6.5.15

Կենսագրություն >>> Ջոն Մեյնարդ Քեյնզ, մաս 2-րդ՝ 2-ից


Ամուսնություն

1921 թ. Քեյնզը հանդիպում է Լիդիա Վասիլևնա Լոպուխովային, ով մի ռուս բալերինա էր և Սերգեյ Դիագիլեվի «Ռուսական բալետի» աստղերից մեկը: Քեյնզը սիրահարվում է նրան, բայց միևնույն ժամանակ սկսում է հարաբերություններ մի երիտասարդ հոգեբան Սեբաստիան Սփրոթի հետ:

Ի վերջո, նա բոլորին զարմացնում է, երբ որոշում է շարունակել շփվել բացառապես Լոպուխովայի հետ: Նա ամուսնանում է պարուհու հետ 1925 թ. 42 տարեկան հասակում: Հետաքրքիր է, որ ամուսնության քավոր է լինում Քեյնզի նախկին սիրեկան Դունկան Գրանթը:

Լիդիա Վասիլևնա 
Լոպուխովայի հետ 
Հեղափոխությունը տնտեսական մտքի մեջ

Մեծ ճգնաժամից հետո արևմտյան երկրներում թեժացել էր տնտեսական քաղաքականության վերաբերյալ բանավեճը: 1930 թ. Քեյնզը հրատարակում է «տրակտատ  փողի մասին», որտեղ նա ուսումնասիրել էր գործազրկության, փողի և գների փոխհարաբերությունները: Նա պնդում է, որ տնտեսական անկման ժամանակահատվածում անպայման վատ բան չէ, եթե կառավարությունը ունենա բյուջեի դեֆիցիտ: Եվ հակառակը՝ տնտեսական աճի ընթացքում ցանկալի է, որ կառավարությունը ունենա բյուջեի ավելցուկ:

Մեծ Ճգնաժամի գագաթնակետի ժամանակ՝ 1933 թ., Քեյնզը հրատարակել է «Բարեկեցության միջոցները» աշխատությունը, որը պարունակել է տնտեսական քաղաքականության որոշակի հանձնարարականներ՝ ի նպաստ գործազրկության կրճատման: Չնայած նրան, որ գիրքը հիմնականում հասցեագրված է եղել բրիտանական կառավարությանը, այն պարունակել է խորհուրդներ նաև այլ ազգերին, որոնք տուժում էին համաշխարհային անկումից: Գրքի օրինակները ուղարկվել են նորընտիր ԱՄՆ նախագահ Ռուզվելթին և այլ երկրների առաջնորդներին: Ամերիկյան և բրիտանական կառավարությունները լրջորեն են վերաբերվել այս աշխատանքին, որը ավելի ուշ ճանապարհ է հարթել քեյնզական գաղափարների ընդունմանը:

Քեյնզի գլուխգործոց 
«Զբաղվածությանտոկոսի և 
փողի ընդհանուր տեսությունը» 
լույս է տեսել 1936 թ.:
Քեյնզի գլուխգործոց «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատությունը լույս է տեսել 1936 թ.: Այս գրքում նա ներկայացրել է բոլոր տեսական հիմնավորումները, որոնք կարող էին հաստատել պետության միջամտողական քաղաքականությունը, որը Քեյնզը խրախուսում էր տնտեսական անկման դեմ պայքարում: «Ընդհանուր տեսությունը» պնդում է, որ այդ պահանջարկն է և ոչ թե մատակարարումը՝ առանցքային այն փոփոխականը, որը որոշում է տնտեսական գործունեության ընդհանուր ծավալը: Գործազրկության և չօգտագործված արտադրական կարողությունների առկայության պայմաններում զբաղվածությունն ու ընդհանուր եկամուտը կարելի է բարելավել միայն աճեցնելով ընդհանուր պահանջարկի ծավալը, որը կապված է սպառման և ներդրումների մակարդակներից: Այս գիրքը կոչ է անում պետական միջամտողական քաղաքականությունը, խթանելու համար պահանջարկը, օրինակ՝ ծախսեր կատարելով  ենթակառուցվածքների վրա: «Ընդհանուր տեսությունը» համարվում է մակրոտնտեսական տեսության հիմքը:

Քեյնզի տնտեսական մոդելը հակադրվում էր 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսում գերիշխող տնտեսական մտքին, ըստ որի շուկայական ուժերը, կամ ինչպես Ադամ Սմիթն էր անվանել «անտեսանելի ձեռքերը» ինքնաբերաբար կարգավորում են տնտեսությունը և վերականգնում «լրիվ զբաղվածության հավասարակշռություն»: Հետևաբար, ըստ դասական տնսեսագետների, պետությունը չպետք է միջամտի տնտեսության մեջ, որովհետև դա կխանգարի տնտեսական հավասարակշռությունը վերականգնող տարրերին:

«Հուշերի ակումբը» (Բլումզբերի խումբը), նկարիչ Վանեսա Բել
1943 թ.: Այս կտավի մեջ կարելի է տեսնել Դունկան Գրանթին 
(առաջինը ձախից), Քեյնզին (6-րդը ձախից) և նրա կին Լիդիա 
Լոպուխովան (7-րդը), և Էդուարդ Մորգան Ֆորսթերը (վերջինը):  

Այս ժամանակաշրջանում՝ Լիդիա Լոպուխովայի հետ ամուսնությունից հետո, ըստ երևույթին, Քեյնզը դադարեցրել է իր նույնասեռական շփումները: Համենայն դեպս, նա կամ ուրիշ մեկը չի արձանագրել որևէ բան վկայելու նման մի երևույթ: Նա, սակայն, երբեք չի հրաժարվել իր նույնասեռական ընկերներից կամ չի աշխատել իրեն հեռու պահել այն տղամարդկանցից, որոնց նա անցյալում սիրել էր: Ի դեպ՝ 1937 թ. Քեյնզը կատարել է մի շատ առատաձեռն նվիրատվություն իր նախկին սիրեկան Դունկան Գրանթին, որը փաստորեն ապահովել է արվեստագետին մինչև նրա մահը՝ 1978 թ. (գրեթե 40 տարիների ընթացքում): 

 «Դունկան Գրանթը»
ինքնադիմանկար, 1921 թ.
Քեյնզը նաև շարունակել է անդամակցել Բլումզբերի խմբին, սակայն խմբի անդամները տարիներ շարունակ անհամբույր են եղել Լիդիա Լոպուխովայի նկատմամբ, ում համարել են գավառական և անհետաքրքիր: Հարկ է նաև նշել, որ Քեյնզ-Լոպուխովա զույգը երբեք չի ունեցել զավակ:

Դեպի համաշխարհային նոր տնտեսական կարգ

Քեյնզը սրտի կաթված է ստացել 1937 թ., որը նրան պարտադրել է երկարաժամկետ հանգիստ: Նա սկսել է վերականգնվել 1939 թ., սակայն այլևս չի զբաղվել տնտեսագիտության տեսական հարցերով, այլ հիմնականում ջանք է թափել կիրառական խնդիրներով: Նախ՝ երկրորդ համաշխարայինի ընթացքում՝աշխատել է ապահովել պատերազմական գործողություններին հատկացված միջոցների լավագույն օգտագործումը, և այնուհետև՝ հետպատերազմական շրջանում՝ նոր միջազգային ֆինանսական կարգի գոյացմանը, որից ակնկալվում էր նպաստել համաշխարհային խաղաղություն:

 «Ջոն Մեյնարդ Քեյնզը»
հեղինակ՝ Դունկան Գրանթ
Նրա առաջարկները միջազգային տնտեսական նոր կառույցների անհրաժեշտության վերաբերյալ նպաստել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ստեղծմանը, և ավելի ուշ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնմանը:

Քեյնզը մահացել է ապրիլի 21 –ին՝ 1946 թ., սրտի կաթվածից 62 տարեկան հասակում:

Քեյնզը Քեյնզից հետո

Արդեն մինչև 1950 թ. քեյնզական մոտեցումներն ընդունվել և կիրառվել էին գրեթե ողջ զարգացած աշխարհում, և նմանատիպ «խառը տնտեսության» քաղաքականությունը լայնորեն օգտագործվում էր զարգացող շատ երկրներում:

Դասական և նեոդասական տնտեսագետները, սակայն, շարունակելով հավատալ շուկայական տնտեսության ինքնակարգավորող կարողությանը՝ միշտ քննադատել և մերժել են «Քեյնզականությունը»: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին և գործիչներին՝ նրանք կիռարել կամ մերժել են քեյնզական մոտեցումները՝ ըստ ժամանակահատվածի և պայմանների հրամայականների: Օրինակ՝ 2008-09 համաշխարային ֆինանսական ճգնաժամից հետո բազմաթիվ երկրներում նկատվեց թարմացած հետաքրքրություն քեյնզական մոդելի նկատմամբ:

Հետմահու նրան քանի անգամներ նաև քննադատել են, թե իբր նա իր տեսությունների մեջ  բավականաչափ հոգ չի տարել «ապագա սերնդների» համար և կամ, թե նա թերագնահատել է «հանրային շահը»՝ սրանք վերագրելով նրա նույնասեռական հակումներին կամ զավակ չունենալու փաստին: Նման մեղադրանքներ հնչեցողները , սակայն, ընդհանրապես անծանոթ են եղել Քեյնզի գրվածքներին և հետապնդել են ավելի շուտ սադրիչ նպատակներ:


ՀՈԴՎԱԾԻ ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: