27.9.16

Պյոտր Չայկովսկի, կենսագրություն 5 մասով, մաս 5-րդ

Տեսարան «Պիկովայա դամա» օպերայից
5. Ժառանգություն

Չայկովսկին թողել է բազմաթիվ աշխատություններ, որոնք շարունակում են սիրված լինել դասական երաժշտության սիրահարների կողմից, այդ թվում՝ «Ռոմեո և Ջուլիետը», «1812 տարվա նախերգանքը», նրա երեք բալետներ «Շչելկունչիկը», «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին», «Սլավոնական շքերթը» (Славянский марш): Չայկովսկին, կիրառելով սիմֆոնիկ երաժշտության զարգացման սկզբունքները, բալետում նշանավորել է նոր փուլ. խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ: Նրա բալետներն այդ ժանրի գոհարներից են:

Դրանց հետ միասին՝ իր դաշնամուրի առաջին կոնցերտը, ջութակի կոնցերտը, Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ սիմֆոնիաները և «Պիկովայա դաման» ու «Եվգենի Օնեգին» օպերաները երևի հանդիսանում են նրա առավել հեղինակություն վայլող երկերը: Նրա օպերաներին բնորոշ են դրամատիկական սուր բախումներն ու հոգեբանական ընդհանրացումները, որտեղ առաջնայինը երգային մասն է, սակայն նվագախումբը նույնպես նպաստում է կերպարների ստեղծմանը, հերոսների հոգեվիճակների բացահայտմանը, կենցաղի պատկերմանը :
«Շչելկունչիկ» բալետից մի հատված, նորարարական մեկնաբանությունը՝ ԳլեսԴուոյի կատարմամբ

Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:

Չայկովսկու կյանքն ու ստեղծագործությունը գնահատելիս առկա են երկու ծայրահեղական մոտեցումներ: Մեկը՝ հոմոֆոբիայից ելնելով, դավադրող մոտեցումն է, որը փորձում է գրաքննել կամ անտեսել և թաքցնել բոլոր կենսագրական տվյալները, այդ թվում՝ նրա նամակները և օրագրերը, կեղծելու համար նրա սեռական կողմնորոշումը: Սա է եղել տիրող մոտեցումը ԽՍՀՄ-ում, Ստալինի իշանությունից ի վեր և շարունակվում է տարածված լինել որոշ նեղմիտ և խաբեբա անհատների և շրջանակների մոտ Ռուսաստանում: 

Մյուս ծայրահեղությունը Չայկովսկու նույնասեռականությունը տեղադրում է նրա կյանքի և աշխատանքի բուն կենտրոնում, այնպես, որ կարծես թե դա պայմանավորել է նրա ամեն մի քայլը, ամեն մի շունչը, ամեն մի նոտան և խորապես նշել է նրա ողջ երաժշտությունը՝ այն արմատապես առանձնացնելով «տարասեռական կոմպոզիտորների» երաժշտությունից: 

Երկու մոտեցումներն էլ, գոնե Չայկովսկու պարագայում, սխալ են, քանի որ սեռական կողմնորոշման ազդեցությունը ստեղծագործական աշխատանքի վրա դարձնում են բացարձակ և բացառիկ գործոն:

Չայկովսկին այլ հարթակներում 

Կոմպոզիտորի կյանքի և աշխատանքի մասին արտադրվել են մի քանի ֆիլմեր: Դրանց շարքում ամենահայտնիներն են՝


«Չայկովսկի» (Chaikovsky/Чайковский) 1969 թ. խորհրդային ֆիլմ, Իգոր Տալանկինի ռեժիսորությամբ և Ինոկենտի Սմոկտունովսկիի դերակատարուտյամբ: Ֆիլմը պատմում է Չայկովսկու կյանքն իր մոր կորստից մինչև իր մահը, բայց ամբողջովին կեղծում է կոմպոզիտորի սեռական ինքնությունը, ըստ Խորհրդային Միության բնորոշ ավանդույթի:


«Երաժշտասերները» (The Music Lovers / Любители музыки) 1970 թ. բրիտանական դրամա ֆիլմ, Քեն Րասելի ռեժիսորությամբ: Րիչարդ Չեմբերլենը խաղում է Չայկովսկու դերը: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կոմպոզիտորը ամուսնանալով փորձում է պայքարել իր նույնասեռական հակումների դեմ: Բայց, ցավոք, նա ընտրում է մի անկայուն և սեքսամոլ աղջիկ, ում չի կարողանում բավարարել: Ֆիլմը ներառում է խոշոր փաստական սխալներ:

Տեսարան Բորիս Էիֆմանի «Չայկովսկին, նրա կյանքի և մահվան
առեղծվածը» բալետից
Տեսարան Բորիս Էիֆմանի «Չայկովսկին, նրա կյանքի և մահվան
առեղծվածը» բալետից
Ավելի հետաքրքիր աշխատանք է Բորիս Էիֆմանի (Борис Яковлевич Эйфман) 1993 թ. բեմադրած «Չայկովսկին, նրա կյանքի և մահվան առեղծվածը» բալետը, որը փորձում է ցույց տալ կոմպոզիտորի ներքին աշխարհը: Բալետը հիմնված է Վեցերորդ սիմֆոնիայի վրա:
________________________________________________



Չայկովսկու անունը կրող հայկական հաստատություններից ամենանշանալին է հանդիսանում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 1938 թ., կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։ Դպրոցը միակ մասնագիտացված հանրակրթական օջախն է, որտեղ 12-ամյա կրթություն է ստանում մոտ 600 աշակերտ, միաժամանակ ստանալով 2 ատեստատ՝ հանրակրթական եւ մասնագիտական:

Դպրոցը ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրաբասի, տավիղի, փողային գործիքների և երաժշտության տեսության, հանրակրթական բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր։ Կրթօջախի շենքը՝ կառուցվել է 1973թ. բայց վերահատակագծվել և արդիականացվել է 2016 թ.:
________________________________________________

«Չորս փոքրիկ կարապների պար»-ի երեք տարբերակները
«Կարապի լիճ» բալետ

Բնօրինակ տարբերակը՝


Նորարարական տարբերակը բեմադրվել է Մեթյու Բուրնի միջոցով, 1995 թ.: Սա Չայկովսկու աշխատանքի ժամանակակից մեկնաբանություններից մեկն է, որում կարապների դերերում պարում են տղամարդ պարողներ, և պատմության կենտրոնում դրված է մի արգելված գեյ սեր:


Պարոդիայի տարբերակը կատարել է «Մոնթե Կարլոյի Թրոկադերո բալետներ» անսամբլը: Սա մի ամերիկյան բացարապես արական բալետային խումբ է, որը ծաղրի է ենթարկում դասական բալետի կոնվենցիաները ևկաղապարները: Այն հիմնադրվել է 1974 թ. Նյու Յորքում:

Կերպարանափոխված և զգեստափոխվածպարողները հումորով ներկայացնում են թե՛ արական և թե՛ իգական դերերը:


լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________
Պյոտր Չայկովսկի 
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ «Անծանոթ ուղիներում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Դեպի ինքնահաստատում» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Հստակեցում և հռչակ» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Վախճան» >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ժառանգություն» >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: