17.6.15

Հայ նույնասեռականները ծայրաստիճան դժբախտ



Սա իհարկե համալիր գիտական հետազոտություն չէ, բայց առաջին մեծածավալ միջազգային հետազոտությունն է նվիրված նույնասեռական տղամարդկանց երջանկությանը։

Ամստերդամում տեղակայված «Պլանետ Ռոմեո» առցանց ծանոթությունների գործակալությունը գերմանական Յոհանես Գատենբերգի անվան Մայնցի համալսարանի հետ համագործակցաբար մշակել են «Գեյերի երջանկության համաթիվ»։ Կայքը անց է կացրել  հարցում 127 երկրներում գրանցված օգտատերերի շրջանում և համեմատելով տվյալները դասակարգել է երկրներին։ Ավելի քան հարյուր տասնհինգ հազար (115․000) նույնասեռական տղամարդ է մասնակցել հարցմանը։ Հարցման արդյունքները հրապարակվել են 2015թ․-ի մայիսին։ 

Համաթիվը հաշվի է առել թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում նույնասեռական տղամարդիկ տարբեր հաստատություններում ինչպիսիք են դպրոցը, աշխատավայրը և ընտանիքը։ Կառավարության համապատասխան քաղաքականությունը նույնպես հաշվի է առնվել։ Հարցումը նաև անդրադարձել է թե արդյոք նույնասեռական անձիք գոհ են իրենք կյանքից, ընդունված են հասարակության, ընկերների և ընտանիքի կողմից։

Այս քարտեզի վրա, ավելի լավ է լինել կանաչ,
առնվազն դեղին, այլ ոչ թե կարմիր
Հետազոտության արդյունքների համաձայն նույնասեռականների կյանքի որակը ամենաբարձրն է Իսլանդիայում, որին հետևում են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Ուրուգվայը, Կանադան, Իսրայելը, Նիդերլանդները, Շվեյցարիան և Լյուքսեմբուրգը։ Աղյուսակում առաջատար տեղ են զբաղեցնում Սկանդինավյան երկրները, որոնց հաջորդում են այլ Եվրոպական երկրները, այնուհետև՝ Հարավային Ամերիկայի և Արևելյան Ասիայի երկրները։

Նույնասեռականները իրենց ամենադժբախտն են զգում Սուդանում և Ուգանդայում։ Արաբական և Աֆրիկյան երկրները ընդհանրապես գրավում են ցածր հորիզոնականները:

Այդ հետազուտության համաձայն Հայաստանը զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը Բանգլադեշից և Պակիստանից հետո և Եգիպտոսից առաջ։ Ներքոնշյալ տվյալներից երևում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, ունեն ավելի լավ վարկանիշ քան Հայաստանը։
  • Թուրքիա 82-րդ
  • Ռուսաստան 87-րդ
  • Վրաստան 97-րդ
  • Ադրբեջան 100-րդ
  • Իրան 121-րդ

Հայաստանից 44 անհատ է մասնակցել հարցմանը։ Մասնակիցների միջին տարիքը 29 է։ Մասնակիցների 89%-ը նշել է, որ ունի համալսարանական կրթություն։ 82%-ը իրեն համարում է նույնասեռական, մնացյալ մասը՝ երկսեռական։

Ըստ Հայաստանցի հարցվողների հասարակական միջավայրը, ներառյալ ընտանեկան մթնոլորտը ծայրաստիճան թշնամական է տրամադրված նույնասեռականների նկատմամբ։ Այդ թշնամանքը հիմնականում արդահայտվում է խոսքային/բառային մակարդակում, քանի որ ոչ ոք չի մատնանշել ֆիզիքական հետապնդում կամ բռնություն։ 

Մասնակիցների 50%-ի կարծիքով հասարակության մեջ հոմոֆոբիայի մակարդակը մնացել է անփոփոխ նախորդ տարվա հետ համեմատ, միչդեռ 32%-ի կարծիքով այն ավելի է վատացել։ Միայն 18%-ն է նշել, որ առկա է առաջընթաց։

Ցածր դասակարգված այլ երկրների նույնասեռականների նման, Հայաստանցիները ևս նշել են, որ խիստ գաղտնի են պահում իրենց սեռական կողմնորոշումը ընտանիքում, ընկերների և գործընկերների շրջանում։ Հարցվողների 70%-ը նշել է, որ ոչ իրենց մայրերը և ոչ էլ հայրերը չգիտեն իրենց կողմնորոշման մասին, իսկ 60%-ը այն գաղտնի է պահում իր եղբայրներից և քույրերից։

Առավել զավեշտալի է, որ 25%-ը նշել է, որ ոչ ոք իրենց ընկերներից չգիտի իրենց կողմնորոշման մասին, 48%-ը նշել է, որ իր կողմորոշման մասին տեղյակ է 1-2 ընկեր, իսկ 16%-ը նշել է, որ ընկերների մեծամասնությունը տեղյակ է իրենց կողմնորոշման մասին։ Եվ միայն հարցվողների 9%-ն է նշել, որ «բոլորն են տեղյակ» իրենց կողմնորոշման մասին։

Հայ հարցվողների 25%-ը նշել է, որ «մշտական հարաբերությունների» մեջ է այլ տղամարդու հետ, 2%-ը՝ կնոջ հետ և 70%-ը նշել է կանոնավոր հարաբերությունների բացակայության մասին։

Հատկանշական է, որ Հայաստանը դասակարգվել է աֆրիկյան և արաբական երկրների հետ միևնույն խմբում, այն դեպքում, երբ երկրում չեն գործում նույնասեռականներին հետապնդող օրենքներ։ Այն կարող է բացատրվել այն հանգամանքով, որ հայ նույնասեռականների սպասումները չափազանց ավելին են, այդ պատճառով էլ նրանք այդքան խիստ են գնահատել իրավիճակը Հայաստանում։

Պատկերը ավելի է մռայլում այն հանգամանքը, որ հայ հարցվողները չեն ակնկալում հոմոֆոբիայի մակարդակի զգալի փոփոխություններ մոտ ապագայում։ Հուսանք, որ «Պլանետ Ռոմեոյի» հարցումները գալիք տարիներին կապացուցեն հակառակը։

No comments: