28.4.15

ՖԻԼՄ >>> Իվ Սեն Լորան, մաս 2-րդ՝ 2-ից


Անձնական կյանքը չափազանց ընդգծված

Իվ Սեն Լորանի անձնական կյանքը, այդ թվում, նրա բաժանվելը Փիեր Բերժեից 1980-ականներին, և նրա խնդիրները ալկոհոլի և թմրանյութերի հետ հետզհետե կենտրոնական տեղ են գրավում ֆիլմում, և, ցավոք, ֆիլմը թերանում է առնվազն նույն չափով ուշադրություն դարձնել նրա ստեղծագործական աշխատանքին:

Ի վերջո չի բացահայտվում, թե ինչու է Իվ Սեն Լորանը համարվում իր դարի առավել նորարարական և հեղափոխական մոդելավորողներից մեկը: Ֆիլմը բավարարաչափ չի գնահատում նրա դերը ավանդական գենդերային ինքնության ժխտման և կանանց զգեստավորման նորմերի ազատագրման գործընթացում: 

Իր ժամանակների հետ և նույնիսկ իր ժամանակներից մի քիչ առաջ ընկնելով՝ նա է, որ առաջին անգամ ցուցադրում է կանանց՝ տաբատ, թրենչքոտ անձրևանոց և սմոքինգ կոստյում հագած զորավոր կերպարներում: Նա է համարվում ունիսեքս/unisex ոճի հիմնադիրը: Ֆիլմը չի շեշտադրում այս փաստերը:

Արտասովոր մարդը սովորական ոճով ներկայացված

Ընդհանուր առմամբ այս ֆիլմը թե՛ հետաքրքրորեն պատմում է ժամանակակից մի իկոնի ստեղծման և կայացման մասին, և թե՛ վկայում հարատև մի սիրո հզորության: Ի դեպ՝ ֆիլմը նույնչափ Իվ Սեն Լորանի կյանքի մասին է, որ նրա փոթորկոտ և այդուամենայնիվ անխախտ հարաբերության մասին՝ իր զուգընկեր և գործընկեր Փիեր Բերժեի հետ: 

Սակայն, այս բոլորը բավականին դասական ոճով է մատուցվում: Ֆիլմում պակասում է իր հերոսի ստեղծագործական ոգին: Ֆիլմի հաջողությունը մեծ մասամբ կարելի է վերագրել երկու գլխավոր դերասանների գերազանց խաղին:

Հարկ է նաև նշել, որ ֆիլմում ցուցադրված հագուստների մեծ մասը բնօրինակ մասեր են, որոնք տրամադրել է Փիեր Բերժե - Իվ Սեն Լորան հիմնադրամը: Ֆիլմում մենք տեսնում ենք երեք նորաձևության շքերթ և Իվ Սեն Լորանի ամենանորարարական ստեղծագործություններից որոշ նմուշներ : Դրանց շարքում են «Մոնդրյան» գիծը՝ 1965 թ., «սմոքինգ» գիծը՝ 1966 թ., և «ռուսական բալետի» գիծը՝ 1976 թ.:

Մրցակից Իվը

Այս ֆիլմը պետք չէ շփոթել մեկ այլ 2014 թ. ֆիլմի հետ, որը ևս մոդելավորողի կյանքի մասին է: Երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը Բերթրան Բոնելոն է, կոչվում է «Սեն Լորան» (Saint Laurent / Сен-Лоран. Стиль – это я) և ի տարբերություն առաջին ֆիլմի՝ հիմնված է Փիեր Բերժեի կողմից «չհաստատված» մի սցենարի վրա:

Երկրորդ ֆիլմը նեռարում է ավելի հեղինակավոր դերասանական կազմ և մի քանի հրաշալի տեսարաններ, բայց ընդհանուր առմամբ ներկայացնում է Իվ Սեն Լորանի ստեղծագործական և գեղարվեստական աշխատանքը դեռ ավելի մակերեսայնորեն, քան առաջինը: 

Երկրորդ ֆիլմը նաև անհիմն կերպով թերագնահատում է Փիեր Բերժեի դերը և տեղը թե՛ մոդելավորողի մասնագիտական կարիերայում, թե՛ նրա անձնական կյանքում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 

















Իրական Իվ Սեն Լորանը ձախ կողմում և
նրան մարմնավորող Փիեր Նինեն աջ կողմում

ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>



___________________________________________________________
«Իվ Սեն Լորանը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: