12.7.15

Նաբիլ Յուսեֆը և նրա ֆիլմի գովքը


Նաբիլ Յուսեֆը եգիպտացի գեղալուսանկարիչ է, ով այժմ ապրում և աշխատում է Նյու Յորքում: Նա ծնվել է Կահիրեում 1972 թ.: Մանկուց հմայված է եղել կինոյով և մասնավորապես 1940-ականների և 1950-ականների եգիպտական ֆիլմերով, որոնք փաստորեն եգիպտական կինոյի փայլուն տարիներն են եղել: Նաբիլի հետագա աշխատանքները խորապես ազդվել են այդ ժամանակաշրջանի եգիպտական կինոյով:

«Այն Շամս» համալսարանում ֆրանսիական գրականություն ավարտելուց հետո նա հանդիպել է եգիպտահայ լուսանկարիչ Վան Լեոյի (Լևոն Բոյաջյան) (1921-2002) հետ 1992 թ., որը շրջադարձային հանդիպում է եղել իր գեղարվեստական կարիերայում: 1993 թ. նա որպես օգնական աշխատել է լուսանկարիչ Դեյվիդ Լեշեփելի (1963-) հետ Նյու Յորքում և այնուհետև մեկնել է Փարիզ աշխատելու համար պերուացի նորաձևության լուսանկարիչ Մարիո Թեսթինոյի (1954-) համար: Այս համագործակցությունը տևել է մինչև 1998 թ.:

Մարիո Թեսթինոյի և Մարինա Աբրամովիցի հետ,
2013 թ.
Այդ փորձառություններից հետո Նաբիլը վերադարձել է Եգիպտոս, սկսել է աշխատել բացառապես իր անձնական նախագծերի վրա և մշակել է իր սեփական ոճը: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Կահիրեում 1999 թ., իսկ երկու տարի անց կայացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը Մեքսիկայում: Այդ ժամանակից ի վեր Նաբիլի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային անհատական և խմբակային ցուցահանդեսներում:

2010 թ. որպես սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր նա նկարահանել է «Դու երբեք չես լքել» իր առաջին կարճամետրաժ ֆիլմը: Այս ֆիլմը արտագաղթի ու պանդուխտի մասին է, որը նա համարում է մի տեսակ մահ և քայքայում: Այս տեսակետը նա հիմնել է իր Եգիպտոսից արտագաղթելու անձնական փորձի վրա 2003 թ.:

Մի տեսարան «Դու երբեք չես լքել» ֆիլմից
Մանկական տարիների կրքի հետքերով

Յուսեֆ Նաբիլի վոճը եզակի է և հեշտությամբ ճանաչելի: Նա նկարահանում է սև ու սպիտակ լուսանկարներ և ապա դրանք գունավորում ձեռքով: Նրա աշխատանքը, հետևաբար, միավորում է լուսանկարչությունը և գեղանկարչությունը: Սև ու սպիտակ նկարների գունավորումը շատ տարածված է եղել թէ՛ լուսանկարչության և թե՛ կինոյի ոլորտում՝ նախքան գունավոր նկարահանման տեխնիկայի հորինվելը: Ի դեպ՝ իր լուսանկարները գունավորելու գործում Նաբիլը օգտագործում է մեղմ գույներ, որը ստեղծում է նոստալգիկ տպավորություն և հիշեցնում է եգիպտական կինոյի գեղագիտական աշխարհը:

Պատկերներ Նաբիլի մի ցուցահանդեսից: Լինելով
Մերձավոր Արևելքից՝ լուսանկարիչը փաստորեն իր
աշխատանքում ցուցաբերում է չափազանց
անկեղծություն և համարձակություն:

Այս կապը կինոյի հետ առկա է նաև նրա կոմպոզիցիաների մեջ: Նա իր մոդելներին նկարահանում է փոքր-ինչ երևակայական դիրքերում և ինչ-որ կերպ բեմականացված. կարծես  թե իր լուսանկարները ֆիլմի կադրեր լինեն: Նա նախընտրում է իր մոդելներին ներկայացնել շատ անմիջականորեն՝ մոտիկից և ուղղակիորեն դեպի տեսախցիկ նայելիս: Նրա մոդելները սովորաբար արվեստագետներ են՝ այդ թվում բազմաթիվ եգիպտացի դերասաններ, երգիչներ և գրողներ: 

Նաբիլը պարբերաբար նաև նկարահանում է ինքնադիմանկարներ, որոնց մեջ փորձում է արտահայտել իր ապրումները և ներքին աշխարհը՝ հատկապես, երբ ճանապարհորդում է աշխարհի տարբեր կողմերով:

Նմուշներ Նաբիլ Յուսեֆի աշխատանքից

Դիմանկարներ

«Րոզի դե Փալման», Մադրիդ, 2002 թ.
«Ֆիֆին ծխելիս», Կահիրե, 2000 թ.
«Քեթրին Դենևը», Փարիզ, 2010 թ.
«Դեյվիդ Լինչը», Փարիզ, 2007 թ.
«Սթինգը», Նյու Յորք, 2005 թ.
«Միայնակ փաշան», Կահիրե, 2002 թ.
«Թահար Րահիմը»
«Նաթաշան նարգիլե է ծխում»,
Կահիրե, 2000 թ.
«Նաթաշա Աթլասը», Բրյուսել, 2003 թ.
«Օմար Շերիֆը», Փարիզ, 2006 թ.
Ինքնադիմանկարներ

«Կինո», Ֆլորենցիա, 2006 թ.
«Բուրգի հետ», Կահիրե, 2009 թ.
«Բեվերլի Հիլզ», 2008 թ.
«Արմատների հետ», Լոս Անջելես, 2008 թ.
«Չեմ վախենում սիրելուց»,
Փարիզ, 2005 թ.
«Իմ գնալու ժամանակն է», զույգ նկարներ, Վենետիկ, 2007 թ.
«Մայրամուտի հետ», Ռիո դե Ժանեյրո, 2005 թ.
«Կոտրված տիկնիկի հետ», Աթենք, 2000 թ.
Այլ աշխատանքներ

«Ի՞նչն ենք սխալ արել», Կահիրե, 1993 թ.
«Սելիմ Քեշյուշը», Փարիզ, 2005 թ.
«Սելիմ Քեշյուշը», Փարիզ, 2005 թ.
«Րաշիդը նարգիլեն բերանում», Փարիզ, 2004 թ.
«Մոհամեդը փակ աչքերով», Կահիրե, 2001 թ.
«Բալետ պարողը», Փարիզ, 2003 թ.
«Երկու ջելաբաները» (արաբական հագուստ),
Փարիզ, 2007 թ.
«Ալեքսանդրը և իր ձուկը», Փարիզ, 2011 թ.
«Ալին տարազ հագած», Փարիզ, 2007 թ.

Հեղինակի կայքը ԱՅՍՏԵՂ

No comments: