1.12.13

Ֆիլմ >>> Ֆիլադելֆիա, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Ֆիլադելֆիա / Philadelphia / Филадельфия
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջոնաթան Դեմ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Րոն Նիսուեյներ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Հովարդ Շոր
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Թոմ Հենքս, Դենզել Վաշինգթոն
 Անթոնիո Բանդերաս 
 ՏԱՐԵԹԻՎ
 1993
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 125

Սա առաջին և թերևս ամենամեծ բյուջեով ֆիլմն է, որ ամերիկյան կինոինդուստրիան երբևէ արտադրել է ՁԻԱՀ-ի մասին: Ֆիլմը համակողմանիորեն քննարկում է այդ հիվանդության զանազան կողմերը՝ բժշկական, իրավական, քաղաքական և հասարակական հարթություններում:

Սցենարը ոգեշնչված է երկու իրական պատմություններից: Փաստաբան Ջեֆրի Բաուրսի կյանքից, ով 1987 թ. դատի է տվել իր գործատուին՝ իրեն անարդար աշխատանքից ազատելու մեղադրանքով: Պատմականորեն Բաուրսի դատը ԱՄՆ-ում առաջին դատական դեպքն է եղել ՁԻԱՀ-ին վերաբերվող խտրականության հարցի շուրջ: Իսկ սցենարի երկրորդ ոգեշնչման աղբյուրը մի ուրիշ իրավաբանի՝ Կլարենս Կեյնի պատմությունն է: Նա ևս հեռացվել է աշխատանքից, ապա 1990 թ. դատի է տվել իր գործատուին և հաղթել դատը՝ իր մահից որոշ ժամանակ առաջ:

Խտրականությունը որպես կենտրոնական նյութ

Ֆիլմի գլխավոր հերոս Էնդրու Բեքեթը (Թոմ Հենքս) տաղանդավոր մի փաստաբան է, ով Ֆիլադելֆիայում աշխատում է նշանավոր, բայց պահպանողական մի փաստաբանական գործակալության համար: Էնդրուն իր անձնական կյանքը և առողջական վիճակը գաղտնի է պահել իր գործատուներից և հետևաբար նրանք չգիտեն, որ նա նույնասեռական է, առավելևս՝ ՁԻԱՀ-ով հիվանդ:

Հարկ է նշել, որ պատմությունը տեղի է ունենում 1980-ականներին, երբ ՁԻԱՀ-ը չնայած լայնորեն տարածված էր ԱՄՆ-ում, այդուամենայնիվ մնում էր չճանաչված մի վարակ՝ սարսափի և խուճապի մատնող մի երևույթ (նրան նույնիսկ կոչում էին «20-րդ դարի ժանտախտ»): 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>



Գործակալության ղեկավարները Էնդրուին հանձնարարում են չափազանց կարևոր մի դատական գործ, բայց, երբ ՁԻԱՀ-ին կապված ինչ-որ վերքեր են հայտնվում Էնդրուի ճակատին, նրանք աշխատանքից ազատում են իրեն՝ ենթադրյալ կոմպետենտության պակասի պատրվակով:

Համոզված լինելով, որ ինքը ենթարկվել է խտրականության իր սեռական կողմնորոշման և առողջական վիճակի հիման վրա՝ Էնդրուն որոշում է պայքարել իր նախկին գործատուների դեմ: Նա կարողանում է համոզել Ջո Միլերին (Դենզել Վաշինգթոն), ով սևամորթ մի հասարակ փաստաբան է, իր դատական գործընթացներով զբաղվելու համար:

Միլերը զզվում է նույնասեռականներից և վախենում է ՁԻԱՀ-ով վարակվելուց՝ փոխանցման պայմանների մասին իրազեկ չլինելու պատճառով, բայց գործը հանձ է վերցնում փող և ճանաչում վաստակելու նկատառումներով: Սակայն, նա հետզհետե գիտակցում է, որ Էնդրուի դեմ կիրառված խտրականությունը էապես չի տարբերվում ռասսայական խտրականությունից, որի զոհերից է ինքը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>
(5 րոպեով կրճատված)


 ___________________________________________________________
«Ֆիլադելֆիա» ֆիլմը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: