12.6.14

Ֆիլմ >>> Սարդ-կնոջ արցունքը, մաս 2-րդ՝ 2-ից


Պատմական նշանակություն

Այս ֆիլմն ունի որոշակի պատմական նշանակություն, քանի որ եղել է ամերիկյան հիմնական կինոյում (Հոլիվուդ) առաջին ֆիլմը, որը գլխավոր դերում ցուցադրել է գեյ կերպարի և որը ներառել է երկու գլխավոր հերոսների միջև համբույրի տեսարան: Բացի այդ, Ուիլյամ Հարթը առաջին դերասանն է եղել, ով շահել է լավագույն դերասանի Օսկար մրցանակ՝ նույնասեռական կերպար խաղալու շնորիվ: 

Սակայն, պետք է նաև հաստատել, որ Մոլինայի կերպարը լիովին համապատասխանում է հիմնական կինոյի ավանդական գեյ կարծրատիպին՝ «կիսատ տղամարդուն»: Նրա ճակատագիրը նաև համընկնում է ավանդական գեյ կերպարի ձկտումների հետ՝ նա պարբերաբար սիրահարվում է տարասեռական «իսկական» տղամարդկանց, մի ուղի, որը երբեք չի կարող տանել երջանկության: Այլ կերպ ասած՝ Մոլինան, ինչպես հիմնական կինոյի բնորոշ որևէ նույնասեռական կերպար, դատապարտված է դժբախտության:

Փոխանակում 

Երկու գլխավոր հերոսները, այնուամենայնիվ, սովորում են իրարից և վերցնում միմյանց դրական կողմերը: Մոլինան դառնում է ավելի զգայուն քաղաքական և հասարակական իրականության հանդեպ և սկսում է գիտակցել հասարակական փոփոխության անհրաժեշտությունը, իսկ Վալենթինը սկսում է ընդունել և արժևորել երևակայությունն ու սերը: «Թույլ չտաս որևէ մեկին քեզ կրկին նվաստացնել»,- ասում է Վալենթինը Մոլինային, ինչը վկայում է իր սեփական վերաբերմունքի փոփոխության մասին: «Խոստացիր ինձ, որ դու այլևս թույլ չես տա, որ որևէ մեկը քեզ շահագործի: Ոչ ոք իրավունք չունի այդպես վարվել ինչ-որ մեկի հետ»: 

Երկվորյակ հերոսների առասպելը

Սարդ-կինը առանցքային դեր է խաղում երկու գլխավոր հերոսների հաշտության գործընթացում: Հետաքրքիր է, որ ֆիլմի Սարդ-կինը հավանաբար հղում է կատարում ամերիկյան տեղաբնիկ դիցաբանության «երկվորյակ հերոսներ»-ի հիմնական առասպելին: Սարդ-կինը այն աստվածությունն է, որը սատարում, հաշտեցնում և, ի վերջո, միավորում է զույգ տղաներին՝ որոնցից մեկը, ըստ առասպելի, կրակից է ծնվել, իսկ մյուսը՝ ջրից: 

Կրակից ծնված մանուկը մի ռազմիկ է, ով ունի «արևային որակներ», ինչպիսիք են՝ ագրեսիվությունը և հզորությունը, մինչդեռ ջրից ծնված տղան ցուցաբերում է «լուսնային հատկանիշներ»՝ քնքշություն և կարեկցանք: Որպես այդպիսին, ըստ առասպելի, առնականության երկու հակառակ, բայց և փոխլրացնող կողմերի՝ ֆիզիկականի և հոգևորի վերամիավորումը թույլ է տալիս վերականգնել տղամարդու հավասարակշռությունը: Այս տեսանկյունից Մոլինան չի ներկայացնում կանացիությունը կամ ինչ-որ մի երրորդ սեռականություն, այլ հենց առնականության քնքուշ կողմը: Ֆիլմի մի տեսարանում նա Վալենթինից հարցնում է՝ «ի՞նչու տղամարդը չի կարող նուրբ լինել»:
Վիլիամ Հարթը ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում  >>> 

Անհավասար գնահատում

Սա բավականին հաջողված ֆիլմ է, որը պիեսի ադապտացիա լինելով հանդերձ՝ մեծապես կորցրել է իր թատերական հատկանիշները: Ռեժիսորը կարողացել է հաղթահարել փակ տարածքի մարտահրավերը, քանի որ պատմության մեծ մասը տեղի է ունենում բանտախցում և բաղկացած է երկխոսության շերտերից: 

Երկու գլխավոր դերասանները ներկայացնում են համարձակ, հուզիչ և համոզիչ կատարումներ, սակայն միայն Ուիլյամ Հարթն է արժանացել միջազգային ճանաչման, այդ թվում՝ Կաննի փառատոնի լավագույն դերասանի մրցանակին և, ինչպես նշվեց, ամերիկյան Օսկարին:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.4 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 














ֆիլմի ռեժիսոր Հեկտոր Բաբենկո (Héctor Babenco)



No comments: