ չի եղել, այլ շարքային քաղաքացի, բայց հեթանոսական Հռոմում ազնվական ծագումը նախապայման է եղել աստվածանալու համար: 

Անտինուսի ծաղիկը
Հադրիանոսը նաև երկնքում՝ Կենդանակերպի մոտ հայտնաբերել է մի աստղ, որը անվանել է «Անտինուս», և Նեղոսի ափերին աճող մի վարդագույն լոտոս վերանվանել է «Անտինուսի ծաղիկ»: Անտինուսի ծաղիկը դարձել է հայտնաբերված աստղի խորհրդանիշը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 2-րդ


Հադրիանոսի գահակալությանը առավել բնորոշ առանձնահատկությունն այն է եղել, որ նա դրա մեծ մասը անց է կացրել Իտալիայից դուրս և ի տարբերություն այլ կայսրերի` հիմնականում խաղաղասեր նպատակների համար: Նա ձգտել է ամրապնդել կայսրությունը ներսից, բարելավվել ենթակառուցվածքները և կառուցել ընդհանուր ինքնություն: Միակ նշանակալից բացառությունը եղել է հրեաների խռովության կոշտ ճնշումը Հրեաստանում (135 թ.), որը նա վերանվանվել է Պաղեստին: 

Հադրիանոսը ձգտել է, որ իր սուբյեկտները իրենց համարեն քաղաքակիրթ ժողովուրդների միասնության մի մաս՝ կիսելով ընդհանուր հելլենական մշակույթը: Ի դեպ, այս բոլորը անընդունելի է եղել ավանդապահ հռոմեական բարձրախավի և սենատի համար, ըստ որոնց Հադրիանոսի գործողությունները կարող էին թուլացնել կենտրոնացված համակարգը: Նրանք նրան համարում էին «չափից դուրս հույն»: Սակայն Հադրիանոսը, շնորիվ իր խարիզմայի և խելամտության, կարողացել է հեռվից և տարիներ շարունակ զսպել դժգոհ ձայները և չեզոքացնել պալատական դավադրությունները:

Անտինուս, մոտավորապես 130 թ., Լուվրի թանգարան, Փարիզ:
Կայսրի սերը

Ամենայն հավանականությամբ գավառներում իր շրջագայություններից մեկի ընթացքում Հադրիանոսին ներկայացրել են Անտինուս անունով մի գեղեցիկ պատանու, 123 թ.: Այդ ժամանակ Անտինուսը 13 կամ 14 տարեկան է եղել: Նա Բյութանիա նահանգի (Փոքր Ասիա) ազգությամբ հույն մի համեստ ընտանիքի զավակ է եղել: Բացի իր բացառիկ արտաքին գեղեցկությունից, Անտինուսը, անշուշտ, այնքան խելացի և ներկայանալի է եղել, որ մեծապես տպավորել է կայսրին և նա որոշել է նրան ուղարկել Հռոմ՝ կրթությունը շարունակելու համար, կայսերական մի հաստատությունում:

Հադրիանոսը վերադարձել է Հռոմ երկու տարի անց: Պարզ չէ՝ երբ է նա կրկին հանդիպել Անտինուսին և նրան նշանակել որպես իր «ընտրյալը», սակայն դա տեղի է ունեցել իր վերադարձից ինչ-որ ժամանակ անց, քանի որ երբ նա հեռացել է Հռոմից կայսերական մեկ այլ շրջագայության համար 128 թ.՝ Անտինուսը արդեն ընդգրկված է եղել արքայական թափորում (ի դեպ, նաև՝ Հադրիանոսի կինը): Անտինուսը Հադրիանոսին ուղեկցել է Հունաստան, այնուհետև՝ Փոքր Ասիա, որտեղ նրանք մնացել են մեկ տարի:

«Հադրիանոսի դարպաս» հաղթական կամարը գտնվում
է ներկայիս Անթալիայում, Թուրքիա: Այն կառուցվել
է՝ նշելու կայսրի այցը 130 թ.:
Այդ ժամանակից մեզ հասած պատկերներում Անտինուսը պատկերվել է որպես մկանոտ և մազոտ մի երիտասարդ, 19-20 տարեկան հասակում: Թեև երկսեռականությունը տարածված է եղել Հռոմում և կայսրերի համար անսովոր չի եղել իրենց կանանց կողքին պահել նաև տղա սիրեկաններ, Հադրիանոսը եզակի է եղել նրանով, որ իր արու սիրեկանին «պաշտոնական» դիրք է տվել:

Հադրիանոսը և Անտինուսը, ապա, անցել են Ալեքսանդրիա 130 թ., որտեղ այցելել են Ալեքսանդր Մեծի սարկոֆագը: Թեև նրանց ժամանումը Եգիպտոս ողջունել են ճոխ արարողություններով և տոնախմբությամբ, Հադրիանոսի մի շարք նշանակումները և գործերը այնքան են զայրացրել տեղական վերնախավին, որ նրանք սկսել են բամբասել նրա և Անտինուսի կապի մասին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ