2.5.17

Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար, մաս 4-րդ

Հայտնի «Մոնա Լիզան»՝ ձախ կողմում և Սալաիի դիմանկարը՝ աջ կողմում:
Պարզ պատահականությո՞ւն:
Անձնական կյանք

Դա Վինչին ունեցել է շատ ընկերներ, ովքեր այժմ հայտնի են իրենց ոլորտներում, այդ թվում մաթեմատիկոս Պաչոլին (Luca Pacioli), ում հետ աշխատել է «Աստվածային համամասնության մասին» (De divina proportione) գրքի վրա 1490 թ. և քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելին (Niccolò Machiavelli):

Դա Վինչին իր ողջ կյանքի ընթացքում մտերիմ հարաբերություններ չի ունեցել որևէ կնոջ հետ: Նա երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել: Իր բարեկամական շփումներից դուրս նա իր անձնական կյանքը գաղտնի է պահել: Նրա առավել մտերիմ հարաբերությունները եղել են իր աշակերտներ Սալաիի և Մելզիի հետ, որոնց հետ նա աշխատել և համատեղ ապրել է: Ոմանք պնդել են, որ այդ հարաբերությունները ունեցել են նաև սեռական բնույթ:

Դա Վինչիից մեզ չեն հասել որևե նամակներ, բանաստեղծություններ կամ օրագրեր, որոնք կոնկրետ ապացուցեն նրա սեռական և հուզական հետաքրքրությունները կամ կողմնորոշումը (տարասեռական կամ նույնասեռական): Հետևաբար, անհնար է վստահորեն հաստատել ինչ-որ բան: Հարկ է նշել, որ իր սեռականության շուրջ ենթադրությունները և վերլուծությունները սկիզբ են առել արդեն 16-րդ դարի կեսերից: 

Կենսագիր Վազարին ևս որևէ հիշատակում չի արել դա Վինչիի սեռական և հուզական կյանքի վերաբերյալ: Սա կարելի է վերագրել նրան, որ դա Վինչին ցանկացել է իր սեռականությունը պահել խիստ գախտնի, քանի որ իր ապրուստը կախված է եղել իշխանականների և եկեղեցու հանձնարարականներից (կտավներ, արձաններ), որոնք հիմնականում կրել են կրոնական թեմաներ: Բացի այդ, կարելի է ենթադրել, որ իր 1476 թ. դատավարությունը սոդոմականության մեղադրանքով նրան շատ զգուշավոր է դարձրել իր ինտիմ հարաբերությունների և սեռականության հարցերում:

«Բաքոս», հավանաբար դա Վինչի արհեստանոցի
աշակերտից մեկը, դա Վինչիի գծանկարի հիման վրա,
Լուվր թանգարան, Փարիզ:
Մի հին լուսանկար «Բաքոս»-ի էսքիզից, Լեոնարդո
դա Վինչի: Գծանկարը կորել է Երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո:
Շատ է գրվել Դա Վինչիի ենթադրվող նույնասեռականության դերի մասին իր արվեստում, մասնավորապես՝ դրա էրոտիկ դրսևորումների մասին իր նկարներում, այդ թվում` «Հովհաննէս Մկրտիչ» և «Բաքոս» կտավներում և ավելի բացահայտ՝ իր մի շարք գծանկարներում: Սա քննարկել է նաև Զիգմունդ Ֆրոյդը` «Լեոնարդո դա Վինչիի մանկության հիշողությունը» (Eine Kindheitserinnerung des Leonardo da Vinci) հոդվածում, 1910 թ.: 

«Հովհաննես Մկրտիչ», Լեոնարդո դա Վինչի, 1513-16 թթ.,
Լուվր թանգարան, Փարիզ: Ենթադրվում է, որ դա Վինչին
օգտագործել է Սալաիին որպես մոդել:
«Մարմնավորված հրեշտակ» (Angelo incarnato), Լեոնարդո
դա Վինչի: Ենթադրվում է, որ ներկայացնում է Սալաիին:
Այս գծանկարը դա Վինչիի նոթատետրերում եղած մի շարք
նույն ոճով գծանկարներից մեկն է եղել, որոնք ժամանակին
Բրիտանական թագավորական հավաքածուի մաս են
կազմել, սակայն, ավելի ուշ ցրվվել և անհետացել են:
Դա Վինչիի անատոմիայի գծանկարները, բնականաբար, ներառել են թե՛ կանանց և թե՛ տղամարկանց սեռական օրգանները, սակայն, տղամարդկանց օրգանները նա պատկերել է շատ ավելի ընդգրկուն ուշադրությամբ: Նա նաև գծանկարել է բազմաթիվ տղաներ և տղամարդիկ՝ առնանդամը էրեկցիայի վիճակով: Այս գծանկարները, սակայն, բացառությամբ մեկի, հետագայում անհետացել են, բայց դրանք դա Վինչիի մի քանի ժամանակակիցներ, ինչպես՝ գեղանկարիչ և գրող Ջիա Փաոլո Լամազզոն (Giovanni Paolo Lomazzo) տեսել և նկարագրել են:

Երեք նկարներ, որոնցում պատկերված է Սալաին: Ձախից աջ՝
1. «Հովհաննես Մկրտիչ», Լեոնարդո դա Վինչի:
2. «Ավետիսը», Բաչիո Բանդինելլի, ըստ դա Վինչիի էսքիզի:
3. «Մարմնավորված հրեշտակ», Լեոնարդո դա Վինչի:

Դա Վինչի նոթատետրերից մեկը ներառում է հեծանիվի նախագիծ (դրա գյուտից
400 տարի առաջ), իսկ ներքևի աջ կողմում մի ուրիշ անհատի ձեռքով գծված է այս
զարմանալի և գռեհիկ պատկերը՝ մի հետանցք, անվանված «Սալաիի ծակը», որին
հետապնդում են ոտքերի վրա քայլող երկու առնանդամներ, էրեկցիայի վիճակում:
Խեղաթյուրում 

Դա Վինչիի կյանքը ներկայացվել է մշակույթային ստեղծագործությունների շատ լայն շրջանակում, ինչպիսիք են՝ վեպեր, հեռուստասերիալներ, ֆիլմեր և նույնիսկ վիդեո խաղեր: 

Առաջին գրական աշխատանքը մի վեպ է եղել, որը լույս է տեսել 16-րդ դարում: Առաջին կինեմատոգրաֆիական աշխատանքը «Լեոնարդո դա Վինչի» անունով մի համր ֆիլմ է եղել, 1919 թ.: Վերջին հեռուստասերիալը մի ամերիկյան սերիալ է եղել, որը կոչվել է «Դա Վինչիի մոլուցքները» (Da Vinci Demons) և ունեցել 3 սեզոններ (2013-2015 թթ.):

Այս աշխատանքները ձգտել են ճանաչել տալ և մեծարել հանճարի ժառանգությունը, բայց ճնշող մեծամասնությունը փորձել է քողարկել կամ խեղաթյուրել նրա սեռականության հարցը, կամ պարզապես խուսափել է անդրադառնալ դրան: Նույնիսկ վերջին աշխատանքները, ինչպես օրինակ՝ «Դա Վինչիի մոլուցքները», որդեգրել են նույն մոտեցումը: Թեև 1-ին սեզոնի 5-րդ էպիզոդում սերիալը ցույց է տվել նրա դատավարությունը նույնասեռականության մեղադրանքով, մնացած էպիզոդներում սերիալը ներկայացրել է դա Վինչիի կրքոտ սերը Լյուկրեզիա Դոնաթիի (Lucrezia Donati) նկատմամբ, ով, ի դեպ, Լորենզո դե Մեդիչիի սիրուհին է եղել: Այս սիրային կապը ամբողջությամբ հորինվել է, երևի ինչ-որ լսարան ընդլայնելու նպատակով՝ չհամապատասխանելով որևէ պատմական փաստի:

Նման խեղաթյուրում է թույլ տվել նաև «Լեոնարդո» բրիտանական 26-էպիզոդներից բաղկացած հեռուստասերիալը, 2012 թ., որը 5-րդ էպիզոդում պատմել է, որ պատանի դա Վինչին իբր թե սիրահարվել է Վալենտինա անունով մի աղջկա: 

Ակնհայտ է, որ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք կին կերպարներ են հորինել և ավելացրել դա Վինչիի կյանքում, միաժամանակ փորձել են թերագնահատել կամ, նույնիսկ, անտեսել նրա շատ սերտ կապերն իր աշակերտների և հատկապես՝ Սալաիի և Մելզիի հետ:

լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս  
“Forbidden Friendships: Homosexuality and Male Culture in Renaissance Florence.” Michael Rocke, (Майкл Рок, "Запретная дружба. Гомосексуализм и мужская культура в ренессансной Флоренции") Oxford University Press, 1998.
______________________________________________
Լեոնարդո դա Վինչի՝ ունիվերսալ հանճար 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: