8.8.15

ՖԻԼՄ >>> Հպարտություն, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Հպարտություն / Pride / Гордость
 ՌԵԺԻՍՈՐ
 Մաթյու Ուարչս
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Սթեֆեն Բերեսֆորդ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Քրիստոֆեր Նայթինգեյլ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Բեն Շնեթզեր, Բիլ Նիգի, Իմելդա Սթանթոն, 

Դոմինկ Ուեսթ 
 ՏԱՐԵԹԻՎ
 2014
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 120

Հիմնված իրական մի պատմության վրա, որը արդեն ներշնչել է «Պարել Դուլայիսում» կարճ վավերագրական ֆիլմը (1985 թ.)` այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես մի խումբ նույնասեռական ակտիվիստներ փորձում են ֆինանսապես աջակցել բրիտանացի հանքագործներին և նրանց ընտանիքներին, 1984-ի գործադուլի ընթացքում: Այդ ժամանակ, պահպանողական վարչապետ Մարգարետ Թեթչերը փորձում էր ամեն գնով թուլացնել արհմիություններին և կտրականապես մերժում էր բանակցել գործադուլ անող հանքագործների հետ:

Նույնասեռականների ազատագրական շարժման մասին արդեն իսկ էկրան են բարձրացել մի շարք ֆիլմեր: Բայց այս ֆիլմը գալիս է լրացնելու մի բաց. առաջին անգամ սինեմատոգրաֆում անդրադարձ է կատարվում նույնասեռականների շարժման և հասարակական այլ շարժումների միջև զգայուն և բարդ փոխհարաբերություններին ու փորձ արվում ուսումնասիրել դրանք: 

Պատմականորեն, աջ-պահպանողական ուժերը դեմ են եղել նույնասեռականների հավասար իրավունքներին և ճնշել այն խմբերին, որոնք հանդես են եկել ի նպաստ այդ իրավունքների ճանաչմանը: Մյուս կողմից էլ, ձախակողմյան ուժերը ևս չեն ցուցաբերել մեծ բարյացակամություն նույնասեռական խմբերի հանդեպ: Ձախ թեքման շատ ուժեր ընդհանրապես բացառել են սեռականության հետ կապված հարցերը քաղաքական հարթակից և մասնավորապես նույնասեռականությունը համարել են որպես մի տեսակ «բուրժուական անկում» և «հասարակական շեղում»: 

Այս մոտեցումներն Արևմուտքում սկսել են փոխվել 1960-ականների մշակութային շարժումներից ի վեր, երբ ի հայտ են եկել որակապես նոր տեսակի հասարակական և քաղաքական ուժեր, այդ թվում՝ ֆեմինիստական շարժումը, քաղաքացիական իրավունքների շարժումը և բնապահպանները:

«Ճնշվածները» միասին

Ֆիլմի պատմությունը սկսվում է այն պահից, երբ Մարք Էշթոնը (Բեն Շնեթզեր), ով մի եռանդուն և ազդեցիկ ակտիվիստ է, 1984 թ. Լոնդոնի գեյ-հպարտության երթի ժամանակ համախմբում է իր ընկերներին, որպիսզի միասին գումար հավաքեն ի նպաստ հանքագործների: 

Ըստ Էշթոնի, թե՛ նույնասեռականները և թե՛ հանքագործները ենթակա են պետության կողմից ճնշումների, ոստիկանության կողմից հալածանքների, և իշխող պահպանողական կուսակցության և դեղին մամուլի կողմից ատելության: Ուստի նրանք պիտի զորակցեն միմյանց: Էշթոնը և նրա ընկերները ստեղծում են «Լեսբուհիներն և գեյերն աջակցում են հանքագործներին» կամ LGSM (ըստ անգլերենի հապավումը) կազմակերպությունը: Սակայն, երբ նրանք հավաքում են որոշակի գումար, Հանքագործների ազգային արհմիությունը «անհարմար» է տեսնում նրանց գումարը ընդունել, վախենալով որ նույնասեռականների հետ առնչվելը կարող է «վնասել» իրենց իմիջին:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Քիչ հավանական հանդիպում երկու խմբերի միջև

LGSM ակտիվիստները չեն հետ նստում, այլ որոշում են անտեսել արհմիության ղեկավարության և ուղղակի կապ հաստատել գործադուլ անող հանքագործների հետ: Նրանք ի վերջո գտնում են մի հանքարդյունաբերության համայնք Ուելսի հեռավոր մի գյուղաքաղաքում՝ Օնլուին անունով, որը պատրաստ է ընդունել լեսբուհիների և գեյերի նվիրատվությունը: Ակտիվիստները մեկնում են Օնլուին՝ իրենց վառ դեղին գույնի ֆուրգոնի մեջ:

Երկու շատ հակապատկեր խմբերի հանդիպումը ստեղծում է բազմաթիվ հետաքրքիր և ծիծաղելի պահեր: Սկզբում, սակայն, երկու կողմերը կասկածանքով են վերաբերվում միմյանց: Փաստորեն, իրենց «տարօրինակ» հյուրերին ընդունելու գործում հանքագործների կանայք ցուցաբերում են առավել ճկունություն և ջերմություն քան թե իրենց ամուսինները: 

Հետաքրքիր է, որ պատմության շրջադարձային պահը տեղի է ունենում մի խնջույքի ժամանակ: Մաչո հանքագործներն իրենց «չափազանց տղամարդ» համարելով՝ սովորաբար չեն պարում իրենց կանանց հետ և հետևաբար կանայք ոգևորվում են, երբ LGSM ակտիվիստներից մեկը՝ Ջոնաթանը (Դոմինկ Ուեսթ) նրանց բոլորին պարի է հրավիրում` կատարելով գժային մի պար՝ Շիրլի Էնդ Կոմփանիի 70-ականների հիթ՝ «Ամոթ, ամոթ, ամոթ» երգի ներքո:

Հանքագործների շարքերում կան, իհարկե, մի քանի անհատներ, ովքեր ի սկզբանէ խանդավառությամբ են ողջունում գեյ ակտիվիստներին և կողմ են նրանց հետ համագործակցության, այդ թվում՝ Հեֆինան (Իմելդա Սթանթոն), ով անխռով մի կազմակերպիչ է, և Կլիֆը (Բիլ Նիգի), ով տեղական արհմիության շատ քաղաքավարի և ամաչկոտ քարտուղարն է:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Հպարտություն» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: