26.1.15

Կուբացի փոխսեռականները մի լուսանկարչուհու տեսախցիկում

Այստեղ ներկայացված լուսանկարները  նմուշներ են  «վերանշանակում» նախագծից, որի շրջանակներում լուսանկարչուհի Կլաուդիա Գոնզալեսը կողքկողքի դիմանկարել է մի խումբ կուբացի փոխսեռական տղամարդկանց և կանանց, երբ նրանք գտնվում էին իրենց գենդերային վերանշանակման անցումային փուլում:
 
Կլաուդիա Գոնզալեսը ծնվել է 1977 թ. Չիլիում, կրթվել է Եվրոպայում և աշխատում է նորաձևության ու մամուլի ոլորտներում որպես լուսանկարչուհի:
 
Այս նախագծի միտքը Գոնզալեսի մոտ հղացավ, երբ նա լսեց «Սենեսեքս»  կազմակերպության մասին: «Սենեսեքսը» Կուբայի սեռական կրթության ազգային կենտրոնն է (Centro Nacional de Educación Sexual կամ CENESEX), որը հիմնադրվել է 1989 թ. և ֆինանսավորվում է պետության կողմից:

Կազմակերպությունը սեռական փոքրամասնությունների և հատկապես փոխսեռականների հարցերով ցուցաբերում է բազմակողմանի աջակցություն և ապահովում է տարբեր կրթական ծրագրեր: «Սենեսեքսը» ղեկավարում է Մարիելա Կաստրոն, ով հանրապետության նախագահ Ռաուլ Կաստրոի դուստրն է:
 
Լուսանկարչուհին հույս ունի, որ իր այս նախագիծը կօգնի հանրությանը ավելի լավ իրազեկվելու և ըմբռնելու փոխսեռականների գոյության և նրանց հարցերի մասին:
 
Մարիելա Կաստրո՝ հանրապետության նախագահ
Ռաուլ Կաստրոյի դուստր և «Սենեսեքս» կազմա-
կերպության առաջնորդ:  Գերմանիայի Համբուրգ
քաղաքի գեյ շքերթում, 2010 թ.

Կուբայական օրորումներ
 
Կուբայի իշխանությունների քաղաքականությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ բազմաթիվ անգամներ փոխվել է ժամանակի ընթացքում:

1959 թ. Կուբայի հեղափոխությանը հաջորդեց կարճատև մի ազատատենչ շրջան: Սակայն, երբ նոր վարչակարգը որդեգրեց կոմունիստական գաղափարախոսությունը և դարձավ ԽՍՀՄ-ի դաշնակից, սեռական փոքրամասնությունները դասակարգվեցին որպես «բուրժուական անկման արդյունքներ», «հասարակական պարազիտներ», «թափթփուկներ» և «ամերիկյան իմպերիալիզմի գործակալներ»:
 
1960-ականների կեսերին սկսվեցին համակարգված հալածանքներ  նույնասեռականների և այլ սեռական փոքրամասնությունների դեմ, որոնք եղան շատ դաժան: Սեռական փոքրամասնություններին պատկանող անձինք՝ մասնավորապես նուրբ շարժ ու ձև ունեցող տղամարդիկ, ձերբակալվում էին առանց իրենց դեմ նույնիսկ մեղադրանք առաջադրելու ու առանց դատվելու և  նետվում էին աշխատանքային ճամբարներ (տե՛ս Րեինալդո Արենասի կենսագրական ֆիլմը՝ «Նախքան գիշերամուտ»):
 
Մթնոլորդը ինչ-որ չափ փոխվեց 1980-ականների կեսերին: Կուբայի իշխանությունների դիրքորոշումը «սեռական շեղումների» նկատմամբ անփոփոխ մնալով հանդերձ՝ նրանց ռազմավարությունը փոխվեց՝ հետապնդում-հալածանքից դեպի «կրթություն», որը համարվում էր ավելի «արդյունավետ»: Նաև մեծ թվով նույնասեռականների թույլատրվեց լքել երկիրը և արտագաղթել:
 
Իրավիճակը սկսեց բարելավվել 1990-ականներին: Ֆիդել Կաստրոն և իր ղեկավարած Կոմունիստական կուսակցությունը քննարկեցին և վերանայեցին իրենց վերաբերմունքը նույնասեռականության հանդեպ: Կաստրոն նույնիսկ ինքնաքննադատեց և իր տիրապետության ներքո սեռական փոքրամասնությունների հետապնդումները անվանեց «մեծ անարդարություն»:
 
Հետևաբար, երկրում մեկնարկեցին հոմոֆոբիայի դեմ տարբեր արշավներ ! (տե՛ս «Ելակը և շոկոլադը», 1994 թ.) և վերջապես նույնասեռականությունը վերադասակարգվեց որպես «բնական մի սեռական կողմնորոշում»: Հետզհետե երկրի թե՛ ղեկավարությունը և թե՛ հանրությունը մասամբ իրազեկվեց նույնասեռականության, երկսեռականության, տրանսվեստիտիզմի ու փոխսեռականության առանձնահատկությունների մասին:
 
Ֆիդել Կաստրո՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ և երկրի նախագահ
(1976-2008): Նա 1970-ականներին ասել էր, որ ինքը հիացած է գյուղական
կյանքով, քանի որ «գյուղում, չկան նույնասեռականներ»: Ավելի ուշ՝ 1990-
ականներին, հրապարակայնորեն ինքնաքննադատեց իր հոմոֆոբիան:

Փոխսեռական անձանց նվաճումները

Պետք է նշել, որ «Սենեսեքսը» հիմնարար դեր է խաղացել այս բարելավման գործընթացում: Մարիելա Կաստրոյի անձնական մասնակցությունը էապես նպաստել է այդ ամենին:
 
Փոխսեռականների պարագայում, հատկապես, իրավական և հասարակական նվաճումները վերջին 20 տարիների ընթացքում ուշագրավ են եղել: Մինչդեռ նույնասեռականների և երկսեռականների պարագայում պիտի արձանագրել, որ նրանք դեռևս չեն օգտվում հավասար իրավունքներից և չեն վայելում հասարակական լայն  ընդունում: «Սենեսեքսը» նաև արդյունավետ գործունեություն է ծավալել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:
 
Ինչ վերաբերում է փոխսեռական անձանց, 90-ականների կեսերից սկսած «Սենեսեքսը» կազմակերպել է համապարփակ և շարունակական մի քարոզարշավ՝ տեղեկացնելու և կրթելու հանրությանը, ինչպես նաև երկրի քաղաքական վերնախավին:

Այսպիսով, 2008 թ. Կուբայի խորհրդարանն ընդունեց մի օրենք, որով ճանաչեց փոխսեռական անձանց իրավունքները: Օրենքը նախագծել և առաջարկել էր «Սենեսեքսը»: Օրենքի ընդունումից ի վեր պետությունը լիովին ֆինանսավորում է փոխսեռական անձանց սեռական վերանշանակման վիրահատությունը և հորմոնալ թերապիան, ինչպես նաև նրանց է տրամադրում նոր իրավական նույնականացման փաստաթղթեր, որոնք համապատասխանում են նրանց սեռական ինքնությանը:

նմուշներ «վերանշանակում» նախագծից >>>

Աշենալ

Սիթիա

Դենեյ

Դայանա

Դենի

Լա Չիչի

Լա Ֆուեռթե

Լա Փաթռոնա

Լեդի Րոս

Նաթալի

Սահիրա

Վանեսա

Ուենդի

No comments: