Showing posts with label Queer as Folk. Show all posts
Showing posts with label Queer as Folk. Show all posts

9.1.17

Սերիալ >>> «Մարդկանց պես տարօրինակ», մաս 3-րդ՝ 3-ից


Սերիալի կառուցվածքը

Սերիալի առանցքում առկա է չորս մտերիմ ընկերների մի շրջանակ, որտեղ գերիշխում է կերպարներից մեկը՝ Բրայանը: Սա մի ձևաչափ է, որին բազմաթիվ ամերիկյան դրամատիկ կատակերգրական սերիալներ են հետևել («Սեքսը մեծ քաղաքում», «Ընկերներ», «Հուսահատ տնտեսուհիները» և այլն): Չորս հոգանոց շրջանակը, այս դեպքում, ոչ միայն բարեկամության, համերաշխության և փոխանակման հարթակ է, այլև հերոսներին ծառայեցնում է որպես արդյունավետ միջոց՝ հակազդելու տարբեր ընտանեկան, աշխատանքային և հասարակական խնդիրների, և դիմակայելու և հակազդելու շրջապատից ելնող ճնշումներին, որոնք հիմնականում ծագում են փոխըմբռնման բացակայությունից, տգիտությունից և խտրականությունից (հոմոֆոբիա):

Սերիալի պրոդյուսերները և սցենարիստները պնդել են, որ իրենք աշխատել են անել ամեն ինչ՝ պատկերելու համար նույնասեռականների իրական կյանքը: Դա, սակայն, միայն մասամբ է ստացվել, քանի որ սերիալը հիմնականում պատկերում է որոշակի կատեգորիայի նույնասեռականների կյանքը և, հետևաբար, դա համապարփակ պատկեր չի կարող լինել: Չորս ընկերներն և նրանց հետ փոխկապակցված կերպարներն ունեն բավականին սահմանափակ ապրելակերպ՝ նրանք ապրում են գեյ թաղամասում (Ազատության փողոց) կամ նրա մոտակայքում, ուտում են միշտ միևնույն գեյ ռեստորանում, գնում են միայն գեյ բար և գեյ դիսկոտեկ (Բաբելոն): Մենք նրանց երբեմն տեսնում ենք նաև թաղի մարզասրահում, որտեղ կարծես հաճախում են միայն գեյ հաճախորդներ: Որոշ կերպարներ նույնիսկ աշխատում են այնպիսի հիմնարկներում, որոնք սպասարկում են գեյ համայնքին: 

սերիալի բացման երգը (սեզոններ 4 և 5)  >>>


Հետևաբար ակնհայտ է, որ սերիալի հիմնական կերպարներն այնքան բազմազան չեն, որ սերիալը կարողանա ներկայացնել համայն նույնասեռական բնակչությանը։ Այն ներկայացնում է մի որոշակի հատվածի, որը Արևմտյան երկրներում ճանաչված է որպես «գեյ համայնք» (նաև պիտակավորված որպես «գեյ գետտո»՝ ըստ քննադատների): Այս պարզաբանումը, այնուամենայնիվ, չպետք է համարել որպես քննադատություն կամ ինչ-որ մի թերության բացահայտում: «Գեյ համայնքը», անկասկած, այնքան հարուստ և հետաքրքիր հասարակական խումբ (ենթամշակույթ) է, որ կարող է ծառայել որպես մեկ սերիալի պատմության հիմք: Ուղղակի չպետք է ընդհանրացնել այն ամբողջ գեյ բնակչության մակարդակով:

Հարկ է նշել, որ հեղինակները, փորձելով նկարագրել նույնասեռականների իրական կյանքը, թեև ընդամենը նրանց մի որոշակի հատվածին են անդրադառնում, անխուսափելիորեն ցուցադրում են ինչ-որ մի ճնշող, հզոր ու ահավոր երևույթ՝ խորապես արմատացած, գերիշխող և լայնատարած հոմոֆոբիան: Հոմոֆոբիայի արտացոլումները մենք տեսնում ենք գրեթե բոլոր էպիզոդներում, հասարակական կյանքի տարբեր մակարդակներում և ոլորտներում՝ ընտանեկան հարաբերություններում, կրթական հաստատություններում (դրպոց և համալսարան), աշխատանքային համատեքստում և պետական ինստիտուտներում: Սա, անկասկած, կարելի է դիտարկել որպես սերիալի ամենագնահատելի ձեռքբերումներից մեկը:

Գերազանց խաղարկություններ

Սերիալի հաջողության հիմնական պատճառներից մեկը դերասանների գերազանց և համոզիչ դերակատարումներն է: Կարելի է պնդել, որ սերիալի գրեթե բոլոր կադրերը խաղարկվել են կատարելությամբ՝ մեծ եռանդով ու ճշմարտությամբ:

Շնորհիվ դերասանների այս գերազանց աշխատանքի, բազմաթիվ հեռուստադիտողներ, անկասկած, համակրանք են զգացել Բրայանի նկատմամբ, ով սեքսի արքա է՝ ըմբոստ ոգով, և հաճախ ցնցում է իր եսասեր ու հետերոֆոբ արտահայտությունններով: Շատերը հաստատ կապվել են «անմեղ» Ջասթինին, ում հետ իրենց առաջին քայլերն են արել սերիալի՝ շատ անծանոթ աշխարհում: Ոմանք հաստատ իրենց մոտ են զգացել Մայքլին, ով փորձում է լինել կատարյալ ռոմանտիկ և անդրդվելիորեն փնտրում է իր կողակցին, ում շուտով գտնում է՝ ի դեմս Բենի, ով մի հմայիչ 30-ամյա գրականագետ է: Հեռուստադիտողները նաև բարձր են գնահատում էքսցենտրիկ և կատակախոս Էմեթին, ինչպես նաև ամաչկոտ և ինտրավերտ Թեդին: Եվ, վերջապես, նշենք Մելանիին և Լինդսիին՝ սերիալի իգական զույգին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս վայելել իրենց բարությունն և ընկերասիրությունը, ինչպես նաև Դեբիին՝ Մայքլի պաշտպանիչ, մեծահոգի և լայնախոհ մորը, ով վստահաբար սերիալի առավել համակրելի կերպարն է:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10 / 10

___________________________________________________________
«Մարդկանց պես տարօրինակ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Բրայան կոչված երևույթը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Բրայանի և Ջասթինի սերը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 3, սերիալի հերոսները >>> ԱՅՍՏԵՂ

Սերիալ >>> «Մարդկանց պես տարօրինակ», մաս 2-րդ՝ 3-ից


Սերիալը քննարկում է նաև այդ տարիների համար մի շարք նոր և խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են նույնասեռ ամուսնությունը և ծնող լինելը։ Այս հարցերն արդեն կորցրել են իրենց նորությունը և նշանակությունը, քանի որ լուծվել են ԱՄՆ-ում և Արևմտյան շատ երկրներում: Ճիշտ է՝ այդ թեմաները դեռ մնում են խնդրահարույց, և նույնիսկ՝ շատ վաղաժամ բազմաթիվ զարգացող երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ նույնիսկ շատ գեյեր կդժվարանան ընկալել և ընդունել սերիալի կերպարների մոտեցումներն և վարքագծերը:

Բայց նրանով հանդերձ, որ սերիալը ներառում է այդ «նոր» հարցերը, և չնայած նրան, որ շատ դեպքերում ցույց է տալիս, թե որքան է նույնասեռականությունը սովորական մի երևույթ դարձել (օրինակ՝ Բրայանի սեռական ոտնձգությունների հիման վրա շանտաժի հարցը, որը կարող է պատահել ցանկացած տղամարդ տնօրենի հետ՝ անկախ նրա կողմնորոշումից), այն չի անտեսում նաև մի շարք «ավանդական» խնդիրներ, որոնք շարունակում են դժվարություններ հարուցել նույնասեռական անձանց համար, ինչպիսիք են, օրինակ, ոստիկանության հոմոֆոբ պահվածքը (Մայքլի հորեղբոր Վիկի պարագան):

սերիալի բացման երգը (սեզոններ 1-3)  >>>


Պետք է ընդգծել, որ այս սերիալը խախտում է նաև հեռուստատեսության համար մի խոշոր տաբու՝ ցուցադրելով նույնասեռ սեքսի տեսարաններ և ներառելով նույնասեռական բնույթի զրույցներ ու կատակներ: Սկզբնական շրջանում դրամատիկ այն կատակերգրական սերիալները, որոնք ներառում էին նույնասեռական կերպարներ, աշխատում էին նրանց պատկերել «անսեռ» և «չեզոք» ձևով՝ հանդիսատեսին շոկի մեջ չգցելու համար: Կարող ենք ասել, որ այս սերիալը ոչ միայն կոտրում է այդ տաբուն, այլև աննախադեպ ձևով (աննախադեպ՝ հեռուստասերիալի համար) ընդգծում է սեքսի թեման՝ ներառելով լայնածավալ էրոտիկ տեսարաններ, առատ սեքս և մերկություն:

Հասունություն

Հավերժական երիտասարդության զգացումը, անհոգ և անկաշկանդ ապրելակերպը, սեռական արկածների և տարբեր փորձերի անդադար որոնումը, որոնք սերիալի հերոսներին բնութագրում են առաջին երկու սեզոններում, հետագա սեզոններում աստիճանաբար իրենց տեղը զիջում են որոշակի հասունության և հանդարտության, երբ կերպարների մեծ մասը ձևավորում են մասամբ կայուն զուգավորված հարաբերություններ և մշակում են ողջամիտ կարիերայի ուղիներ: Այս փոփոխությունը վերաբերում է նույնիսկ Բրայանին, ով պատահական սեքսի և անկաշկանդ կյանքի չեմպիոն է: Վերջին սեզոնում սերիալի կերպարները նույնիսկ զբաղվում են տեղական մակարդակի լուրջ քաղաքական ակտիվությամբ:
ՏԵՍԱՐԱՆ ՍԵՐԻԱԼԻՑ  >>>  Բրայանը և իր պատվիրատուն զուկարանում

Կերպարների կյանքում արձանագրված այս փոփոխությունը (հասունացումը) հիմնականում չի տարբերվում այն փորձառությունից, որն ընդհանուր առմամբ ապրում են բոլորը, ներառյալ՝ ոչ-նույնասեռական անձիք՝իրենց երիտասարդության տարիներին: Ի դեպ, սերիալում բարձրացված հարցերի մեծ մասը քննարկվում են հենց համընդհանուր և համամարդկային տեսանկյունից, և սա, անկասկած, պատճառներից մեկն է եղել, որ այս սերիալը հասանելի և հասկանալի է եղել նաև ոչ-նույնասեռական լսարանի համար, ինչն էլ կարող է բացատրել նրա մեծ հաջողությունը (ըստ վիճակագրության ԱՄՆ-ում լսարանի 60 տոկոսը կազմել են տարասեռական կանայք): 

Ի դեպ, սերիալի անվանումը՝ «Մարդկանց պես տարօրինակ» կարևորում է այդ երկակիությունը: «Queer» կամ «տարօրինակ» անվանում են մի անձի, ով ունի ոչ-ստանդարտ և սահմանված նորմերից դուրս վարքագիծ (պատմականորեն այն հաճախ վերաբերվել է նույնասեռականներին): Մինչդեռ «մարդիք» և «ժողովուրդը» (folk) ընդհանրապես կրում են այն բոլոր արժեքները, որոնք համարվում են հասարակ, սովորական և «նորմալ» (սահմանված նորմերին համապատասխան): Հետևաբար՝ համակցելով  այս երկու բառերը, սերիալի հեղինակները ցանկացել են ընդգծել, որ իրենց նույնասեռական հերոսներն այնքան տարօրինակ են, որքան ցանկացած մարդ, և հետևաբար կարելի է վերջին հաշվով նրանց միաժամանակ համարել սովորական և օրինաչափ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  > > >  ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Մարդկանց պես տարօրինակ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Բրայան կոչված երևույթը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Բրայանի և Ջասթինի սերը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 3, սերիալի հերոսները >>> ԱՅՍՏԵՂ

Սերիալ >>> «Մարդկանց պես տարօրինակ», մաս 1-ին՝ 3-ից


ՍԵՐԻԱԼ
Մարդկանց պես տարօրինակ / Queer as Folk

 / Близкие друзья

հիմնված համանուն Բրիտանական սերիալի վրա
ՏԱՐԵԹԻՎ
2000 – 2005 (5 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
83 (22+20+14+14+13)

Այս հեռուստասերիալը ունի կարևորագույն պատմական նշանակություն, քանի որ եղել է առաջին դրամատիկ կատակերգրական սերիալը, որը կենտրոնացել է նույնասեռական կերպարների և նրանց կյանքերի վրա: Մինչ այդ մի քանի ամերիկյան ու եվրոպական սերիալներ 1980-1990-ականներին, ընդգրկել էին նույնասեռ-երկսեռական կերպարների, բայց միշտ հիմնական հերոսների և նրանց պատմությունների եզրում՝ առանց ամբողջությամբ անդրադառնալու նրանց ինքնությանը, այդ թվում` նրանց սեռական կյանքին:

Այս սերիալի Բրիտանական և բնօրինակ տարբերակը, որը եղել է Ուելսացի պրոդյուսեր և սցենարիստ Րասել Թ. Դեյվիսի մտահղացումը, հեռարձակվել է երկու սեզոններով՝ 1998-ին և 1999-ին (8 էպիզոդ առաջին սեզոնում և միայն 2 էպիզոդ երկրորդ սեզոնում): Սերիալը թե՛ Միացյալ թագավորությունում և թե՛ Եվրոպական այլ երկրներում այնքան մեծ հաջողության է արժանացել, որ «Շոութայմ» ամերիկյան կաբելային հեռուստաալիքը նախաձեռնել է սերիալի ամերիկա-կանադական տարբերակը, որը, իր հերթին, է՛լ ավելի մեծ հաջողության է հասել: Փաստորեն, ամերիկա-կանադական տարբերակը հեռարձակվել է ավել երկար ժամանակ (2000-ից մինչև 2005 թ.)՝ ներառելով 5 սեզոն՝  83 էպիզոդով:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Հարկ է նշել, որ չնայած նրան, որ ամերիկա-կանադական տարբերակի պատմությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, սերիալն իրականում նկարահանվել է Կանադայի Թորոնթո քաղաքում և սերիալի վրա աշխատել են  մի շարք կանադացի ռեժիսորներ,  որոնք ճանաչված են եղել իրենց ինքնուրույն կինոստեղծագործությունների համար: Նաև նշենք, որ սերիալում ցուցադրած վայրերի մեծ մասը կեղծ են։  Օրինակ՝ Ազատության փողոցը և նրա հարակից թաղամասը կամ Բաբելոն դիսկոտեկը իրականում գոյություն չունեն: Սակայն, այդ վայրերին նման վայրեր կան Թորոնթոյում:
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>>  Բաբելոնը այնպես, ինչպես պատկերված է սերիալում ցույց է տալիս պարասրահի կարևորությունն որպես սոցիալականացման և հանդիպումների վայր

Պատմությունը

Սերիալը սկսվում է 17-ամյա Ջասթինի (Րենդի Հերիսոն)՝ Ազատության փողոց (գեյ թաղամաս) ժամանելով, որտեղ նա մտադիր է ուսումնասիրել իր սեռական կողմնորոշումը: Այդտեղ նրա կյանքը խաչվում է չորս այլ նույնասեռական տղամարդկանց և մեկ լեսբուհի զույգի կյանքերի հետ: Մասնավորապես՝ նա նախ հանդիպում է Բրայանին (Գեյլ Հերոլդ), Մայքլին (Հալ Սփարքս), Էմեթին (Փիթր Փեյջ) և Թեդին (Սկոթ Լովել): Մի քանի կադրեր անց, ծննդատանը նա ծանոթանում է Լինդսիի (Թեա Գիլ) և Մելանիի (Միշել Կլյունի) հետ: Ավելի ուշ սերիալը ներկայացնում է ևս երկու հիմնական կերպարներ՝ Մայքլի մայր Դեբիին (Շերոն Գլես) և Մայքլի հորեղբայր Վիկին (Ջեք Վեթերալ): Շատ քիչ հիմնական կերպարներ են ներգրավվում հաջորդ էպիզոդներում և սեզոններում:

Սերլիալն իր տարբեր էպիզոդների ընթացքում ցուցադրում և քննարկում է մի շարք հիմնախնդիրներ և հարցեր, որոնց նույնասեռականները բախվել են Արևմուտքում՝ հատկապես 20-րդ դարի վերջից ի վեր (հետ-ազատագրական շարժման շրջանում): Օրինակ՝
  • Հարաբերությունների կարգավորման հարցն այն ծնողների հետ, ովքեր շարունակում են չնդունել զավակի սեռական կողմնորոշումը (Ջասթին, Բրայան և Լինդսի)
  • Դեռահաս պատանու սեռական ինքնության դրսևորման հարցն իր ընտանիքի անդամների և ընկերների շրջանակում (Ջասթին)
  • Կեղծե՞լ, թե՞ բացահայտել սեռական ինքնությունը աշխատատեղում  երկընտրանքը (Մայքլ)
  • Ընտանիք ձևավորելու խնդիրը (կազմել կայուն զույգ և դաստիարակել երեխաներ)՝ նույնիսկ անբարենպաստ հասարակական միջավայրի պարագայում (Լինդսի և Մելանի)
  • Վախ՝ պարտավորվելու զուկընկերոջ հետ կայուն հարաբերություններ կառուցել (գրեթե բոլոր հիմնական կերպարները)
  • Հոմոֆոբ բռնությունները և դրանց դիմադրելու հրամայականը (Ջասթին)
  • Մարմնավաճառությունը և ինտերնետային պոռնոգրաֆիան (Էմեթ և Թեդ)
  • ՁԻԱՀ-ով (Մայքլի հորեղբայրը) և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններով վարակվելու ռիսկերը (մի քանի կերպարներ)։

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  > > >  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
ZFILM
MEGASERIAL
ONLINE-LIFE
SERIA-Z

___________________________________________________________
«Մարդկանց պես տարօրինակ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Բրայան կոչված երևույթը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Բրայանի և Ջասթինի սերը >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 3, սերիալի հերոսները >>> ԱՅՍՏԵՂ