31.1.15

Պարսից Շահը և իր մատռվակը

Պարսից թագավոր Աբբաս Ա-ն կամ Շահ Աբբասը (1571-1629), մեզ հայտնի է Օսմանյան կայսրության դեմ իր կատարած արշավանքներով, որոնց ընթացքում մի քանի հայկական շրջաններ ինչպիսիք էին Վասպուրականը, Նախիջևանը, Էջմիածինը և Շիրակը գրեթե ավերվեցին և հայ բնակչությունը տեղահանվեց ու բռնի գաղթեցվեց դեպի բուն Պարսկաստան: Այս իրադարձությունը մեր պատմության մեջ հայտնի է «Մեծ գաղթ» անունով:

Շահ Աբբասը կիրառեց  Իսլամ կրոնի մեղմ ու հանդուրժողական տարբերակը, ուժեղացրեց կենտրոնական պետության ազդեցությունը, հզորացրեց ռազմական ներուժը, ձեռնարկեց մի շարք արմատական բարեփոխումներ, հիմնեց նոր մայրաքաղաք՝ Սպահանը և հաստատեց դիվանագիտական և առևտրային կապեր եվրոպական երկրների հետ:

Ջուղայից բռնագաղթված հայ վաճառականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում և արդեն  վերաբնակվել էին Սպահանին կից Նոր Ջուղա թաղամասում, կարևորագույն դեր խաղացին Շահ Աբբասի նախաձեռնած միջազգային հարաբերությունների զարգացման գործնթացներում:

Շնորհիվ Շահ Աբբասի գործունեության Պարսկաստանը հասավ լուրջ հաջողությունների և նա իր երկրի պատմության մեջ մտավ «Մեծ» մականունով:

Շահ Աբբասը և իր «սքանչելի» բեղերը

Հմայքի կամ նողկանքի առարկա

Պարսկաստան այցելած եվրոպացի դիվանագետներն ու առևտրականները իրենց հուշերում և զեկույցներում մանրամասնորեն նկարագրել են «արքայից արքային», նրա արքունիքը և պալատներում հաճախակի կազմակերպված շքեղ խնջույքները:

Անշուշտ, Շահ Աբբասը աչքի էր ընկնում հեռատեսությամբ, խիզախությամբ, համառությամբ և հետևողականությամբ, բայց նաև իր հակվածությամբ ի նպաստ զվարճալի կյանքի և նյութական ու մարմնական հաճույքների:

Շահ Աբբասի սքանչելի բեղերից բացի, որոնք փաստորեն հանդիսանում էին նրա ֆիզիկական գլխավոր հատկանիշը, եվրոպացի այցելողները պատմել և արձանագրել են նրա սերը գինու, ինչպես նաև հակումները հմայիչ սպասավորների ու գինի մատուցողների նկատմամբ:

Ի դեպ՝ նրանք պատմել են պալատում և հատկապես խնջույքների ժամանակ նուրբ շարժ ու ձև ունեցող, էլեգանտ արտաքինով և շքեղ հագնված տղաների ներկայության մասին: Հիացած նրանց գեղեցիկ արտաքինով՝ եվրոպացի այցելողները սովորաբար դրականորեն են արտահայտվել այս տղաների մասին՝ մի քանիսից բացի, ովքեր արձանագրել են իրենց նողկանքը:

Այս կտավը, որը մի իտալացի գեղանկարչի գործ է, պատկերում
է պալատի  խնջույքներից մեկը: Շահ Աբասը պատկերված է
նկարի վերին աջ կողմում՝ նստած դիրքում: Կտավը զարդարում
է Սպահանի պալատներից մեկը:

Շահ Աբբասը և մատռվակը

Այս մանրանկարը Շահ Աբբասին պատկերող միայն երկու նկարներից մեկն է, որոնք կատարվել են արքայի կենդանության օրոք: Նա մահացել է այս նկարի ավարտից գրեթե երկու տարի անց: Այս հազվագյուտ մանրանկարը պահվում է Ֆրանսիայի Լուվր թանգարանում:

Նկարում տեսնում ենք երիտասարդ մի գինի հրամցնող, ով գինի է մատուցում Շահ Աբբասին: Շահը նստած է մի ծառի տակ՝ մի փոքր գետի հոսանքի կողքին: Մատռվակը կարծես թե արքային շատ դուր է գալիս, քանի որ նա ձախ ձեռքը գցել է տղայի ուսերին՝ գրեթե գրկել է նրան, մինչդեռ տղան պահել է գավը: Գավի տեսքը, գավի տեղը պատկերի մեջ և այն ձևը որով տղան գավը ձեռքում առել է որոշակիորեն միտումնավոր են:


Արքայի կապույտ գլխարկը հուշանվեր է Անդրկովկասում կատարած իր արշավանքներից: Իսկ նրա շքեղ հագուստները, ինչպես նաև մատռվակի հագուստները հիշեցնում են  այն շքեղ մետաքսյա կտորները, որոնք ժամանակին կարվում էին Պարսկաստանում և արտահանվում աշխարհով մեկ՝ հայ վաճառականների միջոցով:

Հավանաբար այս հանդիպումը տեղի է ունեցել և նկարվել է խրախճանքներից մեկի ընթացքում, երբ արքան սովորաբար կազմակերպում էր իրանական ամանորի նախորյակին:

Կտավը՝ խոշորեցված

Ինչպես տարածված է եղել հին ժամանակներում նկարի ավարտին գեղանկարիչը իր ստորագրության կողքին զետեղել է մի կարճ բանաստեղծություն: Երկտողը, որը անհայտ հեղինակից է, արձագանքում է նկարի ակնհայտ թեման՝ «Թող կյանքը քեզ բերի այն բոլորը, որ դու ցանկանում ես երեք շուրթերից՝ քո սիրեկանի, գետի հոսանքի  և գավաթի շուրթերից»:

Բանաստեղծությանը հաջորդում է նկարի թվականը, որը համապատասխանում է ուրբաթ փետրվար 10-ին 1627 թ.: Ստորագրությունը պատկանում է գեղանկարիչ Մուհամեդ Քասիմին, ով ժամանակի նշանավոր մանրանկարիչներից է եղել:

No comments: