2.11.14

Թիմ Քուքի «աղյուսը»

 
2014 թ., Հոկտեմբեր 29-ին, պրն. Թիմ Քուքը, ով հադես է գալիս որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար Էփլ (Apple) ընկերության գործադիր տնօրեն, խմբագրական է  հրապարակել Բլումբերգ Բիզնեսուիք (Bloomberg Businessweek) տնտեսական շաբաթաթերթում, որում անդրադառձել է իր սեռական կողմնորոշման հարցին: Պրն. Քուքը Էփլի գործադիր տնօրենն է 2011 թվից ի վեր՝ հաջորդելով հիմնադիր տնօրեն՝ Սթիվ Ջոբսին (1955-2011):
 
Քուքի սեռական կողմնորոշումը անհայտ չէր Սիլիկոնային հովիտում, ոչ էլ Էփլում, սակայն նա այս հարցը չէր դարձրել հանրային խնդիր: Այս հոդվածով նա դառնում է ամերիկյան նշանավոր ընկերությունների ղեկավարների շարքում առաջին գործադիր տնօրենը, ով հրապարակավ բացահայտում է իր նույնասեռականությունը:
 
Հաշվի առնելով Էփլի հսկայական տեսանելիությունը և ժողովրդականություն աշխարհով մեկ՝ ակնկալվում է, որ Քուքի ինքնադրսևորումը կօգնի փոխելու վերաբերմունքը աշխատավայրում և կարագացնի փոփոխությունները կորպորատիվ աշխարհում: Սա կարող է նաև բարելավել որոշ հաճախորդների վերաբերմունքը: Ըստ մարկետինգի մի մասնագետի՝ «Հիմա դժվար է լինելու օգտագործել Այ-ֆոն և լինել հոմոֆոբ»:
 
Թիմ Քուքը ծնվել է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում, 1960 թվին: Նա ստացել է արդյունաբերական ճարտարագիտության բակալավրի աստիճան 1982 թվին և գործարար կառավարման մագիստրոսի՝  1988 թվին: Մինչ Էփլին միանալը՝ 1998 թվին, նա աշխատել է Այ-Բի-Էմ և Կոմպաք ընկերություններում: Բացի Էփլի տնօրենությունից, ներկայումս Քուքը Նայքի (Nike) տնօրենների խորհրդի անդամ է:
 
Թիմ Քուքի հոդվածը ամբողջությամբ հաջորդիվ ՝
 
հիմնադիր տնօրեն՝ Սթիվ Ջոբսի հետ
 
Իմ մասնագիտական կյանքի ընթացքում, ես փորձել եմ պահպանել իմ անձնական կյանքի հիմնական մակարդակի գաղտնիությունը: Ես համեստ արմատներով մարդ եմ և ընդհանրապես չեմ ձգտում ուշադրություն հրավիրել ինձ վրա: Էփլը արդեն աշխարհի ամենաշատ ուշադրութուն գրավող ընկերություններից է, և ես նախնտրում եմ այդ ուշադրությունը պահել մեր արտադրանքի և այն բոլոր սքանչելի գործողությունների վրա, որոնք մեր հաճախորդները կատարում են այդ արտադրանքների հետ:
 
Միևնույն ժամանակ, ես խորապես հավատում եմ դոկտոր Մարտին Լյութեր Քինգի խոսքերին, ով ասել է. «Կյանքի մշտական և առավել հրատապ հարցն այն է, թե ինչ եք անում, ուրիշների համար»: Ես հաճախ ինձ այդ հարցով սթափեցնում եմ և վերջերս եկել եմ այն համոզման, որ անձնական կյանքի գաղտնիությունը պահելու ցանկությունս ինչ- որ ձևով ինձ հետ է պահել ավելի կարևոր մի հանգամանքից: Ահա թե այն, ինչն  ինձ հանգեցրեց իմ այս օրվա քայլին:
 
Տարիներ շարունակ ես անկեղծ եմ եղել շատերի հետ իմ սեռական կողմնորոշման հարցում: Էփլի իմ բազմաթիվ գործընկերները գիտեն, որ ես նույնասեռական եմ, և դա ամենևին էլ չի փոխել նրանց վերաբերմունքն իմ նկատմամբ: Իհարկե, ինձ բախտ է վիճակվել աշխատել մի ընկերությունում, որը սիրում է ստեղծագործական և նորարարական մոտեցումները և գիտակցում է, որ կարող է ծաղկել միայն այն պարագայում, երբ ընդունված և հարգված լինեն աշխատակիցների առանձնահատկությունները: Ոչ բոլորն են այսքան բախտավոր:
«թույլ տվեք հստակորեն հայտարարել, որ ես հպարտ եմ, որ նույնասեռական եմ»
Մինչ ես երբեք չեմ հերքել իմ սեռական կողմնորոշումը, ես հրապարակավ էլ չեմ հանդես եկել նրա մասին մինչև հիմա: Այնպես որ, թույլ տվեք հստակորեն հայտարարել, որ ես հպարտ եմ, որ նույնասեռական եմ և համարում եմ, որ նույնասեռականությունը Աստծո՝ ինձ տված մեծագույն պարգևներից մեկն է:
 
Նույնասեռականությունը ինձ թույլ է տվել խորապես ըմբռնել, թե ինչ է նշանակում պատկանել մի փոքրամասնության և բացահայտել այն մարտահրավերները, որոնց դեմ են կանգնած այլ փոքրամասնությունների մարդիկ ամեն օր: Այն ինձ դարձրել է ավելի կարեկից, ինչը հանգեցրել է ավելի հագեցած կյանքի: Դա երբեմն եղել է դժվար ու անդուր, սակայն ինձ տվել է վստահություն՝ որ լինեմ ինքս, հետևեմ իմ սեփական ուղուն, բարձրանամ և անցնեմ վեր թշնամանքներից և մոլեռանդություններից: Այն ինձ նաև տվել է ռնգեղջյուրի մաշկ, որը օգտավետ է, երբ դուք Էփլի գործադիր տնօրենն եք:
 
 
Աշխարհը շատ է փոխվել իմ մանկության օրերից: Ամերիկան գնում է ամուսնության հավասարության ուղիով, իսկ հանրային դեմքերը, ովքեր խիզախորեն դրսևորել են իրենց սեռական կողմորոշումը, օգնել են փոփոխելու հասարակական ընկալումները և մեր մշակույթը դարձնել ավելի հանդուրժողական: Այդուհանդերձ, նահանգների մեծ մասում դեռևս կան օրենքներ, որոնք գործատուին թույլ են տալիս հեռացնել աշխատակիցին միայն նրա սեռական կողմնորոշման պատճառով: Կան շատ տեղեր, որտեղ տանտերը կարող է վտարել վարձակալին գեյ լինելու պատճառով, կամ որտեղ կարող են հիվանդանոցում արգելել հիվանդ զուգընկերոջ այցելելը և մահացած զուգընկերոջ ժառանգության փոխանակումը: Բազմաթիվ մարդիկ, մասնավորապես երեխաներ, ամեն օր վախի և չարաշահումների դեմ են կանգնած իրենց սեռական կողմնորոշման պատճառով:
 
Ես ինձ ակտիվիստ չեմ համարում, բայց հասկանում եմ, թե որքան եմ շահել ուրիշների զոհաբերություններից: Այնպես որ, եթե լսելով այն լուրը, որի համաձայն Էփլ ընկերության գործադիր տնօրենը նույնասեռական է, կարող է օգնել որևե մեկին հաշտվելու իր ինքնության հետ, մխիթարել նրանց, ովքեր միայնակ են զգում, կամ ներշնչել ոմանց պնդելու իրենց հավասար իրավունքների վրա, ապա արժե փոխզիջել իմ անձնական կյանքի գաղտնիությունը:
 
Պիտի խոստովանեմ, որ սա հեշտ որոշում չէր: Ինձ համար անձնական կյանքի գաղտնիությունը մնում է կարևոր, և ես ցանկանում եմ դա պահպահել նույնիսկ ինչ որ փոքր չափով: Ես Էփլ ընկերության դարձրել եմ իմ կյանքի գործը և շարունակելու եմ իմ արթուն գրեթե ամբողջ ժամերը հատկացնել՝ լինելու իմ կարողացածիս լավագույն գործադիր տնօրենը: Ահա թե ինչին են արժանի մեր աշխատակիցները, ևս մեր հաճախորդները, ծրագրավորողները, բաժնետերերը և մատակարար գործընկերները:
«հասարակական առաջընթացի մաս է կազմում այն հասկացողությունը, որի համաձայն անձը չի սահմանվում միայն իր սեռական, ռասայական կամ գենդերային պատկանելությամբ»
Հասարակական առաջընթացի մաս է կազմում այն հասկացողությունը, որի համաձայն անձը չի սահմանվում միայն իր սեռական, ռասայական կամ գենդերային պատկանելությամբ: Ես մի ճարտարագետ եմ, հորեղբայր, բնության սիրահար, ֆիթնեսի գիժ, հարավային նահանգների զավակ, մարզանքի ֆանատ և շատ այլ բաներ: Հուսով եմ, որ մարդիկ կհարգեն իմ ցանկությունը կենտրոնացած մնալու այն բաների վրա, որ հարմար են ինձ և շարունակելու այն աշխատանքը, որը ինձ երջանկություն է բերում:

 
 Ընկերությունը, որը ես բախտ ունեմ ղեկավարելու, վաղուց ի վեր պաշտպանում է մարդու իրավունքները և հավասարությունը բոլորի համար: Կոնգրեսում քննարկվող «աշխատավայրում հավասարության» օրինագիծի օգտին մենք որդեգրել ենք շատ հստակ դիրքորոշում: Ճիշտ այնպես ինչպես մենք աջակցեցինք ամուսնության հավասարության նախագծին մեր նահանգում՝ Կալիֆորնիայում: Եվ մենք արտահայտվեցինք ընդեմ Արիզոնային, երբ այդ նահանգի օրենսդիրը ընդունեց խտրական մի օրենք՝ ուղղված գեյ համայնքին: Մենք շարունակելու ենք պայքարել մեր արժեքների համար, և ես համոզված եմ, որ այս հիասքանչ ընկերության ցանկացած գործադիր տնօրեն, անկախ իր ռասայից, սեռից կամ սեռական կողմնորոշումից, նույնն է անելու: Եւ ես անձամբ, մինչև մաշվելս, շարունակելու եմ սատարել բոլոր մարդկանց հավասարությունը:
 «մենք միասին, աղյուս առ աղյուս, հարթել ենք դեպի արդարություն տանող պայծառ ճանապարհը»
Ամեն առավոտ, երբ ես մուտք եմ գործում իմ գրասենյակ, ինձ դիմավորում են երկու շրջանակված լուսանկարներ՝ դոկտոր Մ.Լ. Քինգի և Ռոբերտ Ֆ. Քենեդիի լուսանկարները: Ես չեմ հավակնում, որ նրանց նկարները ցուցադրելով՝ ինձ դնում եմ նրանց հարթության վրա: Դա պարզապես ինձ թույլ է տալիս նայել այդ նկարները և իմանալ, որ ուրիշներին օգնելու գործում, ես անում եմ իմ մասը, ինչքան էլ դա լինի չնչին: Մենք միասին, աղյուս առ աղյուս, հարթել ենք դեպի արդարություն տանող պայծառ ճանապարհը: Սա իմ աղյուսն է:
 

No comments: