9.8.16

Հպարտության շքերթների 2016-ի շքերթը՝ լուսանկարների ընտրանի


«Հպարտության շքերթները» ցույցեր են, որոնք բարձրացնում են սեռական փոքրամասնությունների տեսանելիությունը, նշում են նրանց քաղաքական և հասարակական ձեռքբերումները և առիթ են ստեղծում՝ ներկայացնելու նրանց պահանջները ազատության ու հավասարության առնչությամբ: Հպարտության շքերթները սովորաբար տեղի են ունենում ամենամյա կտրվածքով և շատ քաղաքներում կազմակերպվում են հունիս ամսվա ընթացքում՝ նշելու Սթոնուալի (STONEWALL) ապստամբությունը ԱՄՆ-ում 1969 թ., որը համարվում է որպես առանցքային պահ ԼԳԲՏ ազատագրական շարժման համաշխարային պատմության մեջ:

Կախված ժամանակաշրջանից և վայրից՝ հպարտության շքերթները կարող են լինել շատ քաղաքականացված և մարտական, կամ՝ ունենալ տոնական ու կարնավալային մթնոլորդ: 2016 թ., սակայն, գրեթե բոլոր շքերթները վերցրեցին շատ ռազմատենչ երանգ կապված Օրլանդոյի մասայական ոճրագործության հետ, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Ֆլորիդայի մի գեյ ակումբում (հունիսի 12-ին):

Հարկ է նշել, որ տարբեր պատճառներով շատ ԼԳԲՏ անձինք չեն մասնակցում Հպարտության շքերթին, բացի այդ՝ ոչ բոլոր մասնակիցներն են ԼԳԲՏ ներկայացուցիչներ:

Սան Պաուլո
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի երթը սովորաբար աշխարհի ամենամեծ և ամենաճոխ Հպարտության շքերթներից մեկն է: Այս տարի մայիսի 29-ին մոտ 2 մլն մարդ մասնակցեց Սան Պաուլոյի գեյ Հպարտության շքերթին, նշելու անցած երկու տասնամյակների ընթացքում մղված պայքարը հանուն հավասար իրավունքների: Հարկ է նշել, որ այդ քաղաքի առաջին Հպարտություն երթը տեղի է ունեցել 20 տարի առաջ՝ ընդամենը 2000 մարդու մասնակցությամբ:



Թել-Ավիվ
Շուրջ 200,000 մարդ մասնակցեց Թել-Ավիվի հունիսի 3-ի շքերթին: Այսպիսով, մասնակիցների ռեկորդային քանակը գերազանցեց բոլոր ակնկալիքները, որոնք հիմնված էին մեկ տարի առաջ տեղի ունեցած ցավալի դեպքի վրա: Հիշենք, որ 2015-ի Երուսաղեմի գեյ շքերթի ընթացքում, Եսայի Շլիսել անունով ծայրահեղ-պահպանողական մի հրեա դաժանաբար դանակահարեց և սպանեց 16-ամյա մի աղջկա և վիրավորեց հինգ այլ մասնակիցների: Կրոնամոլ Շլիսելը գեյ երթը բնութագրել էր որպես «պղծություն», իսկ իր բարբարոս արարքը՝ որպես «կրոնական պարտավորվածություն»:

Հետաքրքիր է նշել, որ Իսրայելի մշակույթի նախարար տիկին Միրի Րեգևը պաշտոնապես ներկա էր միջոցառմանը՝ իշխող Լիկուդ կուսակցության նույնասեռական անդամների կողքին:






Սինգապուր
Հունիսի 4-ին Սինգապուրում նշվեց «Վարդագույն կետը»: Այս յուրահատուկ միջոցառումը Հարավ-Արևելյան Ասիայում առավել կարևոր հավաքներից մեկն է հանուն ԼԳԲՏ անձանց իրավունքների: Հավաքը պարզապես վերևից մի մեծ կետի է նմանվում: Հետաքրքիր է նշել, որ նույնասեռականությունը մնում է անօրինական այս փոքրիկ պետության մեջ:




Հռոմ
Իտալացի երթի մասնակիցներն այս տարի տոնական էին տրամադրված, քանի որ երկրի խորհրդարանը վերջապես ընդունեց նույնասեռ քաղաքացիական միությունների իրավունքը: Սա ձեռք բերվեց ի հեճուկս պահպանողական Կաթոլիկ եկեղեցու ճնշումների և մանևրների: Հռոմի Հպարտության երթը տեղի ունեցավ հունիսի 11-ին:


Կիև
Կիևի երրորդ Գեյ հպարտության շքերթը տեղի ունեցավ հունիսի 12-ին: Ավելի քան 700 ակտիվիստներ երթով անցան Կիևի կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցների թվին գերազանցում էր մի քանի հազար ոստիկանների ներկայությունը: Ոստիկանները մոբիլիզացվել էին՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանելու կրոնական մոլեռանդներից և ազգայնական ծայրահեղականներից, ովքեր սովորաբար բռություն են կիրառում ԼԳԲՏ անձանց դեմ: 

Եվրոպական խորհրդարանի մի գերմանացի պատգամավոր, ով մասնակցում էր երթին, կատարեց հետևյալ հայտարարությունը «ժողովրդավարական հասարակությունում հրամայականը հավասար իրավունքներն են բոլորի համար: Սեռական կողմնորոշումը չի կարող պատճառ հանդիսանալ, որ որոշ մարդիկանցից բացառվեն իրենց իրավունքները»:




Սան Ֆրանցիսկո
Սան Ֆրանցիսկոյի Գեյ հպարտության շցերթը տեղի ունեցավ հունիսի 26-ին: Քանի որ քաղաքում աշխատում են բազմաթիվ բարձր տեխնոլոգիական ընկերություններ, դրանց աշխատակիցները սովորաբար մեծ քանակով և եռանդով մասնակցում են շքերթին: Բազմահարյուր իր խմբի շնորիվ, այս տարի «Էփլ» կորպորացիան ապահովեց ամենատպավորիչ կորպորատիվ մասնակցությունը:



Նյու Յորք
Նյու Յորք քաղաքի Գեյ հպարտության շքերթը տեղի ունեցավ հունիսի 26-ին և նվիրված էր  Օրլանդոյի ոճրագործության զոհերի հիշատակին:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մասնակցեց ցույցին: Նկարում պատկերված են նաև ձախից Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կումոն, Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, քահանա Ալ Շարփթոնը և Նյու Յորք քաղաքի առաջին տիկին Շրլեյն Մեքկրեյը:





Ստամբուլ
Ոստիկանությունը բռնի ցրեց ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներին, երբ նրանք փորձեցին համախմբվել Հպարտության շքերթի առիթով: Նախօրոք շքերթը արգելված էր հայտարարվել Ստամբուլի իշխանությունների կողմից «անվտանգության նկատառումներով»:




Քյոլն
Ինչպես այլ գերմանական քաղաքները, Քյոլնը ևս ամեն տարի կազմակերպում է Հպարտության շքերթ: Այս տարի Գերմանիայում ապաստան գտած շատ սիրիացի փախստականներ հնարավորություն ունեցան մասնակցելու Հպարտության միջոցառումներին: Այդ փախստականներից մեկը՝ Վահիդը, ներկա գտնվեց իր առաջին Գեյ հպարտության շքերթին Քյոլնում իր հայրենիքը ընդամենը երեք ամիս լքելուց հետո:


Փարիզ
Փարիզի Հպարտության շքերը տեղի ունեցավ հուլիսի 2-ին: Երթից երկու օր առաջ մի շարք ԼԳԲՏ միությունների ղեկավարներ հանդիպում ունեցան երկրի նախագահ Օլանդի հետ Ելիսեյան պալատում: Մի քանի նախարարներ, այդ թվում՝ Ընտանիքի հարցերի նախարարը և Արդարադատության նախարարը, ինչպես նաև մի քանի նախագահական խորհրդատուներ ներկա եղան հանդիպմանը, որը կենտրոնացած էր հոմոֆոբիայի կանխարգելման և նրա դեմ պայքարի թեմայի շուրջ:





Թորոնթո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցեց ամենամյա շքերթին, որը այս տարի նշվեց հուլիսի 3-ին: Կանադայի պատմության մեջ առաջին անգամ էր, որ երկրի վարչապետը մասնակցեց միջոցառմանը: Օնթարիո նահանգի վարչապետ Քեթլին Ուեյնը, ով Կանադայի առաջին բացահայտ նույնասեռական նահանգապետն է, և Թորոնթոյի քաղաքապետ Ջոն Թորին երթով քայլեցին վարչապետ Թրյուդոյի կողքին:



Ռեյկյավիկ
Իսլանդիայի նորընտիր նախագահ պրն. Յոհաննեսոնը (այստեղ պատկերված) օգոստոսի 6-ին դարձավ պատմության մեջ առաջին պետության ղեկավարը, ով մասնակցեց Հպարտության շքերթի: Ռեյկյավիկի շքերթը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում և կարնավալային ոճով` ներառելով որոշ Վիկինգ դիցաբանական խորհրդանշաններ: Քաղաքապետը և բոլոր քաղաքային խորհրդի անդամները մասնակցեցին շքերթին:

Կարևոր է նշել, որ գեյ շքերթը չափազանց սիրված միջոցառում է այս սկանդինավյան երկրում և ներգրավում է մեծաքանակ ընտանիքներ և տարբեր սերունդների ներկայացուցիչներ, այդ թվում` մեծ թվով երեխաներ ու տարեցներ: Դա, անշուշտ, աշխարհում ամենաժողովրդականություն վայելող Հպարտության շքերթն է: Այս տարի մոտ 60-80,000 մարդ մասնակցեց միջոցառմանը, որը շատ տպավորիչ թիվ էր` հաշվի առնելով այն, որ մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 130,000 մարդ, իսկ երկիրի ընդհանուր բնակչությունը` ընդամենը 330,000:





Հանոյ
Հպարտության միջոցառումների շարքում եզակի երևույթ է Վիետնամում կազմակերպվող միջոցառումը: Հաշվի առնելով, որ հեծանիվը քաղաքային տրանսպորտի ամենատարածված ձևն է, միջոցառումը վերցնում է «հեծանվային հպարտություն» ձևաչափը, որին սովորաբար մասնակցում են ավելի քան հազար հեծանվորդներ: Այս տարվա շքերթը տեղի կունենա օգոստոսի 20-ին:


No comments: