25.6.14

Ֆիլմ >>> Ելակ և Շոկոլադ, մաս 2-րդ՝ 2-ից


Փոխանակման սահմանները

Դիեգոյի բնակարանը ծառայում է որպես մի վայր, որտեղ տեղի են ունենում բոլոր այս զրույցները և փաստորեն դառնում է նրանց ապաստանը աշխարհից, որտեղ նրանք կարող են անհոգ վայելել երաժշտություն և լավ սնունդ: Համենայնդեպս, Դավիդը չի թողնում այլընտրանք, քանի որ նա խուսափում է Դիեգոյի հետ դրսում տեսնվելուց: Նա նույնիսկ անամոթաբար Դիեգոյին խնդրում է, որ եթե մի օր պատահաբար իրար տեսնեն քաղաքում, նույնիսկ չմոտենա և չողջունի: Այդուամենայնիվ, Դավիդը աստիճանաբար սկսում է արժևորել Դիեգոյին և նրա միջոցով հմայվում է արվեստով և գրականությամբ: 

Այս հանդիպումների ընթացքում, Դիեգոն համոզում է Դավիդին, որ վերջինս փորձի հնդկական թեյ, խմի ամերիկյան վիսկի, բայց չի կարողանում գայթակղել նրան՝ իր հետ սեռական շփման համար: Ավելի ճիշտ՝ նրա գայթակղության ռազմավարությունը հանգեցնում է անսպասելի արդյունքի՝ Դավիդը սիրահարվում է Դիեգոյի հարևանուհի Նենսիին:

- Դու այնքան գեղեցիկ ես Դավիդ: 
- Մենակ թե ափսոս, որ գեյ չես:
- Ոչ ոք կատարյալ չէ:
Անցումային շրջանի հայելին

Այս ֆիլմն ունի թե՛ լավ ռեժիսուրա և թե՛ հաջողած խաղարկություն: Երկու գլխավոր դերասաններն էլ կատարյալ են: Ֆիլմը զվարճալի է և հմայիչ: Ավելին, այն Կուբայից ներկայացնում է իրատեսական պատկեր: Սա, թերևս, հնարավոր է դարձել ռեժիսորի կարգավիճակի շնորհիվ, ով համարվել է Կուբայի բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկը և, բնականաբար, ենթակա չի եղել պետական գրաքննության: 

Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է մի ժամանակաշրջանում, երբ կոմունիստական կուսակցությունը և Կուբայի կառավարությունը քննարկում և վերանայում էին իրենց դիրքորոշումը սեռական փոքրամասնությունների նկատմամբ (վաղ 1990-ականներին): Այդ անցումային շրջանում պետությունը դադարեցրել էր նույնասեռականների հալածանքները։ (Այս հալածանքները կարելու է տեսնել այլ ֆիլմերում, ինչպես օրինակ «Նախքան գիշերամուտ» ֆիլմում):

Ընդհանուր առմամբ, ֆիլմը Դիեգոյին օգտագործում է որպես հայելի՝ պարսավելու Դավիդիի տարասեռական կողմնակալություններն ու Կոմկուսի դոգմաները և կոչ է անում ընդունել բազմազանությունը:

Տեսարան ֆիլմից  >>>  թե ի՞նչպես գայթակղության թիրախին սուրճ հրամցնել 


Լատինաամերիկյան նմանություններ

Այս ֆիլմի պատմության ընդհանուր կառուցվածքը հիշեցնում է «Սարդ-կնոջ համբույրը»՝ մեկ այլ ֆիլմ՝ բաղկացած երկխոսությունների շերտերից, որում ներկայացված է մի ձախակողմյան հեղափոխականի և մի նույնասեռականի հակադրությունը լատինաամերիկյան պայմաններում: «Սարդ-կնոջ համբույրը», իհարկե, ավելի մուգ երանգով ֆիլմ է, քանի որ ֆիլմի երկու հերոսները գտնվում են բանտախցում: Բայց «Սարդ»-ում ևս տարասեռական և նույնասեռական կերպարները ներկայացվում են շատ կարծրատիպային ձևով և նրանց միջև հակասություններն ու հակամարտությունները, ի վերջո, հանգեցնում են փոխադարձ ընդունման և բարեկամության: Եվ «Սարդ»-ում ևս գեյ հերոսը սիրահարվում է տարասեռական կերպարին, իրեն դնելով փակուղու առաջ:

«Ելակ և Շոկոլադ»-ում կերպարները չափազանց կարծրատիպային են: Դիեգոն ներկայացնում է այն, ինչ կարելի է կոչել «դրական գեյ կարծրատիպ»: Նա կրթված ու պատրաստված, նրբաճաշակ և կոլորիտային մտավորական է, փափուկ, զգայուն և փխրուն մարդ, իսկ տարասեռական կերպարը նեղմիտ մարդ է, կոշտ և մաչո, բայց՝ քաջ և ամուր: Իրենց փոխանակումների շնորիվ, նրանք սովորում են միմիյանցից և շարժվում դեպի ինչ-որ «միջին մի իրավիճակ»: 

Մի հանգամանք, որը երկու ֆիլմերում էլ կարևոր դեր է կատարում՝ ի նպաստ այդ փոխանակման, տարասեռական կերպարի գթասրտությունն է, որը գեյ կերպարի նկատմամբ հետզհետե զարգանում է: Տարասեռական կերպարը շարունակում է ամրապնդել գեյի հետ իր բարեկամությունը՝ ընդունման և հարգանքի հիման վրա: Նրան չի խանգարում նույնիսկ այն փաստը, որ նա դարձել է գեյ կերպարի ցանկությունների և սիրո առարկան:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.4 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>








Ֆիլմի հաջողությունից 20 տարի անց մշակվեց «Ելակ և Շոկոլադ»-ի պիեսի տարբերակը, որի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2013 թ.
Թատերագիր Սենել Փազ


___________________________________________________________
«Ելակ և Շոկոլադ» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: